Գլխավոր | Նորություններ | Պատկերասրահ | Տեսադարան

Որոնել կայքում:
Թեմաներ
Աշխարհագրություն
Աստվածաբանություն
Բառարաններ
Բժշկություն
Բնական գիտություններ
Գեղարվեստական գրականություն
Դյուցազնավեպ
Թարգմանական գրականություն
Թղթեր, նամակներ, կոնդակներ
Իրավունքի հուշարձաններ
Լեզվաբանություն
Մատենագիտական ցանկեր
Ուղեգրություններ
Պատմագրություն
Տեղեկատու գրականություն
Տնտեսություն
Փիլիսոփայություն
Օտարալեզու հայ հեղինակներ
ԳՐԱՆՑՎԵԼ
Անուն:
E- mail:
Գաղտնաբառ:
Հիշել:

 

 

 

 

Թեմա`

Գրականություն

  • Հայ հին գրականություն
  • Միջնադարյան հայ գրականություն
  • Հայ նոր գրականություն
  • Նորագույն հայ գրականություն
  • Ժամանակակից հայ գրականություն
  • Դյուցազնավեպ

 

 

 

Դյուցազնավեպ

 

 Հայ հին վիպաշխարհ

  ՍԱՐԳԻՍ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


[էջ 166]

«ՏԱՐՈՆԻ ՊԱՏԵՐԱԶՄ» ՎԵՊԸ

 

ՄՈՒՇԵՂ ԵՎ ԽՈՍՐՈՎ**

Պարսկաստանում Սասանյան Որմիզդ թագավորի զորավար Վահրամ Մերհեվանդակ իշխանը ապստամբում է իր թագավորի դեմ։ Առիթից օգտվելով, պարսից մյուս նախարարները սպանում են իրենց թագավոր Որմիզդին և փոխարենը թագավորեցնում նրա որդուն՝ Խոսոովին։ Վերջինս փախչում է իր աշխարհից և ապստամբ Վահրամի դեմ կռվելու համար, նախարարների խորհրդով, հունաց Մորիկ կայսրից օգնություն է խնդրում։

Մորիկը մեծ զորք է ուղարկում Խոսրովին օգնելու։ Խոսրովին օգնելու են ելնում նաև, հայոց զորքերն ու նախարարները՝ Մուշեղի գլխավորությամբ։

Կռվից առաջ Վահրամ Մեհրեվանդակը պատգամավոր է ուղարկում Մուշեղի մոտ հատուկ հրովարտակով, գրելով հետևյալը.

«Ես այնպես էի կարծում, թե երբ ես ձեր թշնամիների դեմ եմ կռվում, դուք ինձ օգնության կգաք, և մենք միասնական ուժերով մեջտեղից կվերացնենք տիեզերական պատուհաս դարձած Սասանյանների իշխանությունը։ Մինչդեռ դուք զորք եք ժողովել և ձեր թշնամու կողմն անցած՝ իմ դեմ եք ելել պատերազմի։ Դուք, հայերդ, որ այսքան տարի կռվել եք Սասանյանների դեմ, նրանց, որոնք վերացրել են ձեր երկիրն ու իշխանությունը, հիմա ինչպես եք դարձել նրանց դաշնակից և ելել իմ դեմ։ Իմացեք, եթե Խոսրովը հաղթի, ապա նա, հունաց թագավորի հետ միասին, ձեզ մեջտեղից կվերացնեն։ Ուստի ինձ հաճելի կլինի, որ դուք դրանցից հեռանաք, միանաք ինձ, ինձ օգնեք։ Եթե ես հաղթեցի, երդվում եմ մեծ աստված Արամազդով, արեգակով, լուսնով, հրով, ջրով, Միհր աստվածով և բոլոր աստվածներով, որ ձեզ կտամ հայոց թագավորությունը, և դուք, ում կամենաք, նրան կդարձնեք ձեզ թագավոր։ Ես ձեզ կվերադարձնեմ նաև ձեզանից խլած բոլոր երկրները և բոլոր ծախսերը կհոգամ, մինչև ձեր թագավորությունը հաստատվի»:

Մուշեղն ու մնացած հայ նախարարները Վահրամի հրովարտակը թողնում են անպատասխան։

Վահրամը երկրորդ անգամ է թուղթ ուղարկում Մուշեղին, այս անգամ արդեն՝ սպառնալիքներով։

«Ես ձեզ գրեցի, որ հեռու մնաք Սասանյաններից, ձեզ խոստացա ձեր երկրները, թագավորություն և գանձեր, իսկ դուք լսել չուզեցիք և անգամ չբարեհաճեցիք պատասխանել։ Այդ դեպքում վաղը առավոտյան ես ձեզ ցույց կտամ իմ զրահավորված փղերը, իրենց վրա նստած սպառազեն քաջերով, որոնք հաստաձիգ աղեղներից ձեզ վրա կտեղան երկաթակուռ նետեր՝ պողպատե սլաքներով, ես ձեզ ու Խոսրովին ցույց կտամ հզոր ու սպառազեն երիտասարդ այրերի, արագընթաց արաբական նժույգների, պողպատակուռ տապարների և սուսերների ուժը»։

* Այս ամբողջ վիպաշարը, բացի «Մուշեղ և Խոսրով» գլխից, շարադրված է Հովհան Մամիկոնյանի «Տարոնի պատմության» հիման վրա:

** Շարադրված է ըստ Սեբեոսի պատմության։

[էջ 167]

Մուշեղը նրան պատասխանում է այսպես.

«Աստված ո՛ւմ կամենա, թող նրան տա, բայց դու ինքդ ես զղջալու և ոչ թե մենք։ Եվ ճանաչիր քեզ, պոռոտախոս մարդ, որ հույսդ դրել ես ոչ թե աստծո, այլ քո քաջության ե փղերի զորության վրա։ Եթե աստված կամենա, վաղը քո փղերի բազմությունը կցրվի ամպերի նման, քո զորությունը հողմի բերան ընկած փոշու պես կվերանա, և քեզ մոտ եղած արքունի գանձերը արքունիք կգնան»։

Վաղ առավոտյան հակառակորդ զորքերը ճակատ են կազմում, և սկսվում է մի ահեղ ճակատամարտ։

Ապստամբ Վահրամը չի կարողանում դիմանալ հունաց, հայոց և պարսից զորքերի ճնշմանը, դիմում է փախուստի։

Հույն և հայ զինվորները քաջաբար մարտնչում են փղերի դեմ, շատ ւիղերի ու փղապան զինվորների կոտորում, շատերին էլ գերում, բերում են Խոսրովի մոտ։ 
Նրանք մտնում են Վահրամի զորքերի լքած բանակատեղին, Վահրամի վրանում գտնում մեծաթիվ արքունի գանձեր, ավարի են ենթարկում ամեն ինչ։ Խոսրովի պարսից զորքը թալանված արքունի գանձերից կարողանում է մի մեծ մաս ազատել և բերել Խոսրովին։ Հաղթանակած Խոսրովը հաստատվում է իր թագավորության վրա։

Ապա Խոսրովը հրամայում է Վահրամի գերված ձիավոր և փղահեծյալ զինվորներին մերկացնել, ձեռները ուսերի վրա կապել և գցել գերված փղերի ոտների տակ, ոտնակոխ անելով, սպանել։

Հաջորդ օրը, երբ Խոսրովի նախարարները նրան ակնարկում են, որ հունաց զինվորները Վահրամի վրանից արքունի գանձերի մեծ մասը ավարի են ենթարկել, նա չի ցավում դրա համար, այլ ասում է.

— Բայց ինձ անհանգստացնում է այն, որ կենդանի մնաց տիրատյաց Վահրամը և գնաց։ Նա քաջ մարդ է և վերստին կարող է զորք գումարել արևելքի քաջ ազգերից և հարձակվել մեզ վրա։

Խոսրովին իր մարդիկ պատասխանում են.

— Այդ տիրատյացին հայերն ազատեցին, մենք մեր աչքով տեսանք, թե ինչպես նրան Մուշեղ Մամիկոնյանը բռնեց, ապա նրան երիվար ու զենք տվեց և ազատ արձակեց։

Խոսրովի մարդիկ վախենալով Մուշեղի ուժից ու բնավորությունից, իրենց արքայի մոտ դիտմամբ ամբաստանում են նրան։ Իսկ Խոսրովը, որովհետև տարիքով դեռ մանուկ տղա էր, խակ ու անփորձ, փոխանակ քննելու իրողությունը, հավատ է ընծայում բանսարկուներին և ասում.

— Կանչեք այստեղ Մուշեղին, ոտ ու ձեռը կապեք, մինչև ես նրա մասին հաղորդեմ հունաց կայսրին։

Նույն պահին նա մի հուշագիր է գրել տալիս, հանձնում սուրհանդակին, որ տանի, տա Մուշեղին։ Հուշագրում ասված էր. «Շտապ եկ ինձ մոտ, կարևոր գործ կա»։ Ապա Խոսրովը հրամայում է իր թիկնապահներին.

— Պատրաստ կացեք, հենց որ նա գա, ես ձեռով նշան կանեմ, դուք անմիջապես ձեռները կոլորեք, կկապեք նրան։ Բայց ուշադիր եղեք, որովհետև նա քաջ մարդ է, հանկարծ չլինի, որ նա ինձ սպանի կամ ինքը սպանվի, ես նրա համար պատասխանատու եմ կայսրի առաջ։

Նույն ձևով Խոսրովը պատվիրում է նաև դռնապաններին.

— Զգույշ եղեք, հենց որ Մուշեղը մոտենա իմ վրանի դռանը, նրա մեջքի գոտին ու սուսերը վրայից կհանեք, կասեք թե՝ թագավորի մոտ զենքով մտնելու իրավունք չկա։ 
Մուշեղն այդ ժամանակ շարել էր իր զորքը և մեջը մտած՝ հաշվում էր, թե կռվից հետո քանիսն են կենդանի մնացել և քանիսն են ընկել պատերազմում։ Այդ պահին նրան է մոտենում Խոսրովի սուրհանդակը, ողջունում և հանձնում արքայի նամակը։ Մուշեղը վերցնելով նամակը, հարցնում է սուրհանդակին,

— Ողջույն է և խաղաղություն։

— Ողջույն է և խաղաղություն, — պատասխանում է սուրհանդակը, — բայց ես ուրիշ բան չգիտեմ, ինձ միայն հրամայված է, որ քեզ շատ շտապ կանչեմ։

Մուշեղը սկսում է արագ զինվել ու պատրաստվել, մտածելով, թե գուցե պատերազմի գործ կա կամ գուցե իր վաստակի ու ծառայության համար թագավորն իրեն պարգևներ է շնորհելու, բոլոր դեպքերում

[էջ 168]

պետք է զինված ներկայանալ։ Մուշեղը իր հետ վերցնում է նաև երկու հազար լավ սպառազինված զինվորներ, որոնք քաջահմուտ հեծյալներ էին և ընտիր պատերազմողներ։

Մուշեղը թագավորի հրավերի մասին գրավոր հայտնում է նաև հունաց զորավար Հովհան Պատրիկին և խնդրում նրա թույլտվությունը։ Հունաց զորավարը թույլատրում է և հրամայում է Մուշեղին՝ գնալ զորքով և սպառազինված։

Երբ Մուշեղն իր զինված գնդով մտնում է Խոսրով արքայի բանակատեղին և մոտենում արքունական վրանին, արքունիքից հրաման է գալիս.

— Այդքան բազմությամբ առաջ մի գնա. զորքը թո՛ղ հեռվում նստի, իսկ դու մի քանի մարդկանցով ներկայացիր արքային։

Մուշեղը զանց է առնում հրամանը և իր զինված գնդով մոտենում արքունի խորանին։ Պարսից զորքը սպառազինված շրջապատել էր արքունի խորանը։ Մուշեղը իջնում է ձիուց և հիսուն զինված տղամարդկանց հետ մտնում արքունի խորանը, իսկ նրա զորքը զինված ու ձիեր հեծած մնում է խորանի մոտ կանգնած։ Պարսից թագավորն ու նրա զորքը տեսնելով Մուշեղի սպառազինված գունդը և նրա զինված հիսուն թիկնապահներին, սարսափում են ու փորձում իրենց նենգությունը ծածկել։ Երբ Մուշեղը ուզում է խորան մտնել, դռնապանները մոտենում են նրան և առաջարկում.

— Քանդիր մեջքիդ գոտին, սուսերդ հանիր, մերկացիր քո զենք ու զրահից, որովհետև իրավունք չկա թագավորի մոտ զինված մտնել։

Մուշեղի սիրտը կասկած է ընկնում, նա իրեն պատրաստ է պահում անակնկալ հարձակման, ապա դռնապաններին խստորեն պատասխանում.

— Ես իմ մանկությունից սննդակից եմ եղել թագավորներին, այդպիսիք են եղել նաև իմ նախնիներն ու հայրերը։ Ես այժմ եկել հասել եմ արքունի դռանը՝ այս հանդիսավայրը, և դուք ինձ ասում եք, թե հանեմ իմ վրայից իմ զենք ու զրահը, մերկանամ, քանդեմ հանեմ իմ մեջքից իմ գոտին ու թուրը, որոնք իմ տանը ուրախությունների պահին անգամ իմ վրայից չեմ հանում։ Եվ մի՞թե ես արժանի եմ ենթարկվելու պարսիկներիդ չարությանը։

Մուշեղը մեկին հրամայում է՝ գնալ իր կտրիճների մոտ և զորքն առաջ բերել իրեն օգնության, ապա շուռ է գալիս ու գնում։

Թագավորին անմիջապես իրազեկ են պահում, թե Մուշեղը չկամեցավ զինաթափված ներս գալ, հետ դարձավ գնաց։ Խոսրովը երկյուղով հրաժարվում է իր չար մտադրությունից, կարգագրում.

— Այժմ մեր խորհուրդը հարկ չկա իրագործելու, կանչեք, թող ներս գա, ինչպես ինքն է կամենամ։

Մուշեղին հետ են կանչում, ասում.

— Հրաման կա ներս մտնես, ինչպես ինքդ ես կամենում։

— Թող տեսնենք, ինչ բարի խորհուրդ է ուզում ինձ տալ արքայից արքան, — ասում է Մուշեղը և յոթ զինված տղամարդկանց հետ մտնում է արքունի խորանը, արքայի առաջ խոնարհվում, երկրպագում, ապա ոտի կանգնում։

Իսկ արքան ոչ ձեռ է մեկնում Մուշեղին ողջունելու, ոչ եռանդով ընդունում նրան, այլ սառած մնում է կանգնած։ Խոսրովը երկյուղից չի կարողանում հրաման տալ, ինչ որ նախապես մտածել էր ու պայմանավորվել և այդպես մնում է մոլորված կանգնած։ 
Մուշեղը տեսնելով արքայի սառը վերաբերմունքը, լուռ շրջվում է, արագ դուրս գալիս խորանից, հեծնում ձին ու հեռանում։

Այդ տեսնելով Խոսրովը, խիստ վախեցած իջնում է իր գահույքից, խորանից ելնում դուրս և իր նախարարներից մեկին ուղարկում Մուշեղի հետևից, նրան տալով կնքված աղ, իբրև երդման նշան և հետևյալ պատգամը.

