Թեմաներ
Աշխարհագրություն
Աստվածաբանություն
Բառարաններ
Բժշկություն
Բնական գիտություններ
Գեղարվեստական գրականություն
Դյուցազնավեպ
Թարգմանական գրականություն
Թղթեր, նամակներ, կոնդակներ
Իրավունքի հուշարձաններ
Լեզվաբանություն
Մատենագիտական ցանկեր
Ուղեգրություններ
Պատմագրություն
Տեղեկատու գրականություն
Տնտեսություն
Փիլիսոփայություն
Օտարալեզու հայ հեղինակներ

ԳՐԱՆՑՎԵԼ
Անուն:
E- mail:
Գաղտնաբառ:
Հիշել
Թեմա`

Գրականություն

  • Հայ հին գրականություն
  • Միջնադարյան հայ գրականություն
  • Հայ նոր գրականություն
  • Նորագույն հայ գրականություն
  • Ժամանակակից հայ գրականություն
  • Դյուցազնավեպ

 



Պատմագրություն

 

  Մովսես Խորենացի (V դար)

  ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

 


[էջ 42]

ՀԱՅԿ ԵՎ ԲԵԼ

Այս Հայկը... վայելչակազմ էր, թիկնավետ, գեղագանգուր մազերով, վառվռուն աչքերով, հաստ բազուկներով։ Սա քաջ և երևելի հանդիսացավ հսկաների մեջ, դիմադրող այն բոլորին, որոնք ձեռք էին բարձրացնում բոլոր հսկաների ու դյուցազունների վրա տիրապետելու։ Սա խրոխտանալով ձեռք բարձրացրեց Բելի բռնատիրության դեմ, երբ մարդկային ցեղը սփռվում, տարածվում էր ամբողջ երկրի լայնության վրա` բազմամբոխ հսկաների, անչափ կատաղիների և ուժեղների մեջ։ Որովհետև այս ժամանակ ամեն մի մարդ կատաղած՝ սուրն ընկերի կողն էր կոխում, ձգտում էր մյուսներին տիրելու, երբ Բելին պատահմամբ հաջողվեց բռնանալ և ամբողջ երկիրը գրավել։ Հայկը, չկամենալով սրան հնազանդվել, Բաբելոնում իր Արամանյակ որդուն ունենալուց հետո չվեց, գնաց Արարադի երկիրը, որ գտնվում էր հյուսիսային կողմերում իր որդիներով, դուստրերով և որդիների որդիներով, զորավոր մարդկանցով՝ թվով մոտ երեք հարյուր հոգի և ուրիշ ընդոծիններով, նրան հարած եկվորներով և բոլոր տուն ու տեղով։ Գնում, բնակվում է մի լեռան ստորոտում, դաշտավայր տեղում, որտեղ ապրում էին սակավաթիվ մարդիկ առաջուց ցրվածներից։ Հայկը նրանց իրեն հնազանդեցնելով, այնտեղ կալվածական բնակելի տուն է շինում և տալիս է ժառանգություն Կադմոսին՝ Արամանյակի որդուն...
Իսկ ինքը... մնացած մարդկանցով և տուն ու տեղով շարժվում է դեպի հյուսիս-արևմուտք, գալիս բնակվում է մի բարձրավանդակ դաշտում և այս լեռնադաշտի անունը կոչում է Հարք, այսինքն, թե այստեղ բնակվողները հայեր

[էջ 43]

են՝ Թորգոմի տան սերնդից։ Շինում է և մի գյուղ, որն իր անունով կոչում է Հայկաշեն։ Այստեղ էլ պատմության մեջ հիշվում է, թե այս դաշտի հարավային կողմում, մի երկայնանիստ լեռան մոտ, ապրելիս են եղել առաջուց սակավաթիվ մարդիկ, որոնք կամովին հնազանդվել են դյուցազնին։

* * *

...Երբ Տիտանյան Բելը իր թագավորությունն ամենքի վրա հաստատեց, ապա իր որդիներից մեկին հավատարիմ մարդկանց հետ ուղարկեց հյուսիսային կողմը Հայկի մոտ, որ նա գա հնազանդության և խաղաղությամբ ապրի։

