Գլխավոր | Նորություններ | Պատկերասրահ | Տեսադարան

Որոնել կայքում:
Թեմաներ
Աշխարհագրություն
Աստվածաբանություն
Բառարաններ
Բժշկություն
Բնական գիտություններ
Գեղարվեստական գրականություն
Դյուցազնավեպ
Թարգմանական գրականություն
Թղթեր, նամակներ, կոնդակներ
Իրավունքի հուշարձաններ
Լեզվաբանություն
Մատենագիտական ցանկեր
Ուղեգրություններ
Պատմագրություն
Տեղեկատու գրականություն
Տնտեսություն
Փիլիսոփայություն
Օտարալեզու հայ հեղինակներ
ԳՐԱՆՑՎԵԼ
Անուն:
E- mail:
Գաղտնաբառ:
Հիշել:

 

 

 

 

Թեմա`

Գրականություն

  • Հայ հին գրականություն
  • Միջնադարյան հայ գրականություն
  • Հայ նոր գրականություն
  • Նորագույն հայ գրականություն
  • Ժամանակակից հայ գրականություն
  • Դյուցազնավեպ

 

 

 

Դյուցազնավեպ

 

 Հայ հին վիպաշխարհ

  ՍԱՐԳԻՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

[էջ 159]

ԶՐՈԻՅՑՆԵՐ «ՊԱՐՍԻՑ ՊԱՏԵՐԱԶՄ» ՎԻՊԱՇԱՐԻՑ*

ԱՆԴՈԿ ԵՎ ԲԱԲԻԿ**

Սյունյաց Անդոկ նահապետը հայ ուրիշ նախարարների հետ միասին հաճախ էր լինում պարսից Շապուհ թագավորի արքունիքում։ Անդոկը հայ իշխանների մեջ ամենաճոխն ու փառավորն էր։

Շապուհ թագավորը իր հզոր աշխարհակալական իշխանությամբ հղփացած, կամենում է քննել և պարզել, թե որ ազգն ու իշխանական տոհմը ունի արքայական բարձի ու պատվի իրավունք։

Այդ առթիվ նա մի օր իր պալատում ճոխ խնջույք է կազմակերպում, հրավիրում է պարսից հնամենի տոհմերի նախարարներին, այդ թվում նաև արքունի դռանը եղած հայ իշխաններին։ Շապուհը պարսից բոլոր մեծամեծներին, ըստ նրանց իշխանական գահի և աստիճանի, պատվում է գավաթով և ուռենու ճյուղով։ Իսկ մոգպետաց մոգպետին1 արժանին հատուցելով, նստեցնում է արքայական սեղանի ամենապատվավոր տեղում։ Շապուհը խորհրդակցելով պարսից մեծամեծների հետ, դիմում է հայ նախարարներին հետևյալ խոսքերով.

— Պարսից և պարթև բնիկ պահլավիկների, ինչպես նաև մյուս ազնվականների աստիճանը ես լավ գիտեմ։ Բայց ահա հայոց ազնվական տոհմերի և նրանց նախապատվության աստիճանի մասին մենք ոչինչ չկարողացանք իմանալ՝ ոչ մեր նախնի թագավորներից, ոչ էլ հին մատենագիրներից։ Արդ, հայ նախարարներիդ համար երկու ելք կա. կամ հնագույն գրավոր վկայությամբ պիտի կարողանաք ապացուցել և հաստատել յուրաքանչյուր տան աստիճանն ու պատիվը և դարձյալ արժանանաք մեր շքեղաշուք մեծարանքին, կամ էլ, եթե չեք կարողանա արյաց այս խորհրդի առջև այդ ապացուցել, ապա ձեր նախանիստ բարձն ու պատիվը, տունը, հողը, ջուրը և ձեր բոլոր ունեցվածքը արյաց ազնվականներին կնվիրեմ և ձեզ շնորհազուրկ անելով, ազատ կարձակեմ։

Հայոց իշխանները հենց նույն ժամին միմյանց հետ խորհուրդ են անում և բերում, Շապուհ թագավորի առաջն են դնում Ագաթանգեղոսի «Հայոց պատմությունը»։ Թագավորը հրամայում է այն թարգմանել պարսկերեն։ Երբ Շապուհն իմանում է, որ այդ պատմությունը սկիզբ է առնում իր նախնի Արտաշիր Սասանյանից, շատ է ուրախանում, փառաբանում գիրքը և խանդաղատանքով վերցնում, դնում աչքերին։

