Գլխավոր | Նորություններ | Պատկերասրահ | Տեսադարան

Որոնել կայքում:
Թեմաներ
Աշխարհագրություն
Աստվածաբանություն
Բառարաններ
Բժշկություն
Բնական գիտություններ
Գեղարվեստական գրականություն
Դյուցազնավեպ
Թարգմանական գրականություն
Թղթեր, նամակներ, կոնդակներ
Իրավունքի հուշարձաններ
Լեզվաբանություն
Մատենագիտական ցանկեր
Ուղեգրություններ
Պատմագրություն
Տեղեկատու գրականություն
Տնտեսություն
Փիլիսոփայություն
Օտարալեզու հայ հեղինակներ
ԳՐԱՆՑՎԵԼ
Անուն:
E- mail:
Գաղտնաբառ:
Հիշել:

 

 

 

 

Թեմա`

Գրականություն

  • Հայ հին գրականություն
  • Միջնադարյան հայ գրականություն
  • Հայ նոր գրականություն
  • Նորագույն հայ գրականություն
  • Ժամանակակից հայ գրականություն
  • Դյուցազնավեպ

 

 

 

Դյուցազնավեպ

 

 Հայ հին վիպաշխարհ

  ՍԱՐԳԻՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

[էջ 80]

«ՊԱՐՍԻՑ ՊԱՏԵՐԱԶՄ» ՎԵՊԸ

 

ԽՈՍՐՈՎ ՄԵԾ*

Պարսկաստանում Սասանի որդի Արտաշիրը դավադրությամբ սպանում է պարթևների թագավոր Արտավանին և վերջ դնում պարթև Արշակունիների թագավորությանը։ Հայոց Արշակունի թագավորները, որոնք պարթև Արշակունիների տոհմակիցներն ու ազգականներն էին, չէին կարող անտարբերությամբ նայել կատարվող իրադարձություններին։

Երբ Արտավանի սպանության գույժը հասնում է Հայաստան, հայոց Արշակունի Խոսրով թագավորին, վերջինս մեծ ցավով է ընդունում այդ լուրը և նախապատրաստվում պատերազմի։ Խոսրովը նախ օգնություն է խնդրում Հռոմի Փիլիպոս կայսրից, ապա հավաքում աղվանից ու վրաց զորքերը, բացում Ալանաց1 ու Ճորա պահակի դռները հոների առաջ, հնարավորություն տալով այդ ռազմի ցեղերին՝ ասպատակելու և սփռվելու Պարսից աշխարհով մեկ։ Իսկ ինքը՝ Խոսրովը, հսկա զորքով արշավում է Ասորեստանի կողմերը, հասնում մինչև Տիզբոն, ավարում Պարսից աշխարհը, ավերում շեն քաղաքներն ու բարեկարգ ավանները, ջնջում, քանդում, հիմնահատակ անում ու վերացնում պարսից տերությունն ու կարգերը։

Խոսրովը ամեն կերպ ուզում էր վրեժ լուծել Արտաշիրից իր տոհմակից Արշակունիների իշխանությունը խլելու և Արտավանի արյան համար։ Խոսրովը պատգամավորներ է ուղարկում պարթևական տոհմերին ու նախարարներին՝ ի մի հավաքվելու, իրեն զորավիգ կանգնելու և Արտաշիրի դեմ կռվելու համար։ Սակայն պարթև ազնվականների մեծ մասը հնազանդվել էր Արտաշիրին և չէր ուզում Խոսրովի հետ միաբանվել։

Այն ժամանակ Խոսրովը հայոց զորքերով և իրեն օգնության եկած կովկասյան ցեղերի զորքի հսկա բազմությամբ ճակատամարտի է ելնում պարսից զորքի դեմ։ Արտաշիրը չի դիմանում Խոսրովի զորքերի ճնշմանը և փախուստի է դիմում։ Խոսրովը հետապնդելով պարսիկներին՝ դաժանաբար կոտորում է նրանց ամբողջ զորքը, դաշտերն ու ճանապարհներն ամբողջապես ծածկում դիակներով։

Խոսրովը կատարյալ հաղթանակ է տանում, բազում ավարով և մեծ ցնծությամբ վերադառնում է Հայոց աշխարհ՝ Վաղարշապատ քաղաքը։

Ի պատիվ իր տարած մեծ հաղթանակի, Խոսրովը հրամայում է բոլոր կողմերի հայությանը՝ ուխտի գնալ յոթ մեհյանների բագիններին, Արշակունի տոհմի հայրենական պաշտամունքի վայրերը մեծարել մեծ նվիրատվություններով։ Բոլոր բագիններին նվիրաբերում են բազմաթիվ սպիտակ ցուլեր ու նոխազներ, սպիտակ ձիեր ու ջորիներ, ոսկյա և արծաթյա զարդեր, փողփողուն ծոպերով մետաքսե շքեղ զգեստներ, ոսկյա պսակներ ու արծաթյա գոհարաններ, թանկարժեք քարերով լեցուն գեղեցիկ ամաններ, ոսկի ու արծաթ, ընտիր զարդեր ու հանդերձանք։

-----------------------------

* Շարադրված է ըստ Ագաթանգեղոսի է Մ. Խորենացու «Հայոց պատմություն» գրքերի։

1 Ալանաց դռները Դարիալի կիրճն է Կովկասյան լեռներում։

[էջ 81]

Բերած ավարի մեկ հինգերորդը Խոսրովը բաժին է հանում քրմերին, նրանց տալով նաև մեծ պարգևներ, իսկ իր հետ եղած զորքին բազում ընծաներ է տալիս և արձակում։

Խոսրովը հաջորդ տարին ավելի մեծ զորք է հավաքում, նրան օգնության է գալիս նաև արաբական զորքը, արշավում և ասպատակում է Ասորեստանի կողմերը և մեծ ավարով ու հաղթությամբ վերադառնում։

Այդպես, տասնմեկ տարի շարունակ Խոսրովը արշավում, ավարի է ենթարկում ու ավերում բոլոր այն երկրները, որոնք գտնվում էին պարսից թագավորի իշխանության տակ։

ԽՈՍՐՈՎ ԵՎ ԱՆԱԿ

Այս բոլոր արշավանքները, ավարներն ու ավերները մեծապես շփոթեցնում, նեղում ու մոլորեցնում են Արտաշիրին։ Նա իր մոտ է կանչում երկրի բոլոր թագավորներին, կուսակալներին, նախարարներին ու զորավարներին և խորհրդի նստում։ Արտաշիրը բոլորին աղաչում էր հնար գտնել, խնդրում, մեծամեծ պարգևներ էր խոստանում, ասում.

— Գուցե գտնվի մեկը, որ կարողանա Խոսրովից վրեժ լուծել։

Խոստանում էր անգամ իր վրեժը լուծողին շնորհել իր պետության երկրորդության գահը, ով էլ նա լինիր, թեկուզ անարգ և արհամարհված մեկը։

Այդ խորհրղին էր մասնակցում պարթևական տերության գլխավոր նահապետներից մեկը՝ անունը Անակ։ Լսելով թագավորի ցանկությունը, նա ոտքի է կանգնում և խոստանում իր ազգակիցներից վրեժ լուծել, իբրև թշնամիների։

— Եթե հավատարմորեն այդ վրեժը լուծես, — ասում է թագավորը, — ձեր պարթևական հայրենի իշխանությունը և պահլավական սեփական տիրույթները ձեզ կվերադարձնեմ, քեզ արքայական թագով կպսակեմ, կդարձնեմ իմ երկրորդը և իմ թագավորության մեջ կդառնաս երևելի ու փառավոր։

— Իմ ազգի մնացած անդամներին եթե դու պահես, — ասում է Անակը, — ապա այսօրվանից ես ու եղբայրս քեզ հրաժեշտ կտանք և կգնանք քո փափագը կատարելու։

Անակն ու եղբայրը ելնում են, վերցնում իրենց ընտանիքներն ու ունեցվածքը և ճամփա ընկնում դեպի Հայոց աշխարհի կողմերը։ Նրանք ձևացնում են, թե իբր ապստամբել են Արտաշիրի դեմ, հալածվում են նրանից և այժմ ապաստան են որոնում Հայոց աշխարհում։

[էջ 82]

Խոսրովն այդ ժամանակ գտնվում էր Ուտիքի իր արքայական ձմեռանոցում՝ Խալխաղ քաղաքում։ Երբ նա իմանում է Անակի գալստյան պատճառն իբրեւ ապստամբի ու փախստականի, մեծ ցնծությամբ ու խնդությամբ դիմավորում է նրան, սիրով ընդունում։ Անակը Խոսրովին հավատացնում է, թե՝

— Եկել եմ քեզ մոտ, որպեսզի միաբանվենք և միասնական ուժերով ընդհանուրի վրեժը լուծենք։

Խոսրովը տեսնելով, որ Անակն իր ամբողջ ընտանիքով է եկել, լիովին հավատում ու վստահում է նրան, արքայավայել ընդունում, անգամ նստեցնում իր թագավորության երկրորդ աթոռին և ամբողջ ցուրտ ու բքաշունչ ձմեռվա ընթացքում իր օրերը նրա հետ է ուրախությամբ անցկացնում։

Երբ գարունը բացվում է, և օրերն սկսում են տաքանալ, Խոսրովը թողնում է Ուտիքը, վերադառնում Վաղարշապատ և գարնան հետ սկսում մի նոր արշավանք նախապատրաստել պարսից կողմերը։ Անակն այդ իմանալով, հիշում է պարսից թագավորին տված իր երդումը, նրա պարգևների խոստումները, ինչպես նաև նրա մոտ ջերմ փափագ է առաջանում նորից տեսնելու իր բնիկ Պահլավ աշխարհը։

Եվ Անակը եղբոր հետ որոշում է սպանել Խոսրովին։ Նրանք մի օր Խոսրովի հետ դուրս են գալիս զբոսանքի, և թագավորի հետ մեկուսի խորհրդակցելու պատրվակով, Խոսրովին թիկնապահներից հեռացնում, մի կողմ են տանում և անսպասելիորեն սուսերները մերկացնելով՝ թագավորին գետին են տապալում, սրախողխող անում։ Ամբոխն անմիջապես իրազեկ է դառնում դավադրությանը և աղաղակով գուժում թագավորի սպանության լուրը։ Այդ միջոցին դավադիրները հասցնում են նստել իրենց երիվարներն ու փախչել։

Հայոց զորքերի նախարարներն այդ իմանալով, իսկույն զորքը բաժանում են գնդերի և դավադիրներին հետապնդում։ Մի գունդը աճապարելով, ձգտում էր արագ հասնել Արտաշատ քաղաքի դռների մերձակայքում գտնվող կամուրջի գլուխը և ճանապարհը փակել։ Գարնանային ջրերից ափեափ հորդացած Երասխը իր ձյունախառն ելման ջրերով անհնար էր դարձնում գետանցն առանց կամուրջի։ Մյուս գունդն արագ հասնում է Վաղարշապատի կամրջին, որ կոչվում Էր Մեծամորի կամուրջ և փակում այն։ Մյուս գնդերը փակում են ճանապարհից դեպի կիրճերը տանող մուտքերը։ Եվ հենց այդ մուտքերից մեկի մոտ կանգնեցնում են դավադիրներին, Տափերական կամուրջի մոտ շրջապատում նրանց, գցում գետը, խեղդում։ Ապա այդտեղից զորքն ու ամբոխը մեծ ճիչ ու ողբ բարձրացնելով վերադառնում են Վաղարշապատ, ուր ամբողջ երկիրը հավաքված, սգում էր սիրելի թագավորին։

Խոսրովը, որ դավադիրների սրահարումից անմիջապես չէր մահացել, մահից առաջ արձակում է իր վերջին հրամանը՝ ոչնչացնել Անակի և եղբոր ամբողջ ազգատոհմը, որ գտնվում էր Հայաստանում։ Սկսում են անխնա կոտորել բոլորին, անգամ կանանց ու նորելուկ մանուկներին։ Մի մարդու հաջողվում է դայակների միջոցով փրկել պարթև Անակի երկու մանկահասակ զավակներին, որոնցից մեկին փախցնում են Պարսկաստան, մյուսին՝ Հունաստան։

Երբ Պարսից թագավոր Արտաշիրը լսում է Խոսրովի սպանության լուրը, շատ է ուրախանում, մեծ տոնախմբություն է կազմակերպում, ատրուշաններին բազմաթիվ զոհեր մատուցում։ Ապա մեծ զորքով արշավում է Հայաստանի վրա, ասպատակում երկիրը, մեծ ու փոքր, ծեր ու մանուկ՝ բոլորին գերի տանում։

Այդ ժամանակ մի մարդ կարողանամ է փրկել Խոսրով թագավորի որդիներից մեկին՝ Տրդատ անունով մի փոքրիկ մանկան, որին Արտավազդ Մանդակունին վերցնելով, փախցնում տանում է Հռոմ։ Իսկ Խոսրովի դստերը՝ Խոսրովիդուխտին, Օտա Ամատունին վերցնում և ապահով թաքցնում է Անի ամրոցում, դառնալով նրա սնուցողը։

Արտաշիրը նորից արշավում է Հայաստան, հալածում այնտեղ գտնվող հունական զորքերին, գրավում երկիրը և դարձնում իրեն հպատակ։ Ապա իմանալով, որ Խոսրովի զավակներից Տրդատին Արտավազդ Մանդակունին է փրկել և փախցրել, տարել Հռոմի կայսրի պալատը, նա հրամայում է կոտորել Մանդակունիների ամբողջ ցեղը։ Մանդակունիների ցեղից ազատվում է միայն Արտավազդի քույրը, որին Աշոցան ցեղից Տաճատ անունով մեկը փախցնում տանում է Կեսարիա և հետը ամուսնանում։

[էջ 83]

ՏՐԴԱՏ ՄԵԾ*

Տրդատը Հոոմում իր ուսումն ու դաստիարակությունը ստանում է Լիկիանես անունով մի կոմսի մոտ։ Մանկությունից իսկ սիրում էր ձի հեծնել և հետագայում դառնում է կորովի ձիավար։ Նա այստեղ ռազմական արվեստ է սովորում, զենքերի գործածության մեջ դառնում քաջահմուտ։ Տրդատն օժտված էր ֆիզիկական վիթխարի ուժով ու ճարպկությամբ։ Իր այս բարեմասնությունների պատճաոով նա մասնակցում էր կրկեսային մրցումներին և միշտ դուրս էր գալիս հաղթանակով։

Մի անգամ մեծ կրկեսում Տրդատի մրցակիցն էր արգիացի Կերասոսը։ Վերջինս մենամարտելով վայրի ցուլի հետ, ճարպկորեն բռնում է ցլի ետևի ոտքը և կճղակը պոկում։ Իսկ Տրդատը մենամարտում է երկու վայրի ցուլերի հետ։ Նրան հաջողվում է մեկ ձեռքով բռնել զույգ ցուլերի եղջյուրներից, մեկի եղջյուրը պոկել, իսկ մյուսի վիզը ոլորելով՝ ջախջախել։

Մի անգամ էլ, դարձյալ մեծ կրկեսում, Տրդատը մասնակցում է ձիարշավի մրցումներին։ Մրցման ժամանակ, երբ Տրդատը կամենում է կառքը քշել, հակառակորդի ճարպկությունից՝ կառքից վայր է ընկնում։ Նա իսկույն ձեոքը գցում է կառքից, կանգնեցնում հզոր ձիեր լծած կառքը, արժանանալով հանդիսականների հիացմունքին։

Տրդատը նաև քաջ ռազմիկ էր և անվեհեր պատերազմող։ Երբ հռոմեացի զորավար Պրոբոսը կռվում էր գոթերի1 դեմ, պարենի պակասության պատճառով հռոմեական զորքերի մեջ սաստիկ սով է ընկնում։ Սովահար զինվորները կատաղած ելնում են իրենց զորավարի դեմ և սպանում նրան։ Ապա քաղցից հարձակվում են իրենց բոլոր իշխանավորների պալատների վրա։ Տրդատը միայնակ պաշտպան է կանգնում իր հովանավոր Լիկիանեսի ապարանքին և ոչ մի զինվորի թույլ չի տալիս ոտք կոխել այնտեղ։

Տրդատը հոոմեական զորքերի կազմում մասնակցում է նաև պարսից Սասանյան Արտաշիրի դեմ մղած կռիվներին։

Երբ Եփրատի ափերին պարսիկների դեմ մղած անհավասար կռվում հռոմեացի զորավարները սպանվում են և զորքը խուճապահար փախչում է, Տրդատը ձիու վիրավորված լինելու պատճառով չի կարողանում զորքի հետ հեռանալ։ Նա վերցնում է իր զենքերն ու ձիու սարքը, մտնում Եփրատ գետը և լողալով կտրում անցնում է լայնատարած գետը, հասնում բուն հռոմեական զորքերի մոտ, ուր գտնվում էր Լիկիանեսը։ Նույն օրերին Թրակիայում սպանվում է Նոմերիանոս կայսրը և իշխանությունն անցնում է Դիոկղետիանոսին։

ՏՐԴԱՏԻ ԵՎ ԳՈԹԱՑ ԹԱԳԱՎՈՐԻ ՄԵՆԱՄԱՐՏԸ

Այդ օրերին գոթերի թագավորը զորաժողով է անում և բազում զորք հավաքելով պատերազմի է ելնում Հռոմի դեմ։ Նա Հոոմի թագավորին հղում է հետևյալ պատգամը. «Ինչո՞ւ ենք զուր իրար դեմ զորքով ելնում պատերազմի, զորք սպանում, երկրին ու ժողովրդին վտանգ ու տագնապ պատճառում։ Ես իմ զորքի միջից դուրս կգամ իբրև ախոյան այս կողմից, դու էլ հունական զորքից դուրս արի՝ այդ կողմից, գնանք հասնենք մարտի վայրը, եթե ես քեզ հաղթեմ, հույները կհնազանդվեն ինձ, եթե դու ինձ հաղթես՝ մեր կյանքը քեզ կպատկանի և կհնազանդվենք քեզ։ Երկու կողմերի համար էլ ամեն ինչ կավարտվի խաղաղությամբ, առանց արյան ու կոտորածի»։

Երբ Հռոմի թագավորին հաղորդում են այս պատգամը, ահը սիրտն է ընկնում, որովհետև անգամ օրինավոր ոազմական պատրաստության դեպքում նա չէր կարող թշնամու դեմ ճակատել, ուր մնաց թե համաձայներ այդ պատգամի պահանջին, մանավանդ որ մարմնով տկար էր և անզոր։ Ուստի նա սարսափած ու մոլորած չի իմանում ինչ պատասխան տա գոթաց թագավորին։ Վերջապես նա վճռում է դի–

-------------------------------

* Շարադրված է ըստ Ագաթանգեղոսի և Մ. Խորենացու «Հայոց պատմություն» գրքերի։

1 Գոթերը գերմանական ցեղախումբ էին, որոնք 2-րդ դարի վերջերից շարժվելով հարավ-արևելք, հաճախակի հարձակումներով մշտական վտանգի տակ էին պահում Հռոմեական կայսրությունը։

[էջ 84]

մել իր զորականներին ու զորքին։ Նա հրովարտակներ ու պատվիրակներ է ուղարկում իր տերության բոլոր իշխաններին, նախարարներին ու զորքին, որպեսզի նրանք շուտափույթ իր մոտ հավաքվեն։ Բոլորը շտապում են ներկայանալ թագավորին։ Թագավորին է շտապում ներկայանալ նաև Լիկիանեսը՝ Տրդատի հետ միասին, իր ձեռքի տակ եղած զորագնղով։

Այնպես է պատահում, որ բոլոր զորագնդերը արքայանիստ քաղաքին են մոտենում կեսգիշերին, երբ քաղաքի դարպասները արդեն փակ էին։ Զորքերը գալիս խռնվում են դարպասների մոտ գտնվող շտեմարանի հրապարակում՝ այգեստանի առուների մեջ։ Հոգնած ու քաղցած ձիերին կերակրելու համար հրապարակում խոտ չի գտնվում, մինչդեռ քաղաքի պարսպից ներս՝ անասունների բակում, խոտի մեծ-մեծ դեզեր կային կիտված։ Պարիսպն այնքան բարձր էր, որ ոչ ոք չէր կարող բարձրանալ և քաղաքից խոտ բերել ձիերին։ Այնժամ Տրդատը մագլցելով բարձրանում է պարիսպը, իջնում քաղաք և սկսում դեզ-դեզ խոտերը պարսպի վրայով նետել զորքերի մեջ, լիուլի բավարարելով ձիերին։ Ապա նա բռնում է խոտերի վերակացուներից և պահապան շներից շատերին, դարձյալ նետում զորքի մեջ, իսկ ինքը բարձրանալով պարիսպը, իջնում, գալիս է իր գունդը։

Լիկիանեսը Տրդատի այս վիթխարի ուժից ու արարմունքից մնում է ապշած։ Առավոտյան քաղաքի դռները բացվում են, և ամբողջ զորքը մտնում է քաղաք։ Լիկիանեսը բոլոր մեծամեծների և զորապետների հետ ներկայանում է թագավորին։ 
Թագավորը իշխաններին ու զորապետներին է ներկայացնում գոթաց թագավորի պատգամները։ Լիկիանեսը անմիջապես խոսք է վերցնում և դիմում թագավորին.

