Թեմաներ
Աշխարհագրություն
Աստվածաբանություն
Բառարաններ
Բժշկություն
Բնական գիտություններ
Գեղարվեստական գրականություն
Դյուցազնավեպ
Թարգմանական գրականություն
Թղթեր, նամակներ, կոնդակներ
Իրավունքի հուշարձաններ
Լեզվաբանություն
Մատենագիտական ցանկեր
Ուղեգրություններ
Պատմագրություն
Տեղեկատու գրականություն
Տնտեսություն
Փիլիսոփայություն
Օտարալեզու հայ հեղինակներ

ԳՐԱՆՑՎԵԼ
Անուն:
E- mail:
Գաղտնաբառ:
Հիշել
Թեմա`

Գրականություն

  • Հայ հին գրականություն
  • Միջնադարյան հայ գրականություն
  • Հայ նոր գրականություն
  • Նորագույն հայ գրականություն
  • Ժամանակակից հայ գրականություն
  • Դյուցազնավեպ

 



Պատմագրություն

 

 Փավստոս Բուզանդ (V դար)

  ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

 


[էջ 28]

Ա

ԱՐՇԱԿ ԵՎ ՇԱՊՈԻՀ

...Պարսից Շապուհ թագավորը մեծ աղաչանքներով, ընծաներով և հրովարտակներով՝ Արշակ թագավորին սիրով իր մոտն էր կանչում, որ այնուհետև իրար մեջ սեր և խաղաղություն և մեծ բարեկամություն հաստատեն։ Իսկ Արշակ թագավորը թեպետ և ուզում էր պատերազմ տալ, բայց Հայոց աշխարհի ողջ զորքը այս բանին չէր համաձայնում։ Ուստի նա կամա ակամա սիրտ արավ խոնարհությամբ հրովարտակ ուղարկել պարսից Շապուհ թագավորին՝ ինչպես հպատակն իր տիրոջը։ Իր կողմից էլ նրան հաշտության ընծաներ էր ուղարկում։

Սրանից հետո պարսից Շապուհ թագավորը դարձյալ (պատգամ) ուղարկեց հայոց Արշակ թագավորին և ասաց.

— Եթե ես և դու իրար հետ հաշտ ենք՝ ապա եկ, միմյանց հետ տեսություն անենք և այնուհետև իբրև հայր և որդի լինենք միմյանց, իսկ եթե չես գա` ուրեմն պատերազմ ևս ուզում մեր երկուսիս միջև։

Արշակը նրանից խնդրեց ուխտի հավատարիմ երդում, որ անկասկած լինելով գնա։ (Շապուհը) պարսից թագավորության հավատարիմ երդման օրինակով բերել տվեց աղ, կնքեց վարազագիր մատանիով և ուղարկեց (Արշակին, ասե-

[էջ 29]

լով), որ եթե այդ երդումից հետո էլ չգա, ապա թող պատրաստվի պատերազմի։ 
Երբ Հայոց աշխարհի բոլոր մարդիկ այս տեսան ու լսեցին, ապա ստիպեցին, բռնադատեցին, շտապեցրին իրենց Արշակ թագավորին, որ վեր կենա, գնա, ներկայանա պարսից Շապուհ թագավորին։ Այնուհետև հայոց Արշակ թագավորը կամա ակամա վեր կացավ, վերցրեց իր հետ հայոց զորավար–սպարապետ (Վասակին)՝ իր դայակին, ճանապարհ ընկավ Հայոց աշխարհից Պարսից աշխարհը, պարսից Շապուհ թագավորի մոտ. գնաց ներկայացավ պարսից Շապուհ թագավորին։ Երբ նրանց տեսան, երկուսին էլ Արշակ թագավորին և Վասակ սպարապետին արձակ պահեցին ազնվական թիկնապահ զորքերի մեջ։

* * *

Ապա պարսից Շապուհ թագավորը կանչում է վհուկներին, աստղահմաներին ու քավդյաներին, նրանց հետ խոսում է ու ասում.