— Այստեղից պատվով ու մեծարանքով գնա և վատ բան մի մտածիր մեր մասին։

Մուշեղը ուշադրություն չի դարձնում նրա պատգամին, հրաժարվում է նախարարի ուղեկցումից ու մեծարանքից և շարունակում է իր ճանապարհը։ Մուշեղը մեկ մտածում է հետ դառնալ, մտնել արքայի խորանը, սպանել Խոսրովին, մանավանդ, որ արքայի խորանի շուրջը կանգնած իր զինվորներն էլ վրդովված էին և կամենում էին խռովություն բարձրացնել, բայց հրաժարվում է այդ մտքից և իր գնդի գլուխն անցած՝ շարունակում է իր ճամփան։ Ճանապարհին Մուշեղին է հանդիպում Խոսրով թագավորի թիկնապահներից մեկը։ Մուշեղը հրամայում է բռնել նրան և իրենց հետ տանել։

[էջ 169]

Մուշեղն սկսում է հարցաքննել թիկնապահին և երդումով սպառնալ, որ եթե նա չխոստովանի իր թագավորի մտադրությունը, ապա կսպանի նրան։ Թիկնապահը երդվեցնում է Մուշեղին՝ իրեն չհանձնել թագավորի ձեռը, և ինքը ամեն ինչ կպատմի։ Մուշեղը երդվում է, և թիկնապահը նրան հայտնում է Խոսրովի դավադիր խորհուրդը։

Հաջորդ օրը առավոտյան, Մուշեղն իր հետ է վերցնում Խոսրովի գերված թիկնապահին և գնում հույն զորավար Հովհան Պատրիկի մոտ, հայտնում նրան Խոսրովի դավադրության մասին, և իբրև կենդանի վկա նրա առաջ կրկին խոստովանեցնում Խոսրովի թիկնապահին։

Հունաց բոլոր իշխաններն ու զորքերը սաստիկ վրդովվում են, բայց և հիշելով իրենց կայսրի՝ Խոսրովին տված երդումը, որոշում են առայժմ գաղտնի պահել դավադրության լուրը և միայն նամակով այդ մասին տեղյակ պահել իրենց Մորիկ կայսրին։

Մուշեղը դառնությամբ դիմում է բոլորին և ասում.

— Եթե Խոսրովը չսպանվի, ապա լավ իմացեք, նրա ձեռով են կորչելու ձեր Հռոմեական տերության բոլոր երկրները։

Հունաց իշխանները որոշում են Մորիկ կայսրին ուղարկել Վահրամից ավար առած պարսից արքունիքի գանձերն ու դրա հետ նաև ամբաստանության թուղթ Խոսրովի դավադրության մասին։

Եվ երբ հունաց չորս հարյուր զինվորներից բաղկացած ջոկատը պարսից արքունիքի գանձերով ու ամբաստանության թղթով ընկնում է ճանապարհ և գնում Հունաց աշխարհը, այդ մասին լրտեսների միջոցով իմանում է Խոսրովը։ Նա սաստիկ դառնացած, գաղտնի զորք է ուղարկում հունաց ջոկատի հետևից, հրամայում բոլորին կոտորել, խլել ու հետ բերել իր արքունի գանձերը։ Այդ մասին իմանում են հունաց զորավարները, որոնք իրենց հերթին են զորք ուղարկում Խոսրովի պատժիչ զորքի հետևից։

Պարսից զորքը դեռ հունաց ջոկատին չհասած, ենթարկվում է իրեն հետապնդող հույների հարձակմանը և գլխովին բնաջնջվում։

Հունաց ջոկատը գնում է Հունաց աշխարհ, Մորիկ կայսրին հանձնում գանձերն ու Խոսրովին ամբաստանելու թուղթը։

Մորիկ կայսրը մեծ շնորհակալությամբ ընդունում է գանձերն ու նվերները, բայց զանց է առնում Խոսրովի դեմ եղած ամբաստանությունը և իր դեսպանի միջոցով հայտնում Պարսից աշխարհում գտնվող իր իշխաններին.

— Եթե չապահովեք Խոսրովի անձի անվտանգությունը, ապա ձեր գլխով պատասխան կտաք դրա համար։

ՄԻՀՐԱՆ, ՄՈՒՇԵՂ ԵՎ ԳԱՅԼ ՎԱՀԱՆ

Հունաց աշխարհում Փոկասը սպանում է Մորիկ կայսրին և ինքն է նրա գահին նստում։ 
Պարսից Խոսրով թագավորն այդ իմանալով, մեծ զորք է հավաքում և գնում Մորիկի վրեժը լուծելու։ Երբ Խոսրովը Հունաց աշխարհ գնալիս, գալիս անցնում է Կարին քաղաքի մոտով, մարդ է ուղարկում Տարոնի և Սասունի մարզպան Մուշեղի մոտ և ասում.

— Ե՛ կ ինձ հետ հունաց թագավորի դուռը, եթե չգաս, իմացիր, երբ վերադառնամ՝ երկիրդ քարուքանդ կանեմ և քեզ, քո ընտանիքի հետ շղթայակապ իմ արքունիքի դուռը կտանեմ։

Մուշեղը չի պատասխանում Խոսրովի առաջարկին, փոխարենը սկսում է իր երկիրն ամրացնել։

Խոսրովը գնում է Հունաց աշխարհ, բազում գերիներ ու գանձեր ավար առնում, վերադարձին, երբ գալիս հասնում է Կարին քաղաքը, իր քրոջ որդի Միհրանին 30 հազար զորքով ուղարկում է Տարոն, հրամայում՝ Մուշեղին բռնել, տանել Բալխ, իսկ Տարոնի պաշտամունքի տեղերն ավերել, կրոնավորներին էլ կոտորել։ 
Միհրանը գալիս հասնում է Հաշտյանք գավառը, տեղացիներից մեկին վերցնում է իրեն առաջնորդ, գալիս մինչև Արձան բլուրը։ Տեղի վանքի վանականների մեծ մասը փախչում, ապաստանում է Ողական ամուր ամրոցում, իսկ յոթ խոտաճարակ ճգնավորներ գիշերը մնում են վանքում և սկսում աղոթել աստծուն՝ երկիրն ու ժողովուրդը անհավատ թշնամիներից փրկելու հույսով։

[էջ 170]

Այդ ժամանակ պարսից զորքը լցվում է վանքը, տեսնում արտասվալից աչքերով աղոթող կրոնավորներին, բոլորին սրի քաշում։

Մուշեղը հետախույզներ է ուղարկում զննելու պարսիկների զորքերի տեղն ու քանակը։ Նրանք գալիս, տեսնում են կոտորված ճգնավորներին և անմիջապես գնում, տեղեկացնում են Մուշեղին։ Մուշեղն այդ լուրից սաստիկ ցնցվում է և երեք օր լուռ ու անխոս նստում։

Մուշեղի զորքը մխիթարության թուղթ է հղում իր զորավարին, գրելով.

— Ո՜վ երանելի հույսի ճշմարիտ շառավիղ, երջանիկ սպարապետ, նրանց համար մի տրտմիր, նրանք իրենց աղոթքով ամուր աշտարակ են կանգնեցրել մեզ համար։ Այժմ արի դու սթափվիր և մեզ ուղարկիր մեզ վրա եկած Միհրանի դեմ կռվի։

Մուշեղը զորքի պատգամը լսելուց հետո, քնից արթնացածի նման իսկույն սթափվում է իր մտքերից և իր մոտ կանչում Վահան Մամիկոնյանին, որին ինքը իշխան էր կարգել Տարոնի վրա։

— Որդյակ Վահան, — ասում է նրան Մուշեղը, — դու գիտես իմ կյանքի պատմությունը, դու գիտես, որ հարյուր քսան տարի ես պատերազմ եմ մղել և քրտինքի տեղակ՝ նետի սլաքով իմ ճակատի արյունն եմ սրբել։ Ես անձամբ ութսուներեք ճակատամարտ եմ կազմակերպել ու վարել, բայց այժմ արդեն ծեր եմ ու դողդոջուն։ Իմ օգնականն այժմ աստված է և դու, էլ ուրիշ ոչ ոք։ Իմ քսանամյա որդին, դու գիտես, մեռավ, և այժմ ես ոչ ոք չունեմ։

Արդ, լսիր, որդյակ, և լավ հիշիր, եթե մեռնես քո եկեղեցու համար, ապա դու մարտիրոս1 ես, իսկ եթե քո ազգի ու աշխարհի համար ես իջնում մարտի, դա քաջության անուն է և մեծ հերոսություն։

Քանի որ ես ուրիշ ժառանգ չունեմ, ուստի երկիրս քեզ եմ հանձնում և քո զավակին։ Գնա՛, կռվիր քո թշնամու դեմ, իմաստությամբ որսա Միհրանին, թող սուրբ Կարապետը քեզ օգնական և պարիսպ լինի։

Մուշեղի զորքը մխիթարության թուղթ է հղում իր զորավարին, գրելով.

— Ո՜վ երանելի հույսի ճշմարիտ շառավիղ, երջանիկ սպարապետ, նրանց համար մի տրտմիր, նրանք իրենց աղոթքով ամուր աշտարակ են կանգնեցրել մեզ համար։ Այժմ արի դու սթափվիր և մեզ ուղարկիր մեզ վրա եկած Միհրանի դեմ կռվի։

Մուշեղը զորքի պատգամը լսելուց հետո, քնից արթնացածի նման իսկույն սթափվում է իր մտքերից և իր մոտ կանչում Վահան Մամիկոնյանին, որին ինքը իշխան էր կարգել Տարոնի վրա։

— Որդյակ Վահան, — ասում է նրան Մուշեղը, — դու գիտես իմ կյանքի պատմությունը, դու գիտես, որ հարյուր քսան տարի ես պատերազմ եմ մղել և քրտինքի տեղակ՝ նետի սլաքով իմ ճակատի արյունն եմ սրբել։ Ես անձամբ ութսուներեք ճակատամարտ եմ կազմակերպել ու վարել, բայց այժմ արդեն ծեր եմ ու դողդոջուն։ Իմ օգնականն այժմ աստված է և դու, էլ ուրիշ ոչ ոք։ Իմ քսանամյա որդին, դու գիտես, մեռավ, և այժմ ես ոչ ոք չունեմ։

Արդ, լսիր, որդյակ, և լավ հիշիր, եթե մեռնես քո եկեղեցու համար, ապա դու մարտիրոս1 ես, իսկ եթե քո ազգի ու աշխարհի համար ես իջնում մարտի, դա քաջության անուն է և մեծ հերոսություն։

Քանի որ ես ուրիշ ժառանգ չունեմ, ուստի երկիրս քեզ եմ հանձնում և քո զավակին։ Գնա՛, կռվիր քո թշնամու դեմ, իմաստությամբ որսա Միհրանին, թող սուրբ Կարապետը քեզ օգնական և պարիսպ լինի։

Վահանը խոնարհությամբ ընդունում է Մուշեղի առաջարկը, պատգամավորություն է կազմում և ուղարկում Միհրանի մոտ, առաջարկում հաշտվել և թողնել, երկրից գնալ։ 
Միհրանը մերժում է Վահանի առաջարկը, ասելով.

— Ես այս երկրից չեմ գնա, մինչև Մուշեղ իշխանին չբռնեմ և չտանեմ պարսից թագավորի մոտ։

Վահանը պատասխան է ուղարկում Միհրանին.

— Եթե այս երկիրը իշխանությամբ հանդերձ ինձ տաս, ապա Մուշեղ իշխանին կբռնեմ և քո ձեռը կհանձնեմ։ Ես կամենում եմ Մուշեղի դեմ ապստամբել և քեզ մոտ գալ, ընդմիշտ ազատվել նրա երկյուղից։

Միհրանը համաձայնում է Վահանի առաջարկած պայմանին։ Վահանը իջնում է Մուշ ավանը, իսկ Մուշեղը մնամ է ամուր Ողականում։

Միհրանի զորքերը կրոնավորներին կոտորելուց հետո անցնում գնում են, Աստեղոն ամրոցը պաշարում, երկու օր մնում են այնտեղ, բայց չեն կարողանում ամրոցը գրավել։ Ապա վերադառնում են Միհրանի մոտ և նրան նկարագրում անառիկ ամրոցի ձևն ու ամրությունները։

Երբ Վահանը գալիս է Միհրանի մոտ իր խոստումը կատարելու, Միհրանը նրանից պահանջում է Աստեղոն ամրոցը։ Վահանն ասում է.

— Այդպես չէ, տեր, ինձ տուր չորս հազար զինվոր, որ գնանք, հարձակվենք ամուր բերդերի վրա։ Դրանց մեջ են պահված Մուշեղի գանձերը, իսկ պաշտպանները բոլորը Մուշեղի մտերիմներն են։ Եթե ես մենակ գնամ, ապա ինձ ապստամբ կարծելով, կբռնանան վրաս և գանձերը իմ ձեռը չեն տա։ Նախ գնանք Օձ քաղաքը2 գրավենք, ապա մյուս բերդերը։

Միհրանը համաձայնում է, Վահանին է տալիս չորս հազար ընտիր սպառազեն հեծյալ։ Վահանը պարսից զորքի գլուխն անցած, գնում հասնում է Օձ քաղաքի դռների մոտ։ Նա նախապես քաղաքում իր զինվորների միջոցով մահվան դարան էր պատրաստել։ Հաջորդ օրն առավոտյան Վահանը համոզում է քաղաքի պահապաններին, որ պարսից զորքը ներս թողնեն։ Եվ քանի որ քաղաքի մուտքը նեղ էր, պարսպից զինվորները մեկ–մեկ էին մտնում քաղաք։ Հենց որ զինվորներից մեկը մտնում էր քաղաքի դռնից

------------------------------

1 Քրիստոնեական հավատի համար մարտնչող, տանջվող և զոհվող։

2 Օձ քաղաքը գտնվում էր Տարոնում, Տարոնի դաշտի հարավ–արևելյան կողմը, Մեղրագետի ակունքի մոտ։

[էջ 171]

ներս, Վահանի մարդիկ անմիջապես տուն էին տանում, կողոպտում, գլուխը կտրում և գցում քաղաքի պարսպից դուրս՝ մի չերևացող տեղ։

Վահանը չորս հազար զինվորներից հիսունին թողել էր քաղաքի մոտ գտնվող Խարձս գյուղում և պատվիրել, որ եթե ինքը նրանց մոտ մարդ ուղարկի, ապա թող գնան Միհրանից օժանդակ զորք բերելու։

Վահանն այդպես էլ անում է. երեք հազար ինը հարյուր հիսուն պարսից զինվոր գաղտնի սպանելուց հետո մարդ է ուղարկում Խարձս` գյուղ Միհրանից օժանդակ զորք ուզելու։ Զինվորները գնում են Միհրանի մոտ և երկու հազար ընտիր զինվոր բերում Վահանի մոտ։

Մինչ այդ Վահանը քաղաքացիներին պատվիրում է.