--------------------------------

* «Պարսից պատերազմ» վեպն ավարտվում է 5-րդ դարի սկզբների պատմական իրադարձություններին վերաբերող վիպական դրվագներով։ Սակայն այդ վեպը ժողովրդի հիշողության մեջ երկար պահպանվել է և ենթարկվել հետագա դարերի պատմական ազդեցությանը։ 5-րդ դարից հետո եկող հայ պատմիչների երկերում (Սեբեոս — 7-րդ դար, Հովհան Մամիկոնյան — 8-րդ դար, ՄովսեսԿաղանկատվացի — 11-րդ դար, Ստ. Օրբելյան — 13-րդ դ.) պահպանվել են «Պարսից պատերազմ» վեպի առանձին դրվագներ, իբրև հին ավանդական զրույցներ, անշուշտ, կերպարանափոխված և հետագա դարերի պատմության ազդեցությանը ենթարկված։ Հին վեպի այդ առանձին դրվագները պահպանվել են Հայաստանի այն գավառներում, որոնց դրանք վերաբերել են. Սյունյաց Անդոկ և Բաբիկ իշխանների մասին զրույցներն, օրինակ, պահպանվել են Սյունիքում, Մուշեղ Մամիկոնյանի մասին զրույցները՝ Տարոնում և Սասունում։

Այս շարքում, ահա, դրվում են «Պարսից պատերազմ» վիպաշարին վերաբերող այն զրույցները, որոնք կամ իսպառ բացակայում են վեպն ավանդած 5-րդ դարի պատմիչների (Ագաթանգեղոս, Փ. Բուզանդ, Մ. Խորենացի) երկերում, կամ էլ իրենցից ներկայացնում են «Պարսից պատերազմ» վեպի առանձին միջադեպերի նոր տարբերակներ։

** Շարադրված է ըստ Մ. Կաղանկատվացու «Պատմութիւն Աղուանից աշխարհի» և Ստ. Օրբելյանի «Պատմութիւն տանն Սիսականի» երկերի։

1 Մոգպետը պարսից քուրմն է, մոգպետան մոգպետը՝ քրմապետը, զրադաշտական կամ մազդեզական կրոնի գլխավոր արարողապետը։

[էջ 160]

Շապուհ թագավորն այդ գրքում գտնելով հայոց տասնյոթ իշխանական տների բարձերի ու աստիճանների ցուցակը, հրամայում է ըստ այնմ բաշխել հայոց նախարարների տեղերը արքունական սեղանի շուրջը։

Սյունյաց տեր Անդոկին բաժին է ընկնում տասնչորսերորդ բարձը։ Անդոկը այդ ցածր աստիճանից խիստ վիրավորված, ձեռ չի տալիս կերակուրներին և սեղանից ոչինչ չի ճաշակում։ Թագավորն զգում է նրա վիրավորանքը, բայց զանց է առնում և ուշադրաթյուն չի դարձնում։

Այդ ժամանակ լուր է հասնում, թե խազարների1 բազմամբոխ հրոսակները դուրս են եկել Ճորա դռնից2 և ներխուժել Հայոց աշխարհ։ Շապուհը մեծաքանակ ու բազմազգ զորք է հավաքում և ելնում խազարների դեմ կռվելու։

Շապուհից վիրավորված Անդոկը այդ կռվին չի մասնակցում և դավաճանաբար մի կողմ է քաշվում։ Օգտվելով Շապուհի բացակայությունից, նա առնում է իր հազար յոթ հարյուր ժիր ու ընտիր հեծյալներից բաղկացած գունդը, գնում, հասնում է Տիզբոն։ Անդոկն իր զորքը թաքցնում է քաղաքից դուրս և մի փոքրիկ ջոկատով մտնում քաղաք և անմեղ ձևանալով, հարցնում.

— Որտե՞ղ է Շապուհ թագավորը, ես Շապուհի մոտ եմ եկել։

Քաղաքացիք նրան ընդունում են մեծ պատվով ու հարգանքով։

Առավոտյան, երբ քաղաքի դռները բացվում են, զորքը ներս է գալիս և սկսում է կողոպտել բոլոր մեծամեծների, ինչպես նաև թագավորական տները, հափշտակում անթիվ ոսկի և արծաթ, գոհարեղեն ու թանկարժեք քարեր, առհասարակ ամեն ինչ, որ կարելի էր տանել։ Անդոկն այդ վիթխարի հարստությունները հափշտակելով, բերում է Սյունիք, թաքցնում Բաղաբերդ ամրոցում։ Ապա հրամայում է իր ենթակա բոլոր գավառներում այրել անասունների համար պահեստված դարմանի պաշարները, իսկ ինչ որ մարդկային ուտելիք է, հավաքել և ամբարել Բաղաբերդում։ Նա Վաղաբերդում հավաքել և կուտակել է տալիս բոլոր զենքերը, զրահները, ձիասարքերը։ Այնուհետև հրամայում է Սյունիքի բոլոր բնակիչներին՝ այրել իրենց տներն ու ամբարները և երկրից հեռանալ։ Բոլոր եկեղեցիներից հավաքում են թանկագին անոթներն ու ունեցվածքը, սրբերի մասունքները, բերում Շաղատի եկեղեցին, ութ օր անընդմեջ եկեղեցական պաշտոն կատարում, որից հետո Շաղատի եկեղեցին ծածկում են հողով, դարձնում մեծ հողաբլուր, իսկ երկրի բնակիչներն էլ ցրվում, գնում են Սյունիքի սահմաններից հեռու։