— Ես շատ անգամ կամեցա սիրել հայ Արշակ թագավորին, բայց նա ինձ միշտ անարգեց։ Ես նրա հետ խաղաղության դաշն կապեցի, և նա երդվեց քրիստոնեական կրոնի գլխավոր (սրբության) վրա, որին Ավետարան են ասում, նա այն երդումը ստեց: Ես բյուր բարիքներ կամեցա նրան անել՝ ինչպես հայրը որդուն, իսկ նա բարիքի դեմ, չարիք ինձ հատուցեց։ Ես Տիզբոն քաղաքի եկեղեցու երեցներին կանչեցի, կարծելով, թե նրանք նենգությամբ նրան երդվեցրին և ստել տվին: Երբ ես նրանց նախատում էի ինչպես մահապարտներին, ինձ ասաց նրանց գլխավորը՝ Մարի, երեցը. «Մենք նրան արդարությամբ երդվեցրինք, իսկ եթե նա իր երդումը ստեց, ապա նույն Ավետարանը նրան էլի ձեր ոտքը կբերի»։ Ես նրանց չլսեցի, և հրամայեցի նրանց... շլինքները կտրել մի գբի մեջ... Այն Ավետարանը, որի վրա Արշակ թագավորր երդվեց, շղթաներով կապեցի և այսպես մնում է իմ գանձարանում։ Բայց միտքս եկան Մարի երեցի խոսքերը, հիշեցի որ նա ասում էր. «Մեզ մի սպանիր, ես գիտեմ, որ նույն Ավետարանը Արշակ թագավորին կբերի,

[էջ 30]

քո առաջ ծունկ կչոքեցնի»։ Ահա նրա ասած խոսքերն հիրավի կատարվեցին։ Որովհետև հայոց Արշակ թագավորը ահա երեսուն տարի է, որ արյաց հետ պատերազմ է մղում, և ոչ մի տարի մենք չկարողացանք հաղթել, իսկ այժմ ինքն իր ոտով ելել եկել է ինձ մոտ։ Բայց եթե գիտենայի, թե այսուհետև նա ինձ հետ դաշնը կպահի հնազանդության անկեղծ ուխտով, ապա շատ մեծարանքներով նրան խաղաղությամբ կարձակեի, որ գնա իր աշխարհը։

Քավդյաները նրան պատասխան տվին և ասացին.

— Այսօր մեզ ժամանակ տուր, վաղը քեզ կպատասխանենք։

Հաջորդ օրը բոլոր քավդյաներն ու աստղահմաները ժողովվեցին եկան և ասացին թագավորին.

— Հիմա, երբ հայոց Արշակ թագավորը եկել է քեզ մոտ, ինչպե՞ս է քեզ հետ խոսում, ի՞նչ լեզու է բանեցնում կամ ինչպե՞ս է իրեն պահում։

Թագավորն ասաց.

— Նա իրեն համարում է ինչպես մեկը իմ ծառաներից, ուզում է իմ ոտքի հողը դառնալ։

Նրանք ասացին թագավորին.

— Արա՛, ինչ որ քեզ ասում ենք, նրանց այստեղ պահիր, մարդ ուղարկիր Հայոց աշխարհը, բերել տուր այնտեղից, Հայաստանի սահմաններից մոտ երկու բեռ հող և մի ամանով ջուր: Հետո հրամայիր, որ քո խորանի հատակի կեսի վրա շաղ տան Հայաստանից բերած հողը, ապա դու ինքդ հայոց Արշակ թագավորի ձեռքից բռնած նախ տար խորանի այն տեղը, որտեղ բնական գետին է, և նրան հարցմունքներ արա։ Հետո նրա ձեռքերը բռնած հայկական հող շաղ տված տեղը տար և լսի՛ր, թե ինչ կխոսի, և այն ժամանակ կգիտենաս, թե երբ նրան արձակելու լինես Հայաստան, քո ուխտն ու դաշինքը կպահի՞, թե՝ ոչ։ Որովհետև եթե հայկական հողի վրա խիստ լեզվով խոսի, իմացիր, որ Հայոց աշխարհը հասնելուն պես հենց նույն օրը նույն լեզուն կբանեցնի, նույն պատերազմը կնորոգի քեզ հետ, նույն ճակատամարտերը, նույն թշնամությունը կշարունակի։

Պարսից թագավորը քավդյաներից այս լսելով՝ մարդիկ ուղարկեց Հայաստան ուղտերով հողի և ջրի, որ գնան այդ

[էջ 31]

հմայության նյութերը բերեն։ Քիչ օրերից հետո եկան ու բերին... Ապա Շապուհ թագավորը հրաման է տալիս իր խորանի հատակի կեսի վրա շաղ տալ Հայաստանից բերած հողը և վրան ջուրը ցանել, իսկ մյուս կեսը թողնել բնական հողով։ Եվ հայոց Արշակ թագավորին բերել տվեց իր առաջ և մյուս մարդկանց հրամայեց հեռանալ, և նրա ձեռքից բռնած ճեմելով շրջում էր։ Խորանում երթևեկելիս, երբ ճեմում էին պարսկական հողի վրա, ասաց նրան.