— Դու ցուրտ սառնամանիքների մեջ բնակվեցիր,— ասում է,— սակայն տաքացրու և մեղմացրու քո հպարտ բնավորության ցուրտ սառնությունը և ինձ հնազանդվելով, խաղաղ ապրիր, որտեղ որ կհաճես իմ երկրում բնակվելու։

Հայկը Բելի պատգամավորներին ետ է դարձնում, խստությամբ պատասխանելով։ Ուղարկվածը վերադառնում է Բաբելոն։

Ապա Տիտանյան Բելը զորք է հավաքում նրա դեմ և հետևակ զորքի մեծ բազմությամբ գալիս, հասնում է հյուսիս՝ Արարադ երկիրը, Կադմոսի տան մոտ։ Կադմոսը փախուստ է տալիս Հայկի մոտ, իրենից առաջ արագավազ սուրհանդակներ ուղարկելով։

— Գիտցած եղիր,— ասում է,— ով մեծդ դյացազունների մեջ, որ Բելը դիմում գալիս է քո վրա անմահ քաջերով և երկնագեղ հասակով կռվող հսկաների հետ։ Եվ ես իմանալով, որ նա մոտեցել է իմ տանը, փախա և ահա տագնապահար գալիս եմ քեզ մոտ: Ուրեմն շտապիր մտածել, ինչ որ անելու ես։

Իսկ Բելը հանդուգն ու հսկա ամբոխի զորությամբ, ինչպես մի մեծ հորձանք, զառիվայրից ներքև հեղեղվելով, շտապում է հասնել Հայկի բնակության սահմանները՝ վստահ լինելով զորավոր մարդկանց քաջության և ուժի վրա։ Այս ժամանակ ուշիմ ու խոհեմ, գեղագանգուր ու զվարթաչյա հսկան շտապով հավաքում է իր որդիներին ու թոռներին՝ թվով շատ նվազ, քաջ և աղեղնավոր մարդկանց և ուրիշների,

[էջ 44]

որ իրեն էին ենթարկվում, գնում հասնում է մի ծովակի ափ, որի ջրերը աղի են և իրենց մեջ մանր ձկներ են պարունակում: Եվ իր զորքերին ձայնելով, ասում է նրանց.

— Երբ մենք դուրս կգանք Բելի ամբոխի դեմ, պետք է աշխատենք այն տեղին պատահել, որտեղ անցած կանգնած Կլինի Բելը քաջերի բազմության մեջ, որպեսզի կամ մեռնենք, և մեր աղխը Բելի ծառայության տակ ընկնի, կամ մեր մատների հաջողությունը նրա վրա ցույց տանք, նրա ամբոխը ցրվի, և մենք հաղթություն տանենք։

Եվ ամբողջ ասպարեզներ դեպի առաջ անցնելով, հասնում են շատ բարձր լեռների միջև մի դաշտաձև տեղ։ Եվ ջրերի հոսանքի աջ կողմում բարձրավանդակի վրա ամուր դիրք գրավելով, գլուխները վեր բարձրացնելով, տեսնում են Բելի բազմաթիվ ամբոխի անկարգ հրոսակը, որ հանդուգն հարձակումով ցիրուցան սուրում է երկրի երեսի վրա, իսկ Բելը մեծ ամբոխով հանդարտ կանգնած էր ջրի ձախ կողմում մի բլրակի վրա՝ իբրև դիտանոցում։ Հայկը ճանաչեց սպառազինված ջոկատի խումբը, որտեղ Բելը մի քանի ընտիր և սպառազինված մարդկանցով ամբոխի առաջն էր անցել, և երկար տարածություն կար նրա ու ամբոխի միջև։ Նա կրում էր նշաններ ունեցող վերջերով երկաթե գլխանոց, թիկունքի և կրծքի վրա պղնձե տախտակներ, սրունքների և թևերի վրա պահպանակներ, մեջքը կապել էր գոտի, որի ձախ կողմից կախված Էր երկսայրի սուրը։ Իր աջ ձեռքում բռնել էր հսկայական նիզակը, իսկ ձախում վահան, նրա աջ և ձախ կողմում գտնվում էին ընտիր զորականներ։ Հայկը, տեսնելով լավ սպառազինված Տիտանյանին և նրա աջ ու ձախ կողմի ընտիր մարդկանց, կանգնեցնում է Արամանյակին երկու եղբայրներով աջ կողմը, Կադմոսին իր ուրիշ երկու որդիներով՝ ձախ կողմը, որովհետև սրանք աղեղ և սուր գործածելու մեջ հաջողակ մարդիկ էին, իսկ ինքը կանգնում է առջևից, իսկ մյուս բազմությունը կանգնեցնում է իր ետևում, դասավորում է մոտավորապես՝ եռանկյունի ձևով և հանդարտ առաջ է շարժվում։