— Թող իմ տիրոջ սիրտը բնավ չտագնապի, քանզի այստեղ՝ քո պալատում, կա մի տղամարղ, որի միջոցով կարող ես գոթաց թագավորի պայմանը կատարել։ Նրա անունը Տրդատ է, ինքը՝ Հայոց աշխարհի արքայական տոհմից։

Եվ Լիկիանեսը թագավորին պատմում է Տրդատի գիշերվա քաջագործությունը։ Թագավորի հրամանով Տրդատին բերում, ներկայացնում են թագավորին։ Թագավորն ամեն ինչ կարգով պատմում է Տրդատին, ստանում գոթաց թագավորի հետ մենամարտելու նրա համաձայնությունը, որոշում նաև մենամարտի ժամը։ 
Հաջորդ օրն առավոտյան կայսեր հրամանով՝ ծիրանի արքայական պատմուճան են գցում Տրդատի վրա, զարդարում կայսերական նշանով ու զարդով և հրաման արձակում, որ նա՝ ինքը կայսրն է։

Կայսերակերպ Տրդատը վերցնելով զորքի համակ բազմությունը մարտական փողերի ազդանշանով արագ մոտենում է գոթական զորքին և կանգնում թշնամիներին դեմ հանդիման։ Զորքերից անջատվում են կայսերակերպ Տրդատն ու գոթերի թագավորը և գալիս կանգնում են իրար դիմաց։ Ապա նրանք մտրակում են երիվարներին և հասնում իրար։ Կայսերակերպ Տրդատը հաղթում է գոթաց թագավորին բռնում նրան և բերում կանգնեցնում է կայսրի առջև։

Կայսրը մեծամեծ պատիվներ ու պարգևներ է շնորհում Տրդատին, գլխին թագ դնում, արքայական ծիրանիով ու զարդով զարդարում, մեծարում և բազում օգնական զորք հանձնելով նրան, ուղարկում իր հայրենի Հայոց աշխարհը։

ՏՐԴԱՏԸ ՄԵԾ ՀԱՅՔԻ ԹԱԳԱՎՈՐ*

Տրդատը հունաց օգնական զորքով գալիս է հասնում Կեսարիա։ Այստեղ հայ նախարարներից շատերը գալիս են ընդառաջ, սիրով ու հավատարմությամբ դիմավորում նրան։ Տրդատը մտնում է Հայաստան, իմանում, որ Օտա Ամատունին սնուցել է իր Խոսրովիդուխտ քրոջը, մեծ հավատարմությամբ պահել ու պահպանել արքունի գանձերն ու ամրոցը։ Տրդատը շնորհակալությամբ պատվում է Օտային, նրան նշանակում Հայաստանի հազարապետ, իսկ իր դայակորդի Արտավազդ Մանդակունուն, որ փրկել էր իրեն և պատճառ դարձել իր հայրենական փառքին տիրանալու, նշանակում

-----------------------

* Շարադրված է ըստ Մ. Խորենացու «Հայոց պատմության»։ Մեծ Հայքը կամ Մեծ Հայաստանը, ի տարբերություն Փոքր Հայքի, Հայաստանի հիմնական տարածքն էր։ 7-րդ դարում իր մեջ էր ընդգրկում 15 նահանգ, բաղկացած հարյուրավոր գավառներից։

[էջ 85]

է հայոց զորքերի սպարապետ։ Իսկ Արտավազդի քրոջ ամուսնուն՝ Տաճատին է նվիրում Աշոցք գավառը1 իր բոլոր տիրույթներով։

Այնուհետև քաջ Տրդատը մեկը մյուսի հետևից սկսում է հաղթական ճակատամարտեր մղել պարսից զորքերի դեմ թե Հայաստանում և թե Պարսկաստանում։ Հայաստանն ու հայ ժողովրդին հպատակեցրած պարսից զորքերից շատերին էլ հալածելով, քշում է երկրի սահմաններից դուրս։

Մի անգամ պարսից կորովի զորականները, իմանալով Տրդատի վիթխարի ուժն ու կուռ զրահների ամրությունը, նետերի տարափ են տեղում հսկա Տրդատի վրա, նրա ձիուն շատ տեղերից վիրավորում և սպանում։ Ձին գետին տապալվելով՝ Տրդատին վայր է գցում։ Տրդատը արագությամբ ոտքի է կանգնում, հետիոտն հարձակվում է թշնամիների վրա, շատերին գետին գլորում, մի պարսիկից էլ ձին խլելով, հեծնում և շարունակում է կռիվը։

Մի անգամ էլ Պարսկաստանում ճակատամարտ մղելիս, երբ պարսիկները հայոց զորքի դեմ հանում են փղերի հսկա բազմություն, Տրղատը ձիուց վայր է ցատկում, սուրը հանելով՝ հետիոտն հարձակվում է փղերի երամակների վրա, ցրում փղերի բազմությունը և ապահովում հայոց զորքերի հաղթանակը։

Այսպիսի բազմաթիվ քաջագործություններով Տրդատը լուծում է իր վրեժը պարսիկներից, նրանց Հայաստանից իսպառ վտարում, նվաճում հայրենի տերությունը, դառնում Մեծ Հայքի թագավոր։

ՏՐԴԱՏ ԵՎ ԳՐԻԳՈՐ*

Պարթև Անակի որդիներից մեկը, որին Հունաց կողմերն էին փախցրել տարել, մեծանում և ուսում է ստանում Կապադովկիայի Կեսարիա քաղաքում։ Այստեղ նա հետևում է նոր կրոնի՝ քրիստոնեության ուսմունքին, հմտանում և ընտելանում Աստվածաշնչին, դառնում քրիստոնյա և մկրտվում Գրիգոր անունով։ Գրիգորն իր դայակներից տեղեկանում է իր հոր արարքներին, մասնավորապես Խոսրովի սպանությանը և իմանալով, որ Տրդատը Խոսրովի որդին է և ապրում է Հռոմում, գնում, գտնում է Տրղատին և կամավոր ծառայության մտնում նրա մոտ։ Նա Տրդատից թաքցնում է իր ով լինելը, հնազանդությամբ սպասարկում է նրան, որպեսզի դրանով քավի իր հոր գործած հանցանքը։

Այդ ժամանակ Հռոմում Դիոկղետիանոս կայսրը հալածում էր քրիստոնյաներին։ Եվ երբ Տրդատը զգում է, որ Գրիգորը հետևում է քրիստոնեական ուսմունքին, սկսում է նրան նեղել, պատուհասել, զանազան տանջանքներ պատճառել, որպեսզի նա թողնի քրիստոնեությունը և հետևի հեթանոս աստվածների պաշտամունքին։

---------------------------

1 Աշոցքը գավառ էր Այրարատ նահանգում, համապատասխանում է այժմյան Հայկ. ՍՍՀ Ղուկասյանի շրջանին։

* Շարադրված է ըստ Ագաթանգեղոսի «Հայոց պատմության»։

[էջ 86]

Երբ Տրդատը հռոմեական զորքով վերադառնում է Հայաստան, նրա հետ Հայաստան է գալիս նաև Գրիգորը։ Իր թագավորության առաջին տարում Տրդատը մեծ շքախմբով ուխտի է գալիս Եկեղյաց գավառի Երիզա ավանում գտնվող Անահիտ դիցուհու մեհյանը և զոհեր մատուցում։ Զոհաբերությունից հետո արքայական շքախումբը իջնում, տեղավորվում է Գայլ գետի ափին պատրաստված արքայական վրանում, ուր թագավորին ընթրիք են մատուցում։

Երբ Տրդատը գինովանում է, հրաման է տալիս Գրիգորին, որպեսզի նա պսակներ ու ծառերի թավ ճյուղեր տանի և նվիրաբերի Անահիտի պատկերը կրող բագինին։ Գրիգորը կտրուկ մերժում է արքայի հրամանը։ Այնժամ Տրդատը դիմում է Գրիգորին.

— Մի օտարական ու անծանոթ մարդ էիր, եկար մեզ միացար, մեզ հետ համակերպվեցիր։ Արդ, ինչպե՞ս ես համարձակվում պաշտել այն աստծոն, որին ես չեմ պաշտում։

Տրդատի հրամանով Գրիգորին այդ օրն առնում են հսկողության տակ, իսկ հաջորդ օրն առավոտյան կանչել է տալիս Գրիգորին իր մոտ և ասում.

— Այսքան տարի ես քեզ ճանաչում եմ՝ դու քո ամբողջ էությամբ հավատարմորեն ծառայել ես ինձ. ես գոհ էի քեզանից ու մտադիր էի քեզ պահել։ Այժմ ինչո՞ւ իմ կամքը չես կատարում։

— Աստված հրամայել է, որ ծառաները հնազանդ լինեն մարմնավոր տերերին, իսկ աստծո պատիվն ու պաշտամունքը չի կարելի որևէ մեկին տալ, — պատասխանում է Գրիգորը։

— Գիտցիր, — ասում է Տրդատը, — որ դու կորցրեցիր այն վաստակը, որ ձեռք էիր բերել ինձ մոտ և որին ես եմ վկա եղել։ Արդ, այն կյանքի փոխարեն, որ դու պետք է վայելեիր, բազմաթիվ նեղություններ եմ տալու քեզ, պատվի փոխարեն՝ անարգանք, պաշտոնի փոխարեն՝ բանտ ու կապանք և մահ կտամ, եթե հանձն չառնես աստվածներին պաշտամունք մատուցել։ Մանավանդ այս մեծ Անահիտ տիկնոջը, որը մեր ազգի փառքն է ու կեցուցիչը, որին բոլոր թագավորներն են պաշտում, և հատկապես Հունաց թագավորը։ Նա է բոլոր զգաստությունների մայրը, բարերարը ամբողջ մարդկային բնության և դուստրը՝ մեծ, արի Արամազդի։

Գրիգորը ճարտարախոսությամբ դարձյալ մերժում է արքայի պահանջը։ Տրդատը նորից է փորձում հորդորել Գրիգորին՝ հետ կանգնելու իր նոր դավանանքից, սակայն ապարդյուն։ Այնժամ Տրդատը հրամայում է Գրիգորի ձեռները հետևից կապել, բերանին բերանակապ դնել, մեջքին մի մեծ կտոր աղաքար դնել, կրծքին գելարան1կապել և գելարանի կապերից պարաններ գցելով՝ գլխիվայր կախել ապարանքի բարձր տանիքից։ Այդպես յոթ օր Գրիգորը մնում է գլխիվայր կախված։ Յոթ օրից հետո թագավորը հրաման է տալիս արձակել կապանքները և Գրիգորին բերել իր մոտ։ Գրիգորը արքայի առաջ դարձյալ մնում է անհողդողդ իր հավատի մեջ։ Տրդատը քանիցս մեկը մյուսից ծանր մարմնական պատիժների ու չարչարանքների է ենթարկում Գրիգորին, բայց նա միշտ մնում է տոկուն։

Երբ բոլոր տանջանքներն ու պատիժներն ապարդյուն են անցնում, հայոց նախարարներից մեկը՝ Տաճատը, մոտենում է Տրդատին և հայտնում.

— Դա որդին է մահապարտ Անակի, որն սպանեց քո հորը՝ Խոսրովին, և խավար բերեց Հայոց աշխարհին, կորստի ու գերության մատնեց այս երկիրը։ Արդ, դա արժանի չէ ապրելու, քանի որ վրիժապարտի որդի է։

Տրդատը երբ իմանում է, որ Գրիգորը պարթև Անակի որդին է, անմիջապես հրամայում է կապել ոտքերը, ձեռներն ու պարանոցը և տանել Արտաշատ քաղաքի բերդի դղյակը, իջեցնել ստորգետնյա բանտը՝ Խոր Վիրապը, որպեսզի այդ խորությունից չկարողանա դուրս գալ և այնտեղ էլ մահանա։

Այդտեղից Տրդատը շարժվում, գնում է Այրարատ գավառի իր ձմեռանոցը՝ Վաղարշապատ։

Գրիգորը Խոր Վիրապում մնում է տասներեք տարի։ Այդ տարիների ընթացքում մի այրի կին, որ բնակվում էր բանտի բերդում, երազում հրաման է ստանում՝ օրական մի նկանակ2 հաց տանել և գցել Խոր Վիրապ։ Գրիգորն այս այրի կնոջ նետած հացով խոր Վիրապում ապրում է ամբողջ տասներեք

----------------------------------

1 Պատժի գործիք, որի միջոցով պոկում, ոլորելով սեղմում, ճնշում էին պատժվողին։

2 Հացի կլորավուն տեսակ, բոքոն, բլիթ։

[էջ 87]

տարի։ Խոր վիրապում, ուր իջեցնում էին բովանդակ Հայաստանի չարագործ մահապարտներին մեռնելու համար, ոչ մի մարդ կենդանի չէր մնում։ Բոլորը մեռնում էին անտանելի տեղի, թանձր տիղմի, հեղձուցիչ օդի և օձերի ու կարիճների առատության պատճառով։

Իսկ այդ ժամանակամիջոցում քաջ Տրդատը ավերում ու քանդում էր պարսից տերությունն ու Ասորեստանը, մեծ վնասներ հասցնում պարսից թագավորությանը։ Նրա քաջություններն այնպիսի համբավ էին ձեռք բերել, որ անգամ դարձել էին ժողովրդական առակավոր խոսքի առարկա. «Ինչպես սեգ Տրդատը, որն իր հզորությամբ ավերեց գետերի թմբերը և իր իսկ զորությամբ ցամաքեցրեց ծովերի հորձանքը»1։ Նա իրոք սեգ էր իր հաղթանդամ արտաքինով, զորեղ կազմվածքով, վիթխարի ուժով, քաջ էր ու կատաղի պատերազմող։

ՏՐԴԱՏ ԵՎ ՀՌԻՓՍԻՄԵ*

Տրդատը զգուշանալով քրիստոնեության ուսմունքի հետևորդներից, հրովարտակ է արձակում իր իշխանությանը ենթակա բոլոր երկրների մեծամեծներին, իշխաններին, նախարարներին, գործակալներին, բոլոր մարդկանց։ Հրովարտակն սկսվում էր այսպես.

«Թող ողջո՜ւյն և խաղաղություն հասնի աստվածների օգնությամբ, առատ լիություն՝ արի Արամազդից, խնամակալություն՝ Անահիտ տիկնոջից, քաջություն հասնի ձեզ ու ամենայն Հայոց աշխարհիս՝ քաջն Վահագնից։ Թող հունաց իմաստությունը հասնի կայսերական դաստակերտիդ և հոգատարություն լինի մեր դիցախառն պարթևներից, թագավորների փառքից և քաջ նախնիներից»։

Այնուհետև հրովարտակի մեջ նշվում էր, որ երկիրը շեն ու լի, աստվածների պաշտամունքի կարգերն ու թագավորական օրենքները, երկրի խաղաղությունն ու անվտանգությունը ամուր պահելու նպատակով անհրաժեշտ է առավել զորացնել աստվածների պաշտամունքն ու պատվել նրանց զոհերով, դաժան ու անխնա պայքար մղել բոլոր նրանց դեմ, ովքեր կհանդգնեն անպատվել աստվածներին կամ տարածել իրենց նոր՝ քրիստոնեական կրոնը։

Առանձնապես պատվիրում էր հայտնաբերել այդ նոր կրոնի հետևորդներին, պատժել, նրանց հայտնաբերողներին խոստանալով արքունի պարգևների ու շնորհների արժանացնել։

Այդ օրերին Հռոմի Դիոկղետիանոս կայսրը կամենում է ամուսնանալ։ Նա նկարիչներ է ուղարկում իր տերության տարբեր կողմերը՝ նկարելու բոլոր գեղեցիկ կանանց և ներկայացնելու իրեն, որին ինքը հավանի, նրա հետ էլ ամուսնանա։

Նկարիչները գալիս են Հռոմ քաղաքը և լեռներում մեկուսացած մի գաղտնի կուսանոց են գտնում, ուր ժուժկալ կյանքով ապրում ու աղոթում էր քրիստոնյա կույսերի մի բազմություն։ Կույսերի գլխավորն էր Գայանե անունով մի պարկեշտ կին, որի սաներից էր արքայական տոհմից սերող, ժամանակի նշանավոր մարդկանցից մեկի դուստր, չքնաղ գեղեցկության տեր Հռիփսիմեն։

Նկարիչները գալիս, բռնությամբ մտնում են կուսանոցը և շլանում Հռիփսիմեի սքանչելի գեղեցկությամբ։ Նրանք իսկույն Հռիփսիմեին նույնությամբ նկարում են տախտակի վրա և տանում, ներկայացնում են թագավորին։ Դիոկղետիանոսը հիանում է Հռիփսիմեի նկարով, լցվում տռփանքի կատաղի ցանկությամբ և անմիջապես հարսանիքի պատրաստություն տեսնում։ Նա շտապ պատգամավորներ ու պատվիրակներ է ուղարկում բոլոր երկրները, որպեսզի ամենքը իրենց օժիտներով ու ընծաներով գան ներկայանան արքայական մեծ հարսանիքին։

Կույսերն իմանալով կայսեր մտադրությունը՝ Գայանեի գլխավորությամբ փախչում են Հռոմից և երկար ճանապարհ կտրելով, գալիս հասնում են Հայոց երկիրը։ Նրանք գալիս ապաստանում են արքայանիստ Վաղարշապատի այգիների հնձաններում, ապրում՝ քաղաքում իրենց ունեցվածքը վաճառելով։ Կույսերից մեկը, որ գիտեր ապակեգործության արհեստը, ապակյա ուլունքներ էր պատրաստում, վաճառում, ապահովում իրենց օրական ապրուստը։

-------------------------------------

1 Ներքևում դրվում է հին հայերեն բնագիրը.

«Իբրև զսէգն Տրդատ, որ սիգալովն աւերեաց զթումբս գետոց, և ցամաքեցոյց իսկ ի սիգալն իւրում զտրձանս ծովուց»։

* Շարադրված է ըստ Ագաթանգեղոսի «Հայոց պատմության»։

[էջ 88]

Կույսերի անակնկալ փախուստը մեծ տագնապ է բարձրացնում ամբողջ հունա–հռոմեական աշխարհում։ Նրանց սկսում են լարված որոնել ամենուրեք։ Դիոկղետիանոսը հրովարտակ է հղում Մեծ Հայքի թագավոր Տրդատին, խնդրելով անմիջապես գտնել Հայոց աշխարհ փախած կույսերին, բոլորին չարաչար մահվան արժանացնել, բացի Հռիփսիմեից։

«Այդ խաբված չքնաղագեղ կույսին այստեղ ինձ ուղարկիր։ Իսկ եթե նրա գեղեցկությունը քեզ հաճո թվա, այդտեղ մոտդ կպահես, քանզի նրա նմանը երբեք չգտնվեց մեր Հունաց աշխարհում»,— գրում էր Դիոկղետիանոսը Տրդատին։ Տրդատն անմիջապես սկսում է որոնումները Հայոց աշխարհի բոլոր կողմերում։ Փակում են ու հսկում բոլոր գավառների մուտքերը, ճանապարհները, քաղաքների պողոտաները։ Կույսերի հետքերը, սակայն, շուտով հայտնաբերվում են։ Մեկը, որ տեսել էր նրանց, հայտնում է, որ նրանք թաքնված են Վաղարշապատի այգեստանների հնձաններում։

Անմիջապես հանձնարարվում է հետևակ զորքի մի վաշտի՝ շրջապատել հնձանները և կույսերին առայժմ արգելափակել այդտեղ։ Երկու օր շարունակ կույսերը մնում են հնձաններում՝ զինվորներով վահանափակ շրջապատված։ Երկու օր անց Հռիփսիմեի պարկեշտության ու չքնաղ գեղեցկության համբավը հռչակվում է բազմամբոխ հրապարակներում ու տարածվում։ Նրա գեղեցկությունը տեսնելու համար հնձանների մոտ գալիս ու կիտվում է խուռներամ բազմություն։ Խառնիճաղանջ ամբոխին են միանում նախարարները, ավագանու մեծամեծները, ազնվական մարդիկ, թույլ տալով ցոփ ու վավաշոտ արտահայտություններ կույսերի հասցեին։

Երբ կույսերը լսում են դրանք, ողբաձայն ողբում են իրենց աստծուն՝ փրկելու իրենց զազրելի հեթանոսների անօրեն պղծությունից։ Նրանք ծածկելով իրենց երեսները, ընկնում են գետին, պառկում, ամաչելով լկտի ականատեսներից։

Տրդատին իր մտերիմ ականատեսները պատմում են Հռիփսիմեի աննման գեղեցկության մասին։ Մյուս օրը առավոտյան, այգաբացից առաջ, Տրդատը հրամայում է Հռիփսիմեին արքունիք բերել, իսկ Գայանեին մնացած կույսերի հետ թողնել հնձաններում։

Արքունիքից շտապ ոսկեպատ գահավորակներ են բերում, սպասավորներով հանդերձ, հասցնում քաղաքից դուրս գտնվող հնձանի դուռը։ Բերում են նաև ազնիվ, գեղեցիկ, փափուկ ու պայծառ հանդերձներ, ընտիր արզուզարդ, որպեսզի Հռիփսիմեն հագնի դրանք, զարդարվի, շուքով ու պատվով քաղաք մտնի և ներկայանա թագավորին։ Թագավորը թեպետ չէր տեսել Հռիփսիմեին, բայց ասածներից գիտեր նրա վայելուչ գեղեցկության մասին և որոշել էր կնության առնել նրան։

[էջ 89]

Գայանեն երբ տեսնում է արքայական այս շքեղ պատրաստությունը, աղերսում է Հոիփսիմեին, հեթանոսական այդ շուքից չգայթակղվել և հավատարիմ մնալ իր հավատին։

Իսկ դրսում ամբոխվել էր արքունի սպասավորների, նախարարների, ավագանու, մեծամեծերի բազմությունը, որ եկել էր Հոիփսիմեին պատիվ տալու, արքունիք ուղեկցելու, Տրդատ թագավորին կնության տանելու և հայոց տիկնության արժանացնելու համար։

Հռիփսիմեն աղոթում է և ամբողջ հոգով վճռում հրաժարվել իրեն մատուցվող այդ բոլոր պատիվներից։

Երբ Տրդատին հայտնում են Հռիփսիմեի մերժման մասին, թագավորը կարգագրում է.