— Արշակ թագավոր հայոց, դու ինչո՞ւ ինձ թշնամի եղար, ես քեզ որդու նման սիրեցի, կամեցա աղջիկս քեզ կնության տալ, իսկ դու իմ դեմ խստացար, ինքդ քեզանից, հակառակ իմ կամքի, ինձ թշնամի դարձար և ամբոոջ երեսուն տարի ինձ հետ պատերազմեցիր։

Արշակ թագավորը ասում է.

— Մեղանչեցի և հանցավոր եմ քո առաջ, որովհետև ես եկա, քո թշնամիներին հաղթեցի ու կոտորեցի և հույս ունեի քեզանից կյանքի պարգև ստանալու, բայց իմ թշնամիները ինձ մոլորեցրին, քեզանից վախեցրին և փախչել տվին։ Եվ երդումս, որով քեզ երդվեցի, ինձ քո առջև բերեց, ես հիմա քո առջև եմ, քո ծառան քո ձեռքի տակ է, ինչպես ուզում ես վարվիր ինձ հետ, եթե կամենում ես, սպանիր, որովհետև ես՝ քո ծառան, շատ հանցավոր եմ քո առաջ, մահապարտ եմ։

Շապուհ թագավորը նրա ձեռքից բռնած շրջում է ճեմելով և, իբրև միամտաբար, բերում է հայկական հող շաղ տված հատակի վրա։ Իսկ երբ (Արշակը) այն տեղն է հասնում, հայկական հողի վրա ոտք է դնում, սաստիկ ըմբոստանալով, հպարտանալով լեզուն փոխում է, սկսում է խոսել և ասել,

— Հեռու ինձանից, չարագործ ծառա, որ տերերիդ վրա տեր ես դարձել, և ես չեմ ների քեզ և քո որդոց իմ նախնիների վրեժը և Արտավան թագավորի մահը։ Որովհետև այժմ դուք, ծառաներդ, ձեր տերերի՝ մեր բարձն եք հափշտակել, բայց ես չեմ թույլ տա այդ, մինչև դարձյալ մենք մեր տեղը չգրավենք։

(Շապուհը) դարձյալ նրա ձեռքից բռնած տանում է պարսկական հողի վրա, այն ժամանակ (Արշակը) զղջում է ասածների համար, խոնարհվում է, նրա ոտքերն է ընկնում

[էջ 32]

սաստիկ ափսոսում, զղջում է ասածների համար։ Իսկ երբ ձեռքից բռնած տանում է հայկական հողի վրա, առաջինից ավելի խիստ է խոսում։ Նորից հեռացնում է այդ հողի վրայից՝ սկսում է խոսքերով ապաշխարել։ Առավոտից մինչև երեկո շատ անգամ փորձեց նրան, որ երբ հայկական հող շաղ տված հատակի վրա էր տանում, (Արշակը) խստանում էր, ամբարտավանանում էր, իսկ խորանի բնական հողի վրա լալիս էր, զղջում։

Երբ երեկո եղավ, պարսից թագավորի ընթրիքի ժամը հասավ, սովորությունն այնպես էր, որ հայոց թագավորի համար բազմելու տեղ էին պատրաստում միևնույն տախտի վրա, իրար մոտ. օրենք էր, որ պարսից թագավորն ու հայոց թագավորը մի տախտի վրա էին բազմում, մի գահի վրա, իսկ այդ օրը նախ պատրաստեցին այնտեղ գտնված բոլոր թագավորների բազմելու տեղերը, և ամենից վերջը, բոլորից ներքև, Արշակի բազմելու տեղը պատրաստեցին, որի հատակում հայկական հող էին շաղ տվել։ Նախ բոլորը բազմեցին ըստ իրենց աստիճանների, հետո բերին... Արշակին։ Նա մի կարճ ժամանակ բազմեց, մնաց մռութները կախած, հետո ոտքի կանգնեց ու ասաց Շապուհ թագավորին.

— Իմն է այդ տեղը, որտեղ դու բազմել ես։ Վեր կաց այդ տեղից, որ ես բազմեմ, որովհետև մեր (Արշակունյաց) ազգի տեղն է եղել այդ, իսկ եթե ես իմ աշխարհը, դառնամ՝ քեզանից վրեժխնդիր կլինեմ։

Այն ժամանակ պարսից Շապուհ թագավորը հրաման է տալիս բերել երկաթե շղթաներ, կապել Արշակի պարանոցը, ոտքերն ու ձեռքերը, տանել նրան Անդմըշն բերդը, որին ասում են Անհուշ բերդ, և կապած պահել այնտեղ մինչև մեռնի։

Հաջորդ օրը Շապուհ թագավորը հրամայեց իր առաջ բերել Վասակ Մամիկոնյանին, Մեծ Հայքի զորավար–սպարապետին։ Որովհետև Վասակը փոքր էր մարմնով, պարսից Շապուհ թագավորը ասաց նրան.