Եվ երկու կողմի հսկաները միմյանց հասնելով՝ երկրի վրա ահագին դղրդյուն բարձրացրին գրոհելով, և իրար վրա ահ ու սարսափ գցեցին իրենց հարձակումների ձևերով:

[էջ 45]

Այնտեղ երկու կողմից ոչ սակավ հաղթանդամ մարդիկ, սրի բերանի հանդիպելով, թավալվում, ընկնում էին գետին, իսկ ճակատամարտը երկու կողմից էլ անլուծելի էր մնում: Այս անսպասելի սարսափելի դիպվածը տեսնելով, Տիտանյան արքան զարհուրեց և ետ–ետ քաշվելով, սկսեց բարձրանալ այն բլուրը, որտեղից իջել էր։ Որովհետև մտածում էր ամբոխի մեջ ամրանալ, մինչև ամբողջ զորքը հասնի, որպեսզի նորից ճակատ կազմի։ Աղեղնավոր Հայկը, այս բանը հասկանալով, իրեն առաջ է նետում, մոտ է հասնում արքային, մինչև վերջը քաշում է լայնալիճ աղեղը, երեքթևյան նետը դիպցնում է նրա կրծքի տախտակին, և սլաքը շեշտակի անցնելով նրա թիկունքի միջով, գետին է խրվում, և գոռոզացած Տիտանյանը այս կերպով կործանվում, ընկնում է վայր ու շունչը փչում։ Իսկ ամբոխը, այս մեծ քաջագործությունը տեսնելով, փախչում է, ամեն մեկը՝ իր երեսը դարձած կողմը։

...Ճակատամարտի տեղը հաղթական պատերազմի պատվին շինում է դաստակերտ և անունը դնում է Հայք։ Այս պատճառով գավառն էլ մինչև այժմ կոչվում է Հայոց ձոր։ Իսկ այն բլուրը, որտեղ ընկավ Բելը քաջ զորականների հետ, Հայկը կոչեց Գերեզմանք, որ այժմ ասվում է Գերեզմանակ։ Բայց Բելի դիակը դեղերով զմռսելով՝ Հայկը հրամայում է տանել Հայք և թաղել մի բարձրավանդակ տեղում ի տես իր կանանց և որդիների։ Իսկ մեր երկիրը մեր նախնի Հայկի անունով կոչվում է Հայք։

ԵՐՎԱՆԴԱԿԵՐՏ

Ինձ համար քաղցր է պատմել նաև գեղեցիկ Երվանդակերտ դաստակերտի մասին, որ շինեց... Երվանդը գեղեցիկ ու չքնաղ հորինվածքով, որովհետև մեծ հովտի միջին մասը լցնում է բնակչությամբ և պայծառ շինություններով, լուսավոր, ինչպես աչքի բիբը։ Իսկ բնակության շուրջը կազմում է ծաղկանոցներ և բուրաստաններ, ինչպես բբի շուրջը` աչքի մյուս բոլորակը։ Իսկ այգիների բազմությունը նմանվում էր խիտ արտևանունքի գեղեցիկ գծին, որի հյու–

[էջ 46]

սիսային կողմի կամարաձև դիրքը իսկապես համեմատվում էր գեղեցիկ կույսերի հոնքերին։ Իսկ հարավային կողմից հարթ դաշտերը (հիշեցնում էին) ծնոտների գեղեցիկ ողորկությունը։ Իսկ գետն իր երկու ափերի բարձրություններով պատկերանում էր մի բերան, իր երկու շրթունքներով։ Եվ այս գեղեցիկ դիրքը կարծես անթարթ հայացքն ուղղել է թագավորանիստ բարձրավանդակի վրա։ Արդարև, բերրի և թագավորական դաստակերտ։

Երվանդի այս բոլոր շինածները (հետագայում) Տրդատ Մեծը պարգևում է Կամսարականների ցեղի մարդկանց, իբրև իր մտերիմներին և Արշակունյաց ցեղի արյունակիցներին...