— Քանի որ չկամեցավ գալ իր կամքով, պատվով, շքեղությամբ, թող բռնությամբ բերեն մինչև ապարանքս և ներս բերեն արքունի սենյակ։

Թագավորի սպասավորները գալիս, Հոիփսիմեին բռնությամբ հանում են հնձանից, մերթ բարձրացրած, մերթ քարշ տալով տանում են դեպի պալատ։ Իսկ ամբոխը, որ հետևում էր Հռիփսիմեին, փողեր էր հնչեցնում, աղմկում, գոռում, գոչում էր, երկիր թնդացնում։

Սպասավորները Հռիփսիմեին տանում, մտցնում են թագավորի ապարանքը, փակում արքունի սենյակում։

Հռիփսիմեն սկսում է աղոթել և փրկություն հայցել աստծուց։ Այդ միջոցին ներս է մտնում Տրսատը, իսկ ապարանքից դուրս, փողոցներում մարդիկ խռնված՝ սկսում են երգել ու պարել, վազել ու թռչկոտել. մի մասը լցվում է բերդը, մյուսը՝ քաղաքում պատրաստվում է հարսանեկան խնջույքի, երգի ու պարի։

Թագավորը ներս մտնելով, փորձում է բռնությամբ տիրանալ գեղեցկուհուն։ Հռիփսիմեն իր պատիվը փրկելու ներքին մղումից զորացած՝ մաքառում է Հունաց աշխարհում օլիմպիական խաղերում մարտնչած, բազում կռիվներում միշտ հաղթանակած հզոր ու հաղթանդամ Տրդատի դեմ։ Այդ անհավասար մաքառումը տևում է մոտ յոթ ժամ, ցերեկվա ժամը երեքից մինչև երեկոյան տասը և ավարտվում Հռիփսիմեի կատարյալ հաղթանակով։ Հռիփսիմեն չի հանձնվում, իսկ Տրդատը մարտնչելուց հոգնում է, թուլանում։ Պարտված թագավորը դուրս է գալիս սենյակից և վիզը պարան գցած՝ բերել է տալիս Գայանեին, կանգնեցնում սենյակի դռանը, ինքը մտնում ներս և սպասավորներին պատվիրում, որ ստիպեն չհրապուրվող Գայանեին՝ դրսից դիմել սենյակում գտնվող Հռիփսիմեին, կատարելու թագավորի կամքը, որպեսզի իրենք փրկվեն։

Գայանեն հանձն է առնում խոսել իր սանի հետ։ Նա մոտենում է դռանը, դիմում ներսում գտնվող Հռիփսիմեին.

— Որդյակ, Քրիստոսը քեզ պղծությունից թող հեռու պահի և զորավիգ լինի, աստծո կենաց ժառանգությունից դուրս չգաս՝ ժառանգելու այս անցավոր աշխարհը, որը ոչինչ է, այսօր կա և վաղը կկորչի։

Երբ սպասավորները լսում են, թե ինչ խրատ է տալիս նա իր սանին, քարեր են բերում, խփում Գայանեի բերանին, ատամները թափում, ստիպում, որ նա հորդորի Հռիփսիմեին թագավորի կամքը կատարելու։

Համառ ու անզիջում Գայանեն դարձյալ նույն կարգի խրատներ ու հուսադրական խոսքեր է դռան արանքից շշնջում իր սանին։ Նրան դռան մոտից հեռացնում են, բերանը քարերով ջարդում, սակայն նա մնում է անկոտրում։

Իսկ սենյակի ներսում շարունակվում էր պայքարը Տրդատի և Հռիփսիմեի միջև։ Պայքարը տևում է առավոտից մինչև գիշերվա առաջին ժամը։ Կամքով արիացած աղջիկը ուժեղ հարվածներ տեղալով թագավորի վրա, նրան պարտության է մատնում։ Տրդատը հոգնած ու թուլացած վայր է ընկնում։ Զայրացած Հռիփսիմեն թուլացած թագավորին մերկացնում է հանդերձներից, ամոթալի վիճակում թողնում նրան ընկած և հեռանում։

Հռիփսիմեն թափով բաց է անում սենյակի դռները, գզգզված ու պատառոտված զգեստներով դուրս է գալիս սենյակից, ճեղքում ամբոխը, անցնում քաղաքի միջով, դուրս է ելնում քաղաքի արևելյան կողմի Արեգ դռնից, գնում հնձանում գտնվող իրենց կացարանը, ընկերուհիներին ավետում իր հաղթանակը, ապա անցնում գնում քաղաքից հեռու հյուսիս-արևելքում գտնվող մի ավազուտ սարավանդ, որի կողքով անցնում էր Արտաշատ տանող ճանապարհը։ Այստեղ նա ծնկի է իջնում և սկսում աղոթել։

[էջ 90]

Մինչ Հռիփսիմեն ծնկաչոք աղոթում էր, գիշերով վրա են հասնում թագավորի իշխանները, դահճապետը՝ դահիճների հետ միասին, վառված ջահերը ձեռներին պահած։ Դահիճներն իսկույն մոտենում են Հռիփսիմեին, ձեռները հետևը կապում, լեզուն կտրում, ապա վրայից հանում գզգզված հանդերձները, գետնին չորս ցից խփում, երկուսը՝ ոտքերից, երկուսը՝ ձեռներից կապում, պրկում ցցերի վրա, ջահերը մոտեցնում, այրում են մարմինը հրով, գոգը քարեր լցնում, մաս-մաս կտրատում և ասում.

— Ով որ հանդգնի թագավորների հրամաններն անարգել և արհամարհել, այս ձևով կոչնչացվի։

Կույսերի հետ Վաղարշապատ էին եկել նաև այլ քրիստոնյաներ՝ շուրջ յոթանասուն կանայք և տղամարդիկ։ Նրանց մի մասը իմանալով Հռիփսիմեի նահատակության լուրը, գիշերով գալիս են հավաքելու և թաղելու նրա մարմնի մասերը։ Հանդիպելով ղահիճներին՝ բոլորն էլ սրի են քաշվում։ Իսկ Տրդատը, մոռացած իր նվաստացումն ու պարտությունը, Հռիփսիմեի գեղեցկության սիրով վառված, իր արքունի առանձնասենյակում տխուր սգում էր աղջկա մահը։

Վաղ առավոտյան թագավորի մոտ է գալիս դահճապետը, Գայանեի սպանության հրամանը ստանալու։ Տրդատը իր սիրո վշտից մոռացած, որ Հռիփսիմեն սպանված է, տակավին մտորում էր Հռիփսիմեին համոզելու և իր մոտ բերելու մասին, երբ դահճապետը ազդարարում է.

— Այդպես կկորչեն քո բոլոր թշնամիները, արքա, որոնք աստվածներին և ձեր՝ թագավորներիդ, հրամանը կանարգեն։ Սակայն կա դեռ այն կախարդը, որն ապականելով կորցրեց չքնաղագեղ աղջկան։

Թագավորը երբ նորից է իմանում, որ գեղեցկուհի Հռիփսիմեն մեռած է, դարձյալ տխրում է, իջնում գահից, նստում գետնին և սկսում լալ ու ողբալ գեղեցկուհու կորուստը։ Ապա իրեն հավաքելով ոտքի է կանգնում և արձակում Գայանեի մահվան հրամանը։ Թագավորը կարգադրում է նաև Գայանեի լեզուն ծոծրակից հանել և ապա սպանել, քանզի համարձակվել էր նա իր վնասակար խրատներով կորստյան մատնել այնպիսի կույսի, որը մարդկանց մեջ օժտված էր աստվածների գեղեցկությամբ։ Իսկ նա իր խրատներով անշնորհակալ գտնվեց աստվածների հանդեպ, որոնք Հռիփսիմեին գեղեցկություն էին շնորհել։

Դահճապետը պալատից դուրս գալով, կարգադրում է շղթայակապ անել Գայանեին իր երկու ընկերուհիների հետ միասին և տանել քաղաքից դուրս, հանել հարավային դռնից դեպի Մեծամորի կամուրջը տանող ճանապարհի մոտ գտնվող ճահճուտը, որտեղ ըստ սովորության, սպանում էին բոլոր մահապարտներին։

Քաղաքի շուրջը պտտվող խրամ փոսի մոտ յուրաքանչյուրի համար չորս ցից է տնկել տալիս, մերկացնում կույսերին, պրկում ցցերի վրա, լեզուները ծոծրակներից հանում, մորթազերծ անելով՝ գլուխները կտրում։ Այնուհետև դահճապետը սրի է քաշում նաև կույսերի հետ Հռոմից եկած մնացած քրիստոնյաներին։

ՏՐԴԱՏԻ ԴԻՎԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԲՈՒԺՈՒՄԸ*

Հռիփսիմեի սպանությունից հետո Տրդատը վեց օր սուգ է մտնում, մնում խոր տրտմության մեջ, անհուն կարոտով ու կսկիծով հիշում Հռիփսիմեին։ Յոթերորդ օրը թագավորը վճռում է որսի դուրս գալ և որսի մեջ մոռանալ իր վիշտը։ Նա որոշում է որսի ժամը, հրամայում է զորքին՝ հավաքել բերել որսի զենքերը, տագնապ բարձրացնել, լարել ցանցերն ու թակարդները և որսի դուրս գալ Փառական Շեմակաց դաշտում։

Երբ Տրդատը արքայական կառքը նստած քաղաքից դուրս է գալիս, հանկարծ դիվահարվում է և կառքից վայր տապալվում, սկսում է մոլեգնել ու իր մսերը կրծել։ Նա վարազի կերպարանք է ընդունում, մտնում եղեգնուտը, դառնում խոտաճարակ։ Թեպետ քանիցս կամենում են նրան քաղաք բերել, արգելափակել, սակայն նրա ահռելի ուժի և դիվահարության պատճառով չեն կարողանում։

Թագավորի բոլոր մերձավորները, ծառաներն ու սպասավորները մնում են շվարած ու ահաբեկված այդ ահավոր պատուհասից։

Տրդատի քույր Խոսրովիդուխտը երազ է տեսնում, նրան ասում են, որ թագավորի փրկությունը

-----------------------------

* Շարադրված է ըստ Ագաթանգեղոսի «Հայոց պատմության»։

[էջ 91]

կախված է միայն Խոր Վիրապում բանտարկված Գրիգորից։ Անհրաժեշտ է մարդ ուղարկել Արտաշատ, դուրս բերել բանտարկված Գրիգորին, որը և կդարմանի թագավորի ցավը։

Երբ Խոսրովիդուխտը իր մտերիմներին պատմում է երազը, սկսում են նրան միայն հեգնել ու ծաղրել, թե ինչպես մարդ կարոդ է տասնհինգ տարի կենդանի մնալ Խոր Վիրապում, երբ առաջին իսկ օրը այնտեղ ընկնողն իսկույն կմեոնի սոսկ օձերի ահռելի տեսքից։

Երազը կրկնվում է մի քանի անգամ, այն էլ սպառնալիքով, որ եթե անմիջաաես Գրիգորին չազատեն Խոր Վիրապից, ապա թագավորի տանջանքներն առավել կսաստկանան, կմահանա և նորանոր պատուհասների կենթարկվեն երկիրն ու ժողովուրդը։

Խոսրովիդուխտը այս անգամ մեծ երկյուղածությամբ ու զգուշավորությամբ պալատականներին պատմում է իր տեսած երազն ու սպառնալիքները։ 
Արքունիքից շտապ կարգով Արտաշատ են ուղարկում Օտա Ամատունուն։ Երբ Օտան գալիս է Արտաշատ, քաղաքացիք հարցնում են գալու պատճառը։ Իմանալով, որ նա եկել է Խոր Վիրապից բանտարկված Գրիգորին տանելու, շատ են զարմանում և կասկած հայտնում նրա կենդանի մնալու մասին։

Հաստ պարաններ են բերում, կապում իրար, կախում Վիրապի մեջ։ Օտան վերևից ձայն է տալիս։

— Գրիգո՜ր, ուր որ ես, դուրս ե՛կ, այդպես է հրամայված քո պաշտած աստծո կողմից։

Գրիգորն անմիջապես Խոր Վիրապում ոտքի է կանգնում, շարժում պարանը և ամուր բռնում։ Քաշում, հորից հանում են Գրիգորին. նրա ամբողջ մարմինը թխացել էր, ածուխի նման սևացել։

Իսկույն հանդերձներ են բերում, հագցնում և մեծ խնդությամբ Արտաշատից տանում Վաղարշապատ։

Խոզի կերպարանք մտած թագավորն անջատվում է վայրի խոզերի երամակներից և քաղաքի մոտ ընդառաջ է գալիս Գրիգորին։ Քաղաքի մոտ Գրիգորին դիմավորելու են գալիս նախարարները։

Երբ հեռվից նրանք տեսնում են բազմության հետ իրենց մոտեցող Օտային ու Գրիգորին, գալիս են ընդառաջ, ծունկի գալիս և ասում.

— Խնդրում ենք քեզանից՝ ներիր մեր հանցանքները, որ մենք գործել ենք քո դեմ։

Գրիգորը մոտենում է նրանց, ոտքի կանգնեցնում, ապա հարցնում նահատակված կույսերի տեղը։ Իմանալով, գնում է այնտեղ, հավաքում է բնավ չապականված նրանց մարմիններն ու մարմնի մասերը։ Նախարարները պատանքի համար շատ հանդերձներ են բերում, սակայն Գրիգորը արժանի չի համարում կույսերին այդ արքայական պատանքներում ամփոփել, այլ նրանց յուրաքանչյուրի մարմինը պատում է նրանց իսկ պատառոտված հանդերձներով և բերում, տեղավորում է այն հնձանում, որ կույսերի օթևանն է եղել։ Ինքն էլ մնում է այդ հնձանում և մինչև լույս աղոթում։

Հաջորդ օրը վարազակերպ թագավորը, նախարարները, ավագանու մեծամեծները խուռն ամբոխի ուղեկցությամբ գալիս, ծնկի են իջնում Գրիգորի և նահատակների մարմինների առջև և իրենց կատարած հանցանքների համար ներում հայցում։

Գրիգորը նրանց սկսում է քարոզել նոր կրոնի սկզբունքները և առաջարկում ճանաչել ու ընդլայնել այդ կրոնը, որպեսզի նրանք ազատվեն իրենց հետ պատահած այդ դժբախտությունից և նորանոր պատուհասներից։

Թագավորն ու նախարարները համաձայնում են ընդունել այդ կրոնը, եթե ամեն ինչ կներվի իրենց և պատուհասներն էլ կվերացվեն։

Գրիգորը 65 օր շարունակ նորադարձներին մանրամասն քարոզում է նոր վարդապետության հիմունքներն ու պատգամները, 65 օր թագավորն ու նախարարները պաս են պահում, թավալվում նահատակված կույսերի օթևանի առջև՝ մոխիրների մեջ, ապաշխարում, բժշկություն խնդրում։

66-րդ օրը Գրիգորը թագավորին, նախարարներին և ամբոխին պատմում է այդ գիշեր իր տեսած հրաշալի տեսիլքը՝ աստվածային պատգամներով, որոնցով պահանջվում էր տեսիլում երևացած ոսկե խարիսխ ունեցող հրեղեն սյան տեղում կառուցել աստծո տաճար, կույսերի զոհված տեղերում՝ վկայարաններ1, որպեսզի տուժածներն ու պատուհաս կրողները բուժվեն և իրենց ընդունած նոր հավատի մեջ ամրապնդվեն։

--------------------------

1 Նահատակված վկայի նահատակության տեղում կամ նրա նշխարների վրա կաասցված մատուռ։

[էջ 92]

Թագավորն ու նախարարները խնդրում են Գրիգորին՝ հրամայել անել տալ այդ ամենը, ինչպես ինքը կկամենա։

Գրիգորն անմիջապես կարգադրում է շինանյութ հայթայթել հիշյալ տաճարն ու վկայարանները արագ կառուցելու համար։

Հավաքված մարդկային բազմությունն այդ լսելով՝ արագ գործի է անցնում, յուրաքանչյուրը գնում է շինանյութ պատրաստելու և բերելու։ Հրամայված տեղերում բերում և կուտակում են վեմ, քար, աղյուս, մայրի փայտ։ Գրիգորը նույն տեղերում նախագծում է կառույցների հիմքերն ու հորինվածքը։ Բազմության նվիրված ջանքերով՝ արագորեն կառուցվում են երեք վկայարաններ, մեկը՝ քաղաքի հյուսիս-արևելյան կողմում, Հռիփսիմեի և երեսներկու ընկերների նահատակված տեղում, մյուսը՝ հարավային կողմում, ուր նահատակվել էր Գայանեն իր երկու ընկերուհիներով, իսկ երրորդը՝ այգիների մեջ՝ հնձանի տեղում, որը նրանց կացարանն է եղել1։

Այնուհետև Գրիգորը հրամայում է նահատակվածներից յուրաքանչյուրի համար մայրափայտից արկղի նման պինդ ու երկաթագամ տապաններ շինել։ Արագ պատրաստում են տապանները, բերում հնձանի դուռը։ Գրիգորը միայնակ, յուրաքանչյուր նահատակի տեղավորում է փայտե տապանի մեջ, ամրացնում, կնքում։

Իսկ Տրդատը, որ բացի մարդաբար խոսելուց և հասկանալուց, ամբողջապես խոզի կերպարանք ուներ, ձեռների ու ոտքերի թաթերը խոզի էին, մարմինը՝ խոզի թավ մազերով ծածկված, վարազի նման խոշոր ժանիքներով և գլխին քուրձ գցած ման էր գալիս, մոտենում է Գրիգորին, աղաչում, որ գոնե ձեռներն ու ոտները բուժելու հնար գտնի, որպեսզի ինքն էլ կարողանա այդ սուրբ շինվածքների կառույցին իր անձնական մասնակցությունը բերել։

Գրիգորը ծնկի է գալիս նահատակների դագաղների մոտ, ձեռները պաղատագին երկինք բարձրացնում, թագավորին և մյուս պատուհասվածներին բուժում հայցում։

Թագավորի ձեռների և ոտների կճղակները թափվում են, բուժվում։ Տրդատը Գրիգորից հարցնում է իր անելիքը։ Գրիգորը նրան է տալիս դագաղների չափը, որպեսզի յուրաքանչյուրի համար վկայարաններում գերեզմաններ փորվեն։ Տրդատը Գրիգորին խնդրում է, որպեսզի այդ գործին մասնակից դարձնի նաև իր կնոջը՝ Աշխեն տիկնոջը, և քրոջը՝ Խոսրովիդուխտին։ Գրիգորը համաձայնում է, Տրդատը կնոջ և քրոջ հետ գնում է նահատակների համար գերեզմաններ փորում, պատրաստում։ Գերեզմանները պատրաստելուց հետո Տրդատը գալիս Գրիգորից յոթնօրյա ճամփորդության թույլտվություն է խնդրում։

Թագավորը գնում, բարձրանում է բարձր Մասիսն ի վեր և Մասսի գագաթից կարծր, անտաշ, ծանր ու երկար քարեր պոկում, այնպիսի մեծամեծ քարեր, որ դրանցից մեկն անգամ մարդկանց բազմությունը չէր կարող տեղից շարժել։ Հսկայազոր թագավորը հսկա Հայկի նման այդ վիթխարի ժայռաբեկորներից ութ քար վերցնելով՝ դնում է իր թիկունքին և բերում հասցնում է նորակառույց

---------------------------------

1 Այս վկայարանները եղել են այժմյան Էջմիածին քաղաքում գտնվող Հռիփսիմեի, Գայանեի և Շողակաթի վանքերի տեղերում քրիստոնեական նախնական կառույցները։

[էջ 93]

վկայարանները։ Նա մեն-մենակ չորս քար կանգնեցնում է Հռիփսիմեի վկայարանի սեմին, իբրև հուշարձան կույսի հետ մղած իր անմիտ մարտի։

Վկայարանները կառուցելուց, ավարտելուց, հարդարելուց հետո նահատակների դագաղներն ամփոփում են խորանների տակ փորված գերեզմաններում և յուրաքանչյուրի վրա խաչ կանգնեցնում։

Ապա թագավորն ամբողջ ժողովրդի հետ գնում է այն վայրը, ուր Գրիգորի տեսիլի մեջ երևացել էր ոսկե խարսխի վրա հրեղեն սյունը։ Այդ վայրը շրջափակում են բարձր պարիսպներով, դռներ դնում, փակում և մեջտեղը խաչ տնկում։