— Աղվե՛ս, այդ դո՞ւ էիր այն խանգարիչը, որ այսքան տարի մեզ և քաջերին չարչարեցիր, դո՞ւ էիր, որ այսքան տարի կոտորում էիր արիներին, հիմա ի՞նչպես պետք է իմ

[էջ 33]

ձեռքից ազատվես, ես քեզ աղվեսի մահով պիտի սատկեցնեմ։

Վասակ սպարապետը պատասխան տալով ասաց.

— Այժմ ինձ տեսնում ես փոքր մարմնով և սուրս էլ վրաս չէ՝ իմ մեծության չափը չիմացար, որովհետև մինչև այժմ ես քեզ համար առյուծ էի, իսկ այժմ աղվես դարձա։ Բայց երբ ես դեռ Վասակ էի, ես հսկա էի, մի ոտս մի լեռան վրա էր, մյուսը՝ մյուս լեռան վրա. երբ աջ ոտքիս վրա էի հենվում, աջ կողմի լեռը գետինն էի կոխում, երբ ձախ ոտքիս վրա էի հենվում՝ ձախ կողմի լեռն էի գետին կոխում։

Շապուհ թագավորը հարցրեց և ասաց.

— Չի՞ լինի ասես, այդ ի՞նչ լեռներ են, որ դու տափն էիր կոխում։

Վասակն ասաց.

— Երկու լեռներից մեկը դու էիր, մյուսը` հունաց թագավորը, քանի դեռ աստված հաճ էր մեզ հետ, քեզ էլ էի գետին կոխում, հունաց թագավորին էլ... Հիմա ինչ ուզում ես արա։

Ապա Պարսից թագավորը հրամայեց հայոց Վասակ զորավարի մորթը հանել, խոտով լցնել և տանել նույն Անդմըշն բերդը, որ Անհուշ է կոչվում, որտեղ բանտարկեցին և Արշակ թագավորին։

* * *

Քուշանների Արշակունի թագավորը, որ նստում էր Բալխ քաղաքում, պատերազմ սկսեց պարսից Շապուհ թագավորի հետ, որ Սասանի տոհմից էր։ Եվ Շապուհ թագավորը պարսից բոլոր զորքերը գումարեց ու տարավ նրա հետ պատերազմելու, Հայոց աշխարհից գերության տարած ամբողջ հեծելազորքը նույնպես պատերազմի տարավ, մինչև անգամ հայոց Արշակ թագավորի ներքինուն։ Հայոց Արշակ թագավորի այդ ներքինին հավատարիմ պաշտոնյա էր, մեծ իշխանության տեր, շատ սիրված ու պատվված, նրա անունն էր Դրաստամատ։

Երբ քուշանաց թագավորի և պարսից թագավորի մեջ պա–

[էջ 34]

տերազմը սկսվեց, քուշանների զորքերը շատ նեղ գցեցին պարսից զորքերին, շատերին կոտորեցին պարսից գորքից, շատերին ձերբակալեցին, մյուսներին հալածեցին, փախուստի մատնեցին։ Իսկ Դրաստամատն այնտեղ անպատմելի քաջություններ գործեց, Շապուհ թագավորի համար այնչափ կռվեց, որ կարողացավ նրան մահից ազատել և քուշաններից շատերին կոտորեց և շատ ախոյանների գլուխներ բերեց նրա առջև։ Պարսից Շապուհ թագավորին էլ փրկեց, երբ նրան պատերազմի խառնուրդի մեջ թշնամիները շրջապատել ու նեղն էին գցել: Իսկ երբ պարսից Շապուհ թագավորը դարձավ, եկավ Ասորեստան, մեծ շնորհակալություն հայտնեց Դրաստամատին նրա ծառայությունների համար և ասաց.

— Խնդրիր ինձանից, ինչ որ ուզում ես, քո խնդրածը կտամ, չեմ մերժի։

Դրաստամատն ասաց թագավորին.

— Ես քեզանից ոչինչ չեմ ուզում, բայց միայն՝ հրաման տաս ինձ, որ գնամ իմ բնիկ տիրոջը՝ հայոց Արշակ թագավորին տեսնեմ։ Եվ միայն մի օրվա համար, երբ ես նրա մոտ գնամ, հրաման տուր նրան կապանքներից արձակել, և ես իրավունք ունենամ նրան լվալ, գլուխն օծել, ազնիվ զգեստ հագցնել, նրա համար սեղան պատրաստել, նրա առաջ խորտիկներ դնել, գինի տալ և ուրախացնել նվագարաններով, ճիշտ մի օր։ 
Շապուհ թագավորն ասաց.

