[էջ 10]
ԱՌԱՋԻՆ ՄԱՍ
ԲՆՈՒԹՅՈՒՆ
[էջ 11]
ԵՐԿԻՆՔ ԵՎ ԵՐԿԻՐ
Երկինքն ու երկիրը ամուսիններ են, երկինքը հայր է, երկիրը՝ մայր։ Երկնքի և երկրի արանքում է գտնվում երկնային ծիրանի ծովը։
Երկինքը նաև քաղաք է, երբեմն կոչվում է Անգին քաղաք, շրջապատված պղնձե դարպասներ ունեցող քարե բարձր պարիսպներով։ Երկնային քաղաքը մի լույս տաճար է կամ ծիածանաքարով կառուցված՝ վեհ կամարներով շողշողուն պալատ։ Ամեն ինչ այնտեղ լույս ու փայլ է, հրաշալիք, այնտեղ ոչ խավար կա, ոչ ցուրտ։ Դա «անմահության տուն ու տեղ է»։
Երկիրը հանգչում է եզի եղջյուրների վրա. երբ նա թափահարում է գլուխը, երկրաշարժ է առաջանում։ Ուրիշ պատկերացումների համաձայն՝ երկիրը գտնվում է օվկիանոսի վրա, չորս կողմից շրջափակված Լևիաթան1 ձկան մարմնով, նրա գլուխը եկել և մեկ թիզ տարածություն է մնացել, որ հասնի պոչին։ Ձուկը կարծում է, թե իր պոչը օտար կենդանի է, որ միշտ խաղում է իր քթի տակ։ Ուստի նա շարունակ հետամտում է նրան, ուզում է բռնել ու կծել, բայց չի կարողանում, որովհետև աշխարհի ստեղծման օրից մինչև վախճանը Լևիաթանը մազաչափ անգամ չի աճում։ Եթե հանկարծ նրան հաջողվի բռնել իր պոչը, այնժամ աշխարհը քարուքանդ կլինի։ Իսկ երբ նա իր պոչը բռնելու նպատակով շարժումներ է անում, երկիրը ցնցվում է, և երկրաշարժ է առաջանում։ Լևիաթանի գլխին մի մեծ աղամանղ կա, որ գիշեր-ցերեկ լույս է տալիս։ Երբ նա ջրի մեջ շարժումներ է անում, գլխի ադամանդի շողերը փայլատակում են աշխարհի տարբեր կողմերում։
-------------------------
* Այս ամբողջ բաժինը շարադրված է հիմնականում Գ. Սրվանձտյանցի «Գրոց ու բրոց», «Մանանա», «Համով–հոտով», Մ. Աբեղյանի «Հայ ժողովրդական հավատքը», Ա. Ղանալանյանի «Ավանդապատում» աշխատությունների և ժողովրդական հին ու նոր հավատալիքների հիման վրա։
1 Լևիաթան — Աստվածաշնչում կամ հին հրեական ավանդության մեջ՝ ծովային վիթխարի հրեշ, վիշապ։
[էջ 12]
ԼՈՒՅՍ ԵՎ ԽԱՎԱՐ
Լույսի և խավարի կամ ցերեկվա և գիշերվա կանոնավոր իրար հաջորդելը կարգավորում է Ժուկը1 կամ Ժուկ ու ժամանակը։ Նա ալեհեր ծերունի է՝ նստած մի բարձր սարի վրա։ Ժուկ ու ժամանակը ձեռքին ունի երկու կծիկ, մեկը՝ սպիտակ, մյուսը՝ սև։ Նա կծիկներից մեկը կամ մյուսը հերթով սարից ցած է գլորում։ Լեռան մեկ կողմից նա մի կծիկը ցած է գլորում, մինչդեռ լեռան հակառակ կողմից մյուսը կծկում է։ Երբ սպիտակ կծիկն է քանդելով ցած գլորում՝ լուսանում է, արևը ծագում։ Բայց երբ սպիտակ կծիկն է կծկում, իսկ սևը քանդելով՝ ցած գլորում, մթնում է, արևը մայր է մտնում։
Գիշերային խավարն անձնավորում են սև ու դժխեմ գիշերամայրերը, որոնք պառավ վհուկներ են, սև օձեր հմայողներ։ Նրանք արևի և լույսի թշնամիներն են, որ աշխարհի ստեղծման օրից հետապնդում են արևին, բայց բնավ չեն կարողանում նրան հասնել կամ բռնել։ Երբ երեկոն իջնում է, նրանք սարերի տակից դուրս են գալիս մեր աշխարհը, որպեսզի բռնեն արևին, բայց արևն արդեն մայր մտած է լինում, և միայն վերջալույսի ցոլքերն են աշխարհը լուսավորում։ Այդ պահին նրանք մեկ բերան փչում են, և մութը պատում է ամբողջ աշխարհը։ Պառավ գիշերամայրերը ձեռներին սև օձեր բռնած սկսում են դեսուդեն վազել, մտնում են սարերը, քարերը, անտառները, տները, գյուղերը, քաղաքները, կարծելով, թե արևն այնտեղ է թաքնվել։ Երկար որոնելով ու չգտնելով արևին, նրանք մտնում են ավերակ ջրաղացներն ու ցամաքած հորերը, որոնք նրանց սովորական ուղիներն են դարձել և դրանց միջով անցնում են գետնի տակ ու ծովերի հատակը՝ արևին փնտրելու։ Հենց այդ պահին արևելքում շառագունում է արշալույսը, լուսանում, և արեգակը գետնի տակից բարձրանում է երկինք։ Եթե գիշերամայրերին հանկարծ հաջողվի տեսնել արևի երեսը, ապա երկրի վրա ոչ մի կենդանի արարած չի մնա, ամեն ինչ կկործանվի ու կոչնչանա, և աշխարհը կլցվի միայն նրանց օձերով։ Բայց, բարեբախտաբար, նրանք երբեք չեն կարողանում տեսնել արևի երեսը։
ԱՐԵՎ ԵՎ ԱՐԵՎԱՄԱՅՐ
Արևը գեղեցիկ պատանի է։ Նա իր մոր հետ բնակվում է հեռու, աշխարհի ծայրին, կապույտ մարմարից շինված շքեղ պալատում։ Պալատը գտնվում է տասներկու բակի մեջտեղը։ Յուրաքանչյուր բակ չորս կողմից կամարակապ է, կենտրոնում՝ ավազան, ցայտող շատրվանով։ Այնտեղ ոչ ծառ կա, ոչ կանաչ, ոչ կենդանի, ոչ թռչուն, ոչ էլ որևէ արարած։ Ցերեկը այնտեղ խոր լռություն է տիրում, և այդ քար լռության մեջ բա-
--------------------------
1 Ժուկ — հայերենի մի քանի բարբառներում նշանակում է, ժամանակ։
[էջ 13]
կերի կամարների տակ պառկած ննջում են հազարավոր ու բյուրավոր աստղեր։
Մեջտեղի բակի ավազանի վրա կառուցված է ոսկեղեն տաղավար, ուր բացված է արեգակի մարգարտապատ մահիճը։ Տաղավարի մի անկյունում լույսերի մեջ նստած չքնաղ ու լուսերես արևամայրը սպասում է որդու վերադարձին։ Եվ ահա օրվա ուղևորությունից հետո հոգնած իր պալատն է վերադառնում բոցավառ արեգակը։ Նա մտնում է ավազան, լողանում, իսկ աստղերը արթնանում են, ոտքի կանգնում, ողջունում արևին և երկինք բարձրանում։ Արևամայրը գրկում, ջրից հանում է որդուն, պառկեցնում մահճում և կուրծք տալիս հավերժ երիտասարդ, մշտամանուկ արեգակին։ Վերջինս քնում, հանգստանում է, որպեսզի հաջորդ օրն առավոտյան վերսկսի իր մշտական երթուղին1:
Արևի լողավազանը նաև Վանա ծովն է։ Վերջալույսին, օրվա շրջապտույտից հոգնած, արևը մտնում է Վանա ծով, լողանում, մաքրվում, իջնում ծովի հատակը, ուր փրփուրների վրա փռված է նրա անկողինը, պառկում է անկողնում, քնում, հանգստանում։ Իսկ արևմուտքում շառագունած կամ ձյունաթույր ծալ-ծալ ամպերը նրա անկողնի քողն ու վարագույրներն են։
Արշալույսից առաջ հրեշտակները արևին հանում են անկողնից, հագցնում հրեղեն զգեստներ, հարդարում մահիճը։ Արևը լվանում է երեսը, ջուրը դեմքից ցայտում է չորս դին, սար ու դաշտ ծածկում ցողով։ Բոլոր թռչունները ցողի սրսկումից սթափվում են քնից, արթնանում, բներից վեր թռչելով, սկսում են երգել ու ծլվլալ։ Արևելքում գտնվող հսկա լեռան տակից նախ ելնում են արևի 12 թիկնապահները՝ բոլորը սևագույն արաբներ, ճառագայթի նման լուսեղեն ճիպոտներով հարվածում են սարին, որը խոնարհվում է և ցածրանում։ Մյուս բոլոր սարերն էլ իրար հետևից իրենց գլուխն են խոնարհում արևի առաջ։ Հանկարծ այդ պահին սարերի թիկունքից երևում է արևի ոսկե գլուխն ու հրեղեն մազերը, և նա բարձրանում է երկնակամար։
Առավոտ վաղ, երբ արևը դուրս է գալիս ծովից ու երկրին շատ մոտիկ է լինում, նրա սաստիկ ջերմությունից երկիրը կարող է այրվել ու մոխիր դառնալ։ Բայց այդ պահին նրա դեմ է ելնում մի վիթխարի թռչուն և իր հզոր թևերը տարածելով՝ պատսպարում է երկիրը արևի այրող ճառագայթներից։ Կեսօրին, երբ արևը հասնում է երկնքի մեջտեղը և հեռանում երկրից, նրա ջերմությունը թուլանում է, և վտանգը վերանում։ Այդ ժամանակ արդեն խանձված են լինում թռչունի թևերը, և նա ուժասպառ ու կիսամեռ ընկնում է ծովը, զովանում, բուժում իր թևերը։ Հաջորղ առավոտ կազդուրված՝ նա դարձյալ ելնում է արևի դեմ, իր հովանու տակ առնում երկիրը, և այդպես շարունակ։
Արևը երկինք է բարձրանում նաև առյուծի վրա նստած, նա արագ սլանում է երկնակամարով և երեկոյան գնում, հանգստանում է մոր գրկում։ Արեգակին կրող առյուծը թաթերում պահում է մի վիթխարի թուր, որով նա պաշտպանում է արևին քաջքերից։
-------------------------
1 Այդ պատճառով էլ արևամուտը կոչվում է նաև մայրամուտ (մոր մոտ մտնել) կամ մայր մտնել, իսկ արևածագի մասին երբեմն ասում են՝ «արևը մոր ծոցեն ելավ»։
[էջ 14]
ԱՐԵՎ, ԱՐԵՎԱՄԱՆՈՒԿ ԵՎ ԱՐԵՎԱՄԱՅՐ
Մի մեծահարուստ մարդու որդի՝ Արևամանուկ անունով, անհոգ ու շվայտ կյանք է վայելում։ Ամեն օր գնում է որսի և միշտ առատ որսով վերադառնում տուն։ Մի անգամ էլ որսի գնալիս՝ երեք օը անընդմեջ նրան չի հաջողվում որս անել։
Անհաջողությունից հուսահատված Արևամանուկը մտածում է. քանի որ ինքը այլևս չպետք է կարողանա որս գտնել ու զվարճանալ, թող որ աշխարհն էլ կործանվի։ Վճռում է՝ հաջորդ օրը վաղ առավոտյան, հենց որ արևը ծագի, նետով զարկի արևին, երկնքից վայր գցի, որպեսզի աշխարհը ծածկվի հավիտենական սև խավարով։
Հաջորդ առավոտյան, արևածագից առաջ, Արևամանուկը նետ-աղեղը ձեռքին պատրաստ սպասում է արևին։ Արևը իը գլուխը հազիվ հանած, մի բոցեղեն հուժկու ապտակ է հասցնում Արևամանուկի դեմքին, բոցեղեն ձեռքով բռնում է նրա մազերից, բարձրացնում, տանում դնում է մի ամայի կղզի և անիծում, որ նա արևի երես չտեսնի և լույս չվայելի։ Այդ օրվանից Արևամանուկը ցերեկնեըը քնում է արևից պատսպարված տաղավարում և արթնանում է միայն գիշերը, գնում թափառում, իր ապրուստը ճարում։ Տարինեը անց, պատահաբար, այդ կղզին է ընկնում մի կին, հանդիպում Արևամանուկին, ամուսնանում։ Ժամանակ անց կինը մնում է երեխայով։ Արևամանուկը նամակ է գրում ծնողներին, թե. «Ահա ձեզ եմ ուղարկում ձեր հարսին, պահեք նրան, բայց ինձ մի փնտրեք. ես արև չեմ կարող տեսնել, մեր քաղաքն ու մեր տունը չեմ կարող մտնել։ Եթե գամ, անպայման կմեռնեմ, անիծված եմ»։ Արևամանուկը գիշերները քայլելով, կնոջն ու զավակին բերում հասցնում է իրենց տուն և առանց ծնողներին ներկայանալու վերադառնում։
Ծնողները հարսից իմանալով իրենց որդու պատմությունը, չեն դիմանում, ուզում են գնալ, բերել որդուն։ Հարսը համոզում է, որ չի կարելի, եթե բերեն, նրա մահվան պատճառը կդառնան։ Աևամանուկի կինը ազատվում, տղա է բերում։ Նա իր գլխի եկածները երգ է շինում և գիշերները երեխային օրորելիս, երգում։ Արևամանուկն էլ որդու կարոտից գիշերները գալիս է իրենց տան մոտ, դրսից ձայնակցում է կնոջ երգին և ինքն էլ պատմում իր գլխով անցածը։ Բայց վախենում է ներս մտնել։ Արևամանուկի ծնողները նկատում են, ոը գիշերները ինչ-որ մեկը գալիս է տան մոտ և դրսից իրենց հարսի հետ փոխադարձ երգեր երգում։ Կասկածում են հարսի անմեղության վրա և բացատրություն պահանջում։ Հարսն ասում է, ոը եկողը իրենց որդին է, իր տղայի կարոտից է գալիս, եթե նրան բռնեն, ներս բերեն, կմեռնի։
Արևամանուկի ծնողները չեն հավատում հարսին։ Մի գիշեր էլ, երբ դրսից ձայն են լսում, դուրս են գալիս, բռնում, տեսնում են, իրոք, իրենց որդին է։ Արևամանուկը խնդրում, պաղատում է ծնողներին.