Գրիգորն այնուհետև ծնկի է գալիս, աղաչում, աղոթում աստծոն, որ թագավորին և մյուս պատուհասվածներին բուժում տա։ Թագավորը, որ խոզի կերպարանքով կանգնած էր ժողովրդի մեջ, հանկարծ դողով է բռնվում, վրայի խոզի մորթը, ժանիքներն ու կնճիթակերպ դեմքը վայր են ընկնում, խոզի մազի թավությունից կոշտացած մաշկը թափվում է։ Տրդատը ձեռք է բերում իր մարդկային կերպարանքը՝ փափուկ ու մատղաշ մաշկով և լիովին բուժվում։ Նույն կերպ բուժվում են նաև բոլոր նրանք, ովքեր պատուհասվել էին այս կամ այն հիվանդությամբ։

Մեծ ցնծություն և ուրախություն է պատում ամենքին, սկսում են աշակերտներ հավաքել Հայաստանի տարբեր կողմերից՝ նոր կրոնի վարդապետությունն ուսուցանելու։ Արարատյան նահանգի արքայանիստ Վաղարշապատը դառնում է նոր կրոնի ուսուցման կենտրոն։

ՏՐԴԱՏՆ ՈՒ ԳՐԻԳՈՐԸ ԿՈՐԾԱՆՈՒՄ ԵՆ ՀԵԹԱՆՈՍԱԿԱՆ ՄԵՀՅԱՆՆԵՐԸ*

Գրիգորի առաջարկությամբ թագավորն ու իշխանները խորհուրդ են անում իսպառ վերացնելու հեթանոսությունը, կործանելու հին աստվածների բագիններն ու մեհյանները։

Տրդատը հրաման է տալիս այդ գործի իրականացումը հանձնարարել Գրիգորին։ 
Թագավորն ինքն անձամբ ամբողջ զորքով Գրիգորի հետ միասին, Վաղարշապատից շարժվում, գնում է Արտաշատ։ Նրանք նախ Արտաշատի ճանապարհին՝ Երազամույն կոչված տեղում, ուր բարձրանում էր Որմիզդի գրչի Դիվան անունով Տիր աստծո մեհյանը, ավերում և կործանում են։ Տեղի քրմերը իրենց պահապան գնդերով չկարողանալով դիմադրել արքունի զորքին, փախչում լցվում են Արտաշատում գտնվող Անահիտ դիցուհու մեհյանը։ Երբ Տրդատը զորքով մտնում է Արտաշատ և շրջապատում մեհյանը, նրանք ուժեղ դիմադրություն են ցույց տալիս, պարիսպների վրայից հարձակվողների վրա նետերի ու քարերի տարափ են տեղում, որոշ չափով կասեցնում հարձակումը։ Բայց մեհյանը հարձակվողների ճնշման տակ կործանվում է, կրակի մատնվում, ավերվում։ Այնտեղ ամբարված գանձերը բաժանում են աղքատներին, տառապյալներին և չքավորներին։ Այնուհետև Գրիգորը Տրդատի հետ միասին զորքով գնում է Դարանաղյաց գավառը1։ Այստեղ Թորդան գյուղում էր գտնվում սպիտակափառ Բարշամինա աստծո մեհյանը։ Նախ կործանում են մեհյանը, փշրում աստծո արձանը, կուտակված գանձերը, ոսկին ու արծաթը ավարի են մատնում և բաժանում աղքատներին։ Իսկ գյուղը իր բոլոր դաստակերտներով ու կալվածքներով նվիրում են եկեղեցուն, գավառի բնակիչներին քարոզում նոր կրոնի վարդապետությունը։

Թագավորն ու Գրիգորը Թորդանից անցնում են Անի ամրոցը, ուր ամփոփված էին հայոց թագավորների գերեզմաններն ու գանձերը։ Այստեղ էր գտնվում նաև աստվածների հայր Արամազդի բագինը։ Նրանք ավերում են այն, տեղում խաչ կանգնեցնում, իսկ ավանն իր ամրություններով հանդերձ նվիրում եկեղեցուն։ 
Այստեղից Տրդատն ու Գրիգորը անցնում են սահմանակից Եկեղյաց գավառը, որտեղ գտնվում էին հայոց թագավորների բուն պաշտամունքի վայրերը։ Դրանցից գլխավորը Երիզա ավանում գտնվող Անահիտ դիցուհու մեհյանն էր, որը վահանավոր զինվորներով պահպանում էին քրմերը՝ ընդդեմ

------------------------------

* Շարադրված է ըստ Ագաթանգեղոսի «Հայոց պատմության»։

1 Գտնվում է Բարձր Հայքում, Եփրատ գետի հովտում՝ Երզնկայից հարավ-արևմուտք։

[էջ 94]

արքունի զորքի։ Սակայն նրանց դիմադրությունը շուտով կոտրվում է, տաճարի բարձրաբերձ պարիսպները կործանվում են և հարթեցվում։ Գրիգորը թագավորով հանդերձ և զորքի օժանդակությամբ փշրում են Անահիտ դիցուհու ոսկյա արձանը, քանդում տաճարը, ոսկին ու արծաթր ավարի մատնում։ Ապա այնտեղից Գայլ գետի վրայով անցնում են Թիլ ավանը, ուր գտնվում էր Արամազդի դուստր Նանեի մեհյանը։ Զույգ մեհյանների գանձերը ավարի ենթարկելով, կալվածքներն ամբողջությամբ նվիրում են եկեղեցուն։

Այնուհետև Գրիգորն ու Տրդատը զորքով անցնում են Դերջան գավառը, քարոզելու նոր կրոնի սկզբունքներն ու դարձի բերելու տեղի հայ հեթանոս բնակչությանը։ Բագահառիջ գյուղում գտնվող Արամազդի որդի Միհրի մեհյանը հիմքից քանդում են, կուտակված գանձերը ավարի մատնում և աղքատներին բաժանում, իսկ կալվածքները նվիրում եկեղեցուն։

Հեթանոսական մեհյանները քանդելուց, դրանց տեղերում խաչեր տնկելուց հետո, թագավորն ու Գրիգորը վերադառնում են Վաղարշապատ։ Տրդատն այստեղ իր կին Աշխեն տիկնոջ և քրոջ՝ Խոսրովիդուխտի համաձայնությամբ հրաման է տալիս իր բոլոր զորքերին, իրենց զորահրամանատարներով միատեղ ժողովի հավաքվել։ Երբ բոլոր զորքերը իրենց իշխանների, զորապետների և բոլոր նշանավոր մարդկանց հետ ներկայանում են թագավորին, վերջինս բոլորի հետ խորհրդակցելով, առաջարկում է Գրիգորին դարձնել հոգևոր հովիվ, այսինքն՝ կրոնական առաջնորդ, որպեսզի ժողովրդին քրիստոնյա դարձնի և մկրտի։ Գրիգորը մերժում է թագավորի առաջարկը, առարկելով թե՝

— Չեմ կարող համբերել, դիմանալ անչափ բարձրությանը, քանզի անպատում է քրիստոսատուր փառքի առաջնորդության պատիվը՝ միջնորդ դառնալու աստծո և մարդկանց միջև։ Լավ կանեք, եթե ուրիշ արժանի մարդ գտնեք։

Տրդատին ու Գրիգորին տեսիլ է երևում և պարտավորեցնում է Գրիգորին՝ ստանձնելու քահանայապետության պաշտոնը։ Գրիգորը համաձայնում է։ Այնժամ Տրդատը հավաքում է Հայոց աշխարհի 16 գլխավոր նախարարներին ու կուսակալներին և հատուկ հրովարտակով Գրիգորի հետ ուղարկում Կեսարիա քաղաքը, Գրիգորին Հայոց աշխարհի քահանայապետ օծելու համար։

Իշխաններն ու կուսակալները կազմ ու պատրաստ, իրենց հետ վերցնում են տարբեր ընծաներ՝ ոսկի ու արծաթ, ձիեր ու ջորիներ, զանազան շքեղ հանդերձներ, Գրիգորին նստեցնում են սպիտակ ջորիներ լծած արքունական ոսկեպատ կառքը, իրենք էլ նստում են կառքեր կամ երիվարներ, յուրաքանչյուրն իր զորագնդով, զինանշաններով Վաղարշապատից մեկնում են Հունաց կողմերը։ Ճանապարհին, տարբեր քաղաքներում ու ավաններում նրանց դիմավորում են մեծ ցնծությամբ ու ուրախությամբ, բազում պատիվների ու հյուրասիրության արժանացնում։

Այսպիսի հարգով ու պատվով նրանք հասնում են Կեսարիա, ներկայանում Ղևոնդիոս կաթողիկոսին, հանձնում Տրդատի հրովարտակն ու ընծաները։ Ղևոնդիոսն ու մյուս քահանայապետները

[էջ 95]

մեծ սիրով ու ուրախությամբ են ընդունում հայոց պատվիրակությանը, պատշաճ պատիվների արժանացնում։ Ապա Ղևոնդիոսը եպիսկոպոսական մեծ ժողով է գումարում և Գրիգորին ձեռնադրում են Հայոց աշխարհի քահանայապետ, նրան շնորհելով եպիսկոպոսի աստիճան։

Այնուհետև Կեսարիայի կաթողիկոսն ու եպիսկոպոսները մեծ պատվով, հատուկ նամակով ու ընծաներով հայոց պատվիրակությանը ճանապարհ են դնում դեպի Հայաստան։ Պատվիրակությունը գալիս հասնում է Սեբաստիա քաղաքը, որտեղ Գրիգորը հանդիպում է բազմաթիվ քրիստոնյա կրոնավորների, համոզում է նրանց իր հետ գալ Հայաստան քահանայության կարգի արժանացնելու, քրիստոնեությունը տարածելու և ամրապնդելու համար։

Կրոնավորների մեծ խմբեր հավաքելով՝ Գրիգորը հայոց պատվիրակության հետ մեծ շուքով վերադառնում է Հայաստան։

Երբ գալիս հասնում են Հայաստանի սահմանները, Գրիգորը իմանում է, որ տակավին կանգուն է մնում Տարոն գավառի Վահեվանյան հռչակավոր ու մեծագանձ մեհյանը՝ լի ոսկով ու արծաթով և մեծամեծ թագավորների կողմից նվիրաբերված հարուստ ու բազմազան ընծաներով։ Վահեվանյան մեհյանը հայոց ութերորդ հռչակավոր պաշտամունքատեղն էր, ձոնված Վիշապաքաղ Վահագնին, որ գտնվում էր Եփրատ գետի ափին, Քարքե լեռան վրա՝ Տավրոս մեծ լեռան դիմաց։ Վահագնի այս մեհյանը Մեծ Հայքի թագավորների զոհատեղին էր, որը հաճախակի զոհեր մատուցելու պատճառով կոչվում էր Աշտիշատ1։

Այստեղ Վահագնի Վահեվանյան մեհյանի կողքին տակավին շեն ու կանգուն էին մնում նաև Անահիտին կամ Ոսկեմայր դիցուհուն ձոնված բագինը, ինչպես նաև Աստղիկ դիցուհու մեհյանը, որ կոչվում էր Սենյակ Վահագնի։

Գրիգորն, ահա, գալիս է Աշտիշատ, որպեսզի քանդի ու կործանի այս երեք մեհյանները, որտեղ մարդիկ տակավին հին սովորությամբ շարունակում էին զոհեր մատուցել։

Գրիգորը Կեսարիայից իր հետ էր վերցրել նաև Հովհաննես Մկրտչի2 և Աթանագինեսի3նշխարները։ Երբ պատվիրակությունը գալիս հասնում է Եփրատ գետի ափին, մեհյանների դիմաց և կամենում է վեր բարձրանալ դեպի այն բարձրավանդակը, որի վրա կառուցված էին մեհյանները, սպիտակ ջորիներ լծած կառքը, որի վրա դրված էին սրբերի նշխարները, կանգ է առնում և այլևս չի կարողանում ձորակն անցնել։ 
Այդ պահին Գրիգորին տեսիլ է երևում և նրան ցուցում է տրվում նույն այդ տեղում կառուցել մատուռ և սրբերի ոսկորների նշխարներն այնտեղ թաղել։

Գրիգորի կարգադրությամբ զորքն իսկույն գործի է անցնում, արագ կառուցում է մատուռը, գերեզման է փորում և սրբերի ոսկորներն ամփոփում այնտեղ։ 
Գրիգորը զորքին հրաման է տալիս՝ բարձրանալ վերև և մուրճերով կործանել հեթանոս աստվածների մեհյանները։ Սկզբում այդ զորքին չի հաջողվում, բայց Գրիգորի քաջալերանքով ու օգնությամբ հիմնովին ավերում են մեհյանները, քրմերին ու նրանց մոտ ծառայության եղած մարդկանց կոտորում։

Գրիգորը հավաքում է տեղի բնակիչներին, քրիստոնեություն քարոզում, ապա մեհյանների տեղում եկեղեցու հիմքեր գցում և պաշտամունքի սեղան և մկրտության ավազան կառուցում։ Եվ քանի որ ինքը օծված եպիսկոպոս էր, այստեղ Տարոնում էլ նա հիմք է դնում եկեղեցիների շինարարությանը։ Գրիգորը Տարոնում մնում է քսան օր և տեղացի բնակիչներից մոտ 190 հազ. մարդու մկրտում, դարձնում է

-----------------------------

1 Յաշտ նշանակում էր զոհ, մատաղ, շատ՝ տեղ, վայր. հետևաբար յաշտիշատ կամ աշտիշատ նշանակում էր զոհավայր, զոհերի տեղ, զոհատեղի։

2 Հովհաննես Մկրտիչը, ըստ քրիստոնեական ավանդության, Քրիստոսին Հորդանան գետում մկրտողն էր, որից էլ մակդիրը՝ Մկրտիչ։ Նա հայոց մեջ կոչվում է նաև Կարապետ, այսինքն՝ առաջինը, առաջնեկը, իբրև առաջինը Քրիստոսին մկրտող։ Այնտեղ, ուր Գրիգոր Լուսավորիչը թաղում է Հովհաննես Մկրտչի նշխարները, հետագայում կառուցվում է Մշո սուրբ Կարապետի հռչակավոր վանքը, որը Էջմիածնից հետո հայոց ամենանշանավոր սրբավայրն ու ուխտատեղին էր։ Վահագնի հին հեթանոսական պաշտամունքը, սրբավայրի տեղի նույնության պատճառով միաձուլվում է ս. Կարապետի պաշտամունքին, որին ժողովուրդը կոչում էր Մշո սուլթան, այսինքն՝ Մշո թագավոր, տեր։

3. Աթանագինեսը եղել է Սեբաստիայի եպիսկոպոս և քրիստոնեության մոլի քարոզիչ, նահատակվել է, որի պատճառով էլ քրիստոնեական եկեղեցու կողմից սրբացել։

[էջ 96]

քրիստոնյա։ Այնուհետև այս նույն օրինակով նա Տարոնի տարբեր վայրերում եկեղեցիներ է կառուցում և քահանաներ կարգում։

Տրդատը, երբ լսում է Գրիգորի գալուստը, վերցնում է տիկնոջը՝ Աշխենին, և քրոջը՝ Խոսրովիդուխտին, և մեծ զորքով Վաղարշապատից ելնում, գալիս է Գրիգորին դիմավորելու։ Նա գալիս հասնում է Բագավան գյուղաքաղաքը և այստեղ նստում, սպասում Գրիգորին։ Գրիգորն այդ ընթացքում տարբեր գավառներում, շեներում ու ավաններում եկեղեցիներ է կառուցում, մկրտություն կատարում, քահանաներ կարգում։ Ապա գալիս է հասնում Բագավան։ Թագավորը ամբողջ զորքով դուրս է գալիս նրան ընդառաջ և Եփրատ գետի ափին դիմավորում նրան։

Տրդատին են հանձնում Ղևոնդիոս կաթողիկոսի օրհնության նամակը, որն ընդունվում է մեծ ցնծությամբ ու ուրախությամբ։ Գրիգորն այնուհետև կարգադրում է արքայական բանակին պասով ու աղոթքով անցկացնել, իսկ ինքը Բագավանում և կից գավառներում շարունակում է նոր կրոնի քարոզը, եկեղեցիների կառուցումը, քահանաների կարգումը։

Երբ պասի ու աղոթքի ժամկետը լրանում է, Գրիգորը վերցնում է ամբողջ զորքը, թագավորին, թագուհուն, Խոսրովիդուխտին, բոլոր մեծամեծներին ու իշխաններին, վաղ առավոտյան իջնում Եփրատի ափը և բոլորին մկրտում։

Այնուհետև նա յոթ օր շարունակում է այդ արարողությունը և մկրտում շուրջ չորս միլիոն մարդ՝ կին, տղամարդ ու մանուկ։

Քրիստոնեության ուսմունքի նահատակների՝ Հովհաննես Մկրտչի և Աթանագինեսի հիշատակը հավերժացնելու նպատակով, Գրիգորը կարգադրում է Բագավանում պաշտվող Ամանոր և Վանատուր հեթանոս աստվածների տոնը՝ Նավասարդի օրը, վերածել այդ քրիստոնեական սրբերի տոնի։

Նա Տրդատին խնդրում է երկրի տարբեր տեղերից աշակերտներ հավաքել, տալ ուսման, գիտություն և քրիստոնեական վարդապետությունը ուսուցանելու համար։ 
Տրդատ թագավորը Հայոց երկրի տարբեր կողմերից հավաքում ու բերել է տալիս ուշիմ, ուսման համար պատրաստ մանուկների բազմաթիվ խմբեր և նրանց վրա կարգում հմուտ ուսուցիչներ։ Նա հատկապես հավաքել է տալիս քրմերի կամ նրանց ցեղին պատկանող մանուկներին, ապրուստի թոշակ նշանակում, խմբերի բաժանում, մի մասին տալիս են հունական, մյուս մասին՝ ասորական կրթության։ Նրանց մեծ մասը հետագայում դառնում են եկեղեցական նշանավոր գործիչներ։

Այդպես, Գրիգոր Լուսավորչի և Տրդատ Մեծ թագավորի ջանքերով Հայոց աշխարհում տարածվում են քրիստոնեությունն ու օտար լեզուներով դպրությունն ու լուսավորությունը։

ՏՐԴԱՏ ԵՎ ՄԱՄԳՈՆ*

Սասանի որդի Արտաշիրի թագավորության վերջին տարիներին Ճենաստանից իր ընտանիքով Պարսկաստան է փախչում Մամգոն անունով մի նշանավոր նախարար, որը գժտվել էր ճենաց Արբոկ թագավորի հետ և մահից խուսափելու համար ապաստան է փնտրում պարսից Արտաշիր թագավորի մոտ։ Այդ իմանալով, Արբոկը պատգամավորներ է ուղարկում Պարսկաստան և պահանջում Մամգոնին։ Արտաշիրը մերժում է Արբոկի պատգամավորների պահանջը, որի հետևանքով Արբոկը պատերազմի է պատրաստվում Արտաշիրի դեմ, սակայն Արտաշիրը շուտով մեռնում է և նրա փոխարեն թագավորում է որդին՝ Շապուհը։

Վերջինս դարձյալ Մամգոնին չի հանձնում Արբոկի ձեռքը, բայց և Մամգոնին չի թողնում Պարսկաստանում, այլ տունուտեղով ուղարկում է Հայաստան իր գործակալների մոտ։ Ինքը՝ Շապուհը, պատգամ է հղում Ճենաստանի թագավորին, ասելով.