— Հագեք սպանված պարսից զինվորների զգեստները, հեծեք նրանց ձիերը և դուրս եկեք, շրջապատեք քաղաքը։ Հենց որ պարսից օժանդակ զորքը հեռվից երևա, միահամուռ հարձակվեք քաղաքի վրա, լցվեք ներս, հաղթության փողեր հնչեցրեք և քաղաքի դուռը բաց թողեք, որպեսզի եկող պարսից զորքը կարծի, թե քաղաքը գրավված է։

Այդպես էլ անում են։ Երբ պարսից զինվորների զգեստներով ծպտված քաղաքացիները գրոհելով մտնում են քաղաք, օգնության եկող պարսից զորքը ցնծում է ուրախությունից և նրանց հետևից սկսում քաղաք մտնել։ Վահանն ընդառաջ է գալիս պարսից զորքին, ավետում քաղաքի գրավումը և նրանցից քսան զինվոր ուղարկում Միհրանի մոտ, նրան ևս ավետելու իրենց հաղթանակը։ Վահանը հետ է դառնում և հետևում քաղաք մտնող պարսից զորքին։ Երբ պարսից զորքից շատերն էին արդեն քաղաք մտել և մյուսներն էլ դեռ շարունակում էին ներս մտնել, հանկարծ զորքի մեջ կասկած է ընկնում, զինվորներն ուզում են հետ դառնալ, բայց նրանց հետևից գնացող Վահանը չի թողնում։ Մի կողմից Վահանը, մյուս կողմից քաղաքացիները պարսիկ զինվորների մի մասին քշում, լցնում են ճահճուտները և քառասուն զինվորի ճահճախեղդ անում։ Մնացածներին էլ արգելում են քաղաքում, կոտորում, գլուխները հանում, շարում պարիսպների վրա։ Երբ հաշվում են սպանված պարսիկներին, տեսնում են, որ վեց հազարից միայն հինգն են պակաս։

Վահանը հրամայում է բոլոր սպանվածների քթերը կտրել և լցնել իր մախաղը։ Ապա վերցնում է յոթ հարյուր զինվոր, գնում Մուշ։ Երեք հարյուր զինվորի թողնում է Մեղտի ավանի անցքում, երկու հարյուր աշտենավոր զինվորների՝ Սասուն տանող ծմակում, իսկ ինքը երկու հարյուր զինվորներով գնում է Մուշ՝ Միհրանի մոտ։ Գնում, մտնում է Միհրանի սենյակը, ասում.

— Ես քո զորքերից փախել, եկել եմ քեզ մոտ, քո զինվորները ոչ թողեցին ինձ քաղաք մտնել, ոչ էլ ավարից մեզ բաժին տվեցին, իմ զորքն էլ արգելեցին քաղաքում, ես էլ այսպես փախստական դարձած՝ եկել եմ քեզ մոտ։

Միհրանը մտածում է նրանց վրա ուղարկել հազար զինվոր, սակայն Վահանը ավելացնում է.

— Նրանք ապստամբել են քո դեմ և քաղաքը կողոպտելով ու ավարի ենթարկելով, կամենում են իրենց կողոպուտով Հունաց կողմն անցնել։

Միհրանը սոսկալի զայրանում է և նրանց դեմ է ուղարկում երկու հազար զինվոր։ Վահանը Միհրանի հանձնարարությամբ զորքի հետ է գնում։ Նա պարսից զորամասին խորհուրդ է տալիս գիշերով Մեղտյա գետը չանցնել, այլ մնալ, այս ափին գիշերել և առավոտյան նոր գետը անցնել ու գնալ։

— Գուցե հանկարծակի թշնամի հարձակվի ձեզ վրա, դուք էլ տեղանքին ծանոթ չեք, որ կարողանաք պատսպարվել։ Ձեզանից հազար զինվոր թող ծմակը գնա, հազարն էլ մնա, դաշտում գիշերի։

Վահանը զորքը բաժանում է երկու մասի, հետները տեղացի ուղեկիցներ դնում, ուղարկում։ Ապա ծմակը գնացող պարսից զինվորների հետևից ուղարկում է 100 հայ զինվոր։ Ինքը մնացած հազար զինվորի հետ գիշերում է դաշտում՝ Մեղտյա գետի այս ափին։

Երբ պարսից զինվորները քնում են, Վահանը հրամայում է սպասավորներին՝ ձիերը զինվորներից հեռացնել, տանել արոտ տեղերը արածելու։ Ինքը իմաց է տալիս նախապես մոտակայքում դարանակալած իր զինվորներին, որոնք շրջապատում են պարսից քնած զորամասին, աջից ու ձախից մարտի փողեր հնչեցնում և սկսում պարսից զինվորներին կոտորել։ Հայ զինվորները բոլորին գլխատում են և գլուխները գետը նետում։

Ապա Վահանը հրամայում է ձիերը ծմակը տանել, իսկ ինքը իր զինվորների հետ գալիս է դեպի ծմակը։ Պարսից զինվորները դեռ տեղ չէին հասել, որովհետև Վահանն այդպես էր կարգադրել նրանց՝

[էջ 172]

հայ ուղեկիցներին, որ ձգձգեն նրանց գալուստը, մինչև ինքը տեղ հասնի։ Վահանը սպասում է նրանց։ Պարսիկները գալիս են, կամրջով անցնում, իջնում գետի մյուս ափը և իրենց ապահով զգալով, իջնում ձիերից։

Վահանը զինվորներով փակում է կամուրջը, ապա դարանակալած զինվորները չորս կողմից սկսում են սոսկալի աղաղակ բարձրացնել, հարձակվել պարսից զորամասի վրա և անխնա կոտորել։ Բայց մի պարսիկ զինվոր, որ ընկել էր դիակների տակ ու կենդանի մնացել, հեծնում է ձին ու փախչում դեպի Մուշ։ Վահանի զինվորներից անմիջապես նկատում են նրան և ընկնում հետևից։ Հետապնդելով՝ անցնում են գետի մյուս ափը, վրա հասնում, բռնում են և գլուխը ջախջախում։

Զինվորներից մեկը գետափից մի բուռ ավազ է վերցնում, տալիս մյուսին, որը ջախջախել էր պարսիկի գլուխը և ասում.

— Պարսից խորտկարար, առ աղս1։

Եվ այդ օրից սկսած՝ այդ տեղավայրը կոչվում է Առաղս, որտեղ հետագայում Վահան Մամիկոնյանը շինում է համանուն ավանը։

Իսկ Վահանը պարսից մնացած զինվորներին քշում, լցնում է ճահիճը, խեղղում։ Ապա կտրել է տալիս բոլոր սպանված պարսիկների քթերը, պահում, գլուխները նետում ճահիճների մեջ կամ թողնում դաշտում, վերցնում սպանվածների երկու հազար ձիերը, տանում Ուղնուտ բերդը։

Հաջորդ օրն առավոտյան Վահանը գալիս է Մուշ։

Նա հրամայում է իր ծառաներին ճաշ պատրաստել և Միհրանին հրավիրել ճաշի։ 
Երբ Միհրանը իր իշխանների հետ գալիս է Վահանի մոտ ճաշի, Վահանը քաշվում է սենյակը, հիվանդ ձևանում և դռնապանին կարգագրում, բացի Միհրանից, մյուսներին ներս չթողնել։

Դռնապանը միայն Միհրանին է ներս թողնում, մնացած իշխաններին ասում.

— Հայոց մարզպանը հիվանդ է, չկարողացավ ճաշի գալ, և ես չեմ կարող ձեզ ներս թողնել։

Իշխանները հավաքվում են սեղանատան ղահլիճում և տրվում գինեխումի։ 
Իսկ Վահանը Միհրանին ներս հրավիրելով, ծառաներից մեկին կարգագրում է բերել այն մախաղը, որ լցված էր պարսից զինվորների քթերով։ Նա բացում է մախաղը և ցույց տալիս Միհրանին։ Միհրանը զարհուրած հարցնում է.

— Այդ ի՞նչ է, պատմի՛ր, տեսնեմ։

Եվ Վահանը ոչինչ չթաքցնելով, մեկառմեկ ճշտությամբ պատմում է այն ամենը ինչ կատարել էր։

Միհրանը կատաղած խլում է ծառայի ձեռքին եղած նիզակը և

---------------------------

1 Հեգնանքի խոսք, որով հայ զինվորը պարսից սպանված զինվորին մատաղ է համարում, իսկ իր սպանող ընկերոջը՝ պարսից մատաղի խոհարար, որին ավազն իբրև աղ է առաջարկում, քանզի մատաղն առանց աղի ընդունելի չէ։

[էջ 173]

կամենում է Վահանին խփել։ Վահանը անմիջապես հանում է առջևից կախած սուրը, Միհրանի քիթը կտրում, դնում առաջն ու ասում.

— Դո՞ւ ես նախատել աստծուն, դո՞ւ ես իմ կրոնավորներին, որոնք աշխարհի սյուներն են, մորթել տվել։

Ապա պատռում է Միհրանի փորը, ծառային լյարդը հանել տալիս, դնում բերանը և դանակը թողնում փորի մեջ ցցված ու ասում.

— Այժմ տուր Ապահունիքում գտնվող պարսիկների նշանաբանն ու պատվերը, և ես քեզ կենդանի կթողնեմ։

Միհրանը բազում երդումներով հայտնում է իր գաղտնի նշանաբանն ու պատվերը, որ միայն ինքն ու Ապահունիքի պարսից զորավարը գիտեին։

Վահանն ամեն ինչ ստույգ իմանալուց հետո, կտրում է Միհրանի գլուխը, ապա ծառաներին պատվիրում՝ հանել վրայից արյունոտ շորերը, թաքցնել, հատակի արյունը մաքրել։ Ապա Միհրանի մարմինը դնել է տալիս մահճում, վերմակով ծածկում, իբրև թե քնած է։ Ինքը ելնում, կանչել է տալիս Միհրանի դպրին1 իր սենյակը և Ապահունիքում գտնվող պարսից Վաշիր զորավարի անունով նամակ է գրել տալիս։ Նամակը սկսվում էր ողջույնով և գաղտնի նշանաբանով, որին հաջորդում էր հետևյալը.

«Երկու օրից հետո հազար զինվորով բարճրացիր Կոթ ձորի վրայի բլուրը, որպեսզի գամ, քեզ հանդիպեմ»։

Դպիրը գրում է նամակը, Միհրանի մատանիով կնքում։ Վահանը կանչում է հիսուն հավատարիմ ծառա, նամակը տալիս նրանց, պատվիրում՝ տանել, հանձնել Վաշիր զորավարին, որն ընդամենը հազար զինվոր ուներ։ Ծառաները նամակն առնում, տանում են։

Վահանը կանչում է Միհրանի նվիրակին 2 և ասում.

— Գնա՛, այսինչ անունով իշխանին կանչիր, գա։ Նվիրակը գնում, կանչում է։ Երբ իշխանը գալիս անցնում է խավար փողոցով,Վահանի վեց զինվոր մթության մեջ նրան գաղտնի հետևում են։ Հենց որ նա կամենում է սենյակ մտնել, նրանք շտապ վրա են հասնում, կոկորդից բռնում, որ չգոռա, իսկ մեկը դանակն իսկույն խրում է սրտի մեջ, սպանում, դիակը վերցնում գցում են մի ուրիշ սենյակ։ Վահանը նույն կերպ իշխաններին մեկառմեկ կանչում է իր մոտ իբր թե խորհրդակցության և բոլորին մեկ-մեկ սպանել է տալիս։ Այդ երեկո նա այդ ձևով սպանել է տալիս պարսից ութսունվեց իշխանի։

Այնուհետև Վահանը ելնում, գնում է այն ճաշասրահները, ուր հավաքված էին պարսից զինվորները։ Նա այդտեդ գտնվող օտար կամ սեփական գավառներից եկած մարդկանց դուրս է հանում և սկսում զինվորներին պարսավել.

— Մի՞թե ձեզ վայել էր գողանալ մարզպանի մարգարտյա պսակը։ Այժմ հրամայված է ձեզ բոլորիդ մերկացնել, որպեսզի տեսնենք ում մոտ է պսակը թաքցրած։

-------------------------------

1 Դպիր – այստեղ` գրագիր, քարտուղար, իսկ քրիստոնեական եկեղեցում` ընթերցող, երգիչ:

2 Այստեղ` զինվորական սպասավոր, սպասյակ, հրամանակատար, զորավարի սպասավոր զինվոր:

[էջ 174]

Բոլորի զգեստները հանել է տալիս, մերկացնում, հետո դռները փակում նրանց վրա։ Նույն կերպ էլ վարվում է մյուս ճաշասրահում գտնվող զինվորների հետ, որոնց ընդհանուր թիվը հասնում էր 1903-ի։ Սրահների դռները փակելուց հետո բերել է տալիս Միհրանի գլուխը, սրահների երդիքներից կախում, ցույց տալիս զինվորներին և ասում.

— Այս այն գլուխն է, որ մտածում էր սուրբ Կարապետի վանքը հիմնիվեր կործանել և կրոնավորներին հրով այրել։

Ապա Վահանը հրամայում է այրել երկու ճաշասրահները և ասում.

— Դուք ինձ վնաս եք անել տալիս, որ այս սրահները այրել եք տալիս։ Բայց եթե աստված և սուրբ Կարապետը կամենան, այս փայտերը, որոնք ափսոսում եմ, ձեր և ձեր թագավորի գլխին կհանեմ։ Որովհետև ես աշխատել եմ և շինել, իսկ դուք մերկ եք ու մրսած, ուստի իմ մեղքերի թողության և իմ հիշատակի համար այսօր դուք տաքացեք և մի ամաչեք։ Եվ թող այս տներն էլ ձեզ գերեզման լինեն, որ եղան ձեր պարսից թագավորի պատճառով։

Մինչ պարսից զինվորները ճարպի բոցերի մեջ վառվում էին, Վահանը հավաքում է նրանց թալանած գանձերն ու ավարը, տանում Ողական՝ Մուշեղի մոտ։ Մուշեղն այդ գանձերն ու թալանած ունեցվածքը նորից վերադարձնում է Օձ քաղաքը։

Վահանը վերցնում է երեք հազար զինվոր, գնում Վաշիրին ընդառաջ։ Գնում հասնում է Կոթ ձորի եզրին գտնվող լեռան մոտ, զորքը լեռան երեք կողմը դարան մտցնում, իսկ պարսից դպիրին ու նվիրակին, որոնք անտեղյակ էին մնացել Վահանի արարքներին, ուղարկում է Վաշիրի հետևից, որն այդ ժամանակ իջել էր Նիա լճի ափը։ Վաշիրը վերցնում է իր հազար հարյուր զինվորները, գալիս լեռը։ Երբ մոտենում է լեռանը, Վաշիրը հիսուն զինվոր թողնում է փոքր-ինչ հեռու, այլ թշնամիներից ապահով լինելու նպատակով, ինքը գալիս մտնում է Վահանի վրանը, կարծելով, թե Միհրանն այնտեղ է։ Երբ Վահանը նրան տեսնում է, ասում է.

— Վաշի՛ր, ի՞նչ ես մտադիր անել, ուզում եք պարսից հավատի՞ն դարձնել Հայոց երկիրը։

Եվ սկսում է Վաշիրին ծեծել ու խոշտանգել, ստիպել, որ հայտնի զորքին կանչելու նշանաբանը։ Վաշիրը հարվածներին չդիմանալով, հայտնում է զորապետներին և իշխաններին շտապ կանչելու նշանաբանը։

Վահանը պարսից դպիրին նամակ է գրել տալիս և կաշառելով նրան, ասում.