Սյունիքն ամայանում է, դատարկվում և ոչ ոք չէր հանդգնում անգամ այդ աշխարհի անունը տալ։

Պարսից Շապուհ թագավորը վերադառնում է պատերազմից, իմանում Անդոկի պատճառած աղետները և ցասումով լցված, հրամայում է իր բոլոր զորքերին՝ գնալ Սյունիք, գերել ու բերել բոլոր մարդկանց ու անասուններին։

Պարսից զորքերը գալիս են Սյունիք, բացի ամայությունից ու դատարկությունից ոչինչ չեն գտնում։ Նրանք գալիս հասնում են Շաղատի եկեղեցաբլուրը, բարձրանում բլրի գագաթը։ Եվ այդ պահին ահեղ երկրաշարժ է լինում, սարսափած պարսից զորքերը իրենց զորավար Աթաշխոդայի հետ այդտեղից արագ թողնում են հեռանում։ Նրանք գալիս, պաշարում են Բաղաբերդը և սկսում բերդի դեմ կռվել։ Պաշարվածները բերդի զառիվայրից մեծ-մեծ վեմեր են ցած գլորում և շատերին կոտորում: Պարսիկները երկրորդ և երրորդ անգամ են անցնում կատաղի հարձակման, սակայն, բացի մեծամեծ կորուստներից, ոչինչ չեն կարողանում անել։ Պարսից թագավորը զայրացած՝ հրամայում է առավել սաստկացնել հարձակումը, բայց բոլոր մեծամեծները ընկնում են թագավորի ոտքերը, աղաչում դադարեցնել կռիվը և բավարարվել սոսկ ամրոցի շրջակայքը ավերելով։

Անդոկը հարմար ժամանակ է գտնում, թողնում է բերդը և մեծ հարստություն հետը վերցնելով, գաղտնի հեռանում է Հռոմեյացոց աշխարհը։ Այնտեղ նա պատվի և ընդունելության է արժանանում, բնակվում և այնտեղ էլ մահանում է։

---------------------------

1 Խազարներ կամ խազիրները թուրքական լեզվաընտանիքին պատկանող վաչկատուն, անասնապահ ժողովուրդ էին, որ բնակվել էին Հյուսիսային Դաղստանի և ստորին Վոլգայի միջև։

2 Ճորադուռ կամ Ճորապահակ համապատասխանում է այժմյան Դերբենդ քաղաքին։

[էջ 161]

Շապուհը մոխրով լիքը մի պդնձե սանդ է դնում իր պալատի դռանը, որպեսզի ով որ գա պալատ սանդը ծեծի ու ասի,

— Սյունյաց տերությունը, նրա կյանքն ու խորհուրդը այս մոխրի նման ցած թափվի։ 
Անդոկի որդի Բաբիկը, սակայն, օտարության մեջ երկար չի դիմանում, ինչպես հարազատ ծնողի՝ կարոտում է իր հայրենիքն ու իր բնիկ աշխարհը։ Եվ որպեսզի ձեռք բերի իր հայրենական տերությունը, նա անցնում է Պարսից աշխարհ, ծառայության մտնում Շապուհ թագավորի արքունիքում։ Նա բազում սխրանքներ է կատարում պարսից ոլիմպիական խաղերում, և ոչ ոք չի ճանաչում, թե ո՞վ է նա կամ որտեղացի։

Այդ ժամանակ հոների առաջնորդ Հոնագուրը ավարի է ենթարկում Պարսից աշխարհը, ապա դեսպան է հղում Շապուհ թագավորի մոտ և ասում.

— Ինչո՞ւ ենք այսքան զուր արյուն թափում, բազում զորքեր կոտորում, եկ, մենամարտենք՝ դու և ես։ Շապուհին հայտնում են Բաբիկի մասին և ասում, որ միայն նա իր քաջությամբ ու հզորությամբ կարող է արժանի ախոյան դառնալ Հոնագուր հսկային։

Արքայից արքա Շապուհը իր մոտ է կանչում Բաբիկին, նրան հանձնում վարազագիր մատանիով կնքված արքայական որոշումը և ասում.