— Մի վիրավորվիր, որ ես Մամգոնին չկարողացա քո ձեռքը տալ, որովհետև հայրս նրան երդվել էր արեգակի լույսով։ Բայց որպեսզի դու հանգիստ լինես, ես նրան իմ երկրից հալածեցի արևմուտք՝ աշխարհի ծայրը, ուր նրա համար մահից էլ վատ է լինելու։ Ուրեմն, թող իմ ու քո մեջ պատերազմ չլինի։

Ճենաց թագավորն այս իմանալով՝ հաշտվում է։

-------------------------

* Շարադրված է ըստ Մովսես Խորենացու «Հայոց պատմության»։

[էջ 97]

Մամգոնը երբ Հայաստան է գալիս, հանդիպում է Տրդատին այն ժամանակ, երբ նա Հունաստանից Հայաստան էր վերադառնում։ Մամգոնը իր ամբողջ գերդաստանով և մեծամեծ ընծաներով գնում է Տրդատին դիմավորելու։ Տրդատը մեծ սիրով ընդունում է նրան, բնակության տեղ տալիս և ապահովում ապրուստով։

Պարսից Շապուհ թագավորը բոլոր ազգերին գրգռում է Հայոց աշխարհի դեմ, խոստանում, որ եթե նրանք արշավեն Հայաստան, ինքն էլ, մյուս կողմից պարսից զորքերով կգա նրանց օգնության։ Շապուհի այս խարդավանքը հրապուրում է հայոց Սլկունյաց ցեղի Սղուկ նահապետին։ Վերջինս սպանում է իր ծերացած փեսա Օտա Ամատունան։ Այդ ժամանակ Տրդատը գտնվում էր արևմուտքում։ Երբ վերադառնում է և իմանում այդ բոլորը, ինքն է նախահարձակ լինում՝ հավաքում է զորքը և շարժվում հյուսիսային ազգերի վրա։

Սլկունյաց նահապետը, որ ամրացել էր Ողական ամրոցում և ապավինել Սիմ լեռան–բնակիչներին՝ սասունցիներին, դիմակայում էր թագավորին, գրգռում երկրի բնակիչներին, չէր թողնում շրջակա գավառներում որևէ մեկը զբաղվեր պետական գործերով։ Տրդատն ստիպված դիմում է հայոց բոլոր նախարարներին, թե՝ ով որ Սլկունյաց նահապետին բռնի և ինձ մոտ բերի, Սլկունյաց ցեղի բոլոր գյուղերը, դաստակերտները, ունեցվածքն ու իշխանությունը ընդմիշտ նրան կհանձնեմ։

Թագավորի այս պահանջի կատարումը հանձն է առնում ճենացի Մամգոնը։

Երբ Տրդատը զորքով գնում է Աղվանքի կողմերը՝ հյուսիսային ազգերի դեմ կռվելու, Մամգոնը իր ամբողջ գերդաստանով գնում է Տարոնի կողմերը, ձևացնելով, թե իբր ապստամբել է թագավորի դեմ։ Ճանապարհ ընկնելիս գաղտնի սուրհանդակ է ուղարկում Ողական, Սլկունյաց նահապետին հաղորդում, որ «թագավորը գնացել է Աղվանքի կողմերը՝ հյուսիսային ազգերի դեմ պատերազմելու։ Նա այժմ էլ մեծ վտանգի մեջ է, ուստի և մեզ համար նպաստավոր ժամանակ է ըստ մեր կամքի գործելու։ Թագավորի՝ իմ նկատմամբ ցույց տված արհամարհանքի պատճառով ես ապստամբել եմ նրա դեմ և այժմ կամենում եմ քեզ դաշնակցել»։

Սլկունյաց նահապետը շատ է ուրախանում, Մամգոնին սիրով ընդունում է և երդումով դաշնակցության ուխտ կնքում։ Սակայն նա Մամգոնին ամրոց չի թողնում, տակավին չվստահելով նրա հավատարմությանը։ Իսկ Մամգոնը ամեն ինչով աստիճանաբար շահում է Սղուկի վստահությունը, իբրև հավատարիմ գործակցի։ Ի վերջո Սլկունյաց նահապետը համոզվում է նրա հավատարմության մեջ և թողնում է ազատ ելումուտ կատարել իր ամրոցում։

Օրերից մի օր Մամգոնը համոզում է Սղուկին՝ դուրս գալ ամրոցից և որսի գնալ։ Որսի ժամանակ, երեներին հետապնդելիս, Մամգոնը նետով թիկունքից հարվածում է Սղուկին, գետնաթավալ սպանում, իր մարդկանց հետ արագ հասնում է ամրոցը, բերդը գրավում և ներսում գտնվողներին կապում։ Կոտորում է Սլկունյաց տոհմի ներկայացուցիչների մեծ մասին. նրանցից միայն երկուսին է հաջողվում փախչել և ապաստանել Ծոփաց աշխարհում։ Մամգոնը շտապ այդ ամենի մասին հաղորդում է Տրդատին։ Տրդատը շատ է ուրախանում և հատուկ հրովարտակով Սլկունիների կալվածքներն ու իշխանությունը Ողական ամրոցով հանձնում է Մամգոնին, նրան ապստամբի փոխարեն նշանակում նախարար, տոհմը նրա անունով կոչում Մամիկոնյան։ Միաժամանակ Տրդատը հրամայում է մնացած Սլկունիներին չվնասել։

ՏՐԴԱՏԻ ԿՌԻՎԸ ԲԱՍԻԼՆԵՐԻ1 ԹԱԳԱՎՈՐԻ ԴԵՄ*

Տրդատը Աղվանքում գարգարացիների դաշտն իջնելով, հանդիպում է հյուսիսական ցեղերին և ճակատամարտ է տալիս։

Երբ երկու կողմերն իրար են հասնում ու խառնվում միմյանց, Տրդատը դյուցազնի նման հարձակվում է թշնամու բազմության վրա և կիսում, բաժանում է երկու մասի։ Նա այնպիսի ճարպկությամբ ու

---------------------------

* Շարադրված է ըստ Մ. Խորենացու «Հայոց պատմության»։

1 Բասիլները կովկասյան հրոսակ ցեղեր էին։

[էջ 98]

արագությամբ է զենք բանեցնում, որ նրա ձեռքի թափից միանգամից մի քանի հոգի էին գետին տապալվում, ինչպես հմուտ ձկնորսի ձկներով լի ցանցից ձկներն են գետին թափվում և վխտում հողի երեսին։

Բասիլների թագավորը տեսնելով այս անկոտրում հսկայի ուժն ու ահռելի կոտորածը, ձիով մոտենում է Տրդատին, ձիու վրայից արձակում ջլերից հյուսված կաշեպատ պարանը և հետևի կողմից ուժգին նետելով՝ գցում է Տրդատի ձախ ուսից մինչև աջ թևի անութը։ Այդ պահին Տրդատը ձեռը բարձրացրել էր դիմացինին սրով հարվածելու համար, իսկ Տրդատի հագի զրահը ամրացված էր այնպիսի պահպանակներով, որի վրա նետերը գիծ անգամ չէին թողնում։ Բասիլների թագավորը պարանը ձգելով տեսնում է, որ չի կարողանում հսկային տեղից շարժել, պարանը գցում է ձիու լանջին և դեռ չհասցրած ձին մտրակել, Տրդատը աճապարելով ձեռը գցում է պարանին և սաստիկ ուժով ցնցելով, դեպի իրեն է քաշում բասիլների թագավորին և երկսայրի սրի հարվածով կես է անում թշնամի թագավորին, հետն էլ՝ նրա ձիու գլուխն ու պարանոցը։

Եվ երբ թշնամու զորքը տեսնում է, թե ինչպես իրենց զորավոր կռվող թագավորը կիսվեց այդպիսի մի ահավոր բազկից, խուճապահար դիմում է փախուստի։ Տրդատը նրանց հետապնդելով, քշում հասցնում է Հոների երկիրը։ Նա նրանցից պատանդներ է վերցնում, հաշտություն կնքում և ամբողջ հյուսիսը իր հետ միաբանեցնելով, մի վիթխարի բանակ է կազմում և հարձակվում Շապուհի վրա։

ԽՈՍՐՈՎ ԿՈՏԱԿ ԵՎ ՎԱՉԵ*

Տրդատ Մեծից հետո թագավոր է դառնում նրա որդին՝ Խոսրովը, որը չնայած իր հոր և մոր հաղթանդամության, փոքր էր մարմնով և կարճահասակ, որի պատճառով էլ ստացավ Կոտակ (=կարճահասակ) մականունը։

Խոսրովի ժամանակ հայոց կաթողիկոս Վրթանեսի որդի Գրիգորիս եպիսկոպոսը նշանակվում է Վրաց և Աղվանից կողմերի կաթողիկոս։ Նա իր եկեղեցաշեն գործունեությունն ու քրիստոնեության քարոզը հասցնում է մինչև Մասքութների1աշխարհը, մինչև մասքութների Արշակունի Սանեսան անունով թագավորի ճամբարը։ Գրիգորիսը գնում ներկայանում է թագավորին, իբրև հայոց Արշակունի թագավորների տոհմակցի և սկսում նրան քարոզել քրիստոնեական ուսմունքը։ Սկզբում թագավորն ու զորավարներն ընդունում են այդ ուսմունքը, սակայն երբ խորամուխ են լինում նրա սկզբունքների ու պահանջների մեջ, մանավանդ, երբ իմանում են, որ այդ կրոնին ատելի են ավարառությունը, հափշտակությունը,

------------------------

* Շարադրված է ըստ Փավստոս Բուզանդի և Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» գրքերի։

1 Մասքութներ կամ՝ մասակետնևր, սկյութական ցեղախմբին պատկանող ցեղ, որ բնակվել է Կասպից ծովի արևմտյան ափերին, մինչև Դերբենդ քաղաքը ընկած տարածքում։

[էջ 99]

ագահությունը, սպանությունը, այլոց զրկելը, այլոց ունեցվածքին աչք դնելը, զայրանում են և ասում.

— Եթե մենք չհափշտակենք, չթալանենք, եթե ուրիշների ունեցվածքը չխլենք, ապա ինչո՞վ պետք է ապրենք և ինչո՞վ պահենք մեր այս բազմաթիվ զորքը։

Գրիգորիսը որքան էլ բարի խոսքերով ու պերճախոսությամբ փորձում է նրանց սիրտը շահել, համոզել, սակայն ամեն ինչ անցնում է ապարդյուն։

— Սա եկել է մեզ քաջությունից զրկելու, մեր ապրուստի աղբյուրը կտրելու, — ասում են նրանք, — եթե մենք սրան լսենք, ընդունենք քրիստոնեական հավատը, ապա ինչո՞վ պիտի ապրենք, մանավանդ, եթե մեր բնիկ սովորությամբ ձի չհեծնենք և չասպատակենք։ Ո՜չ, սրա խոսքերը իրենը չեն, սրան Հայոց թագավորն է հատուկ նպատակով մեզ մոտ ուղարկել, որ այդ կրոնով խափանի մեր արշավանքներն ու ավարառությունն իր աշխարհից։ Եկեք սրան մեջտեղից վերացնենք, արշավենք Հայաստան, ավարով մեր աշխարհը լցնենք։

Սանեսան թագավորը, որ սկզբից համամիտ էր Գրիգորիսին, բայց լսելով իր զորապետների և զինվորների այս խոսքերը, միտքը փոխում է, հրամայում է Գրիգորիսին սպանել։ Զինվորները բռնում են մի կատաղի ձի, Գրիգորիսին կապում են նրա պոչից և ձին բաց թողնում իրենց բանակից դուրս՝ ծովամերձ Վատնյա կոչված ղաշտում։ Գրիգորիսը տանջամահ լինելով՝ մեռնում է, իսկ նրա հետ գնացած մարդիկ վերցնում են նրա ջախջախված դիակը, բերում Աղվանից կողմերի Հաբանդ գավառը, թաղում Ամարաս1 գյուղի այն եկեղեցու մոտ, որ շինել էր Գրիգորիսի պապը՝ Գրիգոր Լուսավորիչը։

Այս դեպքից հետո մասքութների թագավոր Սանեսանը խիստ թշնամանում է իր ազգակից հայոց խոսրով թագավորի հետ։ Այդ իմանալով, պարսից Շապուհ թագավորը գաղտնի գրգռում է Սանեսանին և ոտքի հանում Հայոց աշխարհի դեմ։ Սանեսանը Կովկասի բոլոր վաչկատուն և ավարառու ցեղերին իր շուրջն է համախմբում, մեծ զորք գումարում և զինված խառնիճաղանջ բազմության գլուխն անցած, գալիս անցնում է Կուր գետը, սփռվում ու լցվում Հայոց աշխարհը։ Զինված բազմությունն այնքան շատ էր, որ թիվ ու համար չկար։ Իրենք անգամ չէին կարողանում հաշվել իրենց զինվորների քանակը։ Դրա համար էլ, երբ մի նշանավոր տեղ էին հասնում, հատուկ հանդես էին կազմում ըստ գնդերի, դրոշակների և վաշտերի, հրամայում էին, որ ամեն մի զինվոր մի քար վերցնի, բերի մի տեղ լցնի, որպեսզի գոյացած քարակույտով գաղափար կազմվի զորքերի քանակի մասին։ Բացի այդ, նման քարակույտերը նաև ահարկու նշան էին ապագայի համար, իբրև հիշատակ նման ասպատակությունների։ Այդպիսի քարակույտ նշաններ էին թողնում նրանք ճանապարհների խաչմերուկներում, փողոցների վրա։

Այդպես նրանք գալիս ծածկում են Հայոց աշխարհը, քանդում, գերում, ավերում, ծավալվում երկրի բոլոր սահմաններում, հասնում մինչև Սատադ, Գանձակ, գալիս կուտակվում են Այրարատյան նահանգում և գոյացնում մի մեծ բանակ։ 
Հայոց Խոսրով թագավորը խույս է տալիս Սանեսանից և Վրթանես կաթողիկոսի հետ գնում ամրանում Կոգովիտ գավառի Դարեոնք2 բերդում, աղաչում և աղոթում աստծոն՝ փրկության հույսով։

Այդ ժամանակ Մեծ Հայքի զորավար Վաչե Մամիկոնյանը, որ երկար ժամանակ գտնվում էր Հունաց կողմերում, լսելով մասքութների հարձակման մասին, գալիս հավաքում է նախարարներից քաջերին, կազմում մի մեծազոր գունդ և կռվի ելնում թշնամու առաջապահ զորքերի դեմ։ Մասքութները եկել և բանակ էին դրել Ցլու գլուխ կոչված լեռան վրա։ Լուսաբացին, երբ նրանք զբաղված էին իրենց պաշտամունքային արարողությամբ, Վաչեն հանկարծակի հարձակվում է մասքութների վրա, բոլորին սրի քաշելով կոտորում, իսկ գերի տարած հայերի բազմությունն ազատում, հետ է դարձնում։ Ապա վերցնելով թշնամու ավարը, գնում, իջնում է Արարատյան դաշտ։ Այստեղ, Վաղարշապատ քաղաքում էր գտնվում Սանեսան թագավորը՝ բուն զորքի հետ։

------------------------------

1 Գտնվում էր պատմական Արցախ աշխարհում, այժմյան Լեռնային Ղարաբադի Մարտունա շրջանում։ Հռչակված էր իր եպիսկոպոսանիստ վանքով։

2 Կոգովիտը Այրարատյան նահանգի գավառներից էր, համապատասխանում էր հետագայի Հին Բայազետի շրջանին։ Դարեոնք կամ Դարոյնք բերդը գտնվում էր Հին Բայազետի տեղում և Արշակունիների ժամանակ գավառն ու բերդը պատկանում էին արքունիքին։

[էջ 100]

Վաչեն ի մի հավաքելով հայոց զորքը, հանկարծակի հարձակվում է քաղաքի վրա։ Թշնամիներն այդ անակնկալ հարձակումից խուճապահար՝ փախուստի են դիմում դեպի Օշականի բերդի կողմը։ Հայոց գնդերը շրջապատելով թշնամուն, թույլ չեն տալիս նրանց ցրվել, որպեսզի ըստ իրենց սովորության նետաձգությամբ չկարողանան նեղել հայ զինվորներին, այլ կորովի հեծյալները նրանց արագ ու ոտնակոխ հետապնդելով, նեղում ու մղում են Օշականի քարքարոտ ա առապարի դժվար անցանելի տեղերը։ Թշնամին ստիպված ճակատամարտ է տալիս։ Ճակատամարտը եղավ ծանր ու ահավոր։ Վաչե զորավարի նիզակակիցներն էին Բագրատ Բագրատունին, Մեհունդակ և Գարեգին Ռշտունիները, Վահան Ամատունին, Վարազ Կամինականը, որոնք իրենց զինվորներով հասնում ու խփում են ալանների, մասքութների, հոների և մյուս ցեղերի զորքերի բազմությանը։ Ամբողջ առապարը լցվում է դիակներով, արյունը հոսում է գետի նման, սպանվածներին թիվ ու հաշիվ չկար։

Թշնամու նիզակավորների զորագլուխն էր մի վիթխարի հսկա` լավ սպառազինված, ամբողջ մարմինը ծածկված խիտ թաղիքով, նա արագ ու ճարպկորեն արշավում էր զորքի մեջ՝ մեկ այստեղ, մեկ այնտեղ։ Հայ քաջերը՝ աչքերը նրա վրա պահած, հարձակվում էին վրան, բայց ամեն անգամ, երբ նիզակներով խփում էին այդ թաղիքակիր հսկային, նա արագ ու ճարպկորեն շրջվում էր, և հարվածներն անցնում էին ապարդյուն։ Այդ ժամանակ քաջ Վահան Ամատունին շրջվելով դեպի Կաթողիկե եկեղեցին, գոչում է.

— Օգնիր ինձ, աստված, դու որ Դավթի պարսաքարը դիպցրեցիր խրոխտացող Գողիաթի1 ճակատին, իմ նիզակն էլ ուղղիր այս հզորի աչքին։

Ասում ու ձիու գավակից նիզակով խփում է ահարկու հսկային, ձիուց տապալում ներքև։

Այս դեպքը առիթ է դառնում թշնամիների փախուստին և նպաստում հայոց զորքերի հաղթանակին։

Հայոց զորքերը մինչև թշնամու երկրի սահմանները հալածում են ճակատամարտից փրկված թշնամու սակավաթիվ փախստականներին, վերադառնում, կտրում են ճակատամարտում սպանված Սանեսան մեծ թագավորի գլուխը և բերում Խոսրով թագավորին։ Վերջինս ողբում է Սանեսանի կորուստը, ասելով.

— Իմ եղբայրն էր՝ Արշակունի ցեղից։

Խոսրովը կաթողիկոսի հետ գալիս է ճակատամարտի վայրը, որը ծածկված էր անհամար նեխվող դիակներով ու բուրում էր գարշահոտությամբ։ Հրաման է տրվում երկրից աշխարհազոր հավաքել, դիակները թաղել տալ և ծածկել քարակույտերով։ 
Խոսրովն իմանալով Վահան Ամատունու քաջագործությունը, նրան է պարգևում ճակատամարտի տեղը՝ Օշականը։ Վաչե Մամիկոնյանին է պարգևում Ջանջանակի ակունքները, Զրաբաշխիքը, Ցլու գլուխը՝ իր բոլոր գավառներով, այսինքն այն վայրերը, որտեղ Վաչեն կռվել և դուրս է քշել թշնամուն։ Նույնպիսի պարգևներ է տալիս բոլոր այն քաջ մարդկանց, ովքեր իրենց անձն էին դրել Մեծ Հայքի թագավորությունը պաշտպանելու համար։

Այնուհետև Հայոց աշխարհր երկար տարիներ ապրում է խաղաղ ու շինարար կյանքով։

ԽՈՍՐՈՎԸ ԱՆՏԱՌՆԵՐ Է ՏՆԿՈՒՄ*

Այս խաղաղ տարիներին Հայոց Խոսրով թագավորը զբաղվում է շինարարական աշխատանքներով։ Նա հրաման է տալիս զորավար Վաչե Մամիկոնյանին երկրից մեծաթիվ գործավորներ ու մշակներ հանել Արարատյան գավառում անտառներ տնկելու համար։ Հազարավոր մշակներ Հայաստանի տարբեր անտառներից վայրի կաղնիներ են հանում, բերում տնկում Գառնի արքունի ամրակերտ բերդի մոտակայքից սկսած, մինչև Մեծամորի դաշտը՝ Արտաշատից հյուսիս գտնվող Դվինի բլուրը։ Նորակերտ

------------------------------

1 Դավիթն ու Գողիաթը հին հրեական վիպական ավանդության հերոսներ են. Դավիթը իսրայելացի մի պատանի հովիվ էր, որը մենամարտում է իսրայելացիներին թշնամի փղշտացիների առաջնորդ, անխոցելիորեն զրահապատված հսկա Գողիաթի դեմ, պարսատիկով քարը նետում և դիպուկ խփում նրա ճակատին, սպանում։

* Շարադրված է ըստ Փավստոս Բուզանդի «Հայոց պատմության»։

[էջ 101]

անտառը տարածվում է Ազատ գետի վերին հոսանքներից սկսած, գետի երկայնքով, հասնելով մինչև Տիկնունի ապարանքը։ Խոսրովն այդ անտառը կոչում է Տաճար մայրի։ Մի ուրիշ անտառ էլ տնկում են դրանից հարավ՝ եղեգնուտի եզերքով և ամրողջ դաշտը ծածկում վայրի կաղնիներով։ Այդ անտառն էլ անվանում են Խոսրովակերտ։ Զույգ անտառն էլ շրջափակում են պարիսպներով, անտառներն իրար չեն միացնում, այլ արանքներին ճանապարհ են թողնում անցուդարձի համար։ Երբ անտառներն աճում են ու խտանում, Խոսրովի հրամանով որսի բազմապիսի կենդանիներ ու գազաններ են հավաքում, լցնում դրանց մեջ, որպեսզի անտառները դառնան արքայական որսի և խրախճանքի վայրեր։

Խոսրովը Դվին բլուրի վրա ապարանք է կառուցում և արքունիքը Արտաշատ քաղաքից, տեղի ջերմ օդի և ճահճուտի պատճառով, տեղափոխում է Դվինի համեմատաբար զովասուն բարձունքները։

ԽՈՍՐՈՎ ԵՎ ԴԱՏԱԲԵ*

Մինչ Խոսրովը զբաղված էր խաղաղ շինարար աշխատանքով, հանկարծ Հեր և Զարավանդ գավառներից լուր է հասնում, թե պարսից զորքերը պատերազմի են գալիս Հայոց աշխարհի վրա։

Խոսրովը հրաման է տալիս Բզնունյաց Դատաբե նահապետին՝ երկրից անչափ ու անհամար զորք հավաքել և Մատենիկ գնդի1 հետ միասին դուրս գալ թշնամու դեմ, թույլ չտալ նրան մտնել երկրի սահմաններից ներս։

Դատաբեն մեծ զորք է հավաքում և գնում պարսից զորքին ընդառաջ։ Հասնելով պարսից զորքին, Դատաբեն միաբանվում է թշնամու զորահրամանատարների հետ և ծրագրում հայոց թագավորին՝ իր տիրոջը, մատնել թշնամու ձեռքը։