— Թողեք ինձ, — ասում է, — թողեք գնամ, եթե արևը ծագելիս ես իմ տաղավարում չլինեմ, կմեռնեմ։ Խնայեք իմ արևը, անիծված եմ ես, թողեք...
Ծնողնեըը չեն լսում իրենց որդուն, չեն թողնում։ Առավոտյան, երբ արևը ծագում է, որդին կիսամեռ ընկնում է հոր ու մոր առաջ։ Նրանք իրենց մխիթարում են այն հույսով, որ երեկոյան արևը մայր մտնելուց հետո որդին կկենդանանա։ Բայց երեկոյան Արևամանուկը դարձյալ մնում է կիսամեռ։ Ծնողները սուգ ու շիվան են բարձրացնում, ծեծում իրենց գլուխը, զղջում, օրերով ողբում։
Մի օր էլ Արևամանուկի մորը երազում ասում են.
— Ելիր, երկաթե տրեխներ հագիր, երկաթե գավազան վերցրու, քայլիր դեպի արևմուտք. որտեղ տրեխներդ ծակվեն, գավազանդ կոտրվի, այնտեղ կգտնես որդուդ բուժման ճարը։
Որդու ցավով ու կարոտով տառապած մայրը առավոտ կանուխ, առանց երկար-բարակ մտածելու ելնում, շինել է տալիս երկաթե տրեխներ ու գավազան, հագնում և ընկնում է ճանապարհ։ Տարիներով ճամփա է կտրում, անցնում սև ու սպիտակ մարդկանց սահմանները, հասնում աշխարհի ծայրր, ուր անգամ հավքեր ու գազաններ չկան։ Հեռվում նկատում է կապույտ մարմարակերտ մի պալատ, դեմ է անում այդ պալատն ու գնում։ Դռան առջև գավազանն ընկնում է ձեռից, կոտրվում։ Հանում է ոտից տրեխները թափ տալու, տեսնում է՝ տրեխները ծակվել են։ Հիշում է իր տեսած երազը, որ այստեղ պետք է գտնի որդու փրկությունը։ Ներս է մտնում բակ, անցնում 12 բակերի միջով, հասնում այն տաղավարին, որի մի անկյունում լույսերի մեջ նստած է լուսաճաճանչ թագուհին՝ արևամայրը։ Արևա–
[էջ 15]
մայր թագուհու գեղեցկությունից շշմած, Արևամանուկի մոր աչքերը զարմանքից բաց են մնում։
— Դու, անշուշտ, մի խնդիր ունես, — քաղցրությամբ նրան է դիմում արևամայրը, — որ այդքան չարչարանք ես քաշել, եկել հասել ես այստեղ։ Ի՞նչ ցավ ունես, պատմիր, մի վախենա։
— Մայր եմ ես, — ասում է կինը, — որդուս արևն ինձ դարձնելու համար ճար խնդրելու եմ եկել։
Եվ մեկ առ մեկ պատմում է Արևամանուկի գլխով անցած-դարձածը։
— Տղադ չար տղա է, — ասում է արևամայրը, — ես էլ մայր եմ. արեգակի մայրը, իմ որդու արևով երկինք ու երկիր է լուսավորվում, իսկ քո տղան ուզեց նետով զարկել նրան։ Անիծյալ է քո որդին, արևից զուրկ պիտի մնա. ապրի ու չպիտի ապրի, մեռնի ու չպիտի մեռնի։
— Մայր եմ ես, — կրկնում է Արևամանուկի մայրը, — ցավ եմ քաշել իմ որդու համար, այսքան ճամփա եմ քայլել-անցել նրա սիրո համար։ Քո զավակի արևի համար մի ճար ինձ ասա։
Արևամայր թագուհու գութը շարժվում է, ասում.
— Շատ անարժան զավակներ են իրենց մայրերի շնորհիվ արև վայելել, թող քո զավակն էլ իր մոր համար ապրի։ Բայց դու անցիր այդ աստղերի հետևը, թաքնվիր, հիմա որդիս կգա, այնպես արա, որ չերևաս։ Երբ նա մտնի ավազանը, լողանա, ելնի գա կուրծք ուտելու, իմ կուրծք տալու ժամանակ դու նրա լողացած ավազանից մի շիշ ջուր առ ու գնա։ Տար, ցանիր քո որդու վրա, կառողջանա։
Արևամանուկի մայրն այդպես էլ անում է. արեգակի լողացած ավազանի ջրից մի շիշ ջուր է վերցնում, պալատից դուրս է գալիս, հաջողությամբ վերադառնում է տուն, ջուրը ցանում է որդու վրա, որդին առողջանում է, ոտքի կանգնում։
ԱՂՋԻԿՆ ՈՒ ԱՐԵՎԸ
Մի աղջիկ երեկոյան՝ արևը մայր մտնելուց հետո, տունն ավլում է և աղբը դուրս թափում։ Այդ մեղքը գործելու համար նա պատժվում է1, ցերեկը արևի մոտ սևերես է լինում, մնում է մեռած, գիշերը՝ կենդանանում։
Աղջկա հայրը հագնում է երկաթե տրեխներ, ձեռն առնում երկաթե գավազան, ճանապարհ է ընկնում արևի մոտ։ Նա գնում է արևից խնդրելու նրա երեսը լվացած ջրից, որ բերի, ցանի աղջկա վրա, բուժի նրան։ Բայց մինչև օրս էլ աղջկա հայրը թափառում է աշխարհով մեկ և չի կարողանում գտնել արևի բնակարանը։
---------------------------
1 Հայ ժողովրդական հավատալիքներով՝ երեկոյան տունն ավլելն ու աղբը թափելը մեղք է համարվում, ուստի խուսափում են դրանից։
[էջ 16]
ՏՂԱՆ ԵՎ ԱՐԵՎԸ
Մի կին իր տղայի համար գուլպա է գործում։ Քիչ է մնում, որ գուլպան ավարտի, արևը պատրաստվում է մայր մտնել։ Տղան դիմում է արևին, խնդրում.
— Ջա՜ն, արեգակ, մի քիչ սպասիր, մայրս վերջացնի զիզի գուլպաս, հագնեմ, հետո մորդ մոտ գնա։
Արևը լսում է տղային, սպասում և միայն ուշ երեկոյան վերադառնում մոր մոտ։ Արևամայրը հարցնում է որդուն, թե ինչո՞ւ է ուշացել։
Արևը մորը պատմում է փոքրիկ տղայի և նրա գուլպայի մասին։ Արևամայրը զայրանում է, անիծում որդուն ուշացնող փոքրիկ տղային, որ նա ցերեկը մեռնի, գիշերը կենդանանա, իսկ նրա մայրն էլ երբեք չավարտի տղայի գուլպան։
Տղան ցերեկները մեռնում է, գիշերները՝ կենդանանում, գալիս է մոր մոտ, խնդրում իր գուլպան։ Խեղճ մայրը չի կարողանում վերջացնել գուլպան, որովհետև գործածը ինքն իրեն քանդվում է։
Իսկ տղան, ստիպված, թափառում է ոտաբոբիկ։
ԱՐԵՎՆ ՈՒ ՀԱՐՍԱՆՔԱՎՈՐՆԵՐԸ
Հարսանքավորները հարս ու փեսայի հետ Վարանդայի Քափաս սարով անցնելիս, արևը սկսում է մայր մտնել։ Փեսան խնդրում է արևին՝ մի քիչ սպասել, մինչև իրենք անցնեն այդ վտանգավոր տեղից։ Արևը կատարում է փեսայի խնդիրքը, բայց երբ վերադառնում է մոր մոտ, արևամայրը խիստ բարկանում է որդու վրա ուշանալու համար։ Արևը մորը հայտնում է ուշացման պատճառը։ Մայրը ավելի է բարկանում և անիծում է հարսանքավորներին, որ նրանք քար դաոնան։ Հարսանքավորներն իսկույն քար են դառնում։
ԱՐԵՎ ԵՎ ԼՈՒՍԻՆ*
Արևն ու լուսինը աստծո զավակներն են. արևը աղջիկ է, լուսինը՝ տղա։ Հոր հրամանով նրանք պարտավորվում են գիշեր-ցերեկ հերթով հսկել աշխարհին։ Քույր ու եղբայր վիճակ են գցում, թե իրենցից ով գիշերը հսկի։ Վիճակն ընկնում է քրոջը՝ արևին։ Քույր ու եղբայր սկսում են տաք-տաք վիճել։ Աղմուկի վրա գալիս է հայրը։ Երբ իմանում է պատճառը, նախատում է լուսնին և հրամայում, որ նա գիշերները հսկի։ Լուսինը հանձն է առնում կատարել հոր կամքը։ Ապա աստված դիմում է աղջկան՝ արևին, առաջարկելով ցերեկները հսկել։ Արևն առարկում է, ասելով՝ որ ինքն իր աղջիկ տեղով ամաչում է օրը ցերեկով մարդկանց աչքին երևալ։
— Այդ դեպքում, — ասում է հայրը, — ձեռներիդ մեջ մեկ–մեկ խուրձ ասեղ բռնիր. ով որ կհամարձակվի քեզ նայել, ասեղներով ծակիր աչքերը։
Արևն ընդունում է այդ առաջարկությունը և այդ օրից սկսած հոր կամքը կատարում։
Արևն ու լուսինը քույր-եղբայր են. արևը եղբայրն է, լուսինը՝ քույրը։ Առաջներում քույրը եղբոր հետ է գալիս-գնալիս եղել, բայց որովհետև շատ գեղեցիկ է եղել, չար աչք է դիպել նրան, և նա հիվանդացել է ծաղիկ հիվանդությամբ։ Այդ դեպքից հետո լուսինը խնդրում է եղբորը՝ ծակել այն մարդու աչքերը, ով իրեն կնայի, որպեսզի իրեն այլևս չար աչք չդիպչի և իր հիվանդության վրեժը լուծվի։
---------------------
* Արևի և լուսնի մասին եղել են տարբեր պատկերացումներ, մի դեպքում արևը տղա է, լուսինը՝ աղջիկ, որոնք կամ թագավոր ու թագուհի են, կամ էլ սիրահար զույգ։ Իսկ մեծ մասամբ նրանք քույր ու եղբայր են, ընդ որում, արևը քույրն է, լուսինը՝ եղբայրը։
[էջ 17]
Արևի և լուսնի մայրը ապրում է երկնքում՝ աստղատանը։ Մի անգամ գիշերը, երբ մայրը խմոր է շաղախում, արևն ու լուսինը կռվում են։ Արև քույրն ասում է.
— Ես գիշերով դուրս չեմ ելնի։ Լուսին եղրայրն էլ ասում է.