ՁԻՐԱՎԻ ՊԱՏԵՐԱԶՄԸ

Մերուժանը իմաց տվեց Խորասանի երկրում Շապուհին, թե ինչպիսի մեծ օգնություն ցույց տվեց Պապին Թեոդոսը, ուստի Շապուհից հրաման է տրվում, որ պարսից ամբողջ զորքը Մերուժանի հետ Հայաստան գնա պատերազմի։ Այսպես և Պապն ու Տերենտիանոսը իմաց են տալիս Թեոդոսին, թե Շապուհը իր բոլոր զորքերին, բացի դրանիկներից, հրամայեց մեր դեմ դուրս գալ։ Ապա նաև Թեոդոս Օգոստոսը հրամայեց Ադե մեծ կոմսին գնալ Պապին օգնության, իր հետ վերցնել նույնիսկ քաղաքների հետևակ պահապաններին, որոնք մետաքսյա վիշապանիշ դրոշներ էին կրում։

Պատերազմը գումարվեց Ձիրավ կոչված դաշտում, և ճակատներն իրար մոտեցան։ Հայոց քաջ նախարարների պատանիներն իրենց կամքով խիզախելով, մտան երկու ճակատների մեջ, առաջնորդությամբ իրենց սպարապետ Սմբատ ասպետի՝ Բագարատի որդու, որ Բագրատունյաց ցեղից էր։ Պարսից զորքերի միջից էլ դուրս եկան նրանց հասակակիցները, երկու ճակատների մեջ այս ու այն կողմը շարժվեցին և ցրիվ եկան։ Երբ պարսից պատանիները ետ էին դառնում, մերոնք անմիջապես հասնում էին նրանց ետևից և ինչպես փոթորիկ, որ անտառը տերևաթափ է անում, արագորեն նիզակներով նրանց վայր էին գցում ձիե–

[էջ 47]

րից, և սառը դիակները գետնի երեսին փռում, չթողնելով նրանց ճակատի մեջ մտնել: Իսկ երբ պարսիկներն էին մերոնց ետ դարձնում, սրանք մտնում էին հունաց՝ վահաններով պատսպարված ճակատը, իբրև մի ամուր քաղաք և ամենևին չէին վնասվում։ Որովհետև Գորգոնոսը՝ (հունաց) հետևակ զորքի հրամանատարը, այսպես վահաններով պատեց Պապի ճակատը, որպես պարիսպով։

Քանի որ հունաց զորքերն սպառազինված էին ոսկեղեն և արծաթեղեն զենքերով, և նրանց ձիերը նույնպես զարդեր էին կրում, ուստի նրանք կարծես մի պարիսպ էին կազմում, որոնցից շատերը իրենց զգեստների ջղյա և կաշյա պահպանակների պատճառով կարծր քարերի տեսք էին ստանում։ Եվ նրանց վրա անխալամ գեսերը ծածանվում էին ստվերախիտ ծառերի սաղարթների նման։ Իսկ վիշապների (վիշապի նկարով դրոշակներ) գալարումները, որոնք քամուց ուռչելով, ահագին կերպով բացել էին բերանները, ուրիշ բանի չեմ կարող նմանեցնել, այլ միայն մի ադամանդյա լեռան, որ իջնում է դեպի ծովը, այսինքն՝ հունաց ամբողջ ճակատը՝ դեպի պարսկական զորքը։ Սրանք էլ նմանվում էին դեպի մի կողմ լայնորեն ծավալված մի հզոր գետի։ Հագած զրահները արդարև ջրի գույնի տպավորություն էին թողնում։