— Դժվար բան խնդրեցիր, որովհետև այն ժամանակից ի վեր, որ պարսից թագավորությունը կանգուն է, և այն բերդը կոչվել է Անհուշ, չի եղել որևէ մարդ, որ համարձակված լինի թագավորներին հիշեցնել որևէ մեկին, որին թագավորները բանտարկել են այնտեղ, չի հիշատակվել որևէ մարդ, որ դրված է այն բերդում, ուր մնաց թե թագավոր մարդը և ինձ հավասար հակառակորդը, որ այնքան ժամանակ մեզ չարչարեց։ Դու ահա մահդ աչքդ առար և հիշեցրիր Անհուշը՝ անհիշելին, որ Արյաց թագավորության մեջ սկզբից ի վեր չի պատահել այսպիսի բան: Բայց որովհետն մեծ է քո ինձ ցույց տված ծառայությունը, թող կատարվի խնդիրդ, գնա՛, ինչ որ խնդրեցիր տալիս եմ: Դու

[էջ 35]

պետք է քո սեփական օգուտը մտածեիր, աշխարհներ, գավառներ, գանձեր խնդրեիր։ Բայց երբ դու այդ խնդրեցիր, թող այդ բացառություն լինի Արյաց թագավորության օրենքից: Գնա, քեզ տվի, ինչ որ դու ինձանից խնդրեցիր քո ծառայության փոխարեն։ 
Եվ նրան տվեց մի հավատարիմ թիկնապահ ու հրովարտակ` արքունական մատանիով կնքված, որ ելնի, գնա Անդմըշն բերդը և ինչպես որ կամենա, ինչպես որ խնդրեց, այնպես էլ վարվի կապյալ Արշակի հետ, որ Հայաստանի թագավոր էր եղել երբեմն։ Եվ Դրաստամատը արքունական հրովարտակով թիկնապահի հետ գնաց Անհուշ բերդը, տեսավ իր բնիկ տիրոջը՝ Արշակին, արձակեց երկաթե կապանքներից, ձեռների ու ոտների երկաթակապերից և վզի շղթաների ծանրությունից, նրա գլուխը լվաց, լողացրեց, նրան ազնիվ զգեստներ հագցրեց, սեղան սարքեց նրա համար, նրան բազմեցրեց, թագավորավայել ընթրիք տվեց, գինի դրեց առաջը, ինչպես թագավորների կարգն էր, նրան զվարթացրեց, մխիթարեց և նվագարաններով ուրախացրեց։

Երբ աղանդերի հերթը հասավ, նրա աղջև դրին միրգ՝ խնձոր, վարունգ և ամիճ ու դանակ տվին, որպեսզի կտրի և ուտի, ինչպես կամենում է։ Դրաստամատն էլ ոտքի կանգնած՝ նրան շատ ուրախացնում էր և մխիթարում: Երբ նա խմեց, գինին գլուխը զարկեց, հարբեց ռւ հպարտանալով՝ ասաց.

— Վա՜յ ինձ, Արշակիս, ո՞րտեղից ուր ընկա և ի՞նչ օրի հասա։

Այս ասելով՝ դանակը, որ ձեռքին բռնած ուներ, որով միրգը կամ ամիճը պիտի կտրեր, խրեց իր սիրտը և իսկույն մեռավ հենց նստած տեղում։ Դրաստամատը, երբ այս տեսավ, վրա ընկավ, դանակը քաշեց, հանեց նրա մարմնից և իր կողը խրեց։ Նա էլ նույն ժամին մեռավ։

 

ՊԱՊ ԹԱԳԱՎՈՐԻ ՄԱՍԻՆ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ՍՊԱՆՎԵՑ

... Եվ Պապ թագավորը իր միտքը ծռեց ու սիրտը շուռ տվեց հունաց թագավորից և կամեցավ սեր ու միաբանություն հաստատել պարսից թագավորի հետ. սկսեց իրեն

[էջ 36]

թիկունք դարձնել պարսից թագավորին, նրա մոտ պատգամավորներ ուղարկեց միաբանություն հաստատելու համար։ Հետո պատգամավորներ ուղարկեց Հունաց թագավորի մոտ թե «Կեսարիայի հետ ուրիշ տասը քաղաք մերն են եղել, ետ տուր: Ուռհա քաղաքն էլ մեր նախնիներն են շինել, ուստի, եթե չես ուզում, որ խռովություն ծագի, ետ տուր, հակառակ դեպքում մեծ պատերազմ կծագի մեր մեջ»։ Թեպետ Մուշեղը և հայոց բոլոր իշխանները շատ հորդորեցին թագավորին, որ Հունաց թագավորության հետ իր ուխտը չխզի, բայց (Պապը) նրանց չլսեց և հայտնի կերպով ցույց տվեց իր թշնամությունը հունաց թագավորի նկատմամբ։