— Ես ցերեկը դուրս կգամ։
Շատ որ կռվում են, մայրը վեր է կենում տեղից, խմորոտ ձեռքով ուժեղ ապտակ է հասցնում լուսնի երեսին, գիշերով նրան տանից հանում, գցում դուրս։ Այդ օրվանից մինչև հիմա լուսինը գիշերն է դուրս գալիս, արևը՝ ցերեկը։
Մի անգամ մայրը արևին ու լուսնին ասում է.
— Գնացեք աղբյուրից ջուր բերեք, ծարավ եմ, ով շուտ բերի, նրան կօրհնեմ։
Քույր ու եղբայր վեր են կենում, գնում ջրի։ Լուսինը քրոջից առաջ է անցնում և կուժը դնում աղբյուրի խողովակի տակ, որ ջուր լցվի։ Արևը եղբորից թաքուն ծակում է նրա կժի տակը։ Վերադարձին լուսնի կժից ջուրը հոսում, թափվում է, կուժը մնում է դատարկ։ Իսկ արևը կուժը լիք լցնում է ջրով, բերում, տալիս է մորը, ստանում նրա օրհնությունը։
Մի անգամ արևն ու լուսինը գնում են գետը, լողանում։ Լուսին եղբայրը մի քիչ լողանալուց հետո շուտ դուրս է գալիս ջրից, սպասում, որ երբ քույրը ելնի ջրից, տեսնի նրա մերկությունը։ Արևը կռահելով եղբոր դիտավորությունը, ամոթից երկինք է բարձրանում։ Լուսինն էլ անմիջապես նրա հետևից բարձրանում է երկինք, հետապնդում քրոջը, բայց մինչև օրս էլ հետապնդում է նրան և չի կարողանում հասնել։ Դրա համար էլ արևը իր սուր ասեղներով ծակծկում է թե լուսնի և թե բոլոր նրանց աչքերը, ովքեր փորձում են նայել իրեն։
Արևը թագավոր է, լուսինը՝ թագուհի։ Լուսինը շրջագայության է դուրս գալիս այն ժամանակ, երբ արար աշխարհը քնած է լինում, որպեսզի ոչ ոք չկարողանա իրեն տեսնել։ Նա զբոսանքի է դուրս գալիս՝ շրջապատված աստղերով, որոնք իր կույս ընկերուհիներն ու նաժիշտներն են։ Լուսին թագուհին ծով բարիքներ է սփռում աշխարհի բոլոր արարածներին, մեկ-մեկ էլ ամոթխածությունից իր դեմքը ծածկում է ամպի քողով։
Արևն ու լուսինը ջահել սիրահարներ են. արևը աղջիկ է, լուսինը՝ տղա։ Երբ նրանք հանդիպում են իրար, լուսինը սիրուց խելքը թռցնում է, խավարում։ Լուսնի վզից արյունոտ տիկ կա կախված, նա երբեմն այդ տիկը գցում է արևի վիզը, որից արևը խավարում է։
ԼՈՒՍԻՆ
Լուսինը մի անհամբեր երեխա է եղել։ Մի օր, երբ մայրը խմոր է շաղախում, լալով գալիս է, մորից հաց է ուզում։ Մայրը զայրացած՝ խմորոտ ձեռով ապտակում է լուսնին, անիծում, որ նա երբեք չկշտանա։ Ապտակից լուսինը թռչում է երկինք, դեմքին՝ խմորի կտորներ։ Երբ լուսինը կուշտ է լինում, պայծառ փայլում է երկնքում, երբ քաղցում է՝ խավարում։՛
ԱՍՏՂԵՐ
Աստղերը երկնքի կանթեղներն են, որոնք իբրև ջահեր առանց պարանի կախված են բարձր ու լայն, անսյուն ու անգերան կառուցված երկնային տաճարում և առանց ձեթի լույս են տալիս։ Աստղերը լինում են չար և բարի։ Ամեն մարդ ծնվում, աշխարհ է գալիս մի աստղի տակ. որի տակ կանգնում է մարդը ծնվելիս՝ իր բախտն է։ Եթե նրա աստղը բարի է, նա բախտավոր է, եթե չար է՝ դժբախտ։
Ծիր-կաթին աստղաբույլը կոչվում է նաև Հարդագողի կամ Դարմանագողիճանապարհ։ Մի խիստ
[էջ 18]
ձմեռ հայերի նախնի Վահագնը ասորեստանցիների նախնի Բարշամից հարդ է գողանում, և Ծիր կաթինը այդ գողացված հարդի հետքն է։
Մի ժամանակ ուրիշ ցեղի աստված իր մշակներին ուղարկել է մեր երկրի աստծո կալից հարդ գողանալու։ Մեր աստծո հրեշտակները նետ-աղեղով խփել, սպանել են գողերին, որոնց մոտից հարդը թափվել է երկնքի երեսին և այդպես էլ մինչև այժմ մնացել։
Գարունը բացվելիս՝ մի խեդճ կնոջ դարմանը պակասում է, անասունները մնում են քաղցած։ Շատ է դեսուդեն ընկնում, բայց ոչ մեկը նրան դարման չի տալիս։ Ճարը որ կտրվում է, ելնում գնում է իր քավորի մարագը, փեշը դարմանով լցնում։ Վերադարձին քամին խփում է, փեշի դարմանը թափում գետին։
Այս անամոթ արարքը տեսնում է աստված, երկնքի երեսին ցուցադրում է այդ գողության նշանը, որպեսզի աշխարհը տեսնի սանամոր գողությունը։
Սանամայրը շատ աղքատ է լինում, ամեն անգամ ստիպված իր քավորի հարդանոցից գոգնոցով հարդ է գողանում։ Մի անգամ էլ, երբ քավորը նկատում է այդ, սանամայրն ամոթից երկինք է բարձրանում, հետևից թափելով հարդը։ Մինչև այժմ էլ երկնքի վրա երևում է թափած հարդի հետքը, որ կոչվում է նաև Սանամոր երթ։
Մի ուղտապան 45 ուղտ է ունենում։ Երբ նրա հարդը սպառվում է, գնում հարևաններից 15 ուղտի համար հարդ է գնում, իսկ 30-ի համար՝ հարդը փոխ է վերցնում։ Հաջորդ անգամ, երբ դարձյալ հարդը սպառվում է, անհարմար է զգում նորից փոխ ուզել, ստիպված գողանում է։ Այդ պահին սաստիկ քամի է բարձրանում և ամբողջ հարդը ցրում երկնքով մեկ, որ մինչև հիմա էլ երևում է։
Տան հարսը մարդագայլ1 է լինում։ Մի անգամ նրանց տունը հյուր է գալիս։ Հարսը հյուրի ոտները լվանալիս տեսնում է, որ դրանք շատ փափլիկ են։ Հարսի ախորժակը գրգռվում է։ Երբ բոլորը քնում են, հարսը գալիս է, որ հյուրին ուտի։ Հյուրն այդ իսկույն իմանում է, քաշում է դաշույնը և հարվածում հարսի կրծքին։ Կաթն անմիջապես հարսի կրծքից ցայտում է երկինք և իր հետքը մշտապես թողնում երկնքի վրա։ Դրա համար էլ Հարդագողի ճանապարհը կոչվում է նաև Ծիր կաթին (կաթի հետք)։
Ծիր կաթինը երկնքի այն տեղն է, որ պատռվել է ժամանակին, և հեղեղը թափվել երկրի վրա։
Կշիռ համաստեղության աստղերը Հայկ նահապետի զավակներն են՝ երեքը տղա, երեքը աղջիկ, որոնք կոչվում են նաև հայկեր (խեքեր)։
Մեծ արջի համաստեղությունը կոչվում է նաև Յոթ սանամոր աստղեր։ Ժամանակին յոթ սանամայր են եղել, ունեցել են մի քավոր։ Սանամայրերից յուրաքանչյուրը մտածել է, թե մյուսը կհոգա քավորի հոգսերը։ Քավորը մնացել է առանց խնամքի և քաղցից մեռել։ Աստված բարկանալով սանամայրերի վրա, նրանց դարձրել է յոթ աստղ։
-------------------------
1 Մարդագայլը առասպելական հավատալիքներով՝ ժամանակավորապես գայլի փոխարկված կին է, օժտված գայլի գիշատիչ հատկություններով։
[էջ 19]
ԱՄՊՐՈՊ, ՈՐՈՏ, ԿԱՅԾԱԿ, ՓԱՅԼԱԿ, ՑՈՂ
Ամպրոպի ժամանակ հայր երկինքն ու մայր երկիրը ծիրանի ծովի միջոցով միանում են իրար, և երեքն էլ բռնվում են երկունքի ցավերով։ Երկունքի պահին ծիրանի ծովում բռնկվում է կարմիր եղեգնը, որի փողից բարձրացող ծխի և բոցերի միջից ծնվում է հրեղեն մազերով, բոցավառ մորուքով և արեգակնակերպ աչքերով կայծակի և ամպրոպի պատանի աստվածը՝ Վիշապաքաղ Վահագնը։ Նա ծնվելուն պես վազում է վիշապների դեմ կռվելու։
Ամպրոպի ժամանակ ծովի խորքերից կամ ամայի լեռներից երկինք են բարձրանում վիշապները, որոնք չար ոգիների հետ միասին կամենում են կուլ տալ արեգակին կամ փակել նրա լույս երեսը, որպեսզի մարդիկ նրա լույս երեսը չտեսնեն։ Այդ ժամանակ Գաբրիել հրեշտակը ուրիշ հրեշտակների հետ միասին կռվում է նրանց դեմ, զարկում հրեղեն սրերով և սև ամպերից դուրս քշում նրանց։ Ամպրոպի որոտը այդ կռվի ձայնն է, փայլակը՝ Գաբրիել հրեշտակի սուրն է, կայծակը՝ հրեղեն նետը, իսկ ծիածանը՝ աղեղը։
Վիշապները մազեր ու թևեր ունեն և բոլոր օձերի նման անմահ են, եթե նրանց չսպանեն։ Նրանք շարունակ մեծանում են, և երբ արդեն վիշապը հազար տարեկան է ղառնում, կարող է աշխարհը կուլ տալ։ Դրա համար էլ հրեշտակները երկնքից իջնում են, կապում վիշապին և փոթորկի մեջ նրան վեր են հանում։ Սակայն վիշապը կռվում է հրեշտակների հետ, գալարվում, բերանից հուր թափում, հաճախ էլ ջուր փչում երկրի վրա։ Հրեշտակները նրան հանում են արեգակի մոտ, որի կիզիչ ճառագայթները այրում, մոխիր են ղարձնում վիշապին, և նրա մոխիրը թափվում է երկիր։ Հաճախ վիշապի գալարվող պոչը պոկվում, ընկնում է երկրի վրա կամ էլ հրեշտակները բաց են թողնում վիշապին, և նա երկնքի բարձրությունից ընկնում է մի լեռան վրա, փշուր-փշուր լինում։ Երբ ծերացած վիշապը լեռներից կամ ծովերից երկինք է քաշվում, երկնքի վիշապներն էլ երկիր են իջնում։ Ամպրոպի ժամանակ երևացող ամպի հրեղեն շերտերը վիշապի հրեղեն մարմինն է, կայծակը՝ հրեշտակների գավազանը կամ ճիպոտը, որով հարվածում են վիշապին, որոտը՝ ծեծվող վիշապի գոռոցը։
Վանա ծովի հատակում վիշապի բույն կա, ուր բնակվում է մի ահռելի վիշապ և իր մարմնով բռնել է ամբողջ ծովի հատակը։ Հրեշտակները միշտ կռվում են նրա հետ, խփում նրան, պոչից վիրավորում, որպեսզի նա չմեծանա և ծով ու ցամաք կուլ չտա։
Ամպրոպը երբեմն պատկերացվում է վիթխարի եղջյուրներ ունեցող կովի կերպարանքով, որը երկնային կաթնաղբյուրից ջուր է խմում և արյունագույն ծովի (ծիրանի ծով) միջից գոռում, բառաչում։ Մեկ այլ պատկերացմամբ՝ անձ–
[էջ 20]
րևաբերը Եղիա1 մարգարեն է, որը իր քառաձի կառքով սլանում է ամպերի վրայով, որպեսզի բռնի իր փախչող պարտապանին և հետ վերցնի փոխ տված դրամը։
Կառքի դղրդոցից ամպերը որոտում են, իսկ անիվներից կամ ձիերին հարվածող մտրակից՝ փայլատակում։
Մի կույր մարդ բարկանում է աստծո վրա, որ իրեն զրկել է տեսողությունից։ Նա վերցնում է թթու լավաշը, շպրտում թխպի վրա։ Թուխպը սաստիկ զայրանում է և սկսում է կույրի վրա գոռգոռալ։ Այդ գոռգոռոցից էլ առաջ է գալիս որոտը։
Կայծակը կամ փայլակը կոչվում է նաև Հրաչք, նա հրացայտ աչքերով կին է, անունը՝ Ծովյան կամ Ծովինար, և ապրում է վերին երկնքում։ Նա նստած է հրեղեն ձիու վրա և ձիով խաղում-պարում է ամպերում։ Նրա ձիու և իր աչքերից կրակ է ցայտում, և ոչ ոք չի կարողանում նայել նրա հրեղեն, լուսավոր դեմքին։ Ծովյանը երբեմն երևում է նաև ծպտված՝ տղամարդու կերպարանքով։ Ամպրոպային մութ գիշերներին նա հանկարծ գլուխը հանում է ամպերի տակից, ցած նայում և հենց այդ պահին էլ փայլատակում է, ասում են՝ «Ծովյանը խաղում է»։ Երբ երկնքում երևում է Ծովյանը կամ Ծովինարը և փայլատակում լույսի ու կրակի մեջ, իսկույն սկսում է անձրև տեղալ, և սար ու ձոր ծածկվում է պտղաբերող խոնավությամբ։
Երկրի վրա՝ օվկիանոսում, փայլուն փորով մի մեծ ձուկ կա։ Երբ ձուկն ընկնում է մեջքի վրա, նրա փայլուն փորի շողքից երկինքը սկսում է փայլատակել։
Երբ դրախտում առաջին անգամ վարդը թառամում է, սոխակը սաստիկ տխրում է և սկսում է նվաղելու աստիճան տրտմությամբ դայլայլել։ Լուսինը տեսնելով սոխակի սրտաճմլիկ վիճակը, լուռ արտասվում է։ Լուսնի արտասուքներից էլ առաջ է եկել ցողը։
ԿՐԱԿ ՈՒ ԿԱՅԾԱԿ
Ժամանակին քարերն ու ծառերը մարդկանց նման շարժվել են, խոսել, կերել, խմել։ Սատանան տեսնելով այդ, գալիս է աստծո մոտ, իրավունք խնդրում, որ ինքն էլ մի բան ստեղծի։ Աստված քմծիծաղ տալով ասում է.