...Իսկ երբ արևը ծագեց մեր զորքերի դեմուդեմ, պղնձապատ վահանների ցոլքը լեռների վրա էր փայլատակում ինչպես մեծ ամպից, և (այդ ճակատից) դուրս էին թռչում մեր նախարարներից լավ զրահավորվածները ինչպես փայլատակող ճառագայթներ, որոնց տեսքից միայն պարսկական գունդը երկյուղի մեջ ընկավ, բայց մի քիչ նաև մեր գունդը, որովհետև (դիմացից) ծագած արևի պատճառով չէր կարող դեմուդեմ նայել։ Բայց երբ միմյանց ընդհարվեցին, ամպը հովանի եղավ, և մեր կողմից սաստիկ քամի փչեց պարսկական գնդի դեմ: Կռվի խառնուրդի ժամանակ Սպանդարատ Կամսարականը հանդիպեց մի մեծ խմբի, որի մեջ ղեկաց քաջ Շերգիր թագավորը, որ ճակատի մեջտեղում պինդ կանգնած էր միջին գնդի գլուխն անցած։ Սպանդարատը հարձակվեց, խումբը ճեղքեց, քաջին գետին տապալեց շանթահար եղածի նման և խումբը շուռ տալով, փախուստի մատնեց։ Եվ այսպես հունաց և հայոց զորքերն առ–

[էջ 48]

հասարակ... զորացած, թշնամիների դիակներով լցրին ամբողջ դաշտը և մնացածներին փախցնելով հալածեցին: Սրանց հետ էր և աղվանից Ուռնայր թագավորը , որ խոցվելով Վասակ Մամիկոնյանի որդի Մուշեղից, պատերազմից դուրս վանվեց։

Բայց չարագործ Մերուժանը, ձիու վիրավորված լինելու պատճառով, չկարողացավ փախչողների հետ արագ հեռանալ։ Հայոց սպարապետր աճապարելով, հասավ նրա մոտ, նրա հետ եղող զորքերին կոտորեց և այն թշվառականին ձերբակալեց Կոգահովտի եղեգնուտի ափին։ Մտածելով, թե գուցե Մեծ Ներսեսը նրան փրկի, ուստի բանակ չտարավ, այլ նույն տեղերում չարագործին փչացնելու համար պատրաստ է գտնում վրանաբնակներ, որոնք կրակ էին վառել, որպեսզի միս խորովեն երկաթե շամփուրներով։ Նա, շամփուրը տաքացնելով, երկու փաթ ոլորեց պսակի ձևով և (ապա) շիկացնելով, ասաց.

— Քեզ պսակում եմ, Մերուժա՛ն, որովհետև դու ձգտում էիր հայոց վրա թագավորելու, և իմ՝ ասպետիս պարտքն է քեզ պսակել իմ հայրերի իշխանության կարգով։

Եվ կրակի նման շիկացած (շամփուրը) դրեց Մերուժանի գլխին, և այսպես այն չարը սատկեց։ Այնուհետև երկիրը խաղաղվեց՝ Պապի ձեռքի տակ նվաճվելով։

ՈՂԲ` ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՐՇԱԿՈԻՆՅԱՑ ՑԵՂԻՑ ԵՎ ԵՊԻՍԿՈՊՈՍՈՒԹՅԱՆ՝ ՍՈԻՐԲ ԳՐԻԳՈՐԻ ՏՈՀՄԻՑ ԴԱԴԱՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ

Ողբում եմ քեզ, հայոց աշխարհ, ողբում եմ քեզ, բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագույնդ, որովհետև վերացան թագավորդ ու քահանադ, խորհրդականդ ու ուսուցանողդ, վրդովվեց խաղաղությունը, արմատացավ անկարգությունը, խախտվեց ուղղափառությունը, հիմնավորվեց տգիտությամբ չարափառությունը։

Խղճում եմ քեզ, Հայաստանյայց եկեղեցիդ բեմիդ բարե–

[էջ 49]

կարգությունից անշքացած քաջ հովվից և հովվակցից զրկված։ Այլևս չեմ տեսնում քո բանավոր հոտը դալար տեղում և հանգիստ ջրերի մոտ սնվելիս և ոչ էլ փարախի մեջ հավաքված՝ գայլերից զգուշանալու համար, այլ ցիրուցան եղած անապատներում և գահավեժ տեղերում:

Երանի՜ առաջին և երկրորդ փոփոխություններին, որովհետև եղավ մի ժամանակ, որ փեսան և խաչեղբայրը հեռացան, բայց դու, հարսդ, համբերեցիր, ողջախոհությամբ պահելով ամուսնությունդ։ Մյուս անգամ էլ, երբ մեկը սիրեկանի նման հանդգնաբար հարձակվեց քո անարատ առագաստի վրա, դու, հարսդ, չապականվեցիր, թեպետ բռնի կերպով փեսան վտարվեց, երբ ընդվզող որդիները իրենց ծնողին անարգեցին, նման այն խորթերին, որոնք արժանապես անարգում են օտար հորը և եկվոր խորթ հորը, բայց դու այս անգամ էլ ամեն բանով լքված չմնացիր, ակնկալելով քո (փեսայի) դարձին, դու հովվակցի ձեռքով մանուկներիդ փայփայեցիր, ոչ ինչպես տեգերոջ, այլ ինչպես նույն զավակների տեր երկրորդ հոր ձեռքով։ Իսկ այս երրորդ անգամ հեռանալիս՝ այլևս չկա դարձի ակնկալություն, որովհետև մարմնից բաժանվեց իր ընկերոջ ու գործակցի հետ։

Նրանց համար լավ է Քրիստոսի հետ բնակվել, Աբրահամի գոգում հանգչել և հրեշտակների խմբերը տեսնել: Բայց դու ես, որ այրիությանդ մեջ առանց հոգացողի մնացիր, և մենք ենք խղճալի, որ զրկվեցինք հայրական խնամակալությունից։ Որովհետև այնպես չէ (մեր վիճակը), ինչպես հնում այն (իսրայելացիների) ժողովուրդը, այլ մեր թշվառությունն ավելի է։ Որովհետև Մովսեսը վերացվում է, բայց Հեսուն չի հաջորդում, որ առաջնորդի դեպի Ավետյաց երկիրը։ Ռոբովամն իր ժողովրդից մերժվեց, բայց նրան փոխարինեց Նաբատի որդին, և աստծու մարդուն ոչ թե առյուծը ոչնչացրեց, այլ հիսուն տարիքը։ Եղիան համբարձվեց, բայց Եղիսեն չմնաց կրկնակի հոգով՝ Հեուեին օծելու, այլ դեռ Ազայելն էլ հրավիրվեց Իսրայելին կոտորելու, Սեդեկիան գերի տարվեց, բայց չկա Զորաբաբելը, որ տերությունը նորոգի։ Անտիոքոսը հարկադրում է թողնել հայրենի կրոնը, բայց Մադաթիան չի դիմադրում, պատերազմը մեզ շուր–

[էջ 50]

ջանակի պաշարել է, բայց Մակաբեն չի փրկում։ Այժմ ներսը կռիվներ, դրսից արհավիրք, արհավիրք հեթանոսների կողմից և կռիվներ հերձվածողների կողմից, և չկա այն խորհրդականը, որ խրատեր և պատերազմի պատրաստեր։ Ավա՜ղ այս զրկանքներին, ավա՜ղ այս թշվառ պատմությանը։ Ի՜նչպես դիմանամ այս ցավերին, ի՜նչպես ամրապնդեմ միտքս ու լեզուս և հայրերիս հատուցեմ խոսքով ծնունդի և սնունդի փոխարեն։ Որովհետև նրանք ինձ ծնեցին և սնեցին իրենց տված ուսումով և ուրիշների մոտ ուղարկեցին կատարելագործվելու։ Եվ մինչ նրանք սպասում էին մեր դարձին, որ փառավորվեին իմ ամենիմաստ գիտությամբ և լիակատար պատրաստությամբ, և մենք էլ Բյուզանդիայից շտապ–շտապ դիմելով, հույս ունեինք հարսանիքում պարել, խիզախ և արագ շարժումներով, և առագաստի երգեր երգել, այժմ, այդ ուրախության փոխարեն, գերեզմանի վրա ողբեր եմ ասում, ողորմելի հառաչելով, նույնիսկ չհասցրի տեսնել նրանց աչքերի փակվելը, լսել նրանց վերջին ձայնն ու օրհնությունը։