Իսկ հունաց իշխաններն ու զորքը դեռ Հայոց աշխարհում էին, իշխաններից մեկի անունը Տերենտ էր, մյուսինը՝ Ադե: Եվ Հունաց թագավորը գաղտուկ մի դեսպան ուղարկեց Հայաստանում եղած իր զորքերի իշխանների մոտ և հրաման տվեց սպանել հայոց Պապ թագավորին։ Հունաց իշխաններն ստացան այս հրամանն իրենց թագավորից և սպասեցին հարմար առիթի: Պատահեց մի հարմար ժամանակ. Պապ թագավորի բանակը գտնվում էր Բագրևանդ գավառում, Խու կոչված մի դաշտում և հայոց մեծամեծներն ու զորքը այնտեղ չէին, իսկ հունաց զորքերի բանակը գտնվում էր հայոց թագավորի բանակի մոտ։ Երբ Հունաց զորավարներ Տերենտն ու Ադեն իմացան, թե հայոց Պապ թագավորը մենակ է, փառավոր հացկերույթ սարքեցին և հայոց մեծ թագավոր Պապին ընթրիքի հրավիրեցին մեծ պատվով՝ համաձայն նրա արժանավորության, ինչպես թագավոր մարդու հրավիրում են փառավոր հացկերույթի։ Ամեն բան կազմել, պատրաստել էին։

Պապ թագավորը, գալով ընթրիքի, մտավ ու բազմեց կերուխումի։ Իսկ երբ թագավորը մտնում էր Հունաց Տերենտ զորավարի խորանը, (տեսավ), որ լեգեոնի ասպարակիր զինվորները ձեռներին վահան, գոտիներում սակր, ներսը` խորանի պատերի մոտ, (սեղանի) շուրջը պատելով, պահպանում էին, դրսում նույնպես պատրաստ կանգնած էին լավ սպառազինված, իսկ վրայից սովորական զգեստ հագած (զինվորներ)։

Իսկ Պապ թագավորն իր խելքով՝ այնպես էր կարծում, թե

[էջ 37]

իրեն պատվելու համար են այդպես արել: Եվ մինչ ընթրիքի ժամանակ նա ուտում էր, սակրավոր զորքը նրա ետևը կանգնած նրան ամեն, կողմից շրջապատել էր։ Երբ սկսեցին խմել, ուրախության առաջին բաժակը մատուցեցին Պապ թագավորին, և իսկույն իրենց ներդաշնակ ձայներով հնչեցին թմբուկներն ու սրինգները, քնարներն ու փողերը: Եվ մինչ Պապ թագավորը ուրախության գինին բռնած էր մատներով և նայում էր գուսանների խմբին, մինչ ձախ ձեռքը արմունկին հենած՝ բռնած ուներ ոսկե թասը, իսկ աջ ձեռքը դրել էր նրանի կոթին, որ կապած էր աջ ազդրին, մինչ բաժակը բերանն էր տարել, որ խմի, հունաց զորքին աչքի ակնարկով նշան տվին, և երկու սակրավոր զինվորներ, որ ետևից կանգնած էին սպասավորության ոսկեպորտ վահաններով, հանկարծակի միասին սակրերը բարձրացնելով, զարկեցին Պապ թագավորին։ Մեկը ուղիղ վզին է հարվածում, մյուս սակրավորը զարկում է աջ ձեռքի թաթին, որ դրված էր նրանի կոթի վրա, կտրում և դեն է գցում։ Պապ թագավորը տեղն ու տեղը ընկնում է բերանքսիվայր, թասով գինին և պարանոցից հոսող արյունը թափվում են սեղանին։ Պապ թագավորն անմիջապես մեռնում է։

Սեղանատանը աղմուկ և շփոթություն ընկնելուն պես՝ Անձևացյաց գավառի տեր Գնելը վեր է կենում բազմած տեղից, սուրը քաշում է ու սպանում է զինվորներից մեկին, որ խփել էր թագավորին։ Այն ժամանակ հունաց Տերենտ զորավարը, իր սուրը հանելով, խփում է և Գնելի գլխից սկավառակը կտրելով` աչքերի վրա է շուռ տալիս։

Եվ ուրիշ ոչ ոք ոչինչ չհանդգնեց ասել նրանց և ոչ մի խոսք:

 