— Թե կարող ես՝ ստեղծիր։
Սատանան գնում է քարերի մոտ, տեսնում, որ նրանք ոսկուն են թագավոր դարձրել, ասում է.
— Կայծքարն ավելի զորավոր է և կարող է ոսկուց լավ թագավոր լինել։
Ասածը հաստատելու համար նա մի տան մեջ խոտ, փայտ ու ցան է լցնում, ապա առաջարկում է կայծքարին՝ երկաթին բախվել։ Կայծքարն ու երկաթը բախվում են իրար, կայծեր առաջացնում։ Կայծերն ընկնում են տան մեջ լցրած չոր խոտի վրա, վառվում, կրակ ստեղծում։ Մարդիկ ու քարերը հավաքվում են կրակի շուրջը և նրա միջից հանում խորոված պտուղներ ու կենդանիներ, ուտում։ Շատ են հավանում դրանց համը, սկսում են այդ կրակից տանել իրենց տները, օջախ սարքել, վրան կերակուր եփել։
Աստված զայրանում է սատանայի վրա, որ նա կրակի գաղտնիքը հայտնել է մարդկանց, ասում է.
— Սպասիր, քո պատճառով այնպիսի կրակ ստեղծեմ, որից սարսափեն մարդիկ։
Եվ նա ստեղծում է աստծո կրակը՝ կայծակը, ուղարկում է երկիր։ Կայծակի հենց առաջին հարվածից զոհվում են տասը մարդ։ Սատանան սարսափահար փախչում է և այլևս աստծո աչքին չի երևում։ Աստված պատժում է քարերին, զրկում նրանց շարժվելու և ուտելու ունակությունից, որովհետև մարդիկ կայծքարի միջոցով էին իմացել կրակի գաղտնիքը։
Աստված նույն կերպ պատժում է նաև ծառերին, որոնք իրենց կամքով վառելիք էին դարձել մարդկանց համար։
-------------------------------
1 Եղիան հին հրեաների մարգարեներից է, որի պատմությունը շարադրված է Աստվածաշնչում։ Նա, ըստ առասպելի, ոչ թե մեռնում է, այլ աստծո հրամանով հրեղեն կառքով ու հրեղեն ձիերով բարձրանում երկինք։ Հետագայում, երբ տարածվում է քրիստոնեական կրոնը, քրիստոնյա շատ ժողովուրդները, այդ թվում նաև հայերը, Աստվածաշնչի ազդեցությամբ Եղիա մարգարեին իր հրեղեն կառքով ու ձիերով նույնացնում են իրենց հին ամպրոպային աստծուն։
[էջ 21]
ՀՈՒՐ ԵՎ ՋՈՒՐ
Կրակն ու ջուրը քույր ու եղբայր են. կրակը քույրն է, ջուրը՝ եղբայրը։ Մի անգամ քույր ու եղբայր վիճում են, թե իրենցից ով է ավելի ուժեղ։ Որոշում են չափել իրենց ուժերը։ Կրակը իր ուժը ցույց տալու համար սկսում է այրել սարերի ամբողջ չոր խոտը։ Եղբայր-ջուրը գալիս է և անմիջապես հանգցնում հրդեհը։ Այդ օրվանից քույր ու եղբայր բաժանվում են իրարից։
Մի անգամ եղբայր-ջուրը իջնում է սարից, քույր կրակն ասում է նրան.
— Արի մի քիչ նստիր, տաքացիր։
Զուրը պատասխանում է.
— Դու էլ մի քիչ ինձնից խմիր, հովացիր։
ԼԵՌՆԵՐ, ԼՃԵՐ, ԳԵՏԵՐ
Հայոց լեռները հաղթանդամ ու հսկա եղբայրներ են եղել։ Ամեն առավոտ վաղ արթնանալիս՝ նրանք սովորություն են ունեցել նախ կապել իրենց գոտիները, հետո միայն բարևել իրար։ Բայց երբ եղբայրները ծերանում են, էլ չեն կարողանում վաղ վեր կենալ։ Մի օր էլ, ուշ արթնանալով, նրանք մոռանում են կապել գոտիները և, հակառակ սովորության, իրար բարևում են առանց գոտիները կապելու։
Աստված տեսնելով այդ, պատժում է եղբայրներին, նրանք քարանում են, դառնում են լեռներ, գոտիները՝ կանաչ դաշտեր, իսկ արցունքները՝ անմահական աղբյուրներ։
Մասիսն ու Արագածը շատ սիրով քույրեր են լինում։ Այնպես է պատահում, որ մի օր նրանք կռվում են, սոսկալի վիճում, մեկն ասում է.
— Ես եմ լավը, քեզանից էլ բարձր։
Մյուսն ասում է.
— Ես քեզանից էլ լավն եմ, քեզանից էլ մեծ ու բարձր։
Վեճի ժամանակ վրա է հասնում Մարութա սարը1, փորձում է քույրերին հաշտեցնել, բայց չի կարողանում։ Նա վրդովված հեռանալով, անիծում է քույրերին, որ նրանք իրարից բաժանվեն և երբեք իրար չհանդիպեն։ Մասիսը դառնում, անիծում է Արագածին, որ ամբողջ տարին վիշտը նրա սրտից դուրս չգա, արցունքներն էլ աչքերից չպակասեն։ Արագածն էլ հետ չի մնում, իր հերթին անիծում է Մասիսին, որ աշխարհի երեսին մարդ չբարձրանա նրա գագաթը, վրան էլ մատաղ չմորթվի։
Այդպես էլ լինում է. Արագածի կատարին արտասուքից լիճ է գոյանում, իսկ Մասիսի վրա մինչև օրս մարդ չի բարձրացել և մատաղ չի մորթվել։
--------------------------
1 Մարութա սարը գտնվում է Արևմտյան Հայաստանի Սասուն գավառում և եղել է սասունցիների սիրած ու պաշտելի սարը։ Կոչվել է նաև Մարաթուկ կամ Բարձր Մարաթուկ։
[էջ 22]
Մարութա սարի պաշտամունքը խիստ զայրացնում է Անդոկին1, և նա Մարութա սարին մարտի է հրավիրում։ Մարտի ժամանակ Անդոկն իր կայծակե թրով խփում, ճեղքում է Մարութա սարի գլուխը, որի պատճառով էլ նրան ջղլագլուխ (զույգ գլխով) Մարաթուկ են անվանում։ Անդոկի հարվածից վիրավորված Մարութա սարը հսկա մի ժայռ է պոկում իր կողերից և խփում նրան։ Ժայռը խրվում է Անդոկի կուրծքը, թաղվում կողերի մեջ. դուրս է մնում միայն ժայռի երկու ջրաղացաքարի չափ մի կտոր, որի վրա այժմ էլ երևում են Մարաթուկի ձեռքի հետքերը։
Զագրոշի լեռները2 եղջյուրներով վիշապ են եղել։ Զագրոշն ուզեցել է ուտել Տավրոսին3 և կռվի է ելել նրա դեմ։ Տավրոսը թեպետ մարմնով փոքր, բայց ավելի ուժեղ լինելով, այնպես է հարվածում Զագրոշի ճակատին, որ նրա եղջյուրները պոկվում, ընկնում են դես ու դեն։ Մի եղջյուրը թռչում ընկնում է Արգեոլից հեռու և ցցվում է գետնի մեջ, որ մինչև այսօր Մասիուս4 է կոչվում։ Մյուս եղջյուրը թռչում, խրվում է Արարատի կողը, որ մինչև այսօր Մասիս է կոչվում։ Զագրոշը շշմած, մեջքը դեմ է տալիս Տավրոսի Առնոս և Արտոս5 եղջյուրներին։ Տավրոսը բարկացած, այնպես ուժեղ է հարվածում Զագրոշի մեջքին ու փորին, որ մի մեծ ձոր է բացում Կոթուրից սկսած մինչև Տիարտխուր։ Այդ ձորով է հոսում Զաբ գետը6, որը Զագրոշի արյունն է։ Տավրոսի հարվածից նոր լեռներ են բարձրանում, իրարից ջրերը բաժանում։ Զագրոշի փորոտիքի աղի ջրերի մի մասը գնում է Վան և կազմում Վանա լիճը։
Այդ օրվանից Զագրոշն իր գլուխը առած քաշվում է մի կողմ, նրա մարմնի մի ծայրը հասնում է Արարատ, իսկ գլուխը՝ Շիրազ7 ու Հնդկաստան։
Դաղստանի լեռն ու Մռավը8 վիճում են իրար հետ։ Դաղստանի լեռն ասում է.
— Դու ինձ մոտ ինչ ես որ. ես քեզանից շատ բարձր եմ։
Մռավն ասում է.
— Ոնց կարող ես դու ինձանից բարձր լինել, երբ իմ դիրքը այնքան վեր է քեզանից։
Դաղստանի լեռն ասում է.
— Ձայնդ կտրի, թե չէ՝ ձեռիս ափսեն կտամ երեսիդ։
Ասում է ու ձեռի ափսեն շպրտում Մռավի վրա։ Ափսեն չի հասնում Մռավի գլխին, այլ ընկնում է մոտիկ մի հարթ տեղ։ Մռավն ասում է.