— Եթե դու իմ մեծ վրեժը լուծես, ապա ես քեզ մեծագույն պարգևների կարժանացնեմ։ Բաբիկը խոստանում է կատարել արքայի կամքը, ապա ձեռները բարձրացնելով, կանչում.

— Սյունյաց եկեղեցիներ, ինձ օգնության հասեք։

Բաբիկը վերցնում է իր զենքերը, արքայական շքեղ զրահով զրահավորվում, վարդակերտ սաղավարտով զարդարում իր գեղեցիկ գլուխը, սուսերը կապում մեջքին, ոսկեկապ վահանը գցում ձախ ուսին, աջ ձեռքին բռնում սրածայր նիզակը, հեծնում սևաթույր ու արագավազ նժույգը և մենամարտի ելնում իր ահեղ ախոյանի դեմ։

Հոնագուրը վիթխարահասակ հսկա էր՝ պինդ զրահավորված, հսկայական գլխին կրում էր բևեռապինդ սաղավարտ, երեք թիզ լայնություն ունեցող ճակատը պատել էր պղնձե հաստ թիթեղներով, ձեռին բռնել էր մայրի փայտից շինված ահռելի նիզակը, կողքից կախել մեծ ու բոցափայլ սուսերը։ Նրա սոսկ արտաքինը դիտողին ահ ու սարսափ էր ազդում։

Բաբիկը տեսնելով վիթխարահասակ հսկային, ասպանդակում է իր սևաթույր նժույգը և խոյանում ախոյանի վրա։ Հոնագուրն էլ իր հերթին է հարձակվում Բաբիկի վրա, և սկսվում է մի ահռելի մենամարտ։ Նրանց նիզակների շառաչյունից դղրդում էր ամբողջ շրջապատը։ Առավոտից մինչև երեկոյան ժամը ինը նրանք մաքառում են իրար դեմ։ Հոնագուրը հոգնում է, հարվածների ուժը թուլանում, որից օգտվում է Բաբիկը և քաշելով սուսերը՝ ուժեղ հարվածով գլխատում իր արյունռուշտ ախոյանին։

Հաղթական մենամարտից հետո պարսից Շապուհ արքան մեծ ցնծությամբ ընդունում է Բաբիկին և առաջարկում իր խոստումները կատարել։ Բաբիկը խոսք է խնդրում թագավորից և ասում.

— Արքա՛, հրամայիր մեջտեղից վերացնել Սյունյաց տերության անարգանքի սանդը, որ դրված է քո պալատի առաջ։

Թագավորը այս խոսքերից մնում է խիստ զարմացած, բայց հրամայում է սանդը պալատի առջևից վերցնել։ Ապա Բաբիկը պարսից թագավորին խնդրում է իրեն վերադարձնել իր բնիկ ու հարազատ աշխարհը՝ Սյունիքը։

Շապուհ թագավորը մեծ սիրով Բաբիկին է շնորհում իր հայրենի աշխարհը և մեծամեծ պատիվներով նրան առաքում է Սյունիք։ Նա միաժամանակ Բաբիկին է շնորհում Բագրատունի և Մամիկոնյան նախարարական տներին հավասար իշխանական պատիվ և իրավունք։

Բաբիկը Սյունիք վերադառնալիս, երբ անցնում է Երասխ գետը, շինում է մի գյուղ, անունը դնում Ակորզ, այսինքն՝ հայրենիքից առաջին կորզվածը։

Բաբիկը գալիս, հաստատվում է Սյունիքում։ Իր իշխանության առաջին տարում նա հաճախ էր դուրս գալիս որսի, շրջում ու դիտում էր իր անմարդաբնակ աշխարհը։ Մի անգամ դարձյալ որսի է ելնում, գալիս հասնում է Շաղատ, բարձրանում բլուրը, տեսնում մի փախչող եղջերու։ Բաբիկն ընկնում է եղջերուի հետևից, հետապնդում։

Եղջերուն փախչում, բարձրանում է եկեղեցու բլուրը և անհայտանում։ Բլրի վրա Բաբիկի ձիու ոտ–

[էջ 162]

ները խրվում են հողի մեջ։ Ձիուց իջնում է և հազիվ մի կերպ կարողանում է ձիու ոտները հողից հանել։ Բաբիկի հետ եղած մարդկանց ահ ու սարսափ է պատում։ Նրանք սկսում են հողը փորել և բացում են մի հոյաշեն եկեղեցի՝ աստվածային գանձերով և անուշ բույրերով լցված։ Այնուհետև ամեն տարի այդ օրը Սյունիքում նշվում է իբրև նշանավոր տոն՝ ի հիշատակ եկեղեցու բացման։