— Այնպես գրիր, որ վաղը գան, քանի որ հույները կարող է հարձակկեն մեզ վրա։ 
Վաշիրի մատանիով նամակը կնքում է և ուղարկում այն զորքերին, որոնք հեռու էին գտնվում։ Իսկ մոտիկ գտնվող զորքի զորապետներին ու իշխաններին մեկ-մեկ Վահանը հրավիրում է իր խորանը և գլուխները կտրում։ Պարսից իշխաններից մեկը այդ տեսնելով, փախչում է իր բանակը։ Վահանը տեսնելով, որ գործը բացահայտվում է, լուր է ուղարկում բլրի շուրջը դարանակալած իր զորքին՝ հարձակվելու պարսից զորքի վրա։ Դարանակալած զորամասը հետևից գրոհում է պարսիկների վրա, փախցնում Կոթ ձորի կողմը գտնվող բերդը։ Բերդում գտնվողները սկսում են մեծ վեմեր ու քարեր գլորել պարսիկների վրա, շատերին ջարդել։ Պարսիկներին հետապնդող հայ զինվորներն էլ մյուս կողմից են սկսում կոտորել։ Կոտորածից դեպի Ապահունիք է փախչում պարսից մի հարյուրակ, որի վրա հարձակվում է մյուս կողմում դարանակալած Վահանի զորամասը և բոլորին գերի բռնում։ 
Իսկ հաջորդ օրն առավոտյան Վաշիրի հեռվում գտնվող զորքը, անտեղյակ այդ ամենին, գալիս է դեպի լեռը։ Վահանը դուրս է գալիս զորքին ընդառաջ և ասում.

— Բոլորդ իջեք, թողեք ձիերն արածեն մինչև երեկո, երեկոյան կիջնենք, կհարձակվենք հույների վրա։

Այդպես էլ անում են։ Վահանի դարանակալած զորամասերը գալիս են պարսիկների վրա, ձիերը կտրում են զորքից, փախցնում, Արածանի գետն անցկացնում, քշում, հանում Քարքե լեռը1։ Պարսից զորքը տեսնելով այս, միաբերան աղաղակում է.

— Վա՛յ մեզ, կորանք։

------------------------------------

1 Գտնվում է Մշո դաշտի վերին գլուխը, որի վրա էր կառուցված Մշո սուրբ Կարապետի հռչակավոր վանքը։

[էջ 175]

Եվ այդ օրվանից լեռան անունը մնամ է Կորյա։

Վահանը ապահովության պատրվակով վերցնում է պարսից զորքին, տանում, իջեցնում ձորը։ Այդ ժամանակ նրա դարանակալած զինվորները աջից ու ձախից հարձակվում են զորքի վրա, շրջափակում և սկսում անխնա կոտորել։ Վահանը հրամայում է պարսից զորքից քառասուն հոգու կենդանի թողնել, որպեսզի դառնան պարսից թագավորին լրատարներ։

Վահանը նրանց է հանձնում Միհրանի գլուխը, պատվիրում՝ տանել իրենց թագավորին և ասել.

— Այս մարզպանը, երբ եկավ մեր երկիրը, մեր և ձեր զորքերը հակառակվեցին իրար և գունդ1 ուզեցին խաղալ, բայց գնդակ չկարողացան գտնել։ Եվ քանի որ հույները ձեր թշնամիներն էին, չհամարձակվեցինք գնալ, նրանցից խնդրել, իսկ ձեր զորքերին էլ գնդակ չկար, ուստի կտրեցինք այս գլուխը և գունդ խաղացինք։ Հիմա, լսեք, եթե Շահաստանից եկել եք Բուստր քաղաքը, որ գտնվում է տափարակ ու տաշտաձև տեղում, համոզված ենք և գիտենք, որ գունդ պիտի խաղաք։ Առեք ձեր քրոջ որդու գլուխը, և թող ձեզ համար գնդակ լինի սերնդից սերունդ։

Երբ պարսից քառասուն զինվորները Միհրանի գլուխը տանում են տալիս իրենց Խոսրով թագավորին, թագավորը խիստ վիրավորվում է ու ամաչում այդ արարքի համար։ Բայց հաջորդ տարին դարձյալ խրոխտանալով, նոր զորք է ուղարկում Հայոց աշխարհ։

Այդ նույն տարին ուժեղ երկրաշարժ է լինում և Իննակնյան տեղում գտնվող սուրը Կարապետի վանքը փուլ է գալիս։ Տարոնի իշխան Մուշեղը բազում գանձերով վերաշինել է տալիս ս. Կարապետի վանքը և ինքն էլ նույն տարին վախճանվում։ Նրան թաղում են ս. Կարապետ վանքի արևելյան ճակատի մոտ։

Մուշեղի մահից հետո Մամիկոնյանների տան իշխան է կարգվում Վահանը, որը գալիս է ս. Կարապետի վանքը և նորակառույց վանքում ցնծության մեծ տոն կատարում։

ՎԱԽՏԱՆԳ ԵՎ ԳԱՅԼ ՎԱՀԱՆ

Պարսից Խոսրով թագավորը երկրորդ անգամ է արշավում Հունաց աշխարհ։ Երբ նա արշավանքի է դուրս գալիս, հիշում է իր քրոջ որդի Միհրանի մահը և Տարոնի վրա է ուղարկում Միհրանի հորեղբայր Վախտանգին՝ երեսուն հազար ընտիր հեծյալներով։ Վախտանգը գալիս է Տարոն, տեսնում մի ընդարձակ ու վայելուչ տեղ, շատ է հավանում և այնտեղ կառուցում քաղաք, տնկում այգի ու պարտեզներ։ Ապա բարձրանում է Տորոս լեռան գլուխը և այնտեղ ամրոց կառուցում, իր անառիկ տեղի պատճառով անվանում Գահար, որտեղից շատ վայրի գազաններ գահավեժ էին լինում։

Վախտանգը Պարսկաստանից բերում է իր կնոջը՝ Պորպեսին, և նրա անունով Պորպ կոչում իր նորակառույց քաղաքը։ Այնուհետև Գոռոզ լեռան վրա նա ավան է շինել տալիս և կոչում իր որդու անունով՝ Գրգռոս։

Վախտանգը մարդ է ուղարկում Վահանի մոտ և ասում.

— Քաջ և հզոր բազկի տեր Վահան հսկային՝ աստվածների օգնությամբ ողջույն։

Թեպետ շատ տխրեցինք իմ եղբորորդու մահվան պատճառով, բայց հիացանք քո խելքով ու իմաստությամբ։ Այժմ եկել եմ սիրո ու հաշտության նպատակով, ուստի եկ ինձ մոտ և երդվիր, որ այսուհետև չարիք չես գործի և կապրես խաղաղությամբ։

Իսկ Վահանը նրան պատասխանում է.

— Աղբ ճաշակող խոճկորների ցեղից սերված, վատահոգի և թուլամարմին Վախտանգին ողջո՛ւյն: Թեպետ Միհրանի մահվան համար ուրախացա, բայց քո անմտության համար լաց եղա, որովհետև Միհրանի մահը լսելով և իմ զորությունը իմանալով, ինչպե՞ս ես քեզ թույլ տվել գալ ինձ վրա։ Թե սիրո և հաշտության համար ես ինձ մոտ եկել, կնոջդ ինչո՞ւ ես հետդ բերել, գուցե ուզում ես մեր ցեղից զավա՞կ ունենալ։ Կամ եթե դու սիրո և բարեկամության նպատակով ես եկել, ինչո՞ւ իմ հողում քո սեփական քաղաքն ու բերդը շինել տվեցիր։ Շատ լավ գիտեմ, որ դու սուտ ես ասում, շան նման կծկվելով, կյանքդ

------------------------------

1 Գունդ կամ հոլ խաղալը հինավուրց խաղ էր, մականախաղ, խիստ սիրված ու տարածված Մերձավոր Արևելքում, այո թվում նաև Հին Հայաստանում։ Գունդը կամ հոլը կլորավուն քար էր, ոսկոր կամ փայտ, որը խաղում էին բաց դաշտում մականներով, 10 12 խաղացողներով, մոտավորապես նույնը, ինչ այժմյան խոտի հոկեյը։

[էջ 176]

մահվան վտանգի ես ենթարկում։ Ե՛կ, երկրիցս դուրս արի և խաղաղությամբ գնա, թե չէ՝ էն մահը կբերեմ քո գլխին, որ ամբողջ երկիրը տեսնի։

Վախտանգը զայրացած, վեց հազարանոց զորք է ուղարկում Մուշ՝ Վահանի վրա։

Վահանին հայտնում են այդ մասին.

— Իմացիր, պարսից Ռահան զորավարը վեց հազար զորքով քեզ վրա է գալիս։

Վահանը գիշերով վերցնում է իր զորքը, գնում Ծծմահոտ կոչված աղբյուրի մոտ, ուր իջեանել էր պարսից զորքը։ Նա սրերով անսպասելի հարձակվում է քնած զինվորների վրա։

Այդ ժամանակ Վահանի որդի Սմբատը չի թողնում, որ պարսիկները հեծնեն իրենց երիվարները։ Նա չորս հազար ձի կտրում, առանձնացնում է զորքից, քշում, անցկացնում Արածանի գետը, տանում Հաշտենից գավառի կողմերը և երկու հարյուր ձի, իբրև առաջին հաղթության նշան և ավարաբաժին, ուղարկում է սուրբ Կարապետի վանքին։

Իսկ Վահանը սրերով պարսիկներին քշում, դեմ է անում ճահիճներին, շատերին կոտորում, իսկ երկու հարյուր հոգու էլ լցնում ճահիճները, խեղդում։

Վահանի տրամադրության տակ կար ընդհանուր առմամբ 28 հազարանոց զորք, որից տասը հազարը որդու՝ Սմբատի ձեռին էր, չորս հազարը՝ Արջուց իշխանի, երկու հազար երկու հարյուրը՝ Պալունյաց իշխանի, վեց հարյուրը՝ Հաշտենից իշխանի, հինգ հազարը՝ Ողնուտի իշխանի, իսկ վեց հազարը՝ անմիջապես Վահանի ձեռին։ Վահանը զորքն այդ կերպ բաժանելով, թողել էր տարբեր տեղերում, իրենց պարտականությունները կատարելու։

Այդ կռվում մեծ կոտորած է կատարում Հաշտենից իշխանը իր փոքրաթիվ զորքով։ Նա շտապով կտրում է Ռահանի զորքի գլուխը, մնացած զորքը փախուստի մատնում, զորագլուխն առնում է շրջափակման մեջ և սկսում սաստիկ նեղել։ Պարսիկները աղաչելով փրկություն են խնդրում և առաջարկում՝ փրկագին վճարել։ Վահանն ասում է.

— Տվեք մեզ Ռահանի գլուխը, մենք ձեզ ազատ կարձակենք։

Պարսիկները մոլորված այս առաջարկությունից, ելք չեն կարողանում գտնել։ Ապա բռնում են Ռահանի որդի Վահին և հանձնում Վահանին։ Այդ ժամանակ առաջ է գալիս Հաշտենից իշխանն ու ասում.

— Կամ մեզ տվեք Ռահանի գլուխը, կամ երեսուն հազար դահեկան փրկագին։

Պարսիկներն հոժարում են, վճարում են երեսուն հազար դահեկան և ազատ թողնում, հեռանում։ Վահանը տեսնելով նրանց ազատ ու անվտանգ երթը, զղջում է իր արածը, հարձակվում է պարսիկների վրա և սկսում անխնա կոտորել։

Պարսից զինվորները մեծ աղաղակ են բարձրացնում, ասում.

— Առ ի՞նչ (ինչի՞ համար) նորից կռվի մտաք, ով ավելախոսներ։ Այդ օրից այդ տեղը կոչվում է մի նոր անունով՝ Առինչ։

Վահանի զորքը պարսից զինվորներին ցրում է դաշտով մեկ, սաստիկ կոտորում։ Նրանցից ազատվում է միայն հինգ հարյուր ձիավոր, որոնք փախչում, գնում են Վախտանգի մոտ և ամեն ինչ պատմում։

Վախտանգը խիստ կատաղում է, իր զայրույթը թափում փրկված զինվորների գլխին և հրամայում հինգ հարյուրին էլ գլխատել։

Այնուհետև Վախտանգը ցասմամբ լցված, հրաման է տալիս իր Ասուր զորավարին՝ ութ հազար զորքով գնալ Վահանի վրա։ Ասուրը վերցնում է զորքը, գալիս, Մեղրագետի ափին բանակ զարկում, մարդ ուղարկում Վահանի մոտ, ասում.

— Ա՛յ չարամիտ Գայլ Վահան, լավ գիտես, որ պիտի ծառայես ու ենթարկվես արյաց արքային, ինչո՞ւ ես զուր տեղը այդպես անամոթ ձևով ըմբոստանում։ Արի մեզ մոտ, դարձիր հարկատու, թե չէ՝ շան նման կսատկես։

Վահանն այդ լսելով, վերցնում է վեց հազարանոց զորք և իր որդի Սմբատի հետ ելնում պատերազմի։

Երբ գալիս հասնում է Ասուրի զորքի դեմ, կանգնում, Ասուրն սկսում է զայրացնել Վահանին, նրան անընդմեջ Գայլ կոչելով։ Վահանն ասում է.

— Դա իսկապես իմ անունն է՝ գամ, կոտորեմ, գնամ և նորից գամ։

Վահանի որդի Սմբատը աչքը պահում է Ասուրի վրա, կռվելով մոտենում նրան։ Ասուրը տեսնելով պատանի Սմբատին, արհամարհում է նրան, իբրև, ջահելի, ասում.

[էջ 177]

— Քարապաշտ հարյորդի, հեռու կաց, որ կարողանամ դուրս գալ իսկական կռվող տղամարդկանց դեմ։

Սմբատն ասում է.

— Սատանայի որդի, իսկապես որ քո անունն Ասուր է, որովհետև քո սուրը բանի աետք չէ, երբ կտրիճների դեմ կռվես, կզգաս քո պարտությունը։

Եվ Սմբատը միանգամից սուրը բարձրացնելով, խփում, կտրում է Ասուրի ձիու գլուխը և Ասուրին գետին տապալում։ Ապա հարձակվում է Ասուրի վրա, գլուխը կտրում, գլուխն առնում ձեռին, վերև բարձրացնում, ասում.

— Փառք քեզ, սուրբ Կարապետ, որ հաղթեցիր հակառակորդիս։

Մինչ Սմբատը Ասուրով էր զբաղված, պարսից ինը զինվորներ շրջապատում են Վահանին ու սկսում անխնա հարվածել։ Վահանի ուժը պակասում է, որովհետև ութսուն տարեկան էր, և հուսահատված ձայն է տալիս.

— Ո՞ւր ես, Սմբատ որդյակ, օգնության հասիր։

Սմբատը քաջաբար հարձակվում է հոր շրջապատողների վրա, գոչելով.