— Որ դու ինձ վրա ափսե շպրտեցիր, անիծում եմ քեզ՝ թող գլխիդ ձյունը երբեք չհալվի։
Սև ու Կարմիր սարերը9 ժամանակին մարդ են եղել։ Սև սարը եղել է մի բռնակալ, իսկ Կարմիր սարը՝ մուրազաբեր մի աղջիկ։ Բռնակալը ուժով տիրացել է աղջկան և ժողովրդի անեծքով՝ քարացել։ Բայց քանի որ չի կարողացել վայելել աղջկա սերը, Սև սարը մինչև հիմա չի կարողանում նրան մոտենալ։ Դրա համար էլ Սև սարը անզոր կատաղությունից լալիս է և իր վրեժը մարդկանցից հանում։ Ամառվա կեսին հանկարծ մթնում է, բուք ու բորան անում, մարդ ու անասուն խեղդում։
Աղբակում, Բարդուղիմեոս առաքյալի վանքից դեպի արևելք գտնվում է մի քարայր, որը կոչվում է Վիշապի այր։ Այստեղ բնակվել է մի վիշապ, որը կուլ է տվել մոտակայքից անցնող մի աղջկա։ Բարդուղիմեոս առաքյալը երբ տեսնում է այդ, ձիով հարձակվում է վիշապի վրա։ Վիշապը քարայրից դուրս է փախչում և փսխում աղջկան։ Այդ փսխուկը դարձել է սպիտակ քարակույտ, որ փռված է մինչև այժմ քարայրից դեպի հարավ՝ բլրի լանջին։
-------------------------
1 Անդոկը սար է Սասուն գավառում, Հայկական Տավրոսի գագաթներից մեկը։
2 Զագրոշի լեռնաշղթան ընկած է Վանա և Ուրմիա լճերի միջև, Վանա լճից հարավ-արևելք՝ հյուսիսից հարավ ձգվող գծով։ Հյուսիսային ծայրը միանալով Կոտուրի լեռնաշղթային, հասնում է մինչև Մեծ ու Փոքր Մասիսները։
3 Տավրոսի լեռները կամ Հայկական Տավրոսը ընկած է Վանա լճից հարավ՝ երկար գծով, արևմուտքում հասնելով մինչև Ծովք կամ Գյոլջիկ լիճը, արևելքում հասնելով Կորդվաց լեռներին, մոտենալով Զագրոշի լեռնաշղթային։
4 Մասիուսի լեռները գտնվում են Դիարբեքերից հարավ-արևելք։
5 Առնոսը և Արտոսը Հայկական Տավրոսի լեռնագագաթներից են։
6 Զաբ կամ Մեծ Զաբ գետը գտնվում է Հայկական Տավրոսի և Զագրոշի լեռնաշղթայի միջև։
7 Գավառ հարավային Իրանում։
8 Մռավի լեռները Գանձակի լեռների արևելյան մասն են կազմում և հասնում մինչև Թարթառ գետի ստորին հոսանքը։
9 Սև ու Կարմիր սարերը Գեղամա լեռների գագաթներից են։
[էջ 23]
Մթնաձորում1 միշտ թուխպ ու անձրև է լինում։ Ժամանակին մի սիրուն աղջիկ է եղել, երբ ծիծաղել է, չորս կողմը վարդեր ու ծաղիկներ են բացվել, երբ լաց է եղել, անձրև է եկել։ Դևերը հափշտակում են նրան, տանում Մթնաձորի ամենամութ տեղը, ուր ոչ արևի լույս է ընկնում, ոչ էլ կենդանի շունչ։ Աղջիկը գերության մեջ անընղհատ լալիս է, որից էլ Մթնաձորում շարունակ թուխպ ու անձրև է լինում։ Իսկ մեկ-մեկ էլ, երբ քնած ժամանակ երազում ծիծաղում է, Մթնաձորը պարզվում է, լուսանում։
Սև լճի2 ջրի կեսը ժամանակին եկել խմել է քառասուն գլխանի մի վիշապ, հետո պառկել, հանգստացել է, որ մյուս կեսն էլ խմի, ցամաքեցնի լիճը։ Աստծո հրամանով սարերը մոտեցել են իրար, վերցրել են լիճը, բարձրացրել, հասցրել են մինչև երկինք և ազատել վիշապից։ Վիշապն այլևս չի կարողացել վերև բարձրանալ, ջուր խմել, ծարավից ճաքճքել է, տրաքել, ցրիվ եկել։
Սև լճում ապրում է նաև մի գեղեցիկ աղջիկ։ Երբ արև է լինում, նա դուրս է գալիս ջրի երեսը, խաղում ալիքների հետ։ Այս աղջիկը կպչում է լճի մեջ ընկած կենդանիների ոտից, չի թողնում նրանց ջրից դուրս գալ։
Եփրատ գետը կին է՝ խռիվ մազերով, քուրձեր հագած։ Ամեն տարի նա հարյուրավոր մարդիկ է կուլ տալիս։ Երբ գալիս է Վարդավառը, Եփրատը նայում է դիմացի ժայռին ու ասում.
— Վարդևորն եկավ, մեկը չեկավ։
Մեղրագետի3 ակունքի տեղը առաջ թոնիր է եղել։ Մի օր գյուղի քահանայի կինը հաց է թխում։ Գալիս է մի մուրացկան և Քրիստոսի սիրո համար թարմ հաց խնդրում։ Երեցկինը հաց է տալիս, մուրացկանը պանիր էլ է խնդրում։ Պանիր էլ է տալիս։ Մուրացկանը Քրիստոսի սիրո համար համբույր է խնղրում։ Երեցկինը դեմքը մոտեցնում է մուրացկանին, համբույր էլ է տալիս։ Այդ միջոցին քահանան ներս է մտնում, տեսնում կնոջ և մուրացկանի համբուրվելը, խիստ զայրանում է կնոջ վրա։ Կինը արդարանում է, թե մուրացկանը Քրիստոսի սիրո համար հաց խնդրեց՝ տվեցի, պանիր խնդրեց՝ տվեցի, համբույր էլ խնդրեց՝ չկարողացա մերժել։
— Դե որ այդպես է,— ասում է քահանան, — Քրիստոսի սիրո համար քեզ թոնիրը գցիր։
Կինն իսկույն իրեն գցում է բարկ թոնիրը։ Վառ թոնիրն անմիջապես լցվում է մեղրահամ ջրով, գետ է դառնում։ Երեցկինը ձուկ է դառնում, մնում գետի ակունքի մեջ։
------------------------
1 Գտնվում է Հին Գորիսից վերև, սարերի մեջ։
2 Գտնվում է Գորիսից վերև, Իշխլու կոչված սարերի մեջ։
3 Մեղրագետը Արածանի գետի վտակներից մեկն է, սկիզբ է առնում Տարոն աշխարհի (Արևմտյան Հայաստան) Չուխուրի դաշտից։
[էջ 24-25]
[էջ 26]
ԲՈՒՅՍԵՐ
Մանուշակը սկզբում եղել է գեղեցիկ, բայց շատ խաբարբզիկ աղջիկ, իրենց տան գաղտնիքները հաղորդել է ուրիշներին, ուրիշներինն էլ՝ տանեցիներին։ Մայրը շատ է խրատել աղջկան, բայց աղջիկը մնացել է անուղղելի։ Ստիպված անիծել է նրան՝ ասելով.
— Չոլերն ընկնես, լեզուդ ծոծրակիցդ դուրս գա։ Աղջիկն անմիջապես ընկել է ղաշտերը, ծաղիկ դարձել։
Վարդն ու Մանուշակը քույր ու եղբայր են եղել։ Վարդը փշերով միշտ ծակծկել է Մանուշակին, նա էլ ծծել է Վարդի արյունը և քսել իր երեսին։ Մայրը տեսնելով, որ քրոջ ու եղբոր կռիվները վերջ չունեն, անիծում է նրանց՝ միմյանցից կարոտ մեռնեն։ Այդ օրից Վարդն ու Մանուշակը այլևս իրար երես չեն տեսնում։ Ով նրանց փորձի իրար մոտ բերել՝ փափագը անկատար կմեռնի։
Աղբրանց արյունը կարմիր, արյունագույն ծաղիկ է։
Քուրդ ավազակները սարերում սպանել են յոթ եղբայրների։ Նրանց թափված արյունից բուսել է տխուր ու արնագույն աղբրանց արյունը։ Նրա կողքին գրեթե միշտ բուսնում է լալան, որն իր զանգակաձև գլուխը կախած, ողբում է սպանված եղբայրներին։
Նունուֆարը բուսել է Սասունցի Դավթի թափված արյան կաթիլներից, երբ դարանակալ թշնամին Մեղրագետում լողանալիս սպանել է նրան։
Սիրի-սիրի։ Երեք եղբայր սիրահարված են լինում մի աղջկա։ Իրար շատ են խանդում ու նախանձում, վերջում երեքն էլ սպանում են իրար։
Այդ երեք եղբոր թափված արյունից գոյանում է եռատերև սիրի-սիրի ծաղիկը։
Գիհի։ Գրիգոր Նարեկացին մեկի մոտ հոտաղ է լինում։ Մի անգամ տան պառավը բարկանալով նրա վրա, անթրոցը (թոնրի կրակը խառնելու երկաթ) նետում է նրա հետևից։ Նարեկացին վերցնում է անթրոցը, տնկում հողի մեջ, ինքն անհայտանում։ Անթրոցը ծաղկում է, դառնում գիհու ծառ։
Խաղողի որթ։ Հրեշտակը հյուր է գալիս Աբրահամի1 տուն։ Տանը ուտելու բան չի լինում, Աբրահամը ստիպված մորթում է հորթը։ Երեկոյան, երբ կովը նախրից վերադառնում է, բառաչելով փնտրում է հորթին։ Ձայնն ընկնում է հրեշտակի ականջը։ Նա պատվիրում է Աբրահամին՝ բերել հորթի կաշին ու ոսկորները։ Աբրահամը բերում է, բայց հորթի ազդրոսկրը չի գտնում։ Հրեշտակն օրհնում է, հորթն իսկույն կենդանանում է և ոտի կանգնում։ Քիչ անց Աբրահամը գտնում է նաև հորթի կորած ոսկորը և բերում հրեշտակի մոտ։ Հրեշտակը պատվիրում է Աբրահամին ոսկորը թաղել այգում։ Աբրահամը այդպես էլ անում է։ Մեկ տարի անց հորթի ոսկորից բուսնում է խաղողի որթը։
Բամբակ։ Աստված մարդուն կավից է պատրաստել։ Երբ պատրաստել, վերջացրել է, ձեռները իրար է քսել, կավի մնացորդները թափվել են գետին, և դրանցից էլ գոյացել է բամբակը։
Լոշտակ2։ Մի վարդապետ Լոշտակ անունով ծառայող է ունեցել, որին շատ է տանջել։ Մի օր էլ, երբ վարդապետը քնած է լինում, Լոշտակը կանթեղից ձեթ է լցնում նրա մորուքին և կրակ է տալիս։ Վարդապետը զարհուրած՝ քնած տեղից վեր է թռչում և տեսնելով Լոշտակին, ասում.
— Գետինը մտնես։
Լոշտակն իսկույն գետինն է մտնում։ Վարդապետը զղջալով իր անեծքի զորությունից, մեղմացնում է խոսքը և ասում.
— Ամենայն հիվանդության դեղ լինես։
Բայց քիչ անց, զգալով այրվածքի ցավը, նորից է անիծում Լոշտակին, ով որ նրան հողից հանի՝ ինքը մտնի նրա տեղը։
----------------------------
1 Աբրահամ կամ Հայր Աբրահամ՝ Աստվածաշնչում՝ հին հրեաների նահապետներից մեկը։
2 Լոշտակը մեծ և լայն տերևներով, երկար ու հաստ ձևավոր արմատներով դեղաբույս է, Հայաստանում շատ տարածված։ Դրան ասում են նաև «հայկական ժենշեն»։
[էջ 27]
Այդ է պատճառը, որ մարդիկ լոշտակ հանելիս, շուն են կապում արմատներից և քաշել-հանել են տալիս հողից1։
Ձմերուկ։ Գագիկ թագավորի ծառաները պալատի առջև մի օձ են տեսնում, որն անհանգիստ գետնին է քսում իր եղջյուրները։ Թագավորն իմանում է այդ և հրամայում կտրել օձի եղջյուրները։ Երբ կտրում են եղջյուրները, օձը հանգստանում է և գոհ հեռանում։
Ժամանակ անց օձը կրկին է հայտնվում պալատի մոտ, բերանից մի կորիզ գցում գետնին և անհայտանում։ Գագիկ թագավորը խորհուրդ է տալիս կորիզը թաղել հողում և հետևել դրան։ Ամռանը այդ կորիզից մի հսկայական կլոր պտուղ է աճում։ Թագավորն ու պալատականները չեն համարձակվում այդ անծանոթ պտուղն ուտել։ Որոշում են այն փորձել մի մահամերձ ծերունու վրա։ Պտուղից մի կտոր են կտրում և տալիս ծերունուն։ Ծերունին պտուղն ուտում է թե չէ, անմիջապես կազդուրվում է, երիտասարդանում։ Գագիկն ու իր պալատականները ուտում են պտուղի մնացած մասը, իրենք էլ են կազդուրվում և ջահելանում։ Այդ օրվանից այդ պտուղի անունը դնում են չմեռուկ (= չմեռցնող), որը հետագայում բերանից բերան անցնելով, դառնում է ձմերուկ։
ԿԵՆԴԱՆԻՆԵՐ
Արջը ժամանակին ջրաղացպան է եղել։ Բայց երբ շատ գողություններ է արել, աստված զայրացել է նրա վրա և արջ դարձրել։
Գայլ և շուն։ Կենդանիներին ստեղծելիս՝ աստված գայլին հոտառություն է տալիս, իսկ շանը՝ ուժ։ Գայլը հարձակվում է գոմեշի վրա, ուզում է նրան պատառոտել, բայց չի կարողանում։ Գայլը գնում է աստծո մոտ և հոտառության փոխարեն ուժ խնդրում։ Աստված առնում է գայլից հոտառությունը, տալիս է շանը, իսկ շան ուժն էլ տալիս է գայլին։
Սկզբում գայլերը բնակվելիս են եղել մարդկանց մոտ, իսկ շները՝ անտառում։ Մի անգամ շները խնդրում են գայլերին, որ թույլ տան իրենք մնան մարդկանց մոտ։ Գայլերը խղճում են հիվանդ շներին և թույլ են տալիս մարդկանց մոտ բնակվել։ Մարդիկ շներին շատ են դուր գալիս, և շներն այլևս չեն ուզում անտառ վերադառնալ։ Մինչև հիմա էլ գայլերը հարցնում են շներին.