ԴԵՄԵՏՐ ԵՎ ԳԻՍԱՆԵ*

Դեմետր և Գիսանե եղբայրները եղել են հնդիկ իշխաններ, որոնք հնդկաց թագավորի կողմից հալածվելով, փախչում, գալիս են Հայոց աշխարհ՝ Վաղարշակ թագավորի մոտ։ Վաղարշակը նրանց է նվիրում Տարոն գավառը՝ իշխանությամբ հանդերձ։ Եղբայրները Տարոնում շինում են Վիշապ քաղաքը, իսկ Աշտիշատում կանգնեցնում են այն կուռքերի արձանները, որոնց պաշտում էին Հնդկաստանում։

Տասնհինգ տարի անց հայոց թագավորը երկու եղբայրներին էլ սպանում է և Տարոնի իշխանությունը հանձնում նրանց երեք զավակներին՝ Կուառին, Մեղտեսին և Հոռին։ Կուառը մի ավան է շինում և իր անունով կոչում Կուառ, Մեղտեսը Տարոնի դաշտում շինում է մեկ այլ ավան և կոչում Մեղտի, իսկ կրտսեր Հոռը անցնում գնում է Պալունյաց գավառը և այնտեղ դարձյալ ավան շինում և կոչում Հոռյան։

Որոշ ժամանակ անց Կուառը, Մեղտեսը և Հոռը խորհուրդ են անում, բարձրանում Քարքե լեռը, որի գագաթը ընդարձակ որսատեղ էր՝ զովասուն բուսականությամբ առատ։ Այնտեղ մի դաստակերտ են կառուցում և կանգնեցնում իրենց զույգ նախնիների՝ Դեմետրի և Գիսանեի արձանները, և պարտավորեցնում իրենց տոհմին՝ պաշտել դրանց իբրև կուռքերի։ Քանի որ Գիսանեն գիսավոր էր, ուստի և նրան պաշտողները, ի պատիվ իրենց նախնու, երկար մազեր են իրենց գլխին թողնում։ Թեպետ քրիստոնեություն րնդունելիս Գրիգոր Լուսավորիչը խուզում է նրանց երկար մազերը, իբրև հեթանոսության նշան, սակայն նրանք քրիստոնյա դառնալուց հետո էլ իրենց մանուկների գլխին ծամ էին պահում։

ՏՐԴԱՏԻ ԵՎ ԳԵԴՌԵՀՈՆԻ ԿՌԻՎԸ**

Տրդատը և Գրիգոր Լուսավորիչը ճանապարհվում են Հռոմ՝ Կոստանդիանոս թագավորի հետ տեսակցելու։ Նրանք գալիս, հասնում են Ապահունիքի Մանազկերտ գյուղաքաղաքը։ Այդ ժամանակ Կովկասի հյուսիսական ցեղերը, իրենց Գեդռեհոն թագավորի գլխավորությամբ, հարձակվում են վրաց իշխանի տերության վրա, գերի վերցնում քառասունութ հազար մարդ, իսկ վրաց իշխանին քշում, հալածում իր երկրից, բերում հասցնում մինչև Հայոց աշխարհի Կարին քաղաքը։

Վրաց իշխանը պատգամավոր է ուղարկում Տրդատ թագավորի մոտ և օգնություն խնդրում։ Տրդատը, Ապահունիքի իշխանի գլխավորությամբ, երեսուն հազարանոց զորք է ուղարկում վրաց իշխանին օգնության։ Հայոց զորքը գալիս է, վրաց իշխանի երկիրն ազատում թշնամուց, վրաց գնդերի մի մասը հետ խլում, գերի բռնում հյուսիսական ցեղերի երեք իշխանների, Վրաստանում Աղձնիքի Դռով իշխանի հրամանատարությամբ պահակազոր թողնում, ապա վերադառնում Տրդատ թագավորի մոտ։

Տրդատն ու Գրիգորը գնում են Հռոմ, վերադարձին գալիս են Պալունյաց գավառի Կուառս գյուղը և, քանի որ շատ էին հոգնած, վճռում են մեկ օր մնալ այդտեղ, հանգստանալ։

Այդ ժամանակ հյուսիսականների Գեդռեհոն թագավորը վաթսուն հազար դահեկանով1 կաշառում է Վրաց աշխարհի պահակազորի զորավար Աղձնյաց Դռով իշխանին, որն առնում է իր զորքն ու հեռա–

-----------------------------

* Շարադրված է ըստ Հովհան Մամիկոնյանի «Տարոնի պատմության»։ Այս զրույցը Մամիկոնյան տոհմի նախնիների Հայաստան գալու ավանդության մի տարբերակն է։