Նա պարսիկներին հորդորում է ծուղակ սարքել իր զորքի դեմ։ Հանկարծ անսպասելիորեն սրի է մատնվում և կոտորվում հայոց զորքից շուրջ քառասուն հազար զինվոր, իսկ մնացածները դիմում են փախուստի։ Դատաբեն վերցնում է պարսկական զորքը և հարձակման պատրաստվում հայոց թագավորի վրա։ Սակայն հայ փախստական զինվորներն ավելի շուտ են հասնում հայոց թագավորի բանակը և գուժում Դատաբեի դավաճանության լուրը։

Խոսրով թագավորը լուրն իմանալով՝ Վրթանես կաթողիկոսի հետ ընկնում է գետին, ծնկի գալիս, ջերմ արտասուքներով աստծոց օգնություն աղերսում։ Ապա Խոսրովը փութով իր մոտ է հավաքում հայոց զորքերին, շուրջ 30 հազար զինվոր, Վաչե զորավարի գլխավորությամբ և իր ավագ նախարարների հետ միասին դուրս են գալիս պարսիկների դեմ։

------------------------------

* Շարադրված է ըստ Բուզանդի «Հայոց պատմության»։

1 Ընտիր զինվորներից կազմված գունդ, որ կոչվում էր նաև անմահական գունդ։

[էջ 102]

Հայոց և պարսից զորքերն իրար են հանդիպում Առեստ ավանի մոտ գտնվող փոքր գետակի վրա կառուցված արքունի ձկնորսարանում։ Պարսից զորքերին թիվ ու համար չկար, ինչպես երկնքի աստղերին ու ծովի ավազին, եկել էին անթիվ փղերով ու անհաշիվ զորքով։

Հայոց զորքերը, արյունն աչքերն առած, հույսը դրած իրենց աստծո ու արդար գործի վրա, անասելի ոգևորությամբ հարվածում են պարսից բանակին։ Նրանք ջարդում, կոտորում, ոչնչացնում են գրեթե բոլորին, գերում մարտական փղերի երամակները, խլում թշնամու ամբողջ զենքն ու զինամթերքը։ Վաչե Մամիկոնյանն ու քաջ Վահան Ամատունին բռնում, ձերբակալում են դավաճան Դատաբեին, բերում կանգնեցնում Խոսրով թագավորի առջև։ Խոսրովը հրամայում է քարկոծել դավաճանին, անգամ մարտական զենքի ազնիվ ու հատու հարվածի չարժանացնելով նրան, մի մարդու, որ դավել էր իր սեփական աշխարհին, իր թագավորին, իր հայրենի գնդին ու զորքերին։

Դատաբեին քարկոծելով սպանելուց հետո Վաչե Մամիկոնյանը նստում է նավակ և նավարկում Բզնունյաց ծովի Աղթամար կղզին, ուր գտնվում էր Ռշտունյաց իշխանի ամրոցը։ Այնտեղ էին բնակվում դավաճան Դատաբեի կինն ու զավակները, նրա ամբողջ տոհմը։ Վաչե սպարապետը մտնելով Աղթամար, սրի է քաշում Դատաբեի տոհմը, չթողնելով ոչ էգ, ոչ արու։ Նա ոչնչացնում է Ռշտունյաց նախարարական ողջ տոհմը, իսկ նրա տունն ու ունեցվածքը դարձնում արքունի սեփականություն։

Դրանից հետո Խոսրովը, զգուշանալով նախարարների դավաճանությունից, նախարարական բոլոր զորքերը միացնում է արքունի զորքերին, նրանց ընդհանուր հրամանատարությունը կենտրոնացնում ու հանձնում իրեն մշտապես հավատարիմ Մեծ Հայքի բուն սպարապետ Վաչե Մամիկոնյանի և քաջ Վահան Ամատունու ձեռքը։ Այս զույգ զորավարները հայոց զորքով երկար ժամանակ հաղթականորեն դիմակայում են պարսիկների պարբերաբար կրկնվող հարձակումներին։ Եվ Հայոց աշխարհը երկար տարիներ ապրում է շեն ու խաղաղ կյանքով։

ՏԻՐԱՆ*

Խոսրովի մահից հետո հոր արքայական գահին է նստում որդին՝ Տիրանը։ Տիրանի ժամանակ Հայոց և Պարսից աշխարհների միջև բարեկամություն էր տիրում։ Այդ նույն ժամանակ Ատրպատականում1, որ ենթակա էր Պարսկաստանին, նստում էր մի պարսիկ բարձրաստիճան պաշտոնյա, անունը՝ Շապուհ–Վարազ։

Տիրանն ուներ մի սքանչելի ձի՝ սպիտակ պուտեր ունեցող և մուգ շագանակագույն մաշկով, բոլոր ձիերից մեծ ու բարձր, ուժեղ ու ճկուն, տեսքով բոլորից գեղեցիկ և սիրուն, ամբողջ երկրում հռչակված։ Տիրան թագավորը ուներ Սյունյաց տոհմից մի սենեկապետ2, անունը Փիսակ։ Մի անգամ Փիսակը, իբրև հայոց թագավորի պատվիրակ այցելության է գնում Ատրպատական Շապուհ Վարազին, հետը մտերմանում և նենգությամբ պատմում նրան Տիրանի հրաշալի ձիու մասին։ Այդ իմանալով՝ Վարազը Փիսակի ձեռքով նամակ է ուղարկում Տիրանին և խնդրում այդ ձին իրեն նվիրել։

Տիրանը չի համաձայնում կատարել Շապուհ Վարազի ցանկությունը, բայց և երկյուղելով, որ Շապուհ Վարազը կարող է իր և պարսից թագավորի միջև թշնամություն սերմանել, իր ձիու նման մեկ ուրիշ ձի է ճարում և մեծ ընծաներով ու հրովարտակով Փիսակի միջոցով ուղարկում Շապուհ Վարազին։ Տիրանը միաժամանակ հորդորում է Փիսակին, ասելով.

— Կասես, որ այս այն ձին է, որ դու խնդրեցիր, և մեր թագավորը քո սիրո համար իր սիրած ձին քեզ չխնայեց։

--------------------------------

* Շարադրված է ըստ Փավստոս Բուզանդի «Հայոց պատմության»։

1 Հին Ատրպատականը գտնվում էո Կասպից ծովի հարավ-արևմտյան ափերից դեպի արևմուտք, մինչև Ուրմիա լիճը ընկած տարածքում։

2 Պալատի ներքին գործերը հսկող արքունական պաշտոնյա։

[էջ 103]

Սակայն Փիսակը երբ գալիս է Շապուհ Վարազի մոտ, Տիրանի գաղտնիքը իսկույն բացում է, հետն էլ չարախոսությամբ Շապուհ Վարազին գրգռում Տիրանի դեմ.

— Հայոց Տիրան թագավորը, — ասում է Փիսակը, — պարսից թագավորի դեմ այնպիսի նախանձով, ատելությամբ ու թշնամությամբ է լցված, այնպիսի արհամարհանք է տածում քո և քո թագավորի ու զորքի նկատմամբ, որ մինչև իսկ մի կաշի խնայեց քեզ։ Նա իր ձին թաքցրեց և քեզ խաբելով ու ծաղրելով, մեկ ուրիշ ձի է իմ ձեռքով քեզ ուղարկել։ — Միայն այդ չէ, — ավելացնում է Փիսակը, — Տիրանը հույսը դրել է հունաց կայսեր ու զորքի վրա. նա իբրև պարթև Արշակունի, մտադրվել է Սասանի ցեղից խլել պարսից թագավորությունը, որովհետև, ասում է նա, չեմ հանգստանա, մինչև իմ նախնիների վրեժը չլուծեմ և նրանց պատիվը վերստին հետ չխլեմ։ Ես, ասում է Տիրանը, մեր նախնի թագավորությունը պետք է հետ վերցնեմ և հատկացնեմ ինձ ու իմ թագավորական տանը։

Երբ Ատրպատականի մարզպան Շապուհ Վարազը նենգ ու խարդախ Փիսակից լսում է այս ամենը, իսկույն ամբաստանության թուղթ է ուղարկում պարսից Ներսեհ թագավորին։ Այս թղթից պարսից թագավորն այնպես է գրգռվում, զայրանում ու կատաղում հայոց թագավորի դեմ, որ անմիջապես կարգադրում է Վարազ Շապուհին՝ որևէ միջոց ու հնար գտնել հայոց թագավորին նենգությամբ գայթակղելու և բռնելու համար։

Շապուհ Վարազը պատվիրակ է ուղարկում հայոց թագավորի մոտ, իր գոհունակությունն ու շնորհակալությունը հայտնում թանկագին նվերի համար, միաժամանակ նրա նկատմամբ տածած իր սերն ու կարոտը պատճառաբանելով, խնդրում է Տիրանին՝ իրեն թույլ տալ այցելություն կատարել Հայաստան։

Հայոց Տիրան թագավորը մեծ խանդավառությամբ և ուրախությամբ Շապուհ Վարազին հրավիրում է իր մոտ։ Մինչև Շապուհ Վարազի այցը, Տիրանը հավաքում է իր ներքին սպասավորներին և պատվիրում.

— Մեզ մոտ եկող հյուրին անհրաժեշտ է զվարճացնել և ուրախացնել որսերով, կերուխումով և ամեն տեսակ վայելքներով։ Բայց մենք նրան չպետք է ցույց տանք մեր լավագույն որսատեղիները, որովհետև պարսից ազգը նախանձոտ ու նենգ է և մի օր կարող է այդ լավագույն որսավայրերը մեր ձեռից խլել։ Ուստի պետք է գտնել այնպիսի որսատեղեր, որտեղ որսը սակավ է։ Մենք նրա հետ որս կանենք ոչ թե առատ որսի, այլ պարզապես ցույցի համար, որպեսզի կարողանանք նրան սոսկ զվարճացնել։ Այդ իմաստով ամենահարմարը Մեծ Մասիսի ստորոտում գտնվող Աղիորսք որսավայրն է, որտեղ որսի կենդանիներ քիչ կան։

Շապուհ Վարազը երեք հազարանոց լավ սպառազինված զորագնդով գալիս է Հայաստան։ Հայոց Տիրան թագավորը նրան ընդունում է Ապահունյաց գավառում1 մեծ շուքով ու պատվով։ Սակայն տիրադավ ու բանսարկու Փիսակը անմիջապես Շապուհ Վարազին հայտնում է որսատեղիների մասին Տիրան թագավորի ասած խոսքերը։ Շապուհ Վարազը ներքուստ ավելի է գրգռվում Տիրանի դեմ, սակայն խորամանկությամբ իր թշնամությունը թաքցնում է, առերևույթ բարեկամ ձևանում և սպասում հարմար առիթի։

Մի քանի օր շարունակ Տիրան թագավորը Շապուհ Վարազի հետ ուրախություն է անում, որսով զվարճանում։

Մի անգամ, իրերի բերումով, Տիրանի զորավարները, նախարարներն ու ավագանին թագավորի մոտ չէին, գնացել էին իրենց տները հանգստանալու, իսկ արքունական զորքը գտնվում էր զորանոցներում։

Թագավորի մոտ մնացել էին միայն սակավաթիվ սպասավորներ, որսաշների պահապաններ, ճանապարհների մշակներ, վրանապահ զինվորներ և աշխարհազորայիններ։ Թագավորի մոտ էին նաև թագուհին և մանկահասակ արքայազն Արշակը։

Տիրանը այնքան էր վստահ Շապուհ Վարազի հավատարմությանը, որ չնայած նրա հետ եկած երեք հազար սպառազեն զինվորների առկայությանը, բնավ չէր կասկածում որևէ վտանգ և հոգ չէր տանում իր անձի ապահովության համար։

-------------------------------

1 Գտնվում է Տուրուբերանի նահանգում, Հարք գավառից հյուսիս–արևելք՝ Արածանի գետի երկու ափերին։

[էջ 104-105]

[էջ 106]

Այդ օրերին Շապուհ Վարազը փոխադարձաբար պատիվ տալու պատրվակով իր մոտ ընթրիքի է հրավիրում Տիրան թագավորին։ Երբ սկսվում է կերուխումը, թագավորն ու իր հետ եկած թիկնապահները սաստիկ հարբում են։ Այդ ժամանակ Շապուհ Վարազի դարանակալած զինվորները հանկարծակի հարձակվում են սեղանակիցների վրա, բոլորին բռնում, իսկ վահանավոր ու տապարավոր զինվորները շրջապատում են Տիրան թագավորին։ Նրանք բռնում են թագավորին, երկաթե շղթաներով ձեռ ու ոտը կապում, ապա ավարի են ենթարկում թագավորի բանակատեղը, արքայական գույքն ու գանձերը գրավում, գերում թագուհուն ու թագաժաոանգներին և Ապահունյաց գավառից հեռանում։ Գալիս հասնում են մի գյուղ, որ կոչվում էր Դալարիք։ Երբ պարսից զորավարը շղթայակապ Տիրանի հետ մտնում է Դալարիք, հրամայում է իր զինվորներին.

— Ածուխ գտեք, բերեք, որպեսզի երկաթ շիկացնենք և շիկացած երկաթով հայոց թագավորի աչքերը դաղենք։

Անմիջապես ածուխ են բերում, երկաթը շիկացնում և Տիրանի աչքերը դաղում։ Կուրացած Տիրանն ասում է.

— Քանի որ իմ զույգ լուսավոր աչքերը այս տեղում խավարեցին, թող այսուհետև և հավիտյան այս Դալարիք գյուղը Ածուխ կոչվի։

Շապուհ Վարազը շտապ մեկնում է Ածուխ գյուղից, հետը տանելով Տիրան թագավորին, նրա ընտանիքին ու մնացած գերիներին։ Նա գնում հասնում է Պարսկաստան, գնում Տիզբոն՝ արքայական նստավայրը, և գերված հայոց թագավորին հանձնում իր տիրոջը՝ պարսից թագավորին։

Այս անսպասելի չարիքի ու դժբախտության գույժն իմանալով, հայոց բոլոր նախարարներն ու իշխանները, գործակալներն ու զորագլուխները երկրի տարբեր ծայրերից ի մի են հավաքվում, զորք կազմում և հետապնդում Շապուհ Վարազին, բայց ապարդյուն, այլևս չեն կարողանում նրան հասնել։ Այնուհանդերձ նրանք մտնում են Պարսկաստան, երկրի մի մասը գրավում, կոտորում, այրում, ավարի ենթարկում ամեն ինչ։ Ապա գալիս հավաքվում են իրենց երկրում, սգում ու ողբում իրենց բնիկ տիրոջը՝ հայոց թագավորին, կոծում իրենց սեփական երկրի անտեր վիճակը։

ՀՈՒՅՆԵՐԻ ԿՌԻՎԸ ՊԱՐՍԻՑ ԹԱԳԱՎՈՐԻ ԴԵՄ ԵՎ ՏԻՐԱՆԻ ԱԶԱՏՈՒՄԸ*

Այնուհետև հավաքվում են Հայոց աշխարհի մեծամեծ նախարարներն ու իշխանները, ժողովրդի բոլոր ներկայացուցիչները և ասում.

— Այս ի՞նչ է մեր արածը, նստել սուգ ենք անում, իսկ թշնամին կօգտվի այս հանգամանքից և նորից կարշավի մեր երկիրը։ Եկեք մենք մեզ մխիթարենք, գոտեպնդվենք, մեզ ու մեր երկրին տեր կանգնենք և մեր բնիկ տիրոջ վրեժը լուծենք։

Այդպես, երկրի բոլոր նշանավոր մարդիկ համախմբվում են, միաբանվում, իրար թիկունք կանգնում։

Հայոց ավագանին մեծամեծ նախարարներից կազմված պատվիրակություն է ուղարկում հունաց թագավորի մոտ, օգնություն խնդրում՝ վրեժ լուծելու պարսիկներից։ Պատվիրակությունը գլխավորում էին Սյունյաց Անդոկ նահապետը և Արշարունյաց նահապետ Արշավիր Կամսարականը։ Նրանք մեծամեծ նվերներով գնում հասնում են Հունաց աշխարհը, մտնում կայսերական պալատը, թագավորին ներկայացնում ամբողջ ժողովրդի կամքն արտահայտող հրովարտակը։ Կայսրը ուշադիր լսելով պատվիրակությանը, խորամուխ է լինում գործի բոլոր մանրամասների մեջ և խոստանում ամեն ինչով օգնել ու զորավիգ կանգնել Հայոց աշխարհին։

Մինչ հայոց պատվիրակությունը գտնվում էր Հունաց աշխարհում, պարսից Ներսեհ թագավորը մեծ բանակ է կազմում, արշավում Հայաստան, հրի ու սրի մատնելու երկիրը և ամբողջ Հայոց աշխարհը իր բոլոր սահմաններով կցելու իր երկրին։ Նա իր հսկա բանակը վերցրած, բազմաթիվ փղերով, մեծ քարավանով, տունուտեղով` կանանցով, տիկնանց տիկինով, մեծաքանակ մթերքներով գալիս մտնում է Հայաստան և ամբողջ երկիրը բռնում։ Հայոց նախարարներն ու իրենց զորքերը թշնամուց սարսափա–

--------------------------------

* Շարադրված է ըստ Փ. Բուզանդի «Հայոց պատմության»:

[էջ 107]

հար, իրենց ընտանիքներն առած փախչում են Հունաց կողմերը, կայսերական բազմագունդ նախարարների բանակին գուժում իրենց երկրին հասած այդ ահավոր աղետը։

Հունաց թագավորը, երբ լսում է այս բոլորը, ինքն էլ զորք է հավաքում և շարժվում, գալիս Հայոց աշխարհը՝ պարսից թագավորի դեմ։

Նա բանակը թողնում է Սատաղ1 քաղաքի մոտակայքում, իր հետ է վերցնում հայոց պատվիրակության ղեկավարներին՝ Անդոկին և Արշավիրին, ծպտվում շինականի կերպարանքով և իբրև կաղամբավաճառ մտնում պարսից բանակը։ Պարսից բանակն այդ ժամանակ գտնվում էր Բասեն գավաոի Ոսխա կոչված գյուղում։ Նրանք ծպտված մտնում են պարսից բանակը, ամեն ինչ դիտում, զննում, իմանում զորքերի քանակն ու դասավորությունը և վերադառնում իրենց ճամբարը։ Գալիս պատրաստվում են, կազմակերպվում և հանկարծակի հւսրձակվում պարսից բանակի վրա, որն անհոգ ու խաղաղ հանգստանում էր իր ճամբարում։ Հունական զորքը պարսից ամբողջ զորքին սրի է քաշում, ոչ մեկին կենդանի բաց չի թողնում։ Ավարի ու կողոպուտի են ենթարկում ամբողջ ճամբարը, բռնում են թագավորի կանանց ու տիկնանց տիկնոջը՝ իրենց գանձերով, ամբողջ ունեցվածքով, կայքով ու կարողությամբ, գերի վերցնում։ Միայն թագավորին է հաջողվում մի սուրհանդակի հետ փախչել, մահից ազատվել և մի կերպ իր աշխարհն ընկնել։

Հաղթանակից հետո հունաց կայսրը շքեղ ու արքայական պերճությամբ զուգված, մտնում է պարսից ճամբարը, հրամայում՝ պարսից թագավորի բոլոր չափահաս ժառանգներին կոտորել, մնացածներին կանանց հետ գերի տանել Հունաց աշխարհը։ Նա Հայոց աշխարհի վրա վերակացու է կարգում Անդոկին և Արշավիրին, նրանց մեծամեծ պարգևներով մեծարում, նրանց հանձնում երկիրն ու բոլոր իշխաններին, իսկ ինքը վերադառնում Հունաստան։

Իսկ պարսից թագավորը, երբ հասնում է իր երկիրը, իսկույն խորհրդի է հրավիրում իր իշխանության տակ մնացած մեծամեծներին, հրամայում վերստին քննել և պարզել, թե` ինչի՞ց սկիզբ առավ այդ ահավոր պատերազմը։ Քննում են, պարզում և թագավորին հայտնում, որ ամեն ինչ ծագել է մի չնչին բանից, մի վատթար չարախոսությունից, և մոլի Շապուհ Վարազը երկու երկրների միջև խռովություն է հարուցել ընդամենը մի ձիու պատճառով։

Թագավորը հրամայում է Շապուհ Վարազին զրկել իր բոլոր պատիվներից ու արտոնություններից, պատվական պատմուճանը վրայից հանել, ենթարկել սոսկալի չարչարանքների։ Ապա, ըստ պարսկական սովորության, թագավորը նրան մորթազերծ է անել տալիս, մորթին խոտով լցնում և կանգնեցնում քաղաքի հրապարակում, իբրև նախատինքի նշան։

Պարսից թագավորը զղջում է եղածի համար, պատվավոր իշխաններ է ուղարկում հունաց կայսեր մոտ հաշտության բանակցություններ վարելու և գերիներին հետ վերադարձնելու համար։ Նա աղաչում և խնդրում է կայսրին, որ գոնե իր կանանց գերությունից արձակի և այդ խայտառակությունն ու նախատինքը իրենից վերացնի։

Հունաց Վաղես կայսրը պարսից թագավորին պատասխանում է հետևյալ հրովարտակով.