— Առողջացաք, դե վերադարձեք։
Իսկ շները ոռնոցով պատասխանում են, որ իրենք դեռ չեն առողջացել և ուզում են մարդկանց մոտ մնալ։
Շուն։ Սկզբից աշխարհում հաց չի եղել։ Մի օր քաղցած շունը սկսում է անընդհատ ոռնալ և երկինք նայել։ Այնքան է ոռնում, որ երկնքից մի հատիկ է ընկնում գետին։ Հատիկը ծլում է, աճում, արտը լցնում ցորենով։ Շան տերը քաղում է արտը, ծեծում հասկերը, ցորենը աղում։ Դանից հետո աշխարհը հացով է լցվում։
Ժամանակին երկինքը շատ մոտ է եղել երկրին։ Մի կին ցորենի հասկով սրբում է երեխայի կեղտը և շպրտում երկինք։ Դրանից երկինքը խիստ բարկանում է, անիծում ցորենին, որ նա այլևս հասկ չտա։ Անեծքը կատարվում է. ցորենը զրկվում է հասկից և մնում է ցցված միայն իր դատարկ ցողունով։ Աշխարհում սով է ընկնում։ Շներն սկսում են քաղցից ոռնալ ու կաղկանձել, երկնքից հաց խնդրել։ Երկինքը խղճում է շներին։ Նա պատվիրում է ցորենին՝ իր ցողունի վրա մի փոքրիկ հասկ ունենալ։ Հացը նորից է աշխարհ գալիս, բայց մարդիկ շներից խլում են նրանց այդ բաժինը և իրենք ուտում։
--------------------------
1 Հայաստանի շատ վայրերում այն հավատալիքը կա, թե հողից հանելիս լոշտակի արմատները այնպիսի ճիչ են արձակում, որ մարդ այդ ճիչը լսելիս՝ մեռնում է։ Ուստի լոշտակի կողքերը փորում են, շանը կապում են արմատներից, իրենք բավական հեռանում, որ ճիչը չլսեն։ Եվ երբ շունը քաշում հանում է լոշտակն իր արմատներով, հավաստիացնում են, թե շունն այդ ճիչից սատկում է։
[էջ 28]
Կապիկը ժամանակին մարդ է եղել և զբաղվել է ներկարարությամբ։ Նա աշխատելուց առաջ ոչ երեսն է խաչակնքել, ոչ էլ աղոթել։ Աստված զայրացել է նրա վրա, անիծել, դարձրել կապիկ։ Մինչև հիմա էլ կապիկի եղունգները կապույտ են, որ մնացել է նրա ներկարար եղած ժամանակներից։
Կատու։ Նոյի1 տապանում գտնված ժամանակ առյուծը հանկարծ փռշտում է և քթից դուրս է ընկնում կատուն։ Դրա համար էլ կատուն շատ նման է առյուծի։
Օձն առաջ թևեր է ունեցել։ Մի օր աստված կանչում է նրան, ասում.
— Թռիր գնա, մեռածին ասա պատանդ մաշի, տուն արի։
Օձը թոչում, գնում, ասում է.
— Քարդ մաշի, տուն արի։
Ապա գալիս է աստծո մոտ։ Աստված հարցնում է.
— Ասացի՞ր։
Օձը թե՝
— Այո, ասացի։
Աստված թե՝
— Ի՞նչ ասացիր։
Օձը թե՝
— Ասացի՝ քարդ մաշի, տուն արի։
Աստված բարկանում է, անիծում օձին, ասում.
— Կերածդ հող լինի, շարժմունքդ էլ՝ փորսող։
Այդ օրից օձը զրկվում է թևերից, սկսում է փորսող տալով շարժվել ու հող ուտել։
Օձն ու մարդը առաջ բարեկամ են եղել և հաշտ ու խաղաղ ապրել։ Մի օր մարդի տղան կացնով սպանում է օձերի թագավորի գեղեցիկ կնոջը։ Դրանից հետո օձերը թշնամանում են մարդկանց հետ և ձգտում են միշտ վրեժխնղիր լինել նրանցից։
Զրհեղեղի ժամանակ մուկը ապաստան է գտնում Նոյի տապանում, կրծում, ծակում է տապանը։ Ջուրը սկսում է ներս լցվել։ Նոյը բարկանում է մկան վրա, սա էլ փախչում, թաքնվում է անկյունում։ Նոյն առաջարկում է բոլոր կենդանիներին փակել տապանի անցքը, բայց ոչ ոք չի կարողանում։ Գալիս է օձը, ոլորվում, տարածվում անցքի վրա, փակում անցքը ջրի հոսքից։ Երբ ջրհեղեղն անցնում է, Նոյը առաջարկում է օձին՝ իր կատարած լավ ծառայության համար վարձատրություն ուզել։ Օձը հանում է լեզուն, մարդու արյուն պահանջում։ Ծիծեռնակը, որ նստած էր Նոյի ոտին, հարձակվում է օձի վրա, կծում լեզուն։ Դրանից հետո օձերի լեզուն մեջտեղից մնում է ճեղքված։ Օձն էլ հարձակվում է ծիծեռնակի վրա, կծում է նրա պոչը։ Այդտեղից էլ ծիծեռնակների պոչը մինչև այժմ երկու մասի բաժանված է մնում։ Օձի խայթած տեղից երկու կաթիլ արյուն է ընկնում, մեկը՝ Նոյի վրա, դառնում ոջիլ, մյուսը՝ գետնին, դառնում լու, թռչում։
Օձերի թագավորը ապրում է Մասիսի վրա, գլխին ունի թանկագին թագ։ Յոթ տարին մեկ անգամ շրջապատի բոլոր օձերը գալիս են նրան տեսության։ Մի անգամ օձերի թագավորը որոշում է իր հրեղեն կառքով զբոսանքի դուրս գալ։ Ճանապարհին կառքը դիպչում է մի սարի և նրա կատարը կիսում, բաժանում երկու մասի։ Այդ օրվանից այդ ճեղքված կատարով սարը կոչվում է Օձասար2։ Օձասարի վրա են բնակվում յոթ օձ եղբայրներ, որոնք շատ մեծ սիրով կապված են իրար։ Եթե նրանցից վեցին անգամ սպանեն, ապա մնացած վերջին օձը կընկնի սպանողի հետևից և անպայման կլուծի եղբայրների վրեժը։
-----------------------
1 Ըստ աստվածաշնչյան ավանդության՝ համաշխարհային ջրհեղեղից փրկված հերոս, որն իր նավում՝ տապանում, պատսպարում է բոլոր կենդանիներին ու թռչուններին, փրկում խեղդվելուց։ Նրա երեք զավակներից (Սեմ, Քամ, Հաբեթ) հետագայում առաջանում են հետջրհեղեղյա մարդկային ցեղերը։
2 Գտնվում է Հին Նախիջևանի շրջանում։
[էջ 29]
Օձասարի վրա է ապրում նաև օձերի թագավորը, որի գլխին երկու եղջյուր կա։ Ամեն օր կեսօրին, երբ ուժեղ շոգ է լինում, և արևը երկնքից հուր է թափում, օձերի թագավորը հավաքում է իր հպատակ բոլոր օձերին, խմբեր կազմած սարի բարձունքից իջնում ցած՝ աղրյուրի մոտ, ջուր խմում և նորից բարձրանում Օձասար։
Արագած սարի վրա ևս օձեր են ապրում։ Երկու տարին մեկ Մասիս սարի օձերը մեծ զորք կազմած կռիվ են մղում Արագած սարի օձերի դեմ։
Մշո դաշտի Դաղոնք կոչված լեռան մոտակայքում գտնվող մի մեծ ժայռի մեջ շատ օձեր են բնակվում։ Նրանք ունեն իրենց թագավորն ու թագուհին։ Օձերի թագավորը գլխին ունի արեգակի նման վառվռուն թանկագին քար, իսկ թագուհին՝ բոցագույն մազեր։ Նրանք ունեն իրենց թիկնապահները, զորքը, զորապետները և երբեմն մեծ բանակ կազմած գնում են Դիարբեքիրի հողը, որտեղ նույնպես օձեր են բնակվում՝ իրենց թագավորներով։ Դիարբեքիրի օձերը, սակայն, ենթակա են և հարկ են վճարում Դաղոնքի օձերի թագավորին։ Բայց երբ Դիարբեքիրի օձերը ապստամբում են իրենց տիրակալ Դաղոնքի օձերի թագավորի դեմ, վերջինս մեծ զորքով գնում է Դիարբեքիր, կռվում տեղական օձերի դեմ, շատերին կոտորում և մեծ ավարով ու գերիներով վերադառնում։
Օձեր կան, որոնք տան պահապաններ են, բնակվում են մարդկանց հետ միևնույն տանը և ոչ միայն մարդկանց չեն վնասում, այլև ապահովում են տան բարիքն ու հաջողությունը։
Մի հարուստ գյուղացի շատ արտեր, ջրաղացներ, անասուններ է ունեցել։ Այդ ունեցվածքի և հաջողության պատճառը եղել է մի սև օձ, որ բնակվել է նրա տանը և ազատ շրջել տան բոլոր անկյունները։ Գյուղացին ունեցել է նաև մի փոքրիկ միամորիկ տղա։ Մի անգամ օձն ու երեխան տանը միասին խաղում են։ Տղան բռնում է օձի պոչը և շատ ուժեղ սեղմում։ Օձը ցավից գալարվելով, ինչքան ուզում է պոչն ազատել երեխայի ձեռքից, չի հաջողվում։ Ճարը կտրած խայթում է տղայի թաթիկը։ Տղան բաց է թողնում պոչը, խայթոցից թունավորվում։ Օձը հասկանալով իր խայթոցի ծանր հետևանքը, փախչում, կծկվում է տան մի անկյունում։ Երեխան օձի թույնից տանջվելով, մահանում է։ Գյուղացին որդու մահվան կսկիծից հուսահատ՝ վերցնում է ուրագը, խփում օձին։ Ուրագը դիպչում է օձի պոչին, պոչը կտրում։ Օձը տանից դուրս է փախչում, գյուղից դուրս է գալիս, գնում մոտակա քարքարուտների մեջ բնակվում։ Ժամանակ անց գյուղացու բախտը շուռ է գալիս, անհաջողությունը անհաջողության հետևից է գալիս, աղքատանում է։ Մի օր էլ կնոջ հետ խորհուրդ են անում, թե՝ «Գնանք, մեր օձին տուն հրավիրենք, բերենք, որպեսզի մեր բախտը նորից դառնա»։
Գնում են քարերի մեջ, ձայն տալիս օձին, կանչում։ Օձը պատասխանում է, ասում.