Այսպիսի վշտով խեղդվում եմ, մեր հոր կարոտով մաշվում։ Ո՞ւր է այն քաղցր աչքերի հանդարտությունը ուղիղների համար և ահավորությունը շեղվածների համար, ո՞ւր է այն զվարթ շրթունքների ժպիտը լավ աշակերտներին հանդիպելիս, ո՞ւր է այն բարյացակամ սիրտը, որ հետևողներ է գրավում, ո՞ւր է երկայն ճանապարհները հեշտացնող հույսը, նեղություններից հանգստացողը, կորավ ժողովուրդը, ծածկվեց նավահանգիստը, լքեց օգնականը, լռեց խրախուսիչ ձայնը։

Ո՞վ այսուհետև պետք է հարգի մեր ուսումը, ո՞վ պետք է ուրախանա իր՝ աշակերտիս առաջադիմությամբ, ո՞վ հայրական զվարճությունը պիտի արտահայտի՝ մասամբ իր որդուց հաղթվելով։ Ո՞վ պետք է զսպի առողջ վարդապետությանը հակառակ դուրս եկողների հանդգնությունը, որոնք ամեն բանով քանդված ու քայքայված շատ ուսուցիչներ են փոփոխում և բազմաթիվ գրքեր, ինչպես ասաց հայրերից մեկը, ամեն խոսքի առթիվ նրանք հավասարապես նեղանում են, և մարդկանց համար չար օրինակ են դարձնում մեզ ծաղրելն ու արհամարհելը, իբրև անհաստատ և որևէ

[էջ 51]

պիտանի արվեստից զուրկ: Ո՜վ պետք է նրանց պապանձեցնի սաստելով և մեզ սփոփի գովելով և չափ դնի խոսքի և լռության:

Երբ մտածում եմ այս բաների մասին, սիրտս հառաչում և արտասվում է և ցանկանում եմ տխրալից և սգավոր խոսք ասել։ Եվ չգիտեմ ի՞նչպես հորինեմ իմ ողբը, և կամ 
ո՞ւմ արտասվեմ. արդյոք իմ թշվառ մանուկ թագավորի՞ն, որ վատթար խորհրդակցությամբ իր ցեղով հանդերձ դեն նետվեց և նախքան մահով մեռնելը անարգաբար աթոռից կործանվեց, թե ինձ, որի գլխից վերցվեց փառավորող գեղեցիկ կյանքին օգտակար պսակը, արդյոք իմ հո՞րն ու քահանայապետին, այն վսեմ մտքին, որ ուր գնում, տանում էր կատարյալ խոսքը, որով կառավարում էր և բարեկարգում, և սանձերը բուռը հավաքած՝ ուղղություն էր տալիս դեմքերին ու սանձահարում էր օտարոտի լեզուները, թե ինձ, նրա հոգու խանդից զրկվածիս ու տնանկիս, արդյոք իմ ծնողի՞ն, այն վարդապետության աղբյուրը, որ ոռոգում էր արդարությունը և իբրև հեղեղ դուրս էր քշում ամբարշտությունը, թե ինձ, նրա խրատները խմելու ծարավից ցամաքածիս ու թառամածիս, արդյոք մեր երկրին, արդեն եկա՞ծ աղետները, թե ապագայում սպասվողները։

Ո՞վ մեզ այս բաներում ճառակից կլինի` մասնակցելով մեր տրտմությանը, ո՞վ մեզ կընկերանա՝ ցավակցելով մեր ողբին, կամ արձանների վրա փորագրելու։ Զարթի՛ր, Երեմիա, զարթի՛ր և մարգարեանալով հանդերձ ողբա այն, ինչ թշվառություններ որ կրեցինք և ինչ պիտի կրենք, գուշակիր, որ տգետ հովիվներ պետք է երևան գան, ինչպես (գուշակեց) Զաքարիասը իսրայելացիների համար։

Ուսուցիչները տխմար ու ինքնահավան, իրենք իրենցից պատիվ գտած և ոչ աստծուց կոչված, փողով ընտրված և ոչ սուրբ հոգով, ոսկեսեր, նախանձոտ, թողած հեզությունը, որի մեջ աստված է բնակվում, և գայլ դարձած գիշատում են իրենց հոտերը։