** Շարադրված է ըստ Հովհան Մամիկոնյանի «Տարոնի պատմության»։

1 Դահեկանը հնում դրամաչափ էր, մեկ դահեկանը կշռում էր մոտավորապես 4,5 գրամ ոսկի կամ արծաթ։

[էջ 163]

նում Աղձնիք։ Հյուսիսականների թագավորը մեծ զորքով գալիս է և Կուառսում գիշերով գաղտագողի պաշարում Տրդատին։ Տրդատի մոտ այդ ժամանակ մնացել էր միայն երեսուն հազար զորք, մնացածը գնացել, բանակ էր դրել Մուշ ավանում։ Տրդատն ու Գրիգորը Սյունյաց և Անգեղ տան իշխանների հետ կանգնած, իրենց գիշերային աղոթքն էին անում, երբ հանկարծ ամպի որոտի նման ահեղ դղրդյուն է լսվում, հյուսիսականների հետևազորը գյուղի մի կողմն էր բռնել, հեծելազորը՝ մյուս կողմը և միաձայն հնչեցնում էին ռազմի փողերը, որոնց ձայնը միահյուսվելով ձիերի վրնջյունին, գիշերվա մեջ թնդացնում էին շրջապատը։

Հայոց իշխանները տեսնելով, որ իրենք շրջապատման մեջ են գտնվում, արագ պատրաստվում են լուսնի լույսի տակ կռվի ելնել թշնամու դեմ։ Տրդատը կտրուկ առարկում է իշխաններին, ասելով.

— Գիշեր է, և մենք չգիտենք թշնամու քանակը. եթե կամենում եք իմաստությամբ գործել, ապա վերցրեք վեց հազար զինվոր և այգեստանների միջով գաղտնի բարձրացեք Արձան բլրի գագաթը և մինչև լույս այնտեղ թաքնվեք։ Չորս հազար զինվոր Հաշտենից կողմը, չորս հազար էլ թշնամիների միջով այգեստաններով անցկացրեք վերին բարձունքը և թող այնտեղից ուշադիր հետևեն մեզ։ Բայց այնպես արեք, որ չիմանան ձեր անցումը, այլապես կամ նենգությամբ կփախչեն, կամ էլ կընկնենք շրջապատման մեջ և կվնասվենք։

Ապա Տրդատը զորքը իր ասած ձևով բաժանելով՝ ուղարկում է տարբեր ուղղություններով, իսկ ինքը մտնում է Գրիգորի մոտ և շարունակում աղոթքը։ 
Կեսգիշերին սյունեցի զինվորներից մեկը հյուսիսականներից մի պատանի է գերի բռնում և բերում թագավորի մոտ։ Պատանին Տրդատին հայտնում է, որ այս արշավանքի պատճառը հայ իշխաններն են եղել, որ հարձակվողը հյուսիսականների թագավոր Գեդռեհոնն է, նա եկել է 58 հազար զորքով Տրդատին գերի բռնելու նպատակով։

Տրդատն այս իմանալով, զորքերին հրամայում է պատրաստվել կենաց և մահու պատերազմի։

Առավոտյան Տրդատի ձեռքի տակ եղած զորքը պարսպելով իրենց թագավորին, պաշտպանելով, շարժվում է առաջ, որպեսզի Տրդատը կարողանա Արձան բլուրը բարձրանալ։ Սակայն հյուսիսականների թագավորը հրամայում է իր զորքին Տրդատի առաջն առնել, վեց հազար լավ սպառազինված զինվորներ արգելում են Տրդատին Արձան լեռը բարձրանալ։ Կռիվը տևում է բազում ժամեր, և Տրդատը ոչ մի կերպ չի կարողանում հաղթահարել թշնամու պատնեշը։

Այնժամ Գրիգորը արտասվախառն աչքերով դիմում է սուրբ Կարապետին և ասում.

— Ո՛վ Հովհաննես Մկրտիչ Կարապետ, չե՞ս տեսնում՝ ինչ են անում, քո զորությամբ օգնության հասիր այս նշանավոր ազգին։

[էջ 164]

Տրդատը միանգամից ուժ է ստնում, քաջարի ձայնով սուրը Կարապետին օգնության կանչելով՝ կտրում է թշնամու առաջապահ զորքի պատնեշը, առաջ անցնում և բարձրանում բլուրը։ Բլրի գագաթին գիշերը բարձրացած և թաքնված հայոց զորքը ոտի է ելնում, թշնամու զորքին մեջ առնում, կոտորելով փախցնում, լցնում բլրի հարավակողմի անտառը։

Հյուսիսականները թակարդ ընկածների նման խճողվում են անտառում, իսկ Տրդատի զորքը վրա հասնելով, անխնա կոտորում է բոլորին։