— Օգնի՛ր մեզ, սո՛ւրբ Կարապետ։

Սմբատը սրով խփում է Ասուրի որդու գլխին, գլուխը թիկունքի հետ կտրում, գցում գետին, իսկ հորը մյուս շրջապատողներին՝ քաջ արծվի նման հալածում, փախցնում։ Վահանը ոգևորվում է, առաջ անցնում և մինչև արևամուտ պարսիկներին ջարդում ու հալածում։ Պարսից ութ հազարանոց զորքից միայն երեք հազարն է փրկվում, փախչում, գնում Վախտանգի մոտ։

Վախտանգը սուս է մնում և մի տարի այլևս չի անհանգստացնում Վահանին։

Այդ ընթացքում մեռնում է ծերացած քաջ Վահանը, նրան մեծ փառքով ու հանդեսով տանում, թաղում են սուրբ Կարապետի վանքի դռանը։

ՍՄԲԱՏ ԵՎ ՎԱԽՏԱՆԳ

Վահանի մահից հետո Վախտանգը քսան հազարանոց զորք է հավաքում, ուղարկում Սմբատի վրա, առաջարկելով թե.

— Կամ եկ, պատերազմենք, կամ էլ հնազանդվիր և հարկ վճարիր։

Սմբատը հավաքում է ինն հազարանոց զորք, գնում է Անտաք, Վախտանգի դեմ պատերազմի։ Նա հինգ հազար զինվոր թողնում է Մահու ագարակ կոչված բլրի մոտ, մնացած զորքով գնում Վախտանգի զորքի դեմ։ Վախտանգը կարծելով, թե Սմբատի զորքը միայն նրա հետ եղածն է, ինն հազար զինվոր է նրա դեմ հանում, որոնք գալիս, գիշերով շրջապատում են Սմբատին։ Վերջինս կամենում է գիշերով ելնել, հարձակվել շրջապատողների վրա, բայց իր հետ եղած քահանաները խորհուրդ չեն տալիս։ Իսկ Սմբատն ասում է.

— Վստահ եմ աստծո վրա, որովհետև մաքուր հոգով ու միամտությամբ ծառայել եմ սուրբ Կարապետի և նա կօգնի մեզ և իր ձեռից բաց չի թողնի։

Եվ կեսգիշերին Սմբատը ելնում, ոտի է հանում զորքին, զինվորները վառած ջահերը ձեռներին բռնած, հարձակվում են պարսիկների վրա։ Այդ պահին հանկարծ մի հերարձակ մարդ է երևում, որի մազերից լույս էր փայլատակում։ Քաջ Սմբատը տեսնելով նրան, գոչում է զորքին.

— Քաջալերվեք, զավակներս, չվախենաք, սուրբ Կարապետը մեզ թիկունքից օգնության է հասել և մեզ հետ միացած՝ ինքն էլ է կռվում։

Պարսիկները մթության մեջ շփոթվելով, սկսում են իրար կոտորել։ Մյուս կողմից էլ Սմբատի զորքն է սկսում նրանց ջարդել։ Այնքան են կոտորում, որ արյան հեղեղ է ելնում, դիակները քշում, տանում։ Այդ պատճառով էլ այդ տեղավայրը այդ օրից կոչվում է Թիլ1։

Պարսիկներին կոտորելուց հետո Սմբատը երկու հարյուր զինվորի կենդանի է թողնում, որ գնան,

-------------------------------

1 Թիլ կամ թլեր՝ կախարդության, հմայության, սնոտի պաշտամունքի նշան։ Այս դեպքում օգտագործվում է այն իմաստով, որ հայերի հաղթանակը տվյալ տեղում ձեռք է բերվել սուրբ Կարապետի զորությամբ, նրա երևալով և օգնությամբ։

[էջ 178]

պատմեն իր հաղթանակի և հատկապես սուրբ Կարապետի մասին, որ գիշերով երևացել էր և օգնել հայերին իրենց հաղթական կռվում։ Ապա պարսիկներից խլված ձիերն ուղարկում է Մուշ, իր որդու՝ Վահան Կամսարականի մոտ, որպեսզի շտապ քաղաքի հետևակը դարձնի հեծելազոր։

Վահան Կամսարականը կատարում է իր հոր կամքը, կազմում է երկու հազար հինգ հարյուր հեծյալից բաղկացած հեծելազոր և ուղարկում Սմբատին։ Վերջինս ութ օր պատրաստում է իր զորքը և սպասում թշնամու նոր հարձակման։

Ութ օր անց Վախտանգը մեծ զորքով գալիս է Մշո դաշտ, Սմբատի ղեմ պատերազմելու։

Սմբատը երկու հազար հեծյալ գիշերով գաղտնի տանում, անց է կացնում պարսիկների թիկունքը և այնտեղ բլրի հետևում, թաքցնում։ Իսկ ինքը վերցնում է ութ հազարանոց զորք, ճակատ կազմում և առավոտ վաղ արագ հարձակվում պարսիկների վրա, որպեսզի նրանց թույլ չտա նկատելու իրենց թիկունքում դարանակալած հայոց հեծելազորին։

Երբ ճակատամարտն սկսվում է, Սմբատն ուժեղ ճնշմամբ պարսիկներին ստիպում է նահանջել դեպի բլուրը։ Գրավելով բլուրը, Սմբատը բարձրանում է բլրի գագաթն ու ձայն տալիս.

— Ո՞ւր եք, քաջեր, առաջ անցեք։

Բլրի հակառակ կողմում թաքնված հայոց հեծելազորը թիկունքից հարձակվում է պարսիկների վրա։ Առջևից Սմբատն իր զորքով, հետևից հեծելազորը՝ շրջապատման մեջ են առնում պարսից զորքին, և սկսվում է օրհասական ճակատամարտ։ Հայերն ու պարսիկները խառնվում են իրար, միայն փողերի ձայնից և դրոշակներով են հազիվ միմյանց ճանաչում։

Կռվի թեժ պահին իրար դեմ են դուրս գալիս Վախտանգն ու Սմբատը։ Սմբատը սպառնալից ձայնով դիմում է նրան.

— Կաց, հարճորդի՛, թեպետ բազում մարդկանց ես դու ջնջել, բայց այսօր դու չես պրծնի իմ քաջ տղամարդկանց ձեռից, մեր սրերը քեզ գազանների նման պատառ-պատառ կանեն։

Սմբատն առաջ է անցնում, թրով խփում, կտրում է Վախտանգի ազդրի սռնապանը, ծանր խոցում և կամենում ձիուց գետին տապալել նրան։ Իսկ Վախտանգը նիզակով հարվածում է Սմբատի կրծքին, սակայն չի կարողանում ծակել զրահը։ Նիզակը մնում է Սմբատի զրահի մեջ ցցված։ Սմբատը ձայնը բարձրացնում է ու գոչում.

— Սո՛ւրբ Կարապետ, ինձ թիկունքից հասիր, մենք այսօր քեզ համար ենք կռվում ու մեռնում։ Ապա նիզակով հարվածում է Վախտանգի թիկունքին, ծակում զրահը, թափանցում սրտի մեջ և սիրտը նիզակի տեգի հետ դուրս քաշում։ Սմբատը քաշում է թուրը և իսկույն կտրում Վախտանգի գլուխը, գցում գետին։ Բայց չի կարողանում Վախտանգի գլուխը վերցնել, որովհետև պարսիկներն անմիջապես հափշտակում են իրենց զորավարի գլուխն ու փախչում։

Սմբատը, երբ տեսնում է, որ Վախտանգի գլուխը նրա ծառաներից մեկը ձեռին փախչում է, ձիով ընկնում է հետևից, հասնում և մուրճով ուժեղ հարվածում գլխին։ Մուրճը ծռում է սաղավարտը, մտնում գլխի ջարդված ոսկորների մեջ։ Սմբատը հազիվ է կարողանում մուրճը ծռված սաղավարտի միջից հանել։ Պարսիկն այդ պահին Վախտանգի գլուխը ձեռից գցում է ցած ու մեռնում։ Նույն պահին մեկ ուրիշ պարսիկ հափշտակում է Վախտանգի գլուխն ու դարձյալ փախչում։ Սմբատն ընկնում է նրա հետևից ու կանչում.

— Մի անմտացեք, որովհետև սա արդեն մեոած է, եթե սրտացավ ծառաներ եք և գլուխն եք առած փախչում, ապա իմացեք, որ ձեզ էլ նրա օրը պիտի գցել։

Ծառան հետ է դառնում, Վախտանգի գլուխը շպրտում Սմբատի կրծքին, ասում.

— Տա՛ր, խորովիր և կե՛ր, վա՛յ ձեզ, որ վաղը ուրիշի չեք սպանի։

Իսկ Սմբատը վերցնելով Վախտանգի գլուխը, հետապնդում է պարսիկ ծառային ու ասում.

— Ա՛յ տիրատյաց պարսիկ, ինչո՞ւ քո գլուխը չտվեցիր քո տիրոջ փոխարեն։ Եվ որովհետև այդպես տիրատյաց ես, ես հիմա քո գլուխը քեզանից կհեռացնեմ։

Սմբատը սրով խփում, կտրում է պարսիկի գլուխը, գցում գետին և մեծ հաղթությամբ վերադառնում բլուրը։

Իսկ Սմբատի զորքը պարսիկներին օղակի մեջ էր առել և անխնա կոտորում էր։ Ոչ մեկին ազատ չեն արձակում, բացի պարսիկ չորս հարյուր ուղտապաններից, որոնք ուղտերի մոտ էին կացել։ Սմբատը

[էջ 179]

հրամայում է նրանցից ոչ մեկին չվնասել, միայն ուղտերը վերցնել։ Ուղտապաններից առնում են 1044 ուղտ և ութ հազար ձի ու ջորի։

Կռիվն ավարտելուց հետո Սմբատը հրամայում է՝ սպանված պարսից զինվորներին լցնել բլրի մոտ եղած հեղեղատը։ Այդ օրից բլուրն սկսվում է կոչվել Մահու բլուր։

Սմբատը առնում է զորքը և գիշերով գնում Վախտանգի շինած Պորպ քաղաքի վրա։ Զորքը մտնում է քաղաք և որ տանը պարսից լեզվով խոսող են գտնում, բոլորին սպանում, քթերը կտրում, թելի վրա շարում, բերում են Սմբատին։ Հաշվում, տեսնում են, որ սպանվել, է քսանչորս հազար պարսիկ կին, տղամարդ, երեխա։

Իսկ Վախտանգի կնոջն ու որդուն գերի են վերցնում, տանում, պահում Այծից բերդում։

ՍՄԲԱՏ ԵՎ ՍՈՒՐԵՆ

Ապա Սմբատը մարդ է ուղարկում պարսից Խոսրով թագավորի մոտ և պահանջում հետևյալը.

— Կամ ինձ հինգ տարվա հարկ տուր՝ փոխարեն նրա, որ քո զորքերը կերան իմ երկրի խոտն ու հացը, վառեցին իմ փայտը, խմեցին իմ ջուրը, այն սեղանատան սրահների համար, որոնք այրեց իմ հայր Վահանը քո զինվորների պատճառով, վաթսուն հազար դահեկան այն սապոնի գնի համար, որով քո զինվորների գարշահոտ ու արյունաթաթախ հագուստները լվացինք ու հագանք։ Իսկ եթե չտաս, ապա հարյուր մարդով կգամ քո վրա, բոլոր պարսիկներին կգերեմ, կբերեմ, կլցնեմ Տարոն, վզներին շան կապ կդնեմ, կուղղեմ քո վրա, որ փոխանակ մեզ, ձեզ վրա հաչեն։

Ինչ որ ասացի՝ շո՛ւտ ուղարկիր, թե չէ՝ գլխիդ ինչ ասես կբերեմ։

Խոսրովը Սմբատին չի պատասխանում, բայց Վախտանգի եղբայր Սուրենը վերցնում է հարյուր հազար դահեկան, հետն էլ ինը հազար մարդ, գալիս է Տարոն՝ իր եղբոր կնոջն ու որդուն գնելու։

Սմբատը դիմավորում է Սուրենին, սիրով ընդունում նրան և բերում Մուշ։ Տասը օր մնալուց հետո Սուրենը հարցնում է, թե ուր է իր եղբորորդին։ Ցույց են տալիս Այծից բերդը ու ասում.

— Այնտեղ է։

Սուրենը հարցնում է.

— Այնտեղ նա այծարա՞ծ է, թե դիվարած։

Սմբատը ծիծաղում է սրամտության վրա և հրամայում՝ Սուրենի մոտ բերել նրա եղբոր կնոջն ու որդուն։

Երբ նրանց բերում են, Սուրենը դիմում է Սմբատին.

— Հայոց աշխարհի հզոր իշխա՛ն, տո՛ւր այս կնոջն ու երեխային պարսից արքային նվեր։ Սմբատը պատասխանում է.

— Պարսից արքային, առանց գնի, սատկած շուն չեմ տա, որ նա տանի ճաշ շինի, ուտի, ուր մնաց, որ սրանց տամ։ Բայց եթե դու սրանց գնել ես ուզում, քեզ կտամ, եթե ոչ, ապա երեքդ էլ գնացեք Արծրունիք, այծ արածեցրեք։

Բայց որովհետև Սուրենը իմաստուն մարդ էր, չի առարկում, ասում է.

— Ո՜վ բարեպաշտ իշխան, եթե անգամ քո դռանը շուն արածեցնեինք, դարձյալ մեզ համար պարծանք էր, որ քո դռանն ենք կացել, էլ ուր մնաց, թե այծ արածեցնեինք։

Բայց եթե համաձայն եք, վերցրեք մեզանից հարյուր հազար դահեկան, երկու հազար ուղտ, հինգ հազար պարսկական ձի և մեզ տվեք այս կնոջն ու երեխային։

Սմբատն ասում է.

— Այս ամենը, ինչ որ այստեղ ես բերել, իմն են. ես քո գլուխը կկտրեմ և քո ունեցվածքը կվերցնեմ։ Բայց եթե դրանք քեզ պետք են, դու դարձիր քրիստոնյա և ինձ էլ պարսիկների մոտ տար, քո ունեցվածքն էլ քեզ լինի։ Իսկ եթե հոժար չես, ապա ուրիշ հնար մտածիր։

Սուրենը բերում է հարյուր հազար դահեկանը, ուղտերը, ձիերը տալիս Սմբատին։ Սմբատն ասում է.

— Տվածիդ համաձայն եմ, բայց իմացիր՝ պարսից զինվորները հարյուր ութսուն հազար դահեկանի փայտ են տարել Քարքե լեռան անտառից, նրանց ձիերը չորս հազար դահեկանի խոտ են կերել դաշտից, քսան հազար դահեկանի եղնիկ ու նապաստակ են որսացել իմ երկրից, հացի ու ջրի գինն էլ ձեզ եմ բաշխում։ Բայց երկու տարի Խառանի, Ասորիքի և Մուրհայի գինի են խմել, դրա վարձը թող տան.

[էջ 180]

վեց գավառի հարկը, որ առել են, քաղաքների մուտքի վարձը, որ կերել են՝ չորս հազար դահեկան է անում, այդ թող տան։ Դու էլ դարձիր քրիստոնյա, ինձ պարսիկների մոտ տար, և թող քո հարազատներն էլ քեզ լինեն։

Սուրենը տրտմում է և ոչինչ չի կարողանում ասել, Սմբատն ասում է.