«Նախ դու հետ դարձրու Հայոց աշխարհից տարած գերիներին՝ Տիրան թագավորով և քո տարած բոլոր ավարով հանդերձ։ Երբ դու այդ կկատարես, ապա ես էլ հետ կդարձնեմ այն ամենը, ինչ տարել եմ։ Ուրեմն, առաջ դու հայերից առած ավարը վերադարձրու, հետո ես քեզանից տարածը կվերադարձնեմ»։

Պարսից թագավորը երբ այս հրովարտակը կարդում է, անմիջապես հրամայում է Տիրանին բանտից ու կապանքներից ազատել։ Թագավորը Տիրանին բերում է իր մոտ, քաղցրությամբ ու մեղմությամբ հետը զրուցում, խոստանում նրան նորից թագավոր կարգել և պատվով իր աշխարհը վերադարձնել։ Տիրանը թագավորին պատասխանում է.

— Անօգուտ ու անիմաստ է, անգամ՝ անկարելի ինձ նման կույր մարդուն նորից թագավոր դարձնել։ Իմ փոխարեն թագավորեցրու որդուս՝ Արշակին։

Պարսից թագավորը կատարում է Տիրանի կամքը, Հայոց աշխարհին թագավոր է կարգում Արշակին, թագավորի կնոջն ու մյուս բոլոր գերիներին իրենց գանձերով ու ունեցվածքով հանդերձ ազատ է արձակում և Տիրանին մեծ պատվով ու ընծաներով ուղարկում Հայոց աշխարհը։

Այդ ժամանակ պարսից թագավորի մոտ էին գտնվում հունաց թագավորի պատվիրակները։

------------------------------------

1 Քաղաք Փոքր Հայքում, Բայբերդից (այժմ՝ Բայբուրդ) ոչ հեռու։

[էջ 108]

Երբ պարսից թագավորը հայերին ազատում և ուղարկում է Հայաստան, նա արձակում է նաև հունաց կայսրի պատվիրակներին և ուղարկում իրենց թագավորի մոտ, որպեսզի նրան պատմեն, թե ինչպես ինքը մեկ առ մեկ և ճշտությամբ կատարել է նրա պահանջը։ Պատվիրակները գալիս են Հունաստան, իրենց կայսրին պատմում պարսից թագավորի արարքը։ Կայսրը պարսից թագավորի վարմունքից գոհացած՝ ինքն էլ ազատ է արձակում նրա կանանց ու մնացած գերիներին և մեծ պատվով, կարգ ու սարքով նրանց վերադարձնում Պարսից աշխարհ, իրենց թագավորին։

ԱՐՇԱԿ*

Արշակի թագավորելուց հետո Հայոց աշխարհում խաղաղություն է հաստատվում, երկրից հալածվածներն ու փախստականները վերադառնում են հայրենիք, խաղաղ ապրում Արշակի թագավորության հովանու տակ։

Ինքն Արշակը անձամբ դուրս է գալիս որոնելու Մամիկոնյան քաջ զորավարներին, որոնք գժտվել էին հորից՝ Տիրան թագավորից, և գնացել ամրացել էին Տայքի1 իրենց տիրույթներում։ Նա գնում է Տայք, գտնում Մամիկոնյան եղբայրներին, հետները հաշտվում, ավագ եղբորը՝ Վարդանին, նշանակում է Մամիկոնյան տոհմի նահապետ, միջնեկ եղբորը՝ Վասակին, որ իր դայակն էր, նշանակում է Մեծ Հայքի սպարապետ, պատերազմական բոլոր գործերի ղեկավար և առհասարակ Մամիկոնյան տոհմին տալիս է Մեծ Հայքի բոլոր զորքերի զորավարության իշխանությունը։ Գնունյաց իշխանական տոհմին էլ տալիս է հայոց հազարապետության պաշտոնը։ Նա ընդհանրապես բոլոր կողմերից վերանորոգում ու ամրապնղում է երկրի իշխանությունը։

ԱՐՇԱԿ ԵՎ ՆԵՐՍԵՍ

Արշակ թագավորը իր մոտ համազգային մեծ ժողով է գումարում, որին մասնակցում են նախարարական տների մեծամեծ նահապետներն ու իշխող տարբեր խավերի ներկայացուցիչները։ Ժողովի նպատակն էր Հայոց աշխարհի համար ընտրել հոգևոր առաջնորդ։ Բոլոր ժողովականները միահամուռ գտնում են, որ հոգևոր առաջնորդ պետք է ընտրել միմիայն Գրիգոր Լուսավորչի տան ներկայացուցիչներից։

— Ինչպես Ձեր թագավորությունը նորոգվեց, — ասում են նրանք Արշակին, — այդպես էլ պետք է Գրիգորի սերնդից նորոգել հոգևոր նահապետությունը։ Երբ այդ կաթողիկոսական աթոռը նորոգվի, ապա և պայծառ վարքուբարք կնորոգվի Հայոց աշխարհում։

Ժողովը միաձայն նոր կաթողիկոսի համար առաջարկում է Գրիգոր Լուսավորչի թոռան թոռի՝ Ներսեսի թեկնածությունը։ Ներսեսն ինքը մոր կողմից Տիրան թագավորի քրոջ՝ Բամբիշի որդին էր, Արշակի հորաքրոջ զավակը։

Ներսեսը աշխարհական էր, ամուսնացած, փոքր հասակից սնվել ու ուսանել էր Գամիրքի Կեսարիա քաղաքում, վստահելի ուսուցիչների ձեռքի տակ։

Նա կրթված ու սիրված անձնավորություն էր, զինվորական պաշտոնյա և վարում էր Արշակ թագավորի սենեկապետի պարտականությունը։

Ներսեսն ինքը ներկա էր այդ ժողովին և սպասարկում էր Արշակ թագավորին։ Նա հաղթանղամ տղամարդ էր, բարձր ու վայելուչ հասակով, գեղեցիկ ու գրավիչ արտաքինով, պատկառելի ու վարժ զինվորական, բնավորությամբ հեզ, բարեհամբույր, խոնարհ, առաքինի, ընկերասեր ու մարդասեր, քաջ ու եռանղուն։ 
ժողովում՝ նա զինվորական համազգեստ հագած, պատրաստ կանգնած էր Արշակ թագավորին

-------------------------

* Շարադրված է ըստ Փավստոս Բուզանդի, մասամբ և Մ. Խորենացու «Հայոց պատմություն» գրքերի։

1 Տայքը պատմական Հայաստանի նահանգներից մեկն էր, ընկած Կարին (Էրզրում) քաղաքից դեպի հյուսիս, տարածվում էր Ճորոխ գետի միջին հոսանքի և աջակողմյան վտակների ավազանում։

[էջ 109]

սպասարկելու։ Նրա մեջքին կապված էր ականակուռ մարգարտազարդ գոտի, իսկ գոտուց կախված էր արքայական պողպատյա սուրը՝ ոսկե պատյանով, ուսերին գցած էր վայելուչ զարդերով գեղեցիկ պատմուճան։

Մինչ Ներսեսը ժողովում կանգնած սպասարկում էր թագավորին, ժողովը միաձայն աղաղակում է.

— Ներսեսը թող լինի մեր հովիվը1։

Ներսեսն անակնկալի եկած, բողոքում է այդ առաջարկության դեմ, իրեն այդ պաշտոնի համար անարժան համարելով։ Բայց ժողովականները չեն հանդարտվում, թագավորի առաջ շարունակում են աղաղակել.

— Ուրիշ ոչ ոքի չենք ուզում մեզ հովիվ, այլ միմիայն սրան, ուրիշ ոչ ոք չպետք է նստի այդ աթոռին, այլ միայն ինքը։

Ներսեսը առաջ է գալիս և սկսում ինքն իրեն բամբասել, սուտ բաներ ասել, որ ինքը իբր շատ մեղքեր ու թերություններ ունի և անարժան է այդ պաշտոնին։

Ժողովի մասնակիցները, թագավորի հետ միասին, ծիծաղում են այղ հորինած ստերի վրա։ Իսկ զինվորները միաբերան աղաղակում են.

— Թող քո մեղքերը մեզ վրա, մեր գլուխներին թափվեն, քո անօրեն գործերը թող մեր զավակների գլխին թափվեն, միայն թե դու դարձիր մեզ առաջնորղ, շարունակիր ու նորոգիր քո մեծ հոր՝ Գրիգորի գործը։

Ներսեսը տեսնելով, որ ոչ մի կերպ չի կարողանում նրանց համոզել, ստիպված վիրավորում է նրանց.

— Դուք անօրեն եք ու պիղծ, ես չեմ կարող ձեզ հովիվ լինել և ձեր մեղքերը ինձ վրա վերցնել։ Ես չեմ կարող աչառու լինել, չեմ կարող ձեր գործած չարիքներին դիմանալ։ Դուք այսօր զուր եք ինձ սիրում, վաղն իմ թշնամիներն ու ատողները կդառնաք։ Դուք ինձ կապում եք ձեր գլխին իբրև ծեծող թակ։ Ինձ հանգիստ թողեք, իմ տառապանքներով ու մեղքերով լի կյանքը թողեք առանց հոգսերի անցկացնեմ։

Բայց զինվորների բազմությունը չէր հանդարտվում, այլ պահանջելով աղաղակում էր.

— Հենց դու՝ մեղավորդ, պետք է մեզ հովիվ լինես։

Արշակի համբերության բաժակը լցվում է։ Նա չարացած ու զայրացած, ձեռը գցում է Ներսեսի գոտուց կախած սրից, դեպի իրեն քաշում, սուրը գոտիով հանում, շպրտում մի կողմ, ապա հրամայում՝ Ներսեսին իր առաջ կապել, խուզել նրա գանգուր ու վայելուչ մազերը, պատռել, վրայից հանել շքեղ պատմուճանը։

Երբ սկսում են խուզել Ներսեսի մազերը, և նա աստիճանաբար կորցնում է իր սքանչելի գեղեցկությունը, շատերը ցավից արտասվում են։ Ապա թագավորը հրամայում է բերել կրոնավորի զգեստներ և հագցնել նրան, կանչում են ծերունի Փավստոս եպիսկոպոսին և նրան ձեռնադրել տալիս սարկավագ2:

Այնուհետև Արշակը իր մոտ է հավաքում երկրի մեծամեծ իշխաններին, խորհուրդ անում, որոշում Ներսեսին տանել Կեսարիա, օծել ամենայն Հայոց կաթողիկոս։ 
Հայոց նշանավոր իշխանների ուղեկցությամբ և մեծամեծ նվերներով Արշակը Ներսեսին ուղարկում է Գամիրքի Կեսարիա մայրաքաղաքը՝ կաթողիկոսների կաթողիկոս Եվսեբիոսի մոտ, կաթողիկոս օծելու։

Ներսեսին տանում են Կեսարիա, Եվսեբիոսին հանձնում Արշակ թագավորի հրովարտակն ու նվերները։

Եվսեբիոսը ամենայն սիրով ու մեծարանքով ընդունում է հայոց հյուրերին, հավաքում եպիսկոպոսների բազմությունը և Ներսեսին ձեռնադրում Մեծ Հայքի եպիսկոպոս։ Երբ եկեղեցում Ներսեսին կաթողիկոս են օծում, մի սպիտակ աղավնի գալիս, նստում է օծման սեղանին, ապա թռչում նստում է Ներսեսի գլխին։ Հավաքված բազմությունը մեծ ցնծությամբ ու երկյուղածությամբ է ընդունում այդ երևույթը, այն համարելով աստվածային սուրբ նախանշան՝ Ներսեսի կաթողիկոս ձեռնադրման արժանավորության։

----------------------------

1 Հովիվ բառն այստեղ ունի փոխաբերական իմաստ, իբրև հոգևոր հոտի, այսինքն՝ հավատացյալների և հոգևոր պաշտոնյաների առաջնորդ։

2 Ցածր աստիճանի եկեղեցական պաշտոնյա։

[էջ 110]

Կեսարիայից Ներսեսին և հայոց իշխաններին մեծ պատվով և շուքով ճանապարհ են դնում Հայաստան։

Երբ գալիս հասնում են հայրենիք, Արշակ թագավորը նրանց դիմավորելու է դուրս գալիս Առյուծ լեռան մոտ։ Նրանք մեծ խանդավառությամբ ու ցնծությամբ հանդիպում են միմյանց, ողջունում, օրհնում, ապա բերում Ներսեսին, նստեցնում հայոց հայրապետության աթոռին։

Ներսեսը երկրում մեծ բարենորոգումներ է ծավալում։ Նա Տարոնի Աշտիշատում եկեղեցականների և աշխարհականների ժողով է գումարում, ուր իրավական կանոններ է սահմանում երկրի թե աշխարհիկ և թե եկեղեցական գործերը կարգ ու կանոնի ենթարկելու համար։

Նա նախարարական տներից վերացնում է երկու շատ կարևոր հեթանոսական սովորություն, առաջինը՝ ամուսնությունը մերձավոր և արյունակից ազգականների միջև, որ կատարվում էր շահադիտական նկատառումներով, և երկրորդը, երբ նշանավոր իշխանների մահվան ժամանակ սպանում և նրա հետ էին թաղում նաև նրա մերձավորներին ու ծառաներին։

Ներսեսը Հայոց աշխարհի ամեն մի գավառում աղքատանոցներ է շինել տալիս, ուր պատսպարվում ու սնվում են խեղճերն ու չքավորները։ Բոլոր գյուղերում շինել է տալիս հյուրանոց-իջևանատներ՝ օտարականների համար, սնվելու տեղեր՝ որբերի և ծերերի համար, հեռավոր և անմարդաբնակ տեղերում՝ հիվանդանոց-պատսպարաններ բորոտների, ախտավորների և այլ անբուժելի հիվանդների համար, որոնք մինչ այդ օրենքով հալածվում էին, իբրև պիղծ մարդիկ։

Ներսեսը Հայաստանի բոլոր գավառներում հիմնում է դպրոցներ, ուր ուսուցումը կատարվում է հունարեն և ասորերեն լեզուներով։ Շինում և վերանորոգում է ավերված եկեղեցիները, հաստատում վանական միաբանություններ, կարգավորում ու կայունացնում եկեղեցական գործի դրվածքն առհասարակ։ Ինքն իր մարդասիրությամբ, աղքատասիրությամբ, խոնարհությամբ ու ողորմածությամբ ամբողջ Հայոց աշխարհում վայելում էր համաժողովրդական մեծ սեր և հեղինակություն։

ԱՐՇԱԿԱՎԱՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄՆ ՈՒ ԿՈՐԾԱՆՈՒՄԸ

Ներսեսը հայոց տասը նշանավոր իշխանների հետ բարեկամական այցով գնում է Հունաստան՝ Վաղես կայսրի մոտ։ Վերջինս, որ աղանդավոր էր և շեղվել էր բուն քրիստոնեական հավատից, վեճի է բռնվում Ներսեսի հետ և նրան աքսորում մի անմարդաբնակ կղզի։ Ներսեսն իր բացակայության ժամանակ Հայոց աշխարհում տեղապահ է թողնում Բագրևանդի Խադ եպիսկոպոսին՝ մի ազնիվ ու բարեպաշտ հոգևորականի։

Արշակը որքան հասակ էր առնում և երկրում ամրապնդում իր իշխանությունը, այնքան դառնում էր ինքնավստահ և հաճախ զանց էր առնում եկեղեցու իշխանությունն ու պատվիրանները։

Ներսեսի բացակայության ժամանակ Արշակ թագավորը Կոգ գավառի հովտում մի դաստակերտ է շինել տալիս և հրամայում իր մունետիկներին՝ երկրով մեկ հայտարարել թագավորական հետևյալ հրամանը. «Ով որևէ մեկին պարտք է, ով որևէ մեկին մի բանով վնասել է, ով որևէ մեկի արյունն է թափել, ով որևէ մեկի կինն է հափշտակել կամ գույքը բռնագրավել, ով որևէ մեկից երկյուղ ունի, բոլորը, բոլորը թող հավաքվեն գան, բնակվեն թագավորի շինած դաստակերտում, նրանց նկատմամբ ոչ մի դատ ու պահանջ չի լինի, նրանց դեմ բողոքողներն իրենք կենթարկվեն պատժի ու դատաստանի»։

Երբ բոլոր գավառներում, քաղաքներում ու գյուղերում, բոլոր հրապարակներում հայտարարվում է արքունական այս հրամանը, Արշակ թագավորի շինած դաստակերտն են գալիս հավաքվում երկրի բոլոր գողերը, ավազակները, մարդասպանները, պարտապանները, հափշտակիչները, վնասարարները, բոլոր ստախոսներն ու խաբեբաները։ Շատ շատերը հանցանքներ էին գործում և այնտեղ ապաստան գտնում, շատ կանայք թողնում էին իրենց տղամարդկանց, փախչում գալիս՝ այնտեղ պատսպարվում, շատ տղամարդիկ իրենց կանանց լքելով, ուրիշների կանանց էին առնում և գալիս այնտեղ ընկնում, շատ ծառաներ իրենց տերերի գանձերը հափշտակելով, փախչում գալիս էին այնտեղ օթևան գտնում, շատ ավանդառուներ իրենց մոտ պահուստի տրված ավանդները վերցնում, գալիս էին այնտեղ ապաստանում։ Այնտեղ էին գալիս նաև տուժածներն ու հարստահարվածները, զրկվածներն ու հալածվածները։ Գալիս էին, լցվում, դաստակերտը մեծանում, դառնում է մի մեծ քաղաք, ամբողջ հովիտը բռնում։

[էջ 111]

Արշակ թագավորը հրամայում է այդ քաղաքը կոչել իր անունով, Արշակավան, և այնտեղ արքայական ապարանք է կառուցել տալիս։

Արշակավանի կառուցումը Արշակի դեմ երկրով մեկ բողոքի ու դժգոհության ալիք է բարձրացնում։

Ներսեսի տեղապահ Խադ եպիսկոպոսը բազմիցս հանդիմանում է Արշակին այդ քաղաքի համար, բայց Արշակը փոխանակ նրան լսելու, փորձում է զանազան թանկարժեք նվերներով, ոսկով ու արծաթով, արքունական ախոռի ընտիր նժույգներով կաշառել նրան։ Խադն ընդունում է այդ թանկարժեք նվերները, բայց տեղնատեղը բաժանում աղքատներին ու կարիքավորներին, միաժամանակ չդադարեցնելով իր հանդիմանությունը։

Խադին ստիպում են անգամ Արշակավանի եկեղեցում սուրբ սեղան կանգնեցնել, որից Խադը կտրուկ հրաժարվում է։ Արշակը տեսնելով, որ իր ջանքերն ապարդյուն են անցնում, հրամայում է իր մոտից հեռացնել Խադին։

Հունաստանում մեռնում է Վաղես կայսրը։ Աքսորավայրից Հայաստան է վերադառնում Ներսեսը, որին Արշակ թագավորն ու ողջ ժողովուրդը դիմավորում են ցնծությամբ։ Ներսեսի վերադարձով կրկին աշխուժանում է երկրի ներքին կյանքը։

Ներսեսն իմանալով Արշակավանի կառուցման և Արշակի գործած անօրինությունների մասին, մտնում է թագավորի մոտ, խստորեն նախատում նրան, ապա խորհուրդ տալիս.

— Արդ, լսի՛ր, ինչ որ քեզ ասում եմ, և կատարիր, որպեսզի կարողանաս քեզ փրկել աստծո բարկությունից, և թշվառ Հայոց աշխարհն էլ քո պատճառով չկորչի։ Դու հրաման տուր, որ Արշակավանը քանդեն, քո ժողոված մարդկանց ցրիր, որ գնան տարածվեն ու բնակվեն իրենց նախկին տեղերում, որպեսզի չարիքների խորքերը չընկնես ու չկորչես։ Իսկ քո գործած մեղքերի համար ամբողջ երկրին հրաման կտանք, որ քո փոխարեն պաս պահեն, աղոթք անեն։ Եթե Արշակավանի տեղը շատ ես հավանում, և քեզ դժվար է այն լքել, ապա ես ինքս նոր քաղաք կշինեմ քեզ համար և արդարությամբ շեն կպահեմ։

Արշակը լսում է կաթողիկոսի խոսքերը, քթի տակ ծիծաղում նրա ասածների վրա, զանց առնում։

Ներսեսը բարկանում է թագավորի վրա, աստվածային պատժով սպառնում նրան և թողնում հեռանում գավառները։

Արշակավանի բնակչության մեջ ժանտախտ է ընկնում, սկսում են կոտորվել մարդիկ ու անասունները։ Հայ նախարարներն էլ, կատաղած Արշակավանում ապաստանած իրենց ծառաների ու հանցավորների դեմ, զորքերով հարձակվում են Արշակավանի վրա, կոտորում բոլոր տղամարդկանց ու կանանց, բացի ծծկեր երեխաներից։

Կոտորածի մասին Ներսեսն իմանում է ուշացումով, և չի կարողանում դրա առաջն առնել։ Նա հասնում է այն ժամանակ, երբ մեծերին կոտորել էին, իսկ նրանց երեխաներին նախարարներն իրենց մեջ էին բաժանում, որպեսզի գերի տանեն ինչպես հեռավոր թշնամիների երեխաների։ Ներսեսը երեխաներին ազատում է նախարարների ձեռքից, կողովներով նրանց կրել է տալիս մի գոմ, նրանց համար սնունդ և ապրուստ նշանակում։ Հետագայում, երբ այդ երեխաները մեծանում են, իրենց համար ավան են շինում, որ կոչվում է Որթք1, ի նշան այդ բնակավայրը նրանց կողովներով բերելու։

ԱՐՇԱԿ, ԳՆԵԼ ԵՎ ՏԻՐԻԹ

Ներսեսի անմարդաբնակ կղզի աքսորված ժամանակ նրա հետ Հունաստան գնացած նախարարների մի մասը պատանդ էր մնացել Վաղես կայսրի մոտ։ Նրանց մեջ էին նաև Արշակի եղբորորդիներ Գնելն ու Տիրիթը։

Ներսեսին աքսորելու պատճառով հայոց և հունաց միջև եղած բարեկամական հարաբերությունները չխաթարելու և Արշակի սիրտը շահելու համար, Վաղեսը Ներսեսի փոխարեն պատանդից ազատում և մեծ նվերներով, թանկարժեք քարերով Հայաստան է ուղարկում Արշակի եղբորորդիներ Գնելին ու Տիրիթին։

--------------------------------

1 Որթք — հին հայերենում՝ կողովներ, այսինքն՝ որթերից, ճյուղերից հյուսված։

[էջ 112]

Նրանք հունաց պատվիրակի հետ գալիս են Հայաստան և Արշակին հանձնում Վաղեսի հրովարտակը, թանկարժեք քարերն ու գանձերը։ Արշակն իմանալով կատարվածը, սաստիկ զայրանում է, անպատվում հունաց պատվիրակին.