Եվ այդ վայրը այնուհետև այդ դեպքի առթիվ կոչվում է Թակարդ։

Հյուսիսականների մնացած զորքերը, օգտվելով առիթից, հարձակվում են գյուղի վրա, բայց այնտեղ ամրացած և թաքնված չորս հազար հայ զինվորները ոտի են ելնում, հարձակվում թշնամու վրա, քշում գյուղի ներքևը, որտեղ նրանցից շատերի երիվարների գլուխները դիպչելով ժայռերին, ջարդվում են, ոմանք էլ ժայռերից ցած են գլորվում և մեռնում։ Մնացածներին հայ զինվորները այգիների մեջ են քշում, կոտորում, և քչերին է միայն հաջողվում ազատվել։

Տրդատը վերադառնում է կոտորածից, բարձրանում Արձան բլրի գլուխը և ռազմի փողեր հնչեցնելով, զորահավաք ազդարարում։ Հայոց բոլոր զորքերն աստիճանաբար գալիս, հավաքվում են այնտեղ։ Երբ բոլորը հավաքվում են, Գրիգորին իջեցնում են անտառ և երեք հազար զինվոր նրան պահապան կարգում։

Իսկ հյուսիսականների թագավորը իր մնացած զորքը առնում, իջնում է Հաշտենից տափարակ տեղը և թուղթ է ուղարկում Տրդատին, առաջարկելով.

«Վաղը եկ, իրար հետ կռվենք, և թող այս օրը հավիտենական օր լինի մեր միջև։ Կամ իմ գերված իշխաններն ինձ կվերադարձնես և ինձ կվճարես տասնհինգ տարվա հարկը, կամ էլ, եթե կմերժես, կքանդեմ քո երկիրը սրով և գերեվարությամբ, որպեսզի քո զորքերի առաջ քո խոզության պատկերը ճանաչես։ Ըստ այդմ քո պատասխանն ուղարկիր»։

Տրդատը հյուսիսականների թագավորի թղթին չի պատասխանում, դրա փոխարեն վերցնում է երեսուն հազար զինվոր, գնում, իջնում է Հաշտենից գավառի Մուշեղամարգ կոչված տեղը, թշնամու զորքի դիմաց։ Այստեղ Տրդատը ճակատ է կազմում, կենտրոնում կանգնեցնում է Բագրատանյաց իշխանին իր զորքով, աջ թևի զորքը տալիս է Սյունյաց իշխանին, ձախ թևի զորքը՝ Անգեղտան իշխանին, իսկ գահերեց իշխանին իր զորքով իրեն թիկունք է կանգնեցնում։

Երբ երկու կողմի ճակատներն էլ կազմված էին և կանգնել էին իրար դիմաց, հյուսիսականների Գեդռեհոն թագավորը ձայն է տալիս Տրդատին.

— Հայոց արքա՛, առաջ անցիր։

Տրդատն անցնում է առաջ, ելնում Գեդռեհոնի դեմը, և սկսվում է մենամարտը։ Երկուսն էլ սկսում են իրար անխնա հարվածներ հասցնել և միաժամանակ պաշտպանվել հարվածներից։ Նրանք հեռվից նմանվում էին զույգ քարհատների կամ բուրդ ձաղկողների, որոնցից մեկը մուրճը կամ ձաղկոցը բարձրացնում էր, մյուսը՝ իջեցնում։ Եվ այդպես, երկար ժամանակ փոխադարձաբար միմյանց են հարվածում, և ոչ մեկը մյուսին չի կարողանում հաղթել։ Թեպետ Գեդռեհոնը ավելի զորավոր էր ու տեսքով ահավոր, քան Տրդատը, բայց նրա ուժն աստիճանաբար սկսում է պակասել և զգում է, որ կարող է Տրդատից վնասվել։ Ուստի նա արագ հանում է օղապարանր և հեռվից նետելով՝ Տրդատի աջ ուսը թևատակից առնում է օղակի մեջ, պարանը ձգում ու ձիու գլուխը շուռ տալով, քաշում։ Տրդատը տեսնելով, որ չի կարողանում աջ ձեռը շարժել, արագ մտրակում է ձին և տասը քայլ հազիվ էր Գեդռեհոնը անցել, Տրդատը հասնում է նրան, աջ ձեռով սուրը բարձրացնելով, գոռում.

— Կատաղի շո՛ւն, կապեցիր քո ջղերից։

Եվ Տրդատը սուրը իջեցնելով՝ Գեդռեհոնի ձախ թիկունքից մինչև գոտկատեղը կիսում է, հետն էլ կտրելով ձիու ողն ու գլուխը, և գցում գետին։

Անգեղտան իշխանն այս տեսնելով, ձախ թևի զորքն առաջ է տանում և Սյունյաց իշխանին ձայն տալիս.