— Մի՛ տխրիր, ամեն ինչ քո ուզածով կանեմ։ Բայց արի, քո զորքով գնանք իմ վանքը ուխտի։

Վերցնում են զորքը, Սուրենի եդբոր կնոջն ու որդուն, գնում, անցնում Արածանի գետը։ Սմբատը իր որդի Վահանին թողնում է գետի մյուս ափը, պատվիրում, ո՛վ որ գետն անցնի՝ սպանի։ Ինքը չորս հազարանոց զորքը թողնում է Մեղտիում, պարսից զորքը թողնում դաշտի Արտից գյուղում, իր հետ վերցնում չորս հարյուր հայ և չորս հարյուր պարսիկ զինվոր և Սուրենի հետ գնում վանքը։ Բայց որովհետև վանք տանող ճանապարհը խիստ նեղ էր և ձիերով անհնար էր անցնել, իջնում են ձիերից, ձիերը թողնում են ներքևում, ոտքով բարձրանում վանքը։ Երբ մոտենում են վանքի բակին, վանականներն ընդառաջ են գալիս և Սուրենի պատճառով արգելում նրանց վանք մտնել։

Սմբատը զայրացած ասում է.

— Որովհետև դուք՝ պարսիկներդ, այնպիսի պիղծ էակներ եք, որ անտառներին անգամ արժանի չեք, ուր մնաց թե ապրելու։

Պալունյաց Վարազ իշխանը, որ վանականների հետ էր եկել, սրով հարձակվում է Սուրենի վրա և գլուխը կտրում։ Մնացած երկու պարսիկ իշխաններին կախում են ծառից, խեղդում։ Իսկ Պալունյաց իշխանի զորքը, որ նախապես դարան էր մտել շրջակայքում, դուրս է գալիս թաքստոցից, պարսիկների ավելի քան երկու հազար ձիերը կտրում զորքից, քշում, տանում մոտակա ձորը։ Պարսից զինվորները ոտքով ընկնում են ձիագողերի հետևից, Գողոց ադբյուրի մոտ հասնում նրանց և պարսաքարերով ու նետերով հինգ հարյուր քսան հոգու խփում, սպանում։ Ապա իջնում են ձորը, ձիերը հանում, բերում, խառնում մնացած ձիերին, թվով դառնում մոտ երեք հազար ձի։

Պարսից զինվորներից շատերը հետապնդելով մնացած ձիագողերին ձորով բարձրանում են անտառը և այնտեղ հարձակվում նրանց վրա, սկսում անխնա կոտորել։ Ձիագողերի ավագը, որի անունը Սերիմ էր, հետ է դառնում, հանում է սուրը և սկսում պարսիկների դեմ մեն մենակ քաջաբար կռվել, մինչև ընկերները հետ են դառնում և հասնում օգնության։ Սակայն մինչև ընկերների գալը, պարսիկները նետահարում են նրան, նետը դիպչում է սրտին և սպանում։ Սերիմին ընկերները թաղում են նույն ձորում, և ձորն ու անտառը նրա անունով կոչվում է Սերիմաձոր։ Ձիագողերը բոլորը հետ են դառնում և սկսում քարերով ու նետերով հարձակվել պարսիկների վրա, շատերին սպանում են, մնացածներն էլ փախչում, գալիս, ապաստանում են մի քարայրում և սկսում ճաշել։

Այդ ժամանակ հարյուր հիսուն հայեր Ողական ամրոցից դուրս էին եկել որսի։ Նրանք գալիս հասնում են այն քարայրին, ուր հավաքվել ու ճաշի էին նստել պարսիկ զինվորները։ Նրանք, երբ տես-

[էջ 181]

նում են պարսիկներին անհոգ նստած, հարձակվում են պարսիկների վրա, շրջապատելով՝ ոչ ոքի չեն թողնում ձի հեծնել, բոլորին սպանում են։ Այն տեղը, ուր ժողովվել, ճաշի էին նստել ու կոտորվել էին պարսիկները, սկսում է կոչվել Ժողով։

Այս իրադարձությունների ընթացքում Սմբատն ու Վարազ Պալունի իշխանը թաքնվում են ս. Կարապետի վանքի մոտակա ձորում և մարդ են ուղարկում Մեղտի, զորքին շտապեցնում՝ հարձակման անցնել։ Սմբատի զորքից հարյուր զինվոր անջատվում են, գալիս են պարսից զորքին գրգռելու կռվի։ Նրանք գրոհում են պարսիկների վրա, ապա մեկ-մեկ նահանջելով, գալիս են Սմբատի մոտ և Սմբատի հետ բարձրանում բլուրը։ Պարսիկները հետապնդելով նրանց, գալիս, շրջապատում են բլուրը, աստիճանաբար բազմանում և սկսում նեղել Սմբատին և Վարազ Պալունուն։ Սմբատն ու Վարազը ծնկի են գալիս, ձեռները վերև բարձրացնում և սուրբ Կարապետից օգնություն հայցում.

— Հիշի՛ր մեզ և մեր երախտիքը, սո՛ւրբ Կարապետ, դու, որ մեզ հեռվում օգնեցիր, այժմ քեզ մոտ ենք1, մոտիկից էլ մեզ օգնիր և մեզ թիկունքից օգնության հասիր։

Սմբատն ու Վարազը բլրի վրա եղած զինվորներին բաժանում են երկու թևի, աջ թևի գլուխն է անցնում Սմբատը, ձախինը՝ Վարազը, և սկսում են կյանքի ու մահի կռիվ մղել հարձակվող պարսից զորքի ղեմ։ Իրենք ու իրենց ձիերը թաթախվում են արյան մեջ։ Սմբատի սուրը արյունից պատյանում մածուցվում է, կպչում, և որքան փորձում է պատյանից հանել, չի դուրս գալիս։ Շատ զոռելուց՝ թրի դաստակը ձեռքի մեջ կոտրվում է, և չի հասցնում սուրը փոխել։ Պարսիկները այդ որ տեսնում են, ոգևորվում են, իրար ձայնում.

— Շտապեցե՛ք, քաջի սուրը կպել է պատյանին, կոթը կոտրվել, չի ղուրս գալիս, վրա՛ տվեք։

Նրանք արագ շրջապատում են Սմբատին և սկսում զենքերով անխնա հարվածել գլխին, հարվածներից այնպիսի ճարճատյուն էր լսվում, ինչպես չոր փայտը ճեղքելիս։ 
Իսկ Սմբատը բարձր ձայնով ասում է նրանց.

— Վա՜յ ձեր քաջությանն ու արիությանը, որ չեք կարողանում մի գլուխ էլ կտրել։

Ապա ձայնն ավելի բարձրացնելով, կանչում է.

— Ո՞ւր ես, հզոր ու քաջաբազուկ Պալունյաց իշխան, իմ ծեր օրերի նեցուկ, իբրև քաջ արծիվ առաջ անցիր, անգղներ ու բվեճներ են ինձ վրա տվել։

Վարազ Պալունին զորքի ձախ թևը թողնում է իր Վահան որդուն, ինքը արծվի նման կռնչալով, ահ ու սարսափ տարածելով, հարձակվում է Սմբատին շրջապատողների վրա, հետևից նիզակով հարվածում Սմբատի վրա խոյացած պարսիկի թիկունքին, ձիուց վերև բարձրացնում նրան և այլևս չի կարողանում նիզակը նրա մարմնից հանել։ Պարսիկն ընկնում է, մեռնում, իսկ Վարազ Պալունին ծաղրանքով ասում.

— Գնա, չափիր նիզակը, թե քանի կանգուն է երկարությունը, եթե մեկն ասի, թե երեք կանգուն է, չհավատաս։

Վարազը Սմբատին շրջապատումից դուրս է բերում։ Սմբատը կռվից դուրս գալով, հրամայում է մի պարսիկ բռնել բերել։ Պարսիկին բերում են, Սմբատը մորթել է տալիս նրան, տաք արյունը լցնում չորացած արյունից պատյանում լռված սրի վրա, թուլացնում, սուրը հանում։ Բայց որովհետև սրի դաստակը կոտրված էր, նա փոխում է սուրն ու արյունոտ երիվարը, նոր ձի հեծնում և մտնում կռվի մեջ։

Սմբատի հինգ հարյուրանոց զորամասը շրջապատում են վեց հազար պարսիկներ։ Սմբատը տեսնում է, որ Վարազ Պալունու ձին հոգնել է և կանգնել։ Նա խփում է մի պարսիկի, ձիուց գցում, ձին մոտեցնում Վարազին, ասում.

— Հեծիր, Պալունյաց իշխան։

Վարազը հեծնում է նժույգը, ընկնում պարսիկների մեջ և սկսում մի ահեղ կոտորած։ Եվ ամեն անգամ, երբ Սմբատի և Վարազի ձիերն հոգնում էին, նրանք արագ փոխում էին ձիերը իրենց սպանած հակառակորդների երիվարների հետ, և որքան բազմանում էր պարսից զորքը, նրանք իրենց նոր փոխած ձիերի պատճառով մնում էին անխոնջ ու անպարտելի։

Շատ թշնամիներ են կոտորում Սմբատն ու Վարազը, ընկածների ղիակներին չափ ու համար չկար։

----------------------------------

1 Նկատի ունեն մոտակայքում գտնվող ս. Կարապետի վանքը։

[էջ 182]

Բայց Սմբատի զորքի մեջ սկսում է երկյուղ ընկնել թվով բազմապատիկ թշնամու պատճառով։ Այդ պահին կռվի վայրին են մոտենում Հաշտենից Սմբատ իշխանը և Սմբատ Մամիկոնյանի որդի Վահան Կամսարականը՝ վեց հազար զորքով։ Երբ Վարազ Պալունին տեսնում է Սմբատի որդուն, ձայն է տալիս, ասում.

— Քաջ որդի Վահա՛ն, ո՞ւր էիր, որ այսքան ուշ ես գալիս օգնության։

Իսկ Վահան Կամսարականը, կասկածելով, որ հորը փորձանք է պատահել, լալով ձայն է տալիս.

— Կա՞ իմ տառապյալ ու ծերունի հայրը, թե՞ արդեն տիրոջ մոտ է փոխվել առհավետ։ Սմբատը լսելով որդու ձայնը, կշտամբանքով ասում է.

— Սուրբ Կարապետը իմ թիկունքում կանգնած էր, ուրեմն ես պարսիկների՞ց պիտի մեռնեի։ Վահան Կամսարականը աստծուն փառք տալով, հարձակվում է պարսիկների վրա, նրանց զորախումբը ճեղքում, կիսում երկու մասի, զորքը իր հետևից տանում, բաժանում երկու թևի, մեկն ինքն է գլխավորում, մյուսը՝ Հաշտենից իշխանը։ Ապա կոտորում են պարսից զորագլուխը և աջ ու ձախ շրջվելով, պարսից զորքին առնում են օղակի մեջ և մինչև արևամուտը՝ անխնա կոտորում։ Պարսից զորքից երեք հարյուր զինվորի է հաջողվում միայն ձիերը թողած՝ փախչել։ Նրանք գնում, թաքնվում են մի ձորում և սաստիկ հոգնածությունից քնում մինչև հաջորդ կեսօրը։ Կեսօրին հայոց զինվորները գալիս, նրանց քնած են գտնում։ Բերում, ջուր են ցանում նրանց վրա, արթնացնում, տանում Մեղտի։ Իսկ ձորն այդ օրից, քնած զինվորների պատճառով կոչվում է Թմբաձոր։

Պարսիկ զինվորներին տանում են Մեղտի, վերքերը բուժել տալիս, խնամում, ապա նրանց տալիս են գանձ, ձիեր, զենք և խաղաղությամբ ազատ արձակում Պարսից աշխարհ։

Հաջորդ օրը Սմբատը հրամայում է՝ կռվում սպանված պարսիկների դիակները իրար վրա կիտել։ Դիակներից մի վիթխարի բլուր է գոյանում, որը քաջ Վարազ Պալունու անունով կոչում են Վարազաբլուր։

Երբ դիակները սկսում են նեխել և գազաններին բաժին դառնալ, մոտակա գյուղի բնակիչները այդ առթիվ հետևյալ երգն են հյուսում և ասում.

 

Գազանները կերան դիակների մարմիններն ու գիրացան. 
Կզաքիսը ուտելուց ուոեց, ինչպես արջ. 
Եվ աղվեսը հպարտ դարձավ, ինչպես առյուծ, 
Գայլը, որովհետև շատակեր էր՝ պայթեց. 
Եվ արջը, որ ուրիշներն ուտեն, իրեն ոչինչ չի մնա՝ 
Սովից մեռավ. 
Անգղները, որովհետև ագահ էին, նստեցին 
Եվ այլևս չկարողացան թռչել. 
Մկները, որովհետև իրենց ծակերը շատ տարան, 
նրանց ոտները մաշվեցին1։

--------------------------------------

1 Ստորև դրվում է երգի հին հայերեն բնագիրը.

 

Կերան գազանք զմարմինս դիակացն և գիրացան.
Կուզ կերեալ ուռեաւ իբրև զարջ,
Եւ աղուէս հպարտ եղև քան զառեւծ.
Գայլ քանզի շատակեր էր՝ պայթեաց.
Եւ արջ, զի զոր ուտէն՝
Չմնայ առ ինքն, ի սովոյ մեռաւ.
Անգեղք, զի ագահ էին, նստան
Եւ այլ ոչ կարացին վերանալ.
Մկունք, զի շատ տանէին ի ծակս իւրեանց՝
Մաշեցան ոտք նոցա։

[էջ 183]

ՏԻԳՐԱՆ, ՎԱՀԱՆ ԿԱՄՍԱՐԱԿԱՆ ԵՎ ՍՄԲԱՏ

Խոսրով թագավորը դարձյալ քսան հազարանոց զորք է ուղարկում Սմբատ Մամիկոնյանի վրա Տիգրան զորապետի գլխավորությամբ։ Տիգրանը գալիս է Ապահունիք և Սմբատին կանչում իր մոտ։

Սմբատը իր որդի Վահանին ուղարկում է Տիգրանի մոտ, որպեսզի իմանա, թե ինչ է ուզում։ Վահանը գալիս է Տիգրանի մոտ, իմանում բանի էությունը, ապա պատասխան է գրում, ուղարկում հորը՝ Սմբատին, և ասում.

— Սա մեր մասին մերթ բարի է խորհում, մերթ՝ չար։ Բայց նա եկել և մեզանից պահանջում է Մուշեղ իշխանի և քո հոր՝ Վահանի ոսկորներն ու Վախտանգի կնոջն ու նրա որդուն, որն ընկավ Վարազի հետ մղված պատերազմում։ «Եթե չտաք, — ասում է նա, — կգամ, ձեր հավատի պաշտամունքատեղին կքանղեմ ու ավարի կենթարկեմ, եկեղեցիները կրակատուն1 կդարձնեմ և ձեզ էլ պարսից արքունի դուռը քարշ տալով՝ կտանեմ»։ Նա այսպես ասաց և Հաշտենքի կողմից կամենում է քո վրա գալ։ Հիմա ես նրա հետ կգնամ, իսկ դու մեր զորքերը հավաքիր, գնա սուրբ Կարապետի վանք և խնդրիր կրոնավորներին՝ թող մեզ համար աղոթեն։

Սմբատը որդու նամակը կարդալուց հետո գալիս է սուրբ Կարապետի վանքը, ընկնում սուրբ սեղանի առաջ և լալահառաչ խնդրում.