ՀՈՀԱՆ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ՄԱՍԻՆ

Այս Հոհան եպիսկոպոսը, եթե կարելի է նրան եպիսկոպոս կոչել, մի կեղծավոր մարդ էր, մարդկանց աչքում իրեն ձևացնում էր սրբակենցաղ և քրձազգյաց, մինչև անգամ կոշիկներ չէր հագնում, այլ ամառը (ոտներին) հեսկ էր փաթաթում, իսկ ձմեռը՝ կեմ: Բայց չափից դուրս ընկղմած էր

[էջ 38]

ագահության մեջ, աստծո ահն էլ մոռացել էր ագահության պատճառով այն աստիճան, որ անարժան և անհավատալի բաներ էր անում։

Մի անգամ նա ճանապարհ էր գնում, նստել էր գրաստի վրա ու գնում էր։ Նրան հանդիպեց մի անծանոթ աշխարհական պատանի, ձի հեծած, մեջքին սուր կապած, գոտուց թուրը կախած, թիկունքին՝ աղեղ ու կապարճ, մազերը լվացած, օծած, կոկած, գլխին վարսակալ դրած, ուսին լոդիկ գցած։ Նա գալիս էր ճանապարհով, գուցե ավազակությունից։ Իսկ ձին, որ նա հեծել էր, մեծ էր, գունավոր և արագոտն, այնպես որ, երբ Հոհան եպիսկոպոսը հեռվից ձին տեսավ, զարմացավ ու աչքը վրան մնաց։ Երբ հեծյալը եկավ, նրան մոտեցավ, Հոհանը նրան սպասելով, հանկարծ բռնեց ձիու սանձից և ասաց.

— Իսկույն իջի՛ր ձիուցդ, հետդ խոսելիք ունեմ։

Մարդն ասաց.

— Ո՛չ դու ինձ ես ճանաչում, և ո՛չ ես՝ քեզ, այդ ի՞նչ բան է, որ ուզում ես ինձ հետ խոսել։

Մարդը հարբած էր և շատ համառեց, չկամենալով ձիուց իջնել, բայց Հոհանը նրան բռնադատեց, ձիուց ներքև իջեցրեց և ճանապարհից դուրս տեղ հանեց։ Այնտեղ մարդուն հրամայեց խոնարհվել և ասաց.

— Քեզ երեց եմ ձեռնադրում։

Իսկ նա պատասխանելով, ասաց իր մասին.

— Ես մանկությունից ի վեր եղել եմ ավազակ, մարդասպան, չարագործ, խառնակ վարքի տեր և այժմ էլ նույն գործի մեջ եմ, ես արժանի չեմ այդ բանին։

Մարդը շատ համառեց ու վիճեց, բայց Հոհանը ավելի խիստ ստիպեց։ Վերջը Հոհանը նրան բռնությամբ գետին գլորելով, ձեռքը դրեց նրա վրա երեց դարձնելու համար և հետո ոտքի կանգնեցնելով, հրամայեց վերևի հագուստը հանել և հոգևորականի վերարկու գցել վրան, ասելով.

— Գնա քո գյուղը և այդ գյուղի երեցը եղիր։

Նա նույնիսկ չգիտեր, թե ո՞ր գյուղից էր այդ մարդը։ Հետո Հոհանը մոտեցավ, բռնեց ձիուց և ասաց.

— Այս ձին էլ ինձ աշխատավարձ լինի, որ քեզ երեց ձեռնադրեցի։

[էջ 39]

Մարդը ձիու համար համառեց, չէր ուզում տալ: Բայց նա բռնությամբ ձին խլեց ու մարդուն ճանապարհ գրեց։ Այս բոլորը նա արավ ձիու համար։

Մարդը ճարահատյալ վերարկուն վրան գցած դառնում է տուն, ներս է մտնում ընտանիքի մոտ և ասում կնոջն ու ընտանիքին.

— Վեր կացեք, աղոթք անենք։

Իսկ նրանք ասում են.

— Գժվե՞լ ես, ի՞նչ է, հո չե՞ս դիվահարվել:

Իսկ նա ասում է.

— Վեր կացեք, աղոթք անենք, ես երեց եմ:

Նրանք զարմացել էին, որը կարմրում էր, որը ծիծաղում: Շատ հակառակելուց հետո, վերջապես համաձայնեցին նրա հետ աղոթք անել։ Հետո կինը մարդուն ասաց.

— Չէ՞ որ դու դեռ մկրտված չես։

Մարդն ասաց կնոջը.

— Խելք թողե՞ց գլուխս, ես էլ մոռացա այդ բանը նրան ասել, նա ինձ երեց դարձրեց ու ձին սանձով, թամբով առավ, գնաց։

Կինը մարդուն ասաց.