— Այդ ձեր բերած քարերը թող թափվեն ձեր կայսեր ու ձեր գլխին։ Մեր երկրում քարեր շատ կան, դրանք լիուլի բավարար են այս քարերը տվողի և բերողի ատամները փշրելու համար։

Արշակն անմիջապես հրամայում է Վասակ զորավարին զորք հավաքել, գնդեր կազմել և գնալ, զարկել, ավարի ենթարկել Գամիրքի կողմերը, որ պատկանում էր հունաց կայսրին։ Վասակ սպարապետը իսկույն կատարում է թագավորի հրամանը։ Նա հավաքում է շուրջ երկու հարյուր վաթսուն հազար զինվորից բաղկացած մի բանակ, գնում ջարդում, ավարի է ենթարկում Գամիրքի կողմերը, հասնում միճչև Անկյուրիս քաղաքը։ Վեց տարի շարունակ Վասակն ասպատակում է Հունաց աշխարհի սահմաններում գտնվոդ երկրները, թալանում, կոտորում, ավարի ենթարկում տեսակ–տեսակ հարստություն և ունեցվածք, բերում, լցնում Հայոց աշխարհը, լիացնում բոլորին։

Գնելը գնում է Արագած լեռան ստորոտում գտնվող Կվաշ ավանը իր կուրացած պապի՝ Տիրանի մոտ, որ դեռ կենդանի էր։ Տիրանը Գնելին նվիրում է իր ամբողջ ունեցվածքը, գյուղերը, դաստակերտները, կալվածքները և հրամայում է Գնելին հենց նույն Կվաշ ավանում էլ բնակվել։

Սյունյաց Անդոկ նախարարն ուներ մի գեղեցիկ աղջիկ՝ Փառանձեմ անունով։ Նա իր գեղեցկությամբ ու պարկեշտությամբ հռչակված էր ամբողջ երկրում։ Պատանի Գնելն ամուսնանում է այդ գեղեցիկ աղջկա` Փառանձեմի հետ, և մեծ ու թագավորավայել հարսանիք անում։ Նա իր պապից ստացած ժառանգությունից առատորեն պարգևներ է տալիս բոլոր նախարարներին, նրանց զավակներին, որոնք շատ են սիրում և գնահատում Գնելին։ Նախարարներն անգամ իրենց զավակներին հանձնում էին Գնելին՝ զինավարժություն ուսուցանելու նրանց։

Գնելի մյուս հորեղբորորդին՝ Տիրիթը, տեսնելով Փառանձեմի չքնաղ գեղեցկությունը, սիրահարվում է իր հարսին։ Նա նախանձում է Գնելին ոչ միայն գեղեցիկ Փառանձեմի համար, այլև իրենց պապից ստացված ժառանգության։ Եվ նա սկսում է հնար փնտրել՝ Գնելին մեջտեղից վերացնելու, նրա կնոջն ու պապենական ժառանգությունը հափշտակելու։ Նա վճռում է թագավորին գրգռել Գնելի դեմ և նրա միջոցով Գնելին մեջտեղից վերացնել։

Տիրիթը գալիս է Արշակի մոտ և. ասում.

«Արքայիդ հայտնի չէ՞, արդյոք, որ Գնելը միտք է դրել քեզ սպանել և քո փոխարեն թագավորել։ Բոլոր նախարարները, մեծամեծները, ազատները1 սիրում են Գնելին, մեր ամբողջ երկրի նախարարները գերադասում են նրա իշխանությունը իրենց վրա, քան քոնը։ Եթե ապացույցներ ես ուզում, թագավո՜ր, ահա քեզ ապացույցներ. Գնելը եկավ, բնակվեց Այրարատում, ձեր թագավորական կալվածքում, և բոլոր նախարարները սրտանց նրան են հարում։ Հունաց կայսրերն այդ դավը նյութելով, նրան հյուպատոսի կոչում տվեցին և շատ մեծ գանձ, որով նա նախարարներին իր կողմը գրավեց։ Արդ, արքա, իմացիր և տես, թե ինչ պիտի անես, ինչպես պիտի կարողանաս քեզ փրկել»։

Դավին մասնակից էր նաև Մամիկոնյան տոհմի Վարդան նահապետը, որը թագավորի արևով երդվելով, հավատացնում է Արշակին Տիրիթի խոսքերի ճշմարտությունը։

Արշակը հավատալով նրանց խոսքերին, Վարդանին ուղարկում է Գնելի մոտ հետևյալ պատգամով.

«Ինչո՞ւ բնակվեցիր Այրարատում և հայրենի կարգը խանգարեցիր2։ Արդ, դու պետք է ընտրես երկուսից մեկը, կամ մեռնել, կամ Այրարատից հեռանալ և քեզանից հեռացնել նախարարների զավակներին»։

Գնելը անմիջապես կատարում է թագավորի պատգամը, թողնում է Այրարատը և գնում, բնակվում է Աղիովիտ և Առբերան գավառներում3։

------------------------------

1 Ազատ՝ սոցիալական տերմին է, հին հայերենում նշանակում էր ազնվական։

2 Արշակունիների արքայական տան սովորության համաձայն, Այրարատում պետք է բնակվեր միայն թագավորը և նրա մի որդին, որին պահում էին իբրև թագավորին հաջորդ, թագաժառանգ։ Իսկ Արշակունյաց տան մտա ներկայացուցիչները պետք է բնակվեին Հաշտյանք, Աղիովիտ և Առբերան գավառներում՝ արքունական եկամուտներով և ուտեստով։ Գնելը փաստորեն խախտել էր այս սովորույթը։

3 Գտնվում էին Վանա լճի հյուսիսային կողմում։

[էջ 113]

Այդ առթիվ Տիրանը սաստիկ զայրանում է որդու՝ Արշակի դեմ, և նրան խիստ հանդիմանում։ Արշակի գաղտնի հրամանով՝ սենեկապետները խեդդամահ են անում Տիրանին և թաղում Կվաշ ավանում, չարժանացնելով անգամ Անիի արքայական գերեզմանոցում թաղվելու։

ԳՆԵԼԻ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՈՂԲԸ

Մոտենում էին հայոց նոր տարվա՝ Նավասարդի, օրերը և այդ առթիվ Արշակը դուրս է գալիս արքայական որսի և զվարճությունների։ Նա գնում է Մասիսի թիկունքում գտնվող իր սիրած Կոգովիտ գավառը և մեծաթիվ կենդանիներ որսում։ Երբ որսից հետո հավաքվում են արքայական խնջույքի, Արշակը գինի խմելով պարծենում է, թե իրենից առաջ ոչ մի թագավոր մի ժամում այդքան մեծաքանակ որսի կենդանիներ չի կոտորել։ Տիրիթն ու Վարդանը դարձյալ նորոգում են իրենց նենգությունը և թագավորին ասում, թե այս օրերին Գնելը Աղիովտի լեռներում ավելի շատ երեներ է սպանել։

Արշակն այս առթիվ դարձյալ ոխով է լցվում Գնելի դեմ և անմիջապես կարգադրում Վարդանին՝ գնալ, Գնելին հրավիրել իր արքունական բանակատեղը՝ նավասարդյան որսին ու զվարճություններին մասնակցելու պատրվակով և սպանել։

Վարդանը գալիս է, Առավյուտք կոչված գյուղում գտնում պատանի Գնելին։ Նա անկեղծ երդումներով ու խորամանկ վարպետությամբ համոզում է Գնելին՝ իր կնոջ և տնական մարդկանց հետ գալ արքունի բանակատեղին, հավատացնելով, որ թագավորը նրանց մեծարանքի և զվարճությունների համար է հրավիրում։

— Թագավորը չուզեց, — ասում է Վարդանը, — Նավասարդի տոներն առանց քեզ անցկացնել։ Նա այժմ շատ բարեհաճ է տրամադրված քո նկատմամբ, որովհետև համոզվեց, որ քո մեջ ոչ մի չարություն չկա, և չարախոսները զուր էին փորձում իրեն հակառակն համոզել։ Նա այժմ զղջում է, որ քեզ ատել է և կամենում է իր սիրուն քեզ արժանացնել։

Գնելը համոզվում է և իր իշխանական ամբողջ կազմով Վարդանի հետ ընկնում ճանապարհ։ Ողջ գիշեր նրանք աճապարելով գնում են, որպեսզի լուսադեմին հասնեն արքունի բանակը, քանի որ հաջորդ օրը կիրակի էր և արքունի բանակի մերձակայքում գտնվող Բագավանում մեծ հանդիսավորությամբ նշվելու էր Հովհաննես Մկրտչի հիշատակի օրը։ Այդ տոնին Բագավանում էին հավաքվել տարբեր գավառներից եկած աշխարհիկ մարդկանց մեծ բազմություն և շատ եպիսկոպոսներ։ Ներսես կաթողիկոսն այնտեղ էր ուղարկել իր աթոոակից և տեղապահ Խադին, որպեսզի ամեն ինչ տեղում կարգավորի։ Իսկ ինքը մնացել էր արքունի բանակում, որպեսզի իր ներկայությամբ այդ գիշեր մեծ պաշտամունք ու հաղորդություն կատարվի։

[էջ 114]

Լուսաբացին Գնելի խումբը հասնում է արքունի բանակը։ Թագավորին անմիջապես հադորդում են Գնելի ժամանման լուրը։ Արշակը հրամայում է Գնելին բանակից դուրս տանել և սպանել։ Եվ երբ Գնելը ձի հեծած անցնում էր բանակի միջով և մոտենում արքունի հրապարակին, արքունիքից վրա են հասնում բազմաթիվ սպասավորներ, զինված՝ սրերով, նիզակներով, սվիններով ու սակրերով, ինչպես նաև զինված հետևակ զորք։

Նրանք հասնում, բռնում են պատանի Գնելին, ձիուց վայր գցում, ձեռքերը հետևը կապելով՝ տանում գլխատման վայրը։

Գնելի կինը՝ Փաոանձեմը, որ գտնվում էր ամուսնու հետ և գալիս էր փափուկ օթոցներով հարդարված պատգարակով, երբ տեսնում է ամուսնուն բռնեցին, իսկույն վայր է ցատկում պատգարակից, վազում եկեղեցի, ուր Ներսեսը բանակի մարդկանց ներկայությամբ առավոտյան ադոթք էր կատարում։

Կինը հևիհև իրեն գցում է եկեդեցի և դիմելով Ներսեսին ճչում.

— Շտապիր, հասիր, ամուսնուս առանց մեղքի, առանց որևէ հանցանքի սպանում են։

Ներսեսն անմիջապես ընդհատում է արարողությունը և եկեղեցուց դուրս գալով, վազում դեպի թագավորի առանձնասենյակը։ Հասնելով թագավորի դռանը, առանց նախազգուշացնելու նա իրեն գցում է թագավորի սենյակը։ Արշակն անմիջապես կռահելով Ներսեսի անակնկալ գալու պատճաոը, քնած է ձևանում, սամույրե գլխարկը գլխին է քաշում, դեմքը ծածկում և սկսում խռմփացնել։ Ներսեսը մոտենում, բռնում է թագավորի ուսը, ցնցում և ասում.

— Հիշիր, թագավոր, մեր տիրոջը, որ մեր սիրո պատճառով իջավ երկնային բարձրությունից, մեզ՝ անարժաններիս, եղբայր դարձավ, որ մենք միմյանց խնայենք, միմյանց սիրենք, չհամարձակվենք իրար վնասել։ Եթե դու քո եղբորը, ծառայակցին, ընկերակցին ու հարազատին չխնայես, մեր տերն էլ քեզ չի խնայի։

Լսիր աստծո խոսքը, ինքդ քեզ խնայիր, քո հարազատ եղբոր արյունը մի թափիր, արդար մարդուն անմեղ տեղը անխնա մի սպանիր։

Արշակք արքայական գահույքում կողքի ընկած, մուշտակով փաթաթվել էր, դեմքը ծածկել, քար կտրած՝ ոչ լսում էր կաթողիկոսին, ոչ էլ պատասխանում։ Այդ պահին ներս է գալիս թագավորի Երազմակ դահճապետը և զեկուցում թագավորին.

— Արքունի բոլոր հրամանները կատարեցի. Գնելին տարա որսատեղի պատի տակը, սպանեցի և նույն տեղում էլ թողեցի։

Ներսեսը ցնցվում է այս լուրից և զայրացած սկսում անեծքների տարափ տեղալ թագավորի գլխին։

— Ինչպես քարբ օձն է1 խցում իր ականջները՝ ճարտար կախարդի ձայնը չլսելու համար, այնպես էլ դու, թագավոր, ականջներդ փակեցիր, որպեսզի չլսես աստվածային խրատը և գազանի նման մարդ հոշոտես։

Դու, Արշակ, որովհետև Կայենի2 գործը կատարեցիր, Կայենի անեծքին գաս. ողջ-ողջ թագավորությունիցդ զրկվես, քո Տիրան հորից ավելի չարչարանքներ կրես և մեծ նեղության մեջ դառն մահվամբ կյանքդ վերջացնես։

Ներսեսը անիծում է, բարկացած դուրս գալիս թագավորի մոտից և այլևս արքունի բանակ չի վերադառնում։

Գնելին տարել գլխատել էին արքունի որսատեղի պատի մոտ գտնվող Լսին բլրի վրա, որն ընկած էր աղբյուրների մոտ սարքված արքունի բազմոցների դիմաց։

Արշակը հրամայում է իր բանակատեղում գտնվող բոլոր մարդկանց՝ մեծին և փոքրին, գնալ Գնելի սպանված տեղը և սգալ ու կոծել Արշակունի մեծ սեպուհ3 Գնելի մահը։ Բայց ոչ ոք չի համարձակվում

---------------------------

1 Թունավոր խոշոր օձ՝ ասպիդ, որ ապրում է արևադարձային և մերձարևադարձային շրջաններում։

2 Կայենը, ըստ աստվածաշնչյան առասպելի, առաջին մարդու՝ Ադամի որդին էր, առաջին երկրագործը, որը նախանձելով իր անասնապահ եղբորը՝ Աբելին, սպանում է նրան և թաղում։ Այդ արարքի համար Կայենն արժանանում է աստվածային պատուհասի, գլխին եղջյուրներ են բուսնում, մնում է անմահ, հետագայում թյուրիմացարար սպանվում է իր ազգակցի՝ Ղամեքի կողմից։

3 Ազնվական ծագում ունեցող անձ, նախարարական տոհմից սերված իշխան։

[էջ 115]

գնալ։ Թագավորն ինքն է անձամբ ելնում գնում այնտեղ, նստում լացող ու ողբացող կանանց կողքին, ողբում ու սգում իր եղբորորդուն, որին ինքն էր սպանել։

Արշակը ինքը լալիս էր և հրամայում ողբասաց կանանց՝ լաց ու կոծը սաստկացնել։ Լացող կանանց մեջ էր Գնելի կինը՝ Փառանձեմը, զգեստները պատառոտած, մազերն արձակած, կուրծքը բաց կոծում էր սպանված ամուսնուն, բարձր ճչում, աղիողորմ ողբով բոլորին լացացնում։ Արշակը նայում էր Փառանձեմի չքնաղ գեղեցկությանը, պատառոտված զգեստների արանքից ցոլացող մարմնին և մտքում տենչում նրան։

Իսկ Տիրիթը, որ Փառանձեմի սիրուց նախանձելով Գնելին, նենգորեն սպանել էր տվել նրան, լաց ու կոծի թունդ պահին, կրքերը չզսպելով, մարդ է ուղարկում Փառանձեմի մոտ, ասել տալիս.

— Քեզ շատ մի տանջիր ու չարչարիր, ես Գնելից ավելի լավ տղամարդ եմ. ես քեզ սիրում եմ, դրա համար էլ նրան սպանել տվեցի, որ քեզ հետ ամուսնանամ։

Երբ Փառանձեմին հայտնում են Տիրիթի այս պատգամը, լաց ու կոծի թունդ պահին նա ձայնը բարձրացնում է, բողոքելով ճչում.

— Լսեցեք, մարդիկ, բոլորդ լսեցեք, իմ ամուսնու մահը իմ պատճառով է եղել, մեկը ինձ վրա աչք է դրել և իմ պատճառով սպանել տվել ամուսնուս։

Այս իրողությունը հայտնելով ի լուր ամենքին, Փառանձեմն ինքը դառնում է ողբամայր, բոլոր ձայնարկուները1 միանում են նրան, հենց տեղնուտեղը սկսում են երգ կապել Տիրիթի սիրահարության, Փառանձեմի վրա աչք դնելու, մատնության, Գնելի մահվան համար հնարներ որոնելու և նենգությամբ սպանել տալու մասին։ Բոլոր ողբասացները այս բաները սկսում են երգով պատմել ու աղիողորմ ձայնով երգել։ Այդ ձևով տարածվում և բոլորին պարզ է դառնում Գնելի սպանության նպատակն ու հանգամանքները։

Արշակն այս ամենը լսելով և իրազեկ ղառնալով սպանության նպատակին, ապշում, զարմանում, զղջում է իր արարմունքը, ափսոսանքով ձեռներն իրար խփում, ինքն իրեն ասում.

— Ուրեմն, Տիրիթն անարժան սիրով սիրահարված լինելով Գնելի կնոջը, այս չարիքը հնարեց, դարձավ անմեղ մահվան պատճառ, մեզ էլ զուր տեղը արդար արյունի մեջ շաղախեց և ժառանգել տվեց անանցանելի չարիք ու անեծք։

Թագավորը, սակայն, առժամանակ եղած իրողությունն ու սեփական մտորումները իր մեջ է պահում, ոչ ոքի չի հայտնում, լռում է և սպասում։

Արշակը Գնելի դիակը նախարարների հետ տանում, իջեցնում է Աղիովտի դաշտը և թաղում արքունական Զարիշատ քաղաքում։

Գնելի սպանությունից բավական ժամանակ անց Տիրիթը պատգամավոր է ուղարկում Արշակի մոտ հետևյալ խնդրանքով. «Բարեհաճիր, արքա, և հրաման տուր Գնելի կնոջ՝ Փառանձեմի հետ ինձ ամուսնանալ»։

Արշակն այս լսելով, ասում է.

— Այժմ հաստատ համոզվեցի, որ իսկապես Գնելի մահը իր կնոջ պատճառով է եղել։ Արշակը կտրուկ մերժում է Տիրիթի պահանջը և մտադրվում Տիրիթին սպանել Գնելի մահվան համար։

Տիրիթն իմանում է թագավորի մտադրությունը և գիշերով ահաբեկված փախչում։ Երբ Արշակին հայտնում են Տիրիթի փախուստը, նա անմիջապես հրամայում է ազատների բանակին՝ Տիրիթին հետապնդել և որտեղ որ բռնեն, այնտեղ էլ սպանեն։

Ազատները Տիրիթին հետապնդելով՝ հասնում են մինչև Բասենի անտառները, անտառում բռնում են նրան և տեղնուտեղը սպանում։

Տիրիթին սպանելուց հետո Արշակն ամուսնանում է Գնելի կնոջ՝ Փառանձեմի հետ։

--------------------------------

1 Ողբամայր, մայր ողբոց կամ եղերամայր, նաև ձայնարկուներ կամ ձայնարկու կանայք, հնում մեռել ի վրա սուգ կատարելու համար հրավիրում էին հատուկ լալկան կանանց, որոնցից մեկը դառնում էր ողբի մայր, այսինքն՝ գլխավոր ողբասացը, երգով մեռելի գովքն էր անում, իսկ մյուսները, որ կոչվում էին ձայնարկուներ, ձայնակցում էին ողբամորը, կրկնելով նրա երգած ողբերգը։

 

 

Նախորդ էջ |  Բովանդակություն  | Հաջորդ էջ

 


Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ «Սասունցի Դավիթ», Երևան, Հայպետհրատ, 1961թ.:

Տես նաև

«Սասունցի Դավիթ» հերոսավեպի մասին
Հովհաննես Թումանյան. Սասունցի Դավիթ 
Валерий Брюсов: Сасунци Давид

Հայ հին վիպաշխարհը


Copyright gradaran©ejmiatsin.am. All rights reserved