— Արթնացի՛ր, տե՛ր, և արթնացրու քո զորությունը։ Նայի՛ր, տեր, և մի՛ լռիր, մի դադարեցնի քո օգնությունը, որովհետև թշնամին կրկին խրոխտացել է մեզ վրա։ Աղաչում եմ, հիշիր այն ջանքն ու տառապանքը, որ դրեցինք քեզ վրա, հանուն մեր սուրբ ուխտի, որպեսզի քո անունը հավիտյանս փառավորվի։

Ապա Սմբատը բերել է տալիս տասներկու թուր, դնում եկեղեցու բեմի առաջ, բեմի վրա պատարագ մատուցել տալիս։

Հետո Սմբատը վերցնում է թրերը և ասում.

— Այո՛, տե՛ր, անզգամ պարսիկներին կոտորելուց հոգնեցինք, ձանձրացանք, հոգնեցին անգամ անօրեն պարսիկներն էլ, որոնք մեր թրերի ժանգը իրենց արյամբ սրբեցին։

Այնուհետև Սմբատը ելնում է վանքից, գնում ինը հազար ինը հարյուր քառասուն զինվորից բաղկացած զորք հավաքում, գնում, իջնում Հաշտենք գավառի Գրեհն կոչված գյուղի մոտ։ Իսկ Տիգրանն իր զորքով գնում, իջնում է Հոնընկեց բլրի վրա, զինվորական պատվիրակություն է ուղարկում Սմբատի մոտ, ասում.

— Արի՛ ինձ մոտ և մի վախենա, ինձանից գանձ ու փառք կստանաս, քո գլխին պսակ կդնեմ, և քեզ կդարձնեմ Հայոց մարզպան, միայն թե Մուշեղի և Վահանի ոսկորներն ինձ տաս։

Սմբատը բռնում է Տիգրանի պատվիրակության ղեկավարին, շիկացած երկաթե շամփուրը պսակաձև նրա գլխին է հագցնում և ասում.

— Կա՜ց, տեսնեմ, թե դու ինձ ի՞նչ նվեր ես բերել, որ ես քո գլխին պսակ դրեցի։

Ապա բերել է տալիս պատվիրակության մյուս անդամներին, բոլորի գլուխները կտրում, դիակները շիկացած շամփուրով դաղում, գցում մի կողմ։ Եվ այդ գյուղը այդ ղեպքի առիթով կոչվում է մոգերի գերեզման կամ Մոգտունս։

Սմբատը զորքը հանում է Սերեմավայրք կոչված բլրի վրա և Տիգրանի դեմ բանակ դնում։

Երբ մութն ընկնում է, Սմբատի որդի Վահան Կամսարականը, որ Տիգրանի բանակում էր գտնվում, մտնում է Տիգրանի որդու վրանը, որդու գլուխը կտրում, կտրում է նաև այնտեղ գտնվող պարսիկ երեք իշխանների գլուխները, գիշերով բերում Սմբատի մոտ։ Ապա Վահանը նորից վերադառնում է պարսից բանակը, գնում, գաղտնի մտնում Տիգրանի վրանը։ Տիգրանը տեսնելով Վահանին՝ մերկացած սուսերը ձեռին, չի հանդգնում ծառաներին ձայն տալ, կարծելով, թե նա եկել է կարասի գողանալու։ Վահանը անմիջապես մի բարձ է վերցնում, գցում Տիգրանի դեմքին, բերանը փակում և հարձակվում վրան։ Այդ պահին Վահանի ծառան ներս է գալիս, սրով կտրում Տիգրանի գլուխը։ Նրանք վերցնում են գլուխը, հա–

---------------------------

1 Կրակատունը զրադաշտական պարսիկների հրո տաճարն էր, ուր ատրուշաններ էին դրված, և միշտ վառվում էր նրանց պաշտելի սրբազան կրակը։

[էջ 184-185]

[էջ 186]

վաքում վրանում եղած թանկարժեք քարերը, ընտիր կարասին ու սրերը և գաղտնի գնում Սմբատի բանակը։

Հայոց զորքը ցնծում է Վահանի քաջագործությունից և մեծ գոհություն մատուցում աստծուն։

Բայց Վահանը դրանով չի գոհանում։ Նա նույն գիշերը երկու հարյուր կաշվե վահան և հարյուր ամեհի ջորի է բերել տալիս, ջորիների երկու կողքերից վահաններ կապում, վահանների վրա երկաթներ կախում, ջորիներին գցում իր զորքի առջև, քշում դեպի Տիգրանի տեղակալ Հոն զորավարի բանակը։

Հոնը ուներ ութ հազար զորք և բանակ էր դրել պարսից մյուս զորքերից հեռու, մի ժայռի մերձակայքում, Տորոս լեռան դիմաց։

Վահանը յուրաքանչյուր տասը ջորու վրա մի վերակացու էր դրել, որպեսզի ջորիներին քշեն և հսկեն։ Ջորիներին ուղարկում է առաջ, Հոնի բանակի մոտակայքը, իսկ ինքը զորքով հարձակվում է պարսից բանակի վրա։ Վահանը բանակի չորս կողմից ռազմի փողեր է հնչեցնել տալիս և մտնելով բանակի մեջ, սկսում կոտորածը։ Ռազմի փողերի անակնկալ չարագուշակ կանչը, հայ զինվորների ամեհի գոռոցը, անակնկալի եկած պարսից զինվորների սարսափահար աղմուկը, զենքերի շաչյունը մի զարհուրելի ժխոր են բարձրացնում։ Բանակի մոտակայքում գտնվող ջորիների երամակը այդ ահավոր աղմուկից խրտնում է, և ջորիներն սկսում են տարբեր կողմեր փախչել։ Իսկ նրանցից կախված երկաթները այնպիսի մի ահասարսուռ զրնգոց են արձակում, որ պարսից զորքը կարծում է, թե ինքը շրջապատված է նաև մեծաքանակ հեծելազորով։

Պարսիկ զինվորներն ահաբեկված վայ են կանչում, մատնվում խուճապի։ Եվ որովհետև խավար գիշեր էր, իրենք էլ տեղանքին անծանոթ, թողնում են ձիերը և փախչում դեպի ժայռաբլուրը և մթության մեջ՝ ահավոր վեմերի բարձունքից գահավիժում են ցած, սպանվում։

Երբ փախչող պարսիկների ճիչն ու աղաղակը վերջանում է, նրանց հետապնդող հայոց զորքը հասկանում է արդեն, որ թշնամին գլխովին ոչնչացված է։ Վահանի զորքը վերադառնում է պարսից բանակատեղին, հավաքում այնտեղ եղած կարասին, ունեցվածքը, գանձերը, պարսիկների թողած ձիերը, ուղտերը, ավանակները, թվով շուրջ տասնութ հազար, և դրանք բոլորն ուղարկում Պալունյաց գավառ։ Ավարի ենթարկված անասուններն այնքան շատ էին, որ ծածկում են ամբողջ գավառի մակերեսը։

Լույսը բացվում է։ Տիգրանի բանակում գտնվող զորավարները փնտրում են Տիգրանին և որդուն, բայց չեն կարողանում գտնել։ Ապա գտնում են Հոնի բանակից փախած զինվորների հետքը, այդ հետքով գնում են, տեսնում՝ բոլորը ժայռաբլրից գահավիժած, մեռած։

Պարսից զորքերը բարկությամբ լցված՝ միաբանվում են, իրենց զորավար նշանակում Միհրխոսրովին, ճակատ կազմում և պատրաստվում են պատերազմի։

Սմբատը Վահանին երեք հազար զինվորով կողմնակալ է թողնում, երկու հազար զինվորի դարանակալ թաքցնում է իր երեք կողմերում, իսկ ինքը մնացած զորքով ճակատ է կազմում պարսիկների դեմ։ Ճակատի աջ թևը հանձնում է քաջ ու հզոր Վարազ Պալունուն, ձախ թևը՝ Հաշտենից իշխանին, ինքը մնում կենտրոնում և իրեն թիկնապահ դարձնում Վարազ Պալունու որդի Վահանին։

Ճակատամարտը սկսվում է։ Միհրխոսրովն ու Սմբատը իրար դեմ են ելնում և սկսում զենքերով իրար գլխի հարվածել։ Պարսից զինվորները մեղուների նման թափվում են Սմբատի վրա, խիստ նեղում։ Սմբատի ուժն սկսում է պակասել, որովհետև տարիքով ծեր էր արդեն. նա հուսահատված ձայնը բարձրացնում է և որդուն օգնության կանչում.

— Ո՞ւր ես, Վահան որդյակ, ինձ օգնության հասիր։

Վահանը հոր ձայնը լսելով, դիմում է սուրբ Կարապետին.

— Ահա՛ հասել է ժամը, ո՛վ սուրբ Կարապետ, ո՞ւր են մեր կրոնավորների աղոթքները։

Ասում է, մտնում կռվի մեջ, ճեղքում պարսից զորքը, մոտենում հորը, ցրում նրա գլխին հավաքված թշնամու զինվորներին։ Սմբատը ոգևորված որդու քաջությունից, սուրը բարձրացնում է, հարվածում իրեն շրջապատողներին, մի քանիսի գլուխը կտրում, մյուսներին՝ Վահանի հետ միասին հալածում, քշում, հասցնում են դարան մտած զինվորների դիրքերը։ Դարանակալած զորքը միանգամից թաքստոցից բարձրանում է և խոյանում պարսիկների վրա, շուրջկալում նրանց և երեք հազար զինվորի ժայռերից ցած թափում։ Օրը մթնում է, պարսիկները, թվով մոտ ութ հազար զինվոր, ստիպված փախչում են Հաշտենք գավառից։

[էջ 187]

Ճակատամարտի տեղում Սմբատը զորահանդես է կազմակերպում՝ հաշվելու համար կռվում ընկածների թիվը։ Եվ այդ օրից ի վեր այդ վայրը կոչվում է Հանդիսյանս։

Հանդեսից հետո Սմբատը հրամայում է հետապնդել փախչող պարսից զորքին։ Հետապնդում են, բայց պարսից զորքը բանակ է դնում և կանգնում։ Սմբատի զորքը ես նրա դիմաց բանակ է դնում և մտադրվում հարձակվել պարսիկների վրա։ Սակայն երեկոյան դեմ Ապահունիքից գալիս է հազար զինվորից բաղկացած մի գունդ, միանում պարսից զորքին։ Սմբատի զորքը, տեսնելով թշնամու զորահամալրումը, Մարտից փող կոչված ստորգետնյա անցքով ցած է իջնում և բանակ դնում Արածանի գետի եզերքին։ Պարսիկները հետամտելով հայոց զորքին, նույն անցքով իջնում են և հայերին սեղմում Արածանու գետեզրին և սկսում սաստիկ նեղել։ Սմբատը դիմում է աստծուն.

— Տե՛ր իմ, գիտեմ, քո մարդասիրությունը վաղուց ի վեր մեզ հետ է։ Այժմ խնդրում եմ, մեզ նայիր, թե ինչպես է թշնամին մեզ նեղել։

Ապա զորքը ոտքի է հանում, և արյունն աչքերն առած, ելնում են պատերազմի։ Դարձյալ կռվի թունդ պահին նրանց է երևում մի ահեղ և լուսաճաճանչ մազերով տղամարդ։ Վահանն իսկույն գլխի է ընկնում, որ դա ս. Կարապետն է, մեծ ոգևորությամբ ու խիզախությամբ հարձակվում է թշնամու վրա, պարսից զորքերից կտրում, անջատում չորս հազար զինվոր, քշում, տանում մինչև Աստեղոնք ամրոցի մոտակայքը և շրջապատած՝ հալածում ընդհուպ եկեղեցու դեմը։ Պարսիկները կամենում են բարձրանալ եկեղեցին, կրոնավորներին կոտորել, բայց չեն կարողանում արանքում գտնվող ձորն անցնել, ուստի մտնում, թաքնվում են եկեղեցու դիմացի անտառում։

Վահանը զորքով շտապ հասնում է նրանց հետևից, բոլորին անտառում սրի քաշում։ Այդ վայրը սկսում է կոչվել Մահու առիթ։

Թիկունքից Վահանին է հասնում Վարազ իշխանը, որը պարսից մնացած զորքին գետն է թափում, խեղդում, իսկ նրանք, ում հաջողվում է գետն ընկնելուց խուսափել, կանգ են առնում, որովհետև ձիերը առաջ չեն գնում։ Վարազը նրանց ձայն է տալիս, ասում.

— Ինչո՞ւ եք կանգնել, փախեք, որ կոտորենք։

Իսկ նրանք ասում են.

— Կորանք մենք, մեռանք, վերջացանք։

Այդ առթիվ այդ տեղը հետագայում կոչվում է Կուրա: Վարազը շատերին կոտորում է, հազար քառասուն զինվորի է միայն հաջողվում փախչել, գնալ հասնել իրենց Խոսրով թագավորի մոտ։

Այդ նույն տարին մեռնում է Սմբատը, որին տանում, թաղում են իր պապերի կողքին, ս. Կարապետի վանքի բակում։

ՎԱՐԴՈՒՀՐԻ, ՎԱՀԱՆ ԵՎ ՏԻՐԱՆ

Տասնութ տարի անց նոր գժտություն է ընկնում պարսիկների և Տարոնի իշխան Վահանի միջև։

Պարսից Խոսրով թագավորը Վարդուհրի զորապետի գլխավորությամբ հիսուն հազարանոց զորք է ուղարկում Տարոն։ Պարսից զորքը մեծ ցասումով գալիս է իջնում Մուշ, կամենում բարձրանալ ս. Կարապետի վանքը և Տարոնի իշխանների ոսկորները հանել, տանել։

Վահանը իր մոտ է կանչում որդուն՝ Տիրանին, և ասում.

— Որդի՛ս, քո մեծության փառքից չգայթակղվես և մեղքերի մեջ չընկնես։ Քանի որ ջահել ես, գեղեցիկ կանանցից չխաբվես, այլ հիշիր մեր հայրերին, որոնք սրբությամբ ծառայեցին հայրենիքին ու եկեղեցուն։ Մի մոռանա նաև ծառայել սուրբ Կարապետին, որ այսքան պատերազմների մեջ մեզ օգնական ու զորավիգ եղավ։ Եթե կամենում ես երկար ապրել, չարիք չգործես և պղծությամբ չտարվես։ Եթե ես ընկնեմ պատերազմում, ապա ինձ կթաղես սուրբ Կարապետի վանքում, իմ հայրերի կողքին, սրբությամբ կվերաբերվես քո հայրերի հիշատակին և քո եկեղեցուն, ինչպես ես ծառայեցի։

Ես ոչ գեղեցկությամբ գայթակղվեցի, ոչ խեղճերին զրկեցի, ոչ տառապածներին նեղեցի. նրանք, ովքեր իմ իշխանության տակ էին գտնվում՝ կանայք թե տղամարդիկ, մանուկներ թե եկեղեցականներ, նրանց խնամեցի ու հոգացի, իբրև իմ սեփական եղբայրների և ընտանիքի անդամների, ինչպես իմ հայրերն էին անում։ Որդյակ, նույն կերպ էլ դու վարվիր, և քո բարեգործությամբ կզորանաս։

[էջ 188]

Իսկ այժմ գնանք պատերազմ։

Վահանը պատերազմի է դուրս բերում նաև ս. Կարապետի վանքի երեք հարյուր հիսունվեց կրոնավորների՝ վանքի վանահայր Գրիգորի առաջնորդությամբ։

Պատերազմը սկսվում է Արածանի գետի ափին, Կաղամախիների բլուր կոչված անտառի մերձակայքում։ Այնտեղ էին խմբվել նաև վանքի կրոնավորները՝ մազեղեն սև զգեստներ հագած, մեջտեղը մի ժամհար՝ երկու խաչադրոշ ուսերից վեր բարձրացրած։

Երկու կողմերն էլ դեմ դիմաց ճակատ են կազմում, և սկսվում է պատերազմը։ Վարդահրին մնում է գետի մյուս ափին և չի մտնում կռվի մեջ. նա նկատում է սևազգեստ կրոնավորներին և զարմանքով հարցնում.