— Վեր կաց, նորից գնա այդ եպիսկոպոսը մոտ և ասա, «Ես մկրտված չէի, դու ինձ ո՞նց երեց դարձրիր»։

Նա էլ վեր կացավ, գնաց եպիսկոպոսի մոտ ու ասաց.

— Ես մկրտված չէի, դու ինձ ո՞նց երեց դարձրիր։

Հոհանը ասաց.

— Մի սափորով ջուր բերեք։

Ջուրը առավ, լցրեց նրա գլխին ու ասաց.

— Գնա՛, ահա քեզ մկրտեցի։

Եվ այսպես իսկույն նրան իր մոտից հեռացրեց:

* * *

Մի անգամ այս Հոհանը անցնում էր մեկի այգիների մոտով, այգիները էտելու ժամանակն էր: Մի մարդ այգու ներսից ձայն տվեց նրան ու ասաց.

— Տե՛ր եպիսկոպոս, օրհնի՛ր մեզ ու մեր այգիները:

40

Հոհանը ասաց.

-— Փուշ ու տատասկ բուսնի՛:

Մարդը ասաց,

— Փուշ ու տատասկը թո՛ղ քո մարմնի վրա բուսնի, որ մեզ անմեղ տեղը անիծում ես։

Երբ եպիսկոպոսը իր կացարանը հասավ, նա հարվածի ենթարկվեց, նրա (մարմնի) բոլոր անդամներն սկսեցին ծակծկվել կարծես փշից։ Շատ օրեր սաստիկ ցավերից տանջվելով, նա մեծ տագնապի մեջ էր գտնվում։ Վերջը մարդ ուղարկեց, կանչեց այգեպանին և աղաչեց, որ իր վրա աղոթք անի, որպեսզի ազատվի ցավերից։ Իսկ այգեպանն ասաց.

— Ես ո՞վ եմ, որ կարողանամ մեկին օրհնել կամ անիծել, այն էլ եպիսկոպոս մարդու։

Իսկ Հոհանը բռնադատեց նրան այն աստիճան, որ նա վեր կացավ աղոթքի և ասաց.

— Տե՛ր աստված, դու գիտես, որ ես մեղավոր, անարժան մարդ եմ, չգիտեմ ինչպես ընկա այս փորձանքի մեջ, դու ինձ փրկի՛ր այս չարից, որովհետև ասում են, թե դու եպիսկոպոս մարդուն անիծեցիր, և քո խոսքով այս բանը եղավ։ Ավելը լավ էր՝ մեռնեի, չգիտեմ ի՞նչ են ասում իմ մասին։

Երբ նա այս ասաց, եպիսկոպոսն իսկույն բժշկվեց, և ողջ մարմնից սկսեց դուրս թափվել փուշը, որ նման էր խոտերի փշի։ Նա անմիջապես ցավից բժշկվեց և վեր կացավ առողջ։

* * *

Այս Հոհան եպիսկոպոսը, երբ գնում էր հայոց թագավորների մոտ, նրանց խեղկատակն էր դառնում։ Խաղալիք դառնալով, նա ագահության էր ձգտում, որին անհագաբար ծարավ էր, և (այդ խեղկատակությունները) նրան իբրև միջոց էին ծառայում։

Թագավորների առջև ձեռների ու ոտների վրա ընկնելով, նա չորեքթաթ էր տալիս, ուղտի նման կառաչում էր, ուղտի նման քայլում։ Կառաչելու ժամանակ մի–մի խոսք էր խառնում կառաչելու ձայնով ու ասում.

[էջ 41]

— Ուղտ եմ, ուղտ եմ, թագավորի մեղքերը բառնում եմ, վրաս դրեք թագավորի մեղքերը, որ բառնամ։

Իսկ թագավորները, գյուղերի կամ ագարակների պարգևագրեր գրելով ու կնքելով, դնում էին Հոհանի կռնակի վրա իրենց մեղքերի փոխանակ։ Եվ այսպես, ուղտ լինելով ու մեղքեր բառնալով, նա հայոց թագավորներից ձեռք բերեց գյուղեր, ագարակներ ու գանձեր։ Այսպիսի մարդ էր այս Հոհանը, որն իր ողջ կյանքում վարակված էր ագահությամբ ու ժլատությամբ և այս իսկ պատճառով անարժան գործեր էր կատարում:

 

 

 

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ Սովետական գրող հրատարակչություն, Երևան 1977 




Տես նաև
Կորյուն
Ագաթանգեղոս
Փավստոս Բյուզանդ
Եղիշե
Ղազար Փարպեցի

Մովսես Խորենացի

 


Copyright gradaran@ejmiatsin.am. All rights reserved. Terms of Use
Design & Content © Hripsime Hakobyan, Iveta Grigoryan