— Գիտեմ, որ իմ գալը թե ձեզ է հաճելի, թե ինձ, բայց դա անկարելի է։ Դուք ինձ նայելիս միշտ պիտի ձեր զավակի մահը հիշեք, ես էլ ձեզ նայելիս՝ իմ կտրած պոչը։ Մենք այլևս իրար հետ հաշտ ու խաղաղ չենք կարող ապրել։
Մարդը կարող է կախարդանքով օձ դառնալ, իսկ երբ կախարդանքը վերացվի, նա նորից դառնում է մարդ։
[էջ 30]
Մի պառավ շատ բարեգութ տղա է ունենում։
Տղան մի քանի անգամ կենդանիներ չարչարող չարաճճի տղաների ձեռից, իր դատած վերջին կոպեկները տալով, ազատում է չարչարված կենդանիներին, փրկում նրանց կյանքը։ Մի օր էլ տուն վերադառնալիս, տեսնում է՝ գյուղի տղաները մի օձ են բռնել, չարչարում։ Մոտենում է, իր դատած փողի մնացորղը տալիս է տղաներին, ազատում օձին, դնում կճուճի մեջ, բերում տուն։ Հաջորդ օրը անտառ փայտի գնալիս, տղան օձին կճուճով տանում է անտառ։ Կեսօրին, երբ պաղ աղբյուրի մոտ նստում է հաց ուտելու, հանում է օձին, իր ձեռով մի պատառ հաց է տալիս նրան։ Օձը հանկարծ դառնում է մի գեղեցիկ տղա և պատմում, որ ինքը թագավորի տղա է, կախարդներն իրեն գողացել են, օձ դարձրել։ Կախարդանքը կվերանար այն դեպքում, եթե մարդ իր ձեռքով հաց տար օձին։ Եվ ահա պառավի տղան միամտաբար լուծել է այդ կախարդանքը և օձին մարդ դարձրել։
Մի թագավոր է լինում, որը զավակ չի ունենում։ Ինչքան բժիշկներ է բերում, ոչ մի օգուտ չեն կարողանում տալ։ Հուսահատությունից իրեն նվիրում է որսորդության։ Մի օր տեսնում է, որ օձը փաթաթվել է իր մանրիկ ձագերին, գուրգուրում է։ Թագավորը հոգու խորքում ախ է քաշում, գանգատվում աստծուն, թե մի՞թե ինքը մի օձի չափ էլ չկա, որ իր զավակներն ունենա։ Ժամանակ անց թագավորին տղա է ծնվում՝ կեսը օձ, կեսը՝ մարդ։ Թագավորը հրամայում է, որ այդ Օձամանուկին տանեն, գցեն քաղաքից դուրս գտնվող հորը։ Այդպես էլ անում են, բայց բժիշկների և իմաստունների խորհրդով շարաթը մեկ մի աղջիկ են տանում գցում հորը, որ Օձամանուկն ուտի, մեծանա։ Հերթը հասնում է խորթ մայր ունեցող մի աղքատ մարդու աղջկա։ Աղջկան երազում խորհուրդ են տալիս իր հետ վերցնել երեք կուժ կաթ, դանակ, փաթաթվել գոմշի կաշվի մեջ և պարանով իջնել հորը։ Օձը, երբ ներքևից կանչի, թե՝ «Դուրս եկ գոմշի կաշվից, քեզ ուտեմ», աղջիկը երեք անգամ պետք է ասի. «Դուրս ելիր այդ օձի շապիկից, որ քեզ կաթով լողացնեմ»։ Օձը դրանից կպատռվի։ Աղջիկը այդ ժամանակ պետք է դանակով կտրի պարանը, իջնի հորի հատակը, դուրս գա գոմշի կաշվից և տղային կաթով լողացնի։
Աղջիկն այդպես էլ անում է, օձը բարկությունից պատռվում է, օձի շապկից դուրս է գալիս մի սիրուն տղա, որին աղջիկը կաթով լողացնում է։ Թագավորը, թագուհին, բոլոր պալատականներն ուրախանում են, աղջկան ու տղային հորից հանում, հարսանիք անում, ամուսնացնում։
Իշխան ձուկ։ Ժամանակին Ճըռան գետից միայն մի տեսակ սև ձուկ էր դուրս գալիս, որը վնասում էր ուտողին։ Այդ կողմերում ապրում էր Իշխան անունով մի մարդ, որը թողել էր իր աշխարհիկ կյանքը, դարձել ճգնավոր։ Իշխանը փայտից ձուկ է շինում, գցում ջուրը։ Ժամանակ անց նույն գետից սկսում է դուրս գալ մի նոր հրաշալի ու համեղ ձուկ, որը ճգնավորի անունով կոչվում է Իշխան։
Կրիան առաջ եղել է գող և շատ վարձ առնող ագահ ջրաղացպան։ Նա մի աղքատ մարդուց անչափ շատ վարձ է վերցնում, որից զայրացած աղքատը անիծում է նրան, ասում.
— Քեզ տեսնեմ էդ կոկոշը (աղուն կամ ալյուր չափելու դդմե աման) գլխիդ ման գալիս։
Աղքատի անեծքն անմիջապես կատարվում է, ջրաղացպանը դառնում է կրիա, գլխին՝ կոտ։
Գորտը առաջ հղի հարս է եղել։ Սկեսրայրը նկատում է, որ հարսն առանց մեկից քաշվելու, վերցնում ուտում է սրտի ուզածը։ Նա բարկանում է հարսի վրա, թքում երեսին։ Խեղճ հարսը ամոթից իսկույն գորտ է դառնում, մտնում ջուրը։
ԹՌՉՈՒՆՆԵՐ
Բուն առաջ ծույլ ու անպետք մարդ է եղել և չի կարողացել անգամ իրեն շոր ճարել։ Մոտիկ մարդիկ մի օր նրան շոր են տալիս և հետները եկեղեցի տանում։ Հանկարծ նրանք հարձակվում են ծույլի վրա, հետ վերցնում տված հագուստները և մերկ վիճակով թողնում բազմության մեջ։ Ծույլին օգնության են հասնում երկնքի թռչունները։ Ամեն մեկը մի-մի փետուր է տալիս նրան, ծածկում մերկությունը, դարձնում բու, թռցնում, տանում իրենց հետ։ Սակայն բուն ապերախտ է գտնվում թռչունների նկատմամբ, նա ամեն գիշեր ուտում է նրանցից մեկին։ Թռչունները որոշում են՝ նրան տեսնելուն պես, պատժել։ Դրա համար էլ բուն փախչում է լույսից, ցերեկները թաքնվում, գիշերներն է միայն դուրս գալիս։
[էջ 31]
Մի պառավ եկեղեցուց տուն գալիս, իր Պողոս անունով մինուճար որդուն մեռած է գտնում։ Ծանր վշտից սկսում է ողբալ, ձեռները գլխին խփել և աստծուն խնդրել, որ իրեն թռչուն դարձնի։ Պառավը բու է դառնում և այդ օրվանից ոչ հանգիստ ունի, ոչ քուն, գիշերները շարունակ աղիողորմ կանչում է որդուն՝ Պողոս, Պողոս...
Քույր ու եղբայր մի խորթ մայր են ունենում։ Ամեն օր իրենց եզը տանում են արածեցնելու։ Մի օր խոսքով են ընկնում, եզը կորցնում։ Շատ են փնտրում, չեն գտնում, վերադառնում են տուն, խորթ մորը պատմում եղածի մասին։ Մայրը զայրանում, անիծում է նրանց, տանից դուրս անում, պատվիրում, որ առանց եզի չվերադառնան։ Երկար ու զուր որոնումներից հետո քույր ու եղբայր հուսահատված դիմում են աստծուն, թևեր խնդրում։ Աստված խղճում է նրանց, թևեր է տալիս, դարձնում բու։ Մինչև հիմա էլ խեղճ քույր ու եղրայրը փնտրում են իրենց կորած եզը, ձայն տալիս իրար, հարցնում.
— Սհա՜կ...
— Հ՜եյ...
— Գտա՞ր...
— Չէ՜...
Տատրակը ժամանակին աղջիկ է եղել։ Մի անգամ հայրը քաղաքից նրա համար շորացու կտոր է րերում, աղջիկը չի հավանում և շոր չի կարում։ Հայրը բարկանում է, անիծում, ասում.
— Որ իմ բերած կտորը չես հավանում, գնա, թող աստված քեզ բմբուլից շորեր տա։ Աստծո հրամանով աղջիկն իսկույն տատրակ է դառնում, թռչում և շարունակ կրկնում.
— Գուքը կու-գու, ամին էկել ա,
Գուքը կու-գու, ինչ բերել ա.
Գուքը կու-գու, թոփով շիլա.
Գուքը կու-գու, էրեսն ի՞նչ ա.
Գուքը կու-գու, ես ուզում չեմ։
Կաքավը սկզրում հարս է եղել։ Մի օր խմոր անելիս, սկեսուրը բարկանում է վրան, թե ինչու է խմորը պինդ հունցել։ Հարսը հակառակում է սկեսուրին, պնդելով, թե խմորը կակուղ է։ Սկեսուրը զայրացած՝ անիծում է հարսին։ Հարսն անմիջապես կաքավ է դառնում և մինչև այսօր էլ հակառակում սկեսրոջը, անդադար կրկնում է. «Կակուղ ա, կակուղ ա»։
Խռպոտ ձայն ունեցող թռչունները նախանձում են կաքավներին, գնում են արծվին բողոքում, որ կաքավներն անբան ու անգործ օրնիբուն երգում են և իրենց հանգիստը խանգարում։ Արծիվը, որ ինքն էլ երգ չէր սիրում, հրամայում է կաքավներին այլևս չերգել։ Կաքավները հնազանդվում են և մնում լուռ ու մունջ։ Ժամանակ անց արծիվը զղջում է իր արարքի համար, կաքավներին թույլ է տալիս երգել։ Բայց նրանք այլևս երգել չեն կարողանում, միայն «կըղ-կըղա» են ասում։
Կռապաշտ Սուրեն իշխանի որդին, հոր կամքին հակառակ, քրիստոնեություն է ընդունում և հոր հալածանքներից թաքնվում։ Սուրեն իշխանը, երբ ելնում է որդուն փնտրելու, կաքավները մատնում են նրա տեղը։ Սուրենը գտնում է որդուն, սպանում։ Կաքավները իրենց կտուցներն ու ոտները թաթախում են նահատակված որդու արյան մեջ, և այդ օրվանից նրանք դառնում են կարմրակտուց, կարմրաոտիկ։ Ժամանակ անց նրանք զղջում են իրենց արարքի համար։ Եվ երբ Գրիգոր Լուսավորիչը գալիս է, նահատակված տղայի տեղը վանք շինում, կաքավները գալիս են Լուսավորչից ներում խնդրում։ Գրիգոր Լուսավորիչը թեպետ նրանց ներում է շնորհում, բայց արյան հետքը մնում է կտուցներին։ Դրա համար էլ նրանք ամրողջ օրը իրենց կտուցները քսում են հողին ու քարին, որպեսզի վրայի արյան հետքերը ջնջեն։ Բայց արյան հետքը միշտ մնում է նրանց կտուցներին, որպեսզի միշտ հիշեն իրենց կատարած սխալը։
Ծիծեռնակը ճարտար ու քաղցրախոս երեխա է եղել։ Խորթ մայրը սաստիկ ատել է նրան։ Մի անգամ մայրը սուտ հիվանդ է ձևանում և ամուսնուց պահանջում, որ կտրի երեխայի ճկույթը, տա իրեն ուտի, որպեսզի ինքն առողջանա։ Ամուսինը ստիպված կատարում է չար կնոջ կամքը։ Երբ կտրում է
[էջ 32]
տղայի ճկույթը, տղան մեռնում է։ Իսկ երբ կտրած ճկույթը տալիս է կնոջը, որ ուտի, ճկույթը հանկարծ ծիծեռնակ է դառնում, թոչում ու երգում.
Ծիծեռն եմ, հա, ծիծեռն եմ,
Հորը մորթած ծիծեռն եմ,
Մորը կերած ծիծեռն եմ.
Թռել, ծիծեռնակ եմ դառել։
Մի անգամ խայթող սողունները հավաքվում են խորհրդի՝ որոշելու համար, թե որ կենդանու արյունն է ամենից քաղցր։ Շատ վիճելուց հետո տեսնում են, որ համաձայնության չեն գալիս, մոծակին են կանչում։ Մոծակին պատվիրում են գնալ, բոլոր կենդանիների արյունը համտես անել և գալ, իրենց հայտնել։ Մոծակը գնում, խայթում է բոլոր կենդանիներին և գտնում, որ ամենաքաղցրը մարդու արյունն է։ Երբ մոծակը վերադառնում է սողուններին հայտնելու իր եզրակացությունը, ծիծեռնակը հարձակվում է նրա վրա, սպանում։
Արագիլներն իրենց երկրում մարդ են, մարդկային կերպարանք ունեն։ Չվելու ժամանակ նրանք գալիս են գետափ, լողանում ջրերում, հագնում են թռչունի փետուրներ և ճանապարհ ընկնում մեր երկիրը։ Վերադարձի ժամանակ նրանք հավաքվում են մի բարձր սարի վրա, մատաղ անում, լողանում գետում, նորից մարդ դառնում ու գնում են իրենց երկիրը։ Արագիլն ամեն տարի խեղդում է իր ձագերից մեկին աստծուն մատաղ անելու համար։
Մի կին լվացվելիս ապարանջանը մոռանում, թողնում է աղբյուրի մոտ։ Հետո հիշելով՝ վերադառնում է ապարանջանը վերցնելու, տեսնում է՝ չկա։ Ընկնում է երկրից երկիր ապարանջանը փնտրելու։ Մի տեղ հանդիպում է վար անող մի գյուղացու։ Սա մտերմաբար խոսում է կնոջ հետ, տալիս նրա անունը։ Կինը զարմանում է։ Պարզվում է, որ վար անող գյուղացին կնոջ բակի ծառին բույն դրած արագիլն է, որ հասնելով իրենց երկիրը, նորից հողագործ է դարձել։
— Մի փնտրիր ապարանջանդ, — ասում է գյուղացին, — ես եմ վերցրել, որ ուրիշները չգողանային, թաքցրել եմ բնիս տակ, հանգիստ կաց։
Երբ գարունը սկսում է բացվել, արագիլների երկրի հողագործները գալիս են գետափ, լողանում, թևեր հագնում, ապարանջանի տեր կնոջն էլ մի զույգ թևեր պարգևում, բոլորն էլ դառնում են արագիլներ, երամ կազմած վերադառնում են մեր երկիրը։
Կռունկ սպանելը մեծ մեղք է։ Երբ մարդ հրացան առնի ձեռը և նշան բռնի կռունկին, կռունկն իսկույն դառնում է գեղանի հարս՝ ծծկեր երեխան կրծքին։
Հոպոպը գեղեցիկ աղջիկ է եղել՝ սիրահարված մի կտրիճ երիտասարդի։ Ծնողները, հակառակ աղջկա կամքին, նրան ամուսնացնում են ուրիշի հետ։ Հարսնաբաղնիքի ժամանակ աղջիկը հիշում է իր սիրածին և կարոտով ինքն իրեն ասում. «Ախ, երանի թոչուն լինեի, սար ու ձոր ընկնեի, սիրածիս գտնեի»: Աստված անմիջապես կատարում է նրա բաղձանքը։ Աղջիկը դառնում է թոչուն՝ սանրը գլխին, և բաղնիքից դուրս թոչում։ Մինչև հիմա էլ նա հառաչելով թռչում է սար ու ձոր, փնտրում սիրածին, կանչում «Իպի՛պ... կուկո՛ւ...» ։
Հարսը խմոր հունցելիս գործը կիսատ է թողնում, սկսում մազերը սանրել։ Հանկարծ ներս է մտնում կեսուրը, տեսնում հարսը գործը թողած, մազերն է սանրում, ասում է.
— Հո, պո, պո, պո, էդ ինչ ես անում։
Հարսը ամոթից ու վախից դառնում է հոպոպ՝ սանրը գլխին, տանից դուրս թռչում։ Մինչև հիմա էլ նա կրկնում է սկեսրոջ խոսքերը՝ «Հո, պո, պո, պո»։
Սհակ թոչուն։ Երկու որբեր են լինում՝ քույր ու եղբայր, եղբոր անունը Սահակ է լինում։ Մի երեկո Սահակը քրոջ մազերն է սանրում, հանկարծ նրան հափշտակում, տանում են։ Քույրը եղբոր կսկիծից խնդրում է աստծուն՝ իրեն հավքի թևեր տալ, որ գնա, եղբորը գտնի։ Աստված անմիջապես կատարում է
[էջ 33]
նրա փափագը։ Քույրը դառնում է թռչուն՝ սանրը գլխին, թռչում լեռներն ու անտառները, ամաչկոտ ու ողբալի ձայնով կանչում եղբորը՝ «Սըհա՜կ, Սըհա՜կ, Սըհա՜կ...»
Կկուն հարս է եղել։ Մի օր ծառից ճոճք է կապում, երեխային դնում մեջը, գնում քաղհան անելու։ Երբ քաղհանից վերադառնում է, երեխային ճոճում չի գտնում։ Ցավից ու սկեսրոջ վախից թռչուն է դառնում, «կո՛ւ-կո՛ւ» կանչելով, փնտրում երեխային։
Խորթ մայրը տղային ու աղջկան ուղարկում է անտառ փայտ բերելու։ Անտառում սև օձը խայթում է եղբորը, սպանում։ Քույրը շատ է ողբում եղբոր դիակի վրա, հետո ինքն իրեն ասում. «Եղբորիցս հետո ի՞նչ պիտի անեմ, ավելի լավ է կկու դառնամ, ընկնեմ սարերը»։ Խոսքը դեռ չավարտած՝ աստծո հրամանով կկու է դառնում, ընկնում սարերը, «կո՛ւ-կո՛ւ, պո՛ւ-պո՛ւ» կանչում։
Բեբուկ թռչուն։ Բեբուկ անունով մի որբ ու տանջված աղջիկ է եղել, ունեցել է մի եղբայր։ Վաղ գարնանը, ձնհալը հազիվ սկսած, երբ տեղ-տեղ սարերում նոր էր ծլում բանջարը, խորթ մայրը ստիպում է քրոջն ու եղբորը, որ ման գան սարերը ու առաջինն իրենք տուն բերեն գարնան նորաբույս բանջարը։ Թշվառ որբուկները՝ բոբիկ ու կիսամերկ, ընկնում են սար ու ձոր բանջար հավաքելու։ Բեբուկի տոպրակի տակը ծակ է լինում, քույր ու եղբայր ինչքան բանջար են հավաքում, լցնում տոպրակը, տեսնում են՝ տոպրակը դատարկ։ Եղբայրը զայրանում է քրոջ վրա, բանջար հանելու բութ դանակը խրում է քրոջ կողը։ Տեսնելով, որ քրոջ կողից արյուն է հոսում, սկսում է լալ ու ողբալ, վերցնում է նույն դանակը, խփում իրեն, վիրավորում ու հուսահատ կանչում.
— Բեբո՜ւկ, Բեբո՜ւկ, Բեբո՜ւկ, խղճա եղբորդ, արթնացիր...
Այնքան է աղեկտուր ձայնով քրոջը կանչում, ծնկի գալիս, համբուրում, աղերսում, որ Բեբուկը դառնում է թռչուն, թառում եղբոր ուսին և նրա նման ողբում ու կանչում.
— Բեբո՜ւկ, Բեբո՜ւկ, Բեբո՜ւկ...
Անտառի սուրբ ոգին խղճում է նրանց, եղբորն էլ է թռչուն դարձնում։ Այդ օրվանից քույր ու եղբայր սկսում են Բեբուկ կոչվել, թռչում են սար ու ձոր, « Բեբո՜ւկ, Բեբո՜ւկ» կանչում։
Հավալասան։ Մի կին իր ամուսնուն շատ-շատ էր սիրում։ Ամուսինը գնում է պանդխտություն և այլևս չի վերադառնում։ Կինն իր ամրողջ սերը տալիս է իր նորածին որդուն։ Մի օր էլ արծիվը օրորոցից հափշտակում, փախցնում է երեխային։ Ահավոր վշտից ճնշված, խեղճ կինը դառնում է հավալասան թռչուն։ Թռչում է շարունակ, ողբագին կանչում և դադարում է միայն այն ժամանակ, երբ սրտից երեք կաթիլ արյուն է կաթում։
Կաչաղակը մարդուն բարեկամ է եղել, հասկացել նրա լեզուն, նրա տանը բնակվել։ Նա միշտ բարի լուր է բերել մարդուն։ Մի անգամ կաչաղակը միամտորեն երեխայի աչքն է հանում։ Մարդը զայրանում է, կաչաղակին տանից դուրս անում։ Կաչաղակն ընկնում է սար ու դաշտ, բայց չի մոռանում հին բարեկամությունը։ Երբ մի նորություն է իմանում, գալիս նստում է մարդու տան պատին կամ ծառի ճյուղին, կչկչում, մինչև որ մեկը տանից դուրս է գալիս, շնորհակալություն հայտնում բերած լուրի համար։ Դրանից հետո նոր միայն կաչաղակը թռչում, գնում է։
[էջ 34]
Մի անգամ կաչաղակը գալիս նստում է մի պառավի տան կտուրին, ավետում նրան, որ որդին վերադառնալու է օտարությունից։ Պառավն առանց հասկանալու կաչաղակի բերած բարի լուրը, մի կտոր հաց է նետում նրան։ Կաչաղակն իսկույն կտուցն է առնում հացը, տանում, տալիս է պառավի տղային, որը խիստ քաղցած է լինում։ Նորից է վերադառնում պառավի մոտ, դարձյալ նույն լուրն ավետում, էլի մի կտոր հաց ստանալով, տանում է պառավի որդուն։
Կաչաղակը նույն բանը մի քանի անգամ էլ է անում, մինչև որ պառավը ձանձրանում է, քար է նետում կաչաղակին։ Սա առնում է քարը, տանում գցում պառավի տղայի գլխին, սպանում։ Պառավը գալիս է մեռած որդու մոտ և իսկույն ճանաչում իր նետած քարը։ Դրանից հետո այլևս քար չեն նետում կաչադակին, միայն հաց են տալիս ու ասում.
— Բարին՝ մեզ, չարը՝ թշնամուն։
Չափարծիտ։ Աստված թռչուններին հայտնում է, թե ով որ ամենից շուտ հասնի իր մոտ, թագավոր կնշանակի։ Արծիվն իսկույն թևերը bարձրացնում է և թռչում դեպի երկինք, bայց ճանապարհին հոգնելով, նստում է մի տեղ հանգստանալու։ Չափարծիտը, որ թաքուն մտել էր արծվի թևի տակ և հանգիստ վեր բարձրացել, այդ ժամանակ դուրս է թռչում արծվի թևի տակից և առաջինն ինքը ներկայանում աստծուն։
— Ինչո՞ւ ես եկել, — հարցնում է աստված այդ փոքր թռչունին։
— Եկել եմ, որ ինձ թռչունների թագավոր նշանակես, — պատասխանում է չափարծիտը։
— Դե որ այդպես է, — ասում է աստված, — գնա մի ճիպոտ բեր, որ ոչ կարճ լինի, ոչ երկար, ոչ ծուռ, ոչ ուղիղ։
Այդ օրից ի վեր փոքրիկ ծիտը չափարների (ցանկապատներ) տակ ճիպոտներ է փնտրում և երբ գտնում է, ասում.
— Չի, չի, էս չի, էն չի...
Հավ։ Բոլոր թռչունները հավաքվում են և որոշում, որ եթե աստված հաջողի, միասին թռչեն մի տեղ։ Հավը վեր է կենում տեղից և ամբարտավան-ամբարտավան ասում.
— Ուզում է աստված հաջողի, ուզում է չհաջողի, միևնույն է, ես թռչելու եմ։
Լուսաբացին բոլոր թռչունները թևերին տալով օդ են բարձրանում։ Հավը ինչքան թափահարում է թևերը, չի կարողանում գետնից կտրվել։ Այդ օրից մինչև հիմա հավը չի կարողանում թռչել, թեպետ առաջ նա էլ բոլոր թռչունների նման թռչել է իմացել։
Աքաղաղը օրվա լույսի ավետաբերն է։ Երբ սկսում է լուսանալ, նախ կանչում է երկնային աքաղաղը։ Նրա ձայնը լսում է երկրային աքաղաղը, ձայն տալիս, արթնացնում մարդկանց խոր քնից, որը ժամանակավոր մահ է գիտակցվում։ Դրա համար էլ աքաղաղը համարվում է «գիշերվա մեռելհարույց», այսինքն՝ քնած մարդկանց հարություն տվող, արթնացնող։
Ամեն առավոտ աքաղաղը տեսնում է, թե ինչպես են բացվում երկնքի դռները, դրա համար էլ արևածագի ժամանակ նա ավելի հաճախ է կանչում։ Նա այդ պահին տեսնում է մարդկանց պահապան հրեշտակներին, որոնք մարդկանց քնած ժամանակ երկինք են բարձրանում և լուսադեմին վերադառնում։ Նա տեսնում է նաև հոգեառ հրեշտակին և բոլոր չար ոգիներին։
Մոկսում գտնվող Փութկու սուրբ Գևորգի վանքի վանահայրը միշտ աքաղաղ է եղել, որը կառավարել է վանքն ու նրա տնտեսությունը։ Առանց այդ աքաղաղի կանչի վանքում իջևանած կարավանները երբեք ճանապարհ չեն ընկել։ Երբ վախճանվում է այդ աքաղաղը, ժողովուրդը նրա փոխարեն վանահայր է կարգում այն աքաղաղին, որը երազում երևացել է որևէ բարեպաշտ մարդու։
Թիթեռը գնում է սատանայի մոտ, նրա աղջկան կին ուզելու։ Սատանան ասում է.
— Գնա ինձ համար ճրագ բեր, աղջիկս տամ քեզ։
Թիթեռը գնում է, ճրագի շուրջը պտտվում, ընկնում է ճրագի մեջ, այրվում։ Դրա համար էլ թիթեռները շարունակ ճրագի շուրջն են պտտվում։
[էջ 35]
Մի թագավոր շատ սիրուն աղջիկ է ունենում, երբ աղջկա ամուսնության ժամանակը հասնում է, հայրն ասում է.
— Քեզ կտամ այն կտրիճին, որը կկարողանա անհանգչելի կրակ բերել։
Շատ կտրիճներ են գալիս թագավորի պայմանը կատարելու, բայց ոչ ոքի չի հաջողվում անմար հուր բերել։ Գնացողները բոլորն էլ ընկնում են կրակի մեջ, այրվում։ Կրակի շուրջը պտտվող թիթեռները, որ փարվանա են կոչվում, թագավորի աղջկան ուզող փեսացուներն են։
Կարիճը աստված չի ստեղծել։ Կարիճները գոյացել են հետագայում՝ դավաճանների և ազգուրացների գերեզմաններից։ Սրանք մեռնելուց հետո ժառանգություն են թողել կարիճներին, որոնք խայթելով ոչնչացնում են մարդկանց։