— Նրանք այնտեղ ի՞նչ են անում։

Պարսիկները նեղում են Վահանի զինվորներին, որոնք խուճապահար խռնվում են իրար գլխի և կամենում փախչել։ Այդ ժամանակ վանականները ծնկի են իջնում և բոլորը միաբերան ու արտասվախառն աչքերով սկսում աղոթել.

— Ո՛վ զորությանց տեր, դու զորացրու մեր զինվորներին և թշնամուն ամոթով արա։ Ո՛վ Կարապետ, քեզ պաշտողների ձայնից արթնացիր։

Այս ասելով, նրանք բոլորը ոտքի են կանգնում, խաչանիշ դրոշակները պարզում առաջ դեպի թշնամին և դիմում հարձակման։ Վահանն այդ պահին նայում է վանականների գնդին և տեսնում, որ նրանց աջ թևից մի վիթխարահասակ երիտասարդ է գնում, գլխին՝ ծիրանի թագ և խաչ, որի զգեստներից լույս էր ճառագայթում։ Իսկ նրա առջևից գնում էին դարձյալ երկու այլ բարձրահասակ թևավոր երիտասարդներ։

Թշնամիները նկատելով այս տեսիլը, վախից խենթանում են, լցվում ջուրը, շատերը խեղդվում են, ոմանց էլ հաջողվում է անցնել գետի մյուս ափը։

Վահանը ձայն է տալիս իր որդի Տիրանին և մնացած զորքին, ասում.

— Ահա՛ տեսեք, մեր տերը լսեց իր պաշտոնյաների ձայնը և իջել է մեզ ու նրանց փրկելու։ Արդ գոտեպնդվեցեք և եկեք հետամուտ լինենք թշնամուն։

Վահանն անցնում է գետի մյուս ափը, գնում այն գյուղը, որ Պարսից կողմ էր կոչվում, հավաքում է իր զորքը և հալածում պարսիկներին մինչև Մատրավանքի դաշտը։ 
Այստեղ հայոց և պարսից զորքերը կանգ են առնում և ճակատ կազմում։ Իրար դեմ մենամարտի են դուրս գալիս պարսից Վարդուհրի զորավարը և Վահանի որդի Տիրանը։

Վարդուհրին չարախոսությամբ դիմում է Տիրանին.

— Կախարդագործ, դուք կախարդությամբ եք փառավորվել և կախարդությամբ եք կամենում հաղթել պարսից քաջերին։

Տիրանն ասում է.

— Եթե կախարդ եմ, դու էլ ինձանից չես ազատվի, ես հիմա քո ձիու պոչը քո աչքի առաջ կբերեմ, նայել կտամ։

Ասում ու արագ հարվածում է Վարդուհրիին, աջ ոտը սռնապանով հանդերձ կտրում, գցում մի կողմ։ Վարդուհրին թեքվում է, ընկնում ձիու մյուս կողմի վրա։ Տիրանն ասում է.

— Վարդուհրի, ինձ մի մեղադրի, գլուխդ է մեղավոր, գլուխդ քեզ ծռեց, գցեց մի կողմի վրա. հիմա բեռդ կուղղեմ, հետո կբարձրացնեմ։

Տիրանը սրով խփում, կտրում է Վարդուհրիի գլուխը, տալիս է ծառային, ասում.

— Սա պահիր, իջնենք Մատրավանքից, գնանք սուրբ Կարապետի առաջ, գնդի խաղանք, որովհետև սա էր, որ նախատում էր ս. Կարապետի վանքի պաշտոնյաներին։

Վահանի զորքը շրջապատում է պարսիկներին։ Պալունյաց Վարազ իշխանը կտրում, բաժանում է պարսից երկու իշխանների զորամասերը և քշում հանում մինչև Հաշտյանք։ Երբ փախստական պարսից իշխաններից մեկը հասնում է մի դաշտաձև տեղ, սկսում է ապշանալ, ոչ կարողանում է խոսել, ոչ էլ կռվել, թեպետ հայոց հետապնդող զորքը դեո հեռու էր։ Ծառան հարցնում է.

— Ինչո՞ւ ապշեցիր ու մոլորվեցիր, իշխան։

— Պաղակ իշխանին եմ տեսնում և չեմ կարողանում գնալ։

Ասում է և ընկնում, մեռնում։

[էջ 189]

Այդ օրվանից այդ տեղը կոչվում է Պողկ։

Վարազ Պալունին գերում է մեռած իշխանի երկու որդիներին, պահել տալիս տեղում, իսկ ինքը հետապնդում պարսից փախստականներին։ Հասնելով փախչող իշխաններից մեկին, Վարազն ասում է.

— Պարսի՛կ, ընկի՛ր քո կամքով, թե չէ՝ կընկնես ակամա։

Պարսից իշխանը շարունակում է փախչել։ Վարազը հետապնդելով նրան, նիզակով ուժեղ հարվածում է թիկունքին, տեգը անցնում է մարմնի միջով, խրվում ձիու ողի մեջ։

— Այժմ արդեն կընկնես, — ասում է Վարազը։

Շարունակելով հետապնդումը, Վարազը հասնում է պարսից մի այլ իշխանի, ասում.

— Կընկնես քո կամքո՞վ, թե կընկնես ակամա։

Պարսից իշխանը շուռ է գալիս և խփում, կտրում է Վարազի ձիու գլուխը։ Վարազը ձիուց վայր է ընկնում, բայց արագ ելնում է ոտի, վազում պարսիկ ձիավորի հետևից, սրով խփում, կտրում է պարսիկի ձիու ջիլը, ասում.

— Դու էլ ընկիր։

Այդ օրվանից այդ տեղը կոչվում է Վայրանկանիս։

Վարազը վերցնում է վախից մեռած պարսից իշխանի գլուխն ու նրա զույգ որդիներին, գալիս է իր որդու՝ Սմբատի մոտ, ապա երկուսով իջնում գալիս են Վահանի մոտ։

Իսկ Վահանը բազում պարսիկներ էր կոտորել, մնացածներն էլ փախել, թաքնվել էին դաշտի տարբեր կողմերում։

Այդ ժամանակ Կաղամախյաց բլրից ցած են իջնում աղոթող վանականները, գալիս հասնում Մատրավանքի դաշտին նայող մի բլրի։ Վանականների մոտ է փութով գալիս պարսիկ փախստականների մի գունդ և աղաչում նրանց՝ փրկել իրենց։ Վրա են հասնում փախստական գնդին հետապնդող Հաշտերից իշխանի զորքերը և կրոնավորներից պահանջում նրանց մոտ ապաստանած պարսիկներին։ Կրոնավորները կտրուկ մերժում են Հաշտենից իշխանի զորքերի պահանջը և պարսիկներին չեն հանձնում նրանց ձեոը։ Գալիս հասնում է նաև Հաշտենից իշխանը և հարցնում կրոնավորներին.

— Ո՞ւր են պարսիկները։

— Ահավասիկ կանգնած են ձեր հայրերի մոտ, — պատասխանում են վանականները։

Այդ օրից այդ տեղը սկսում է կոչվել Հայրկերտ։

Պատերազմը ավարտվում է։ Պարսից փախստականներին, թվով չորս հարյուր հիսուն հոգի, բերում են Մեղտի, նրանց ձիեր են տալիս, գանձեր են տալիս և ազատ արձակում, որ գնան Պարսից աշխարհ, պատմեն իրենց աչքով տեսած սքանչելի հրաշքը։

ՏԻՐԱՆ

Տարոն աշխարհը առժամանակ խաղաղվում է։ Երեսուն տարի Տարոնի և Ապահունիքի վրա իշխելուց հետո մեռնում է Վահան Կամսարականը և թաղվում ս. Կարապետի վանքի բակում՝ իր պապերի կողքին։

Վահանի որդի Տիրանը, վրաց Վաշդեն իշխանի և իր հանգուցյալ հոր խորհրդով, գնում է պարսից Խոսրով թագավորի մոտ, դառնում նրա որդեգիրը և Հայոց աշխարհի վրա մարզպան կարգվում։ Խոսրով թագավորը Տիրանին մեծ զորքով ուղարկում է հունաց թագավորի դեմ պատերազմելու։ Իսկ Տիրանը նախապես պատգամավոր է ուղարկում հունաց կայսրի մոտ, ասում.

— Չվախենաս իմ գալուց, ինձ մի քաղաք տուր, որպեսզի այնտեղ հավաքեմ հայոց զորքերը և քեզ թիկունք ու օգնական դառնամ։

Հունաց կայսրը սիրով ընդունում է Տիրանի առաջարկը, հավատարմության ուխտի պայման կնքում և Տիրանին համարում ոչ միայն Հայոց ու Պարսից մարզպան, այլ նրան դարձնում դեմեսլեկոս1 Հունաց ամբողջ աշխարհի վրա։

--------------------------

1 Դեմեսլեկոս՝ հունարեն դոմեստիկոս բառի հայերեն արտասանությունը, կայսերական թիկնապահ, բյուզանդական կայսրության ժամանակ արևելյան բանակի զորավարին տրվող տիտղոս։

[էջ 190]

Վաշդեն իշխանն այս իմանալով, սաստիկ զայրանում է, մարդ է ուղարկում Խոսրով թագավորի մոտ, ասում.

— Տիրանը քեզ դավաճանեց և անցավ հույների կողմը։ Այժմ ինձ ուղարկիր ութ հազար ձիավոր Վանանդ գավառի մոտ, ես կբռնեմ Տիրանին ե քո ձեռը կհանձնեմ։

Խոսրովը կանչում է վրաց իշխանորդի Ջոջիկին, որին մարզպան էր դարձրել, նրա ձեռով Սյունյաց իշխանին տալիս է խիստ ծեծել, իբրև նենգ ու խարդախ ազգի, իսկ ինքը հազարանոց զորք է ուղարկում վրաց Վաշդեն իշխանին։

Վաշդենը նամակ է գրում Տիրանին, ասում.

— Հոգնեցիր պանդխտության մեջ մնալուց, այժմ վերադարձիր, որպեսզի մի բան մտածենք պարսից արքայի վերաբերյալ։

Տիրանը Վաշդենի նամակը ստանալու օրը մեկ այլ նամակ էլ ստանում է Վաշդենի քրոջ որդի Համամից, որը հայտնում էր Վաշդենի կողմից նրա դեմ նյութվող դավադրության և պարսից զորքերի գալու մասին։

Տիրանը շտապ պատասխան է գրում Վաշդենին և նրան ամոթանք տալիս իր դեմ գաղտնի դավադրություն սարքելու համար։

Վաշդենը խիստ զայրանում է Համամի վրա, նրա ոտ ու ձեռը ծայրատում-կտրում, վերցնում պարսից զորքը, անցնում Ճորոխ գետը, գնում Համամի քաղաքը, որ կոչվում էր Տամբուր։ Սրով ու հրով մտնում է քաղաքը, կոտորում, ավերում, գերում։ Քաղաքի եպիսկոպոսն անիծում է անողոք իշխանին։ Վաշդենը, սրանից զայրացած, կոտորել է տալիս սուրբ Սիոն եկեղեցու բոլոր քահանաներին, եպիսկոպոսին մորթում սուրբ սեղանի վրա։

Նույն տարին հունաց Հերակլ կայսրը սպանում է պարսից Խոսրով թագավորին, հիշում իր և Տիրանի միջև եղած ուխտն ու երդումը և Տիրանին կարգում մարզպան համայն Հայոց աշխարհի վրա, ինքը գնում Կոստանդնուպոլիս։

Ութ տարի անց, արաբներն արշավում են Հայաստան։ Հայաստան է գալիս Մահմեդի քրոջ որդի Աբդռահիմը՝ տասնութ հազար հեծելազորով և Հայոց աշխարհից հարկ պահանջում։

Տիրանը հրաման է տալիս՝ ժողովել ամբողջ զորքը և ելնել արաբների դեմ պատերազմի։ Սակայն Վաշդենի որդի վրաց Զոջիկ իշխանը Հայոց աշխարհը ապստամբեցնում է Տիրանի դեմ, որպեսզի չենթարկվեն նրա հրամանին և չելնեն արաբների դեմ պատերազմի։ Տիրանը տեսնելով, որ ամեն ինչ վերջացած է, դիմում է իրենց կամքով իր մոտ հավաքված ութ հազար հայ զինվորներին.

— Ո՛վ քրիստոնյա ժողովուրդ, ավելի լավ է մեռնել, քան մեր երկիրն ու եկեղեցին հարկատու դարձնել տաճիկներին1։

Հաջորդ օրը առավոտյան Տիրանը Գրգուռ լեռան ստորոտում կռվի է ելնում արաբների դեմ, մինչև կեսօր կռվում և արաբներին նեղելով, փախուստի մատնում։ Սակայն այդ պահին Անձևացյաց Սահուռ իշխանն իր զորքով ապստամբում է Տիրանի դեմ, անցնում արաբների կողմը և սկսում կռվել հայոց զորքի դեմ։ Արաբները նորից զորանում են, և կռիվը բորբոքվում է նոր թափով։

Տիրանը զայրացած ճեղքում է երկու ճակատները, մխրճվում դավաճան Սահուռի զորքի մեջ, հասնում նրան, գոչում.

— Կա՛ց, ուրացող Սահուռ, աստված քեզ իմ ձեռը մատնեց։

Ապա սուրը բարձրացնելով՝ խփում, կտրում է Սահուռի գլուխը, բայց ինքն էլ նույն պահին երկու իշխանների հետ սպանվում է։ Արաբները շրջափակում են հայոց զորքը, շատերին կոտորում, ոմանց էլ հաջողվում է փախչել, անցնել Օձ քաղաքի մոտ գտնվող ճահիճների հակառակ կողմը։

Աբդռահիմը այդ հաղթանակից հետո անցնում է Հայոց աշխարհի մնացած գավառները, հասնում Ջավախք, Վրաստան, Վանանդ, բոլորից հարկ վերցնում, վերադառնում Տաճկաստան։

Նույն տարին արաբներն ավերում են Աշտիշատի եկեղեցին, ս. Կարապետի վանքը և Թիլում գտնվող Կաթողիկե եկեղեցին։ Իսկ Տիրանին թաղում են Պորպ քաղաքի մոտ գտնվող Տարոնի Ձյունակերտ եկեղեցու դռանը։

-----------------------------------

1 Միջնադարում արաբներին հայերը տաճիկ էին անվանում։

 

 

 

 

 |  Բովանդակություն  | 

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ «Սասունցի Դավիթ», Երևան, Հայպետհրատ, 1961թ.:

Տես նաև

«Սասունցի Դավիթ» հերոսավեպի մասին
Հովհաննես Թումանյան. Սասունցի Դավիթ 
Валерий Брюсов: Сасунци Давид

Հայ հին վիպաշխարհը


Copyright gradaran©ejmiatsin.am. All rights reserved