Կրոնավորները կեղծավոր, ցուցամոլ, սնափառ, պատվամոլ, քան թե աստվածասեր։

Վիճակավորները հպարտ, դատարկապորտ, դատար–

[էջ 52]

կախոս, ծույլ, գիտություններն ու վարդապետական գրվածքներն ատող, առևտուր և կատակերգություններ սիրող։

Աշակերտները սովորելու մեջ ծույլ, սովորեցնելու մեջ փութաջան, որոնք դեռ չսովորած՝ աստվածաբան են։

Աշխարհականները ամբարտավան, ստահակ, մեծախոս, աշխատանքից խուսափող, արբեցող, վնասակար, ժառանգությունից փախչող։

Զինվորականները անարի, պարծենկոտ, զենք ատող, ծույլ, ցանկասեր, թուլամորթ, կողոպտիչ, գինեմոլ, ելուզակ, ավազակներին համաբարո։

Իշխանները ապստամբ, գողերին գողակից, կաշառակեր, կծծի, ժլատ, ագահ, հափշտակող, երկիր ավերող, աղտեղասեր, ստրուկներին համախոհ։

Դատավորները տմարդի, ստախոս, խաբող, կաշառակեր, իրավունքը չպաշտպանող, անկայուն, ընդդիմացող։

Եվ առհասարակ սերն ու ամոթը ամենքից վերացած։

Եվ ի՞նչ կա այս բոլորի դիմաց, եթե ոչ այն, որ աստված մեզ անտես է արել, և տարրերը փոխել են իրենց բնույթը, գարունը երաշտացած, ամառը սաստիկ անձրևային, աշունը ձմեռ դարձած, ձմեռը սաստիկ ցուրտ, մրրկալից և երկարատև։ Քամիները բքաբեր ու խորշակաբեր, ցավեր տարածող, ամպերը կայծակներ թափող, կարկտաբեր. անձրևներն անժամանակ և անօգուտ, եղանակը դաժան, եղյամաբեր. ջրերի ավելանալը անօգուտ, իսկ պակասելը՝ չափազանց. հողի պտուղների անբերրիություն և անասունների անաճելություն, այլև երկրաշարժեր և սասանումներ։ Եվ այս բոլորի վրա ամեն կողմից խռովություն, համաձայն այն խոսքի, թե ամբարիշտներին խաղաղություն չկա։

Որովհետև (մեզ) տիրեցին խստասիրտ ու չար թագավորներ, որոնք ծանր, դժվարակիր բեռներ են բարձում, անտանելի հրամաններ են տալիս, կառավարիչները կարգ չեն պահպանում, անողորմ են, սիրելիները դավաճանված են, թշնամիները զորացած, հավատը ծախսվում է այս ունայն կյանքի համար։ Ավազակներ են գալիս անհատնում և շատ կողմերից, տները թալանվում են, ստացվածքները հափշտակվում, գլխավոր մարդիկ կապվում են, հայտնի անձեր բանտարկվում են, դեպի օտարություն են աքսորվում

[էջ 53]

ազնվականները, անթիվ նեղություններ են կրում ռամիկները, առնվում են քաղաքներ, քանդվում են ամրոցներ, ավերվում են ավաններ, հրդեհվում են շինություններ, անվերջ սովեր և հիվանդություններ և բազմատեսակ համաճարակներ։

Աստվածապաշտությունը մոռացված է, և կա դժոխքի ակնկալություն։

Սրանից թող փրկի Քրիստոս աստված մեզ և բոլորին, որոնք ճշմարտությամբ երկրպագում են նրան։ Նրան փա՜ռք բոլոր արարածներից, ամեն։

 

 

 

Տես նաև
Կորյուն
Ագաթանգեղոս
Փավստոս Բյուզանդ
Եղիշե
Ղազար Փարպեցի

Մովսես Խորենացի

 


Copyright gradaran@ejmiatsin.am. All rights reserved. Terms of Use

Design & Content © Hripsime Hakobyan, Iveta Grigoryan