— Սյունյաց իշխան, այծերիդ գունդը շրջապատիր, որովհետև հոների քոշն1 արդեն ընկել է։

-------------------------------

1 Քոշը արու այծն է, որ առաջնորդում է այծերի հոտը։ Այստեղ երգիծանքով հյուսիսականների կամ հոների զորքը այծերի հետ է համեմատվում, իսկ նրանց թագավորը՝ հոտը առաջնորդող արու այծի։

[էջ 165]

Սյունյաց իշխանը շրջապատում է հյուսիսականների զորքը, կոտորում, թշնամու զորապետին աջ կողմը քշում և ասում.

— Աստղահաչ1, առաջ անցիր, մենամարտենք։

Հյուսիսականների զորապետը արագ առաջ է գալիս և սրով խփում, կտրում է Սյունյաց իշխանի երիվարի գլուխը։ Սյունյաց իշխանը վտանգից խուսափելու համար սրով խփում, կտրում է թշնամի զորապետի ձիու ոտը։ Երկուսն էլ ձիերից վայր են ընկնում, և իրար հասնելով սկսում են կռվել։ Այդ միջոցին Սյունյաց իշխանի ծառաներից մեկը մի զինվորի ձիուց վայր է գցում, ձին խլում, մոտեցնում իշխանին, ասում.

— Հեծիր, տեր։

Սյունյաց իշխանն իրեն արագ գցում է ձիու վրա, դառնում, կտրում է թշնամի զորապետի գլուխը և գցում իր մախաղը։

Անգեղտան իշխանը տեսնելով, որ թշնամու զորքը փախուստի է դիմում, մտնում է կռվի մեջ և Տրդատի հետ մինչև արևամուտը կոտորում դիմադրողներին, մնացածներին քշում, անցկացնում Հաշտենիցի գետի մյուս ափը։

Թշնամու զորքը գիշերը բանակում է գետի մյուս ափին, իսկ հայոց զորքը՝ այս ափին։ 
Լուսաբացին հյուսիսականները հավաքելով իրենց մնացորդ զորքը, հարձակվում են հայոց զորքի վրա և սկսում կոտորել։ Նրանք շրջապատում են Ծոփաց իշխանի գունդը և այն աստիճան նեղում, որ Ծոփաց իշխանը աղաղակելով, կանչում է.

— Ո՞ւր ես, Սյունյաց իշխան, ինձ օգնության հասիր։

Սյունյաց իշխանը արագ գալիս է օգնության, ցրում թշնամիներին, իշխանին շրջապատումից ազատում, բայց քանի որ նա ծանր վիրավորված էր, շուտով մեռնում է։

Այդ ժամանակ թշնամու զորապետը դառնում, հարձակվում է Տրդատ թագավորի վրա։
Տրդատը խիստ զայրանալով՝ սրով հարձակվում է Գեդռեհոնի զորավարի վրա, խփում, կիսում, բաժանում է երկու մասի, ապա ընկնելով նրա զորքի հետևից, հալածելով փախցնում է մինչև Հարքի կողմերը։ Այստեղ էլ Հարքի իշխանն է հարձակվում հյուսիսականների վրա, վեց տեղով ճակատամարտ տալիս, կոտորում 8056 զինվոր, մնացածները փախչում են Վրաստան, դարձյալ կոտորվում, և միայն վեց հազար զինվոր է ազատվում, հասնում իրենց երկիրը։

Իսկ Տրդատը և հայոց մյուս բոլոր իշխանները իրենց զորքերով վերադառնում, հավաքվում են Գրիգորի մոտ, բազում այծեր ու գառներ մատաղ անում, աղքատներին ողորմություն բաժանում։ Ապա Տրդատը հրամայում է բռնել դավաճան Աղձնյաց իշխանին և նրա ոտներն ու ձեռները ծայրաքաղ անել՝ կտրել։ Գրիգորը խնդրում է Տրդատին՝ նման դաժան ձևով չպատժել նրան։ Տրդատը հարգում է Գրիգորի միջամտությունը և հրամայում է Աղձնյաց իշխանին Հայոց աշխարհից վտարել։

-------------------------------

1 Այսինքն՝ շուն, նկատի ունի շան երկինք նայելն ու ոռնալը։

 

 |  Բովանդակություն  | 

 


Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ «Սասունցի Դավիթ», Երևան, Հայպետհրատ, 1961թ.:

Տես նաև

«Սասունցի Դավիթ» հերոսավեպի մասին
Հովհաննես Թումանյան. Սասունցի Դավիթ 
Валерий Брюсов: Сасунци Давид

Հայ հին վիպաշխարհը


Copyright gradaran©ejmiatsin.am. All